Գ. Սունդուկյանի իրերը՝ Ազգային թատրոնում

Հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի ականավոր գործիչներից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանը հայ ազգային պրոֆեսիոնալ թատրոնի ձևավորման հայրերից է: Նրա պատվին է այսօր կոչվում Երևանի Առաջին պետական թատրոնը: Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1922 թվականի հունվարի 25-ին՝ «Պեպո» պիեսի (ռեժ.՝ Լևոն Քալանթար) բեմադրությամբ: Սունդուկյանի անվամբ թատրոնը կոչվել է 1937 թվականին: Այս տարի լրանում է մեծ արվեստագետի 200-ամյակը, որի առթիվ Մայր թատրոնը ներկայանում է բացառիկ ցուցահանդեսով: Սեպտեմբերի 18-ից թատրոնում ներկայացումներ դիտելուց զատ, կարող եք նաև ուսումնասիրել Գաբրիել Սունդուկյանի անձնական իրերը. ձեռնափայտ, խոշորացույց, գրասեղան, կահույքի այլ պարագաներ, լուսանկարներ: Դրանք պատկանում են Սունդուկյանին և տարածաժամանակային ճամփորդության առիթ կստեղծեն: Ցուցահանդեսի շրջանակում բացառիկ նմուշները Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կհյուրընկալվեն մինչև նոյեմբերի 1-ը: Ցուցանմուշները պատկանում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուին: Ինչպես Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանն է նշում՝ քիչ են ստեղծագործողները, որոնց կյանքը նույնքան հետաքրքիր է, որքան ստեղծածը: Ահա նրանցից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանն է: Շահվալադյանն անդրադարձավ նաև Սունդուկյանի կյանքի հետաքրքիր մի քանի դրվագի:
«Այս տարի ոչ միայն լրանում է Սունդուկյանի ծննդյան 200-ամյակը, այլև նրա գլուխգործոցի՝ «Պեպո»-ի 150-ամյակն ու ֆիլմի 90-ամյակը: Սունդուկյանը ծնվել է վաճառականի ընտանիքում։ Երբ նայում ենք նրա իրերին, թվում է, թե այդ ամենը ժառանգություն է ստացել, պարզվում է՝ այդ ամենը նրա վաստակն է։ Նա վեց տարեկանում է կորցրել հորը։ Զարմանալի էր, երբ նրա անունը գտա Էջմիածնի ճորտերի ցուցակում։ Փաստորեն, Սունդուկյանի մոր ջանքերով երկարատև դատերից հետո նրանք կարողանում են ազատվել ճորտությունից, և Սունդուկյանը բարձրակարգ ուսում ստանալու իրավունք է ստանում: Յոթ տարեկանում Սունդուկյանն արդեն տիրապետել է լատիներենին, իտալերենին, հին գրաբարին, արևմտահայերենին, ֆրանսերենին։ Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում սովորելիս յուրացնում է վրացերենը, թուրքերենը, պարսկերենը։ Համալսարանն ավարտել է պարսկական պոեզիայի տառաչափությանը վերաբերող դիսերտացիայով»,- ասում է Շահվալադյանը։
Հետաքրքիր են հատկապես «Պեպո»-ի շուրջ ծավալվող դիպվածները: Սունդուկյանն այն թարգմանել է ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն։ Ապա ֆրանսերեն տարբերակն ուղարկել է Ալեքսանդր Դյումա որդուն և Հյուգոյին։
«Դյուման պատասխանել է, որ ֆրանսիացի հանդիսատեսի քիմքի համար «Պեպո»-ն նուրբ է, իսկ Հյուգոն շեշտել է, որ հավանել է պիեսը։ Ռուսերեն թարգմանությունն ուղարկել է Օստրովսկուն։ Նա ևս նշել է, որ հավանել է պիեսը ու չի բացառել, որ որոշ մշակումներից հետո կարող է այն բեմադրել։ Ավաղ, այդ տարի Օստրովսկին վախճանվում է։ Վրացիները «Պեպո»-ի բեմադրությամբ տոնել են իրենց թատրոնի վերածնունդը»,- հավելեց Նաիրա Շահվալադյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ասում է, որ Սունդուկյանն անգամ Թիֆլիսի բարբառով Մոլիերի մի քանի պիես է թարգմանել։
«Նա գեղագիտական մտածողություն է ստեղծել։ Գուցե նրա դրամատուրգիան չի անցել մեր տիրույթի սահմանները, բայց հավատացեք, որ նա կարողացել է ստեղծել այնպիսի կերպարների գալերեա, որ քչերին է հաջողվում։ Համարձակորեն կարող եմ նրան համեմատել Մոլիերի, Ֆեյդոյի հետ, դրամատուրգների, որոնց աշխարհն է ճանաչում։ Պատահում է, որ լեզուն կամ տարածաշրջանը հնարավորություն չեն տալիս համաշխարհային ճանաչում ձեռք բերել, այնինչ Սունդուկյանը մեծ բան է արել ապագա սերունդների համար։ Ես նորից ու նորից գալիս եմ այն համոզման, որ եթե մենք չճանաչենք մեր անցյալը, երբեք չենք կարողանա հասկանալ մեր ներկան, իսկ Սունդուկյանի որոշ ստեղծագործություններ՝ «Քանդած օջախ», «Պեպո», բարձրացնում են բարոյական հարցեր, ներկայացնում են այդ և բոլոր ժամանակների քաոսը, որից մարդիկ փորձում են ազատագրվել, բայց, ցավոք սրտի, դա մի մարդու գործ չէ. բոլորս պետք է կարողանանք այս հավիտենական քաոսից, որն աշխարհը, մարդն են ստեղծել, գտնել ելքեր, որպեսզի բոլոր բարոյական չափանիշները, հանուն որոնց ստեղծագործել են Սունդուկյանը և թատրոնները, հնարավոր լինի փոխանցել մեզնից հետո եկողներին»,- ասում Ա. Էլբակյանը։
Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Փոխնախարարը կարևորում է արվեստի տարբեր ճյուղերի միահյուսումը, քանզի այդպես նաև ցուցադրություններն էլ կարող են հանդիսատեսին թատրոն կանչել:
«Ըստ մեզ՝ թատրոնում չպետք է լինի միայն ներկայացում, պատկերասրահում՝ ցուցահանդես, կինոյում՝ կինո։ Արվեստները կարող են համադրվել մեկ հարթակում: Կա կարծրատիպ, որ ակադեմիական, դասական թատրոնը պետք է շատ ավանդական, ավանդապաշտ լինի, բայց արի ու տես, որ մեր թատրոնը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս ու հաճախ է ներկայանում նորարարություններով»,- նշում է Դանիելյանը։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ պատմեց թատրոնի կատարած աշխատանքի և սպասվող միջոցառումների մասին: Երկու առաջնախաղ են հանձնել հանդիսատեսի դատին՝ «Ջազ պոետիկա +»-ը և «Կարլ Մարքս. խոստովանություններ»-ը, դեկտեմբերին կներկայացնեն «Երկնագույն նետի ճամփորդությունը», տարեսկզբին էլ Արմեն Էլբակյանը կներկայացնի «Արքա Լիր»-ը:
«Արդեն փաստ է թատրոնի ստուդիայի վերաբացումը։ Ականատես ենք եղել ստուդիայի սաների գրանցած արդյունքներին, որոնք հուսադրող են համարում։ Այս թատրոնը չի կարող չունենալ ստուդիա։ 1966 թվականին թատրոնում ստուդիա է հիմնել Վարդան Աճեմյանը։ Մենք էլ պետք է փորձենք նոր շունչ հաղորդել ստուդիային և բարձրացնել նրա մակարդակը: Նախատեսում ենք շարունակել նաև կրթական ծրագրերը»,- նշում է տնօրենը:
Նոյեմբերին թատրոնում կանցկացվի Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որին ԱՄՆ-ից չորս ներկայացում կցուցադրվի: Չի բացառվում նաև, որ Երևանում հանդես գա Թուրքիայի հայկական թատրոնը, բանակցություններ են վարվում իտալական, ֆրանսիական թատերախմբերի հետ, ինչպես նաև գերմանացի խորեոգրաֆ Սաշա Վալցի հետ՝ Երևանում պարային թատրոն ներկայացնելու համար։
Ալմաստ Մուրադյան
- Hits: 2653