• cultural.am
  • Թատրոն
  • Ամփոփվել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը

Ամփոփվել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը

Ամփոփվել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էին 15 թատրոն Հայաստանից և արտերկրից: Արվեստասերներին տոն պարգևող փառատոնն իր դռները բացեց արդեն 31-րդ անգամ, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։ Ինչպես հայտնում են փառատոնի կազմակերպիչները, «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ էին ներկայացրել 15 թատրոն` Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Դաղստանից, Իրանից, Մոսկվայից:

Taterakan lori 2

Հանդիսավոր պայմաններում «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի բացումը տրվեց սեպտեմբերի 25-ին: Բացման ուղերձ էր հղել Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ներկաներին էլ ողջունեցին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգահան, թատերական գործիչ Քրիստ Մանարյանը, Իրանի Համադան քաղաքի միջազգային փառատոնի նախագահ Ազադեհ Անսարին, Դաղստանի պետական ռուսական տիկնիկային թատրոնի տնօրեն Ամինատ Յախյաևան, Կինոյի և թատերավեստի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը:

Taterakan lori 3

Բանախոսները միակարծիք են, որ անշուշտ բարձր գնահատանքի է արժանի Հայաստանի հանրապետության ամենահնագույն թատերատոնը: Այն լծված է տարածաշրջանում հոգևոր արժեքների քարոզչության և բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման գործին: Փառատոնի տնօրենը՝ Հրաչյա Պապինյանը, ևս ողջունեց ներկաներին և շնորհակալական խոսք հղեց: Նրան միացավ նաև Վոլոդյա Գրիգորյանի դուստրը:

Taterakan lori 4

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, «Թատերական Լոռին» մեր երկրի ամենահնագույն փառատոնն է, հիմնադրվել է 1976 թվականին Ակներ գյուղում, այնուհետև շարունակել է գործել Ալավերդի քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Փառատոնը վերջին տարիներին անց էր կացվում Լոռու մարզի բոլոր քաղաքներում համաժամանակյա: Այս տարի էլ այն կազմակերպվել է միայն Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։ Փառատոնային օրերին Ալավերդի և Վանաձոր քաղաքներում ներկայացվեց տասնինը ներկայացում։

Taterakan lori 6

Բացման ներկայացումը Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացումն էր՝ Արման Նավասարդյանի բեմադրությամբ։ Կարևորելով տաղանդավոր դերասանների կատարած աշխատանքը՝ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, բեմադրիչ Արման Նավասարդյանը պարգևատրվեցին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Արուս Ասրյանի, Խորեն Աբրահամյանի և Սոս Սարգսյանի անվան մրցանակներով:

Taterakan lori 7

Փառատոնի ընթացքում ներկայացավ նաև «Արմմոնո» փառատոնը՝ «Սասունցի Դավիթ» ներկայացմամբ: Երևանի Մետրո-թատրոն ստուդիայի ռեժիսոր Սոնա Մարտիրոսյանն ու նրա ստուդիականներն էլ հանդես եկան ենգիբարյանական աշնանային թախծոտ բարության ձոնով:

Փառատոնի աշխարհագրական արեալն ընդարձակ է․ ներկայացված է նաև Մոսկվայի հայկական թատրոնը: Թատրոնը ներկայացրեց Էլինոր Պորտերի  «Պոլլիաննա» վեպի հիման վրա ստեղծված ռեժիսոր Ալեքսանդր Ալֆյորովի թատերական գործը՝ «Լույսմարի,Գովք Ուրախության»-ը:

Taterakan lori 8

Իսկ Երևանի մնջախաղի թատրոնը Ժիրայր Դադասյանի ղեկավարությամբ ներկայացրեց Դեմիրճյանի ստեղծագործության հիման վրա հեղինակած «Գիրք ծաղկանց» ներկայացումը։ Նպատակը մեկն էր՝ ներկայացնել հայկական մանրանկարչությունը, տառերի գյուտը, այն պարբերաբար ուղեկցվում էր դահլիճի ջերմ ծափահարություններով։

Taterakan lori 5

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի փակման արարողության ընթացքում էլ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը նշեց, որ համայնքապետարանը պատրաստ է աջակից լինել նմանատիպ մշակութային նախաձեռնություններին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, երկարամյա տնօրեն Հրաչյա Պապինյանին, ապա հանձնարարեց հենց հաջորդ օրվանից սկսել «Թատերական Լոռի 2026» -ի նախապատարստաական աշխատանքը։

Ալմաստ Մուրադյան

  • Hits: 440

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: