• cultural.am
  • Թատրոն
  • Մեկնարկել են Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները

Մեկնարկել են Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները

Արդեն մի քանի տարի է Երևանի մշակութային աշնան գույները զարդարվում են ֆրանկոֆոն շնչով: Ֆրանկոֆոն թատերական հանդիպումները համախմբում են ֆրանկոֆոն արվեստագետների, հեղինակների, որոնք հայաստանյան հանդիսատեսին, արվեստասերներին ներկայացնում են ժամանակակից բազմաժանր արվետի ստեղծագործություններ: Օրերս կրկին Երևանում մեկնարկեց «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի 7-րդ թողարկումը: «Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք». ահա թե ինչպիսին է այս տարվա խորագիրը։ Նախագծի գլխավոր դեմքերից  ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկին ճանաչում են աշխարհի տարբեր կողմերում: Հայաստան են ժամանել նաև նշանավոր այլ դրամատուրգներ: Հայաստան այցելած Մատեի Վիշնիեկն անձամբ կհետևի նախագծի շրջանակում Ռումինիայի Բրաշով քաղաքից Երևան ժամանած Antiteatru թատրոնի կողմից Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում սպասվող իր ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կինը՝ մարտադաշտ» ներկայացմանը:

«Ինչ վերաբերում է իմ թատերգերի թարգմանությանը, ապա անհամբերությամբ եմ սպասում թարգմանիչների հետ հանդիպմանը։ Շատ եմ սիրում ոգևորված մարդկանց հետ աշխատելը։ Այս նախագիծը լավ հնարավորություն է նոր ծանոթությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ձեր երկիրն ի սկզբանե եղել է քրիստոնեական քաղաքակրթություն, հետագայում դարձել է համամարդկային՝ աշխարհին տալով մեծ անուններ»,- ասաց Մատեի Վիշնիեկը։ 

Frankofon taterakan handipumner 2

«Արմենպրեսս» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Անի Ջանիկյանն ասում է, որ արդեն 7 տարի է փորձում են ներգրավել նաև մարզերին։ Առիթ են ունեցել հյուրընկալելու Բելգիայից, Շվեյցարիայից ժամանած դրամատուրգների ու տարիներ են եղել, որ այդ դրամատուրգների հետ հանդիպումները կազմակերպել ենք մարզային քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում։

«Ամեն տարի մեր նախաձեռնություններն ունենում են նաև մարզային բաղադրիչ։ Այս տարի ավելի կենտրոնացել ենք Երևանի վրա, սակայն Գյումրու մտորումների թատրոնը կժամանի Երևան ու կներկայացնի Մատեի Վիշնիեկի թատերգերից մեկը: «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի շրջանակում ոչ միայն թարգմանվում են ֆրանկոֆոն երկրների դրամատուրգների աշխատանքները, այլև դրանք բեմականացվում են։ Նպատակ է դրված այս գործընթացներում ներգրավել երիտասարդությանը։  Տարբեր երկրների հեղինակներից արդեն 11 աշխատանք ունենք թարգմանած։ Բազմաթիվ արձագանքներ ենք ունեցել, երբ երիտասարդ փորձարարական թատերախմբերը դրանք վերցրել են, բեմադրել, ավելին, մասնակցել են միջազգային փառատոնների։ Այս առումով ունենք հաջող արդյունքներ»,- ասաց Անի Ջանիկյանը։

Frankofon taterakan handipumner 4

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագիծն իրականացնում է «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ։ Նաև նախատեսվում է հաջորդիվ անդրադարձ կատարել  ֆրանկոֆոն երկրներում ապրող հայ հեղինակներին, որոնք ստեղծագործում են ֆրանսերենով։ 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և արևելյան Եվրոպայի գրասենյակի ղեկավար Էրիկ Պոպպը հավելեց.

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար շատ կարևոր գործընկեր է։ Այս նախագիծն իր մեջ արտացոլում է ֆրանկոֆոն դրամատուրգիայի բազմազանությունը, ինչը կարևոր է։ Հայաստանը կարևոր գործընկեր է մեզ համար։ Ձեր երկիրը տարիներ առաջ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն արդեն պաշտոնական 3 այցով եղել է Հայաստանում։ Ուզում եմ ասել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակին տրամադրվող բյուջեի մի զգալի հատվածն ուղղվում է Հայաստանին»,- ասաց Էրիկ Պոպպը։ 

Frankofon taterakan handipumner 3

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Լուսինե Աբգարյանի խոսքով՝ թատերական ընթերցումներ և ներկայացումներ են կազմակերպվել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, ինչպես նաև Մատեի Վիշնիեկի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Բավական հագեցած ծրագրով ենք հանդես գալիս։ Բավական երկար ժամանակ է որոշել էինք Մատեի Վիշնիեկի թատերգերը ներկայացնել հայ հանդիսատեսին, ընթերցողին, թատերական ոլորտի մասնագետներին։ Որոշում կայացվեց այս տարվա թատերական հանդիպումները նվիրել նրա ստեղծագործություններին։ Ծրագիրը բավական հագեցած է, երևանյան մի շարք հարթակներում ունենք տարբեր միջոցառումներ, այդ թվում գրական հանդիպումներ»,- ասաց Լուսինե Աբգարյանը։ 

Ալմաստ Մուրադյան

  • Hits: 278

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: