• cultural.am
  • Թատրոն
  • «Օդ» մոնոներկայացում․ թռիչք փորձություններից վեր

«Օդ» մոնոներկայացում․ թռիչք փորձություններից վեր

2025 թվականը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի համար կարելի է համարել բավական բեղուն, քանի որ թատրոնի երկու՝ մեծ և փոքր դահլիճներում, տեղի ունեցան յոթ նոր ներկայացումների  պրեմիերաներ։ Տարին հետաքրքրական  էր հատկապես  երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժի բացահայտման առումով։ Տարվա ընթացքում հանդիսատեսին ներկայացված  պրեմիերաներից մեծ մասի ստեղծագործական կազմը խոստումնալից երիտասարդներ են՝ «Երկաթ ծամեմ» (բեմադրիչ՝ Նադեժդա Իսրաելյան), «Օդ» (բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան), «Կախարդական քամի» (բեմադրիչ՝ Հարություն Բեգ-Վանյան)․․․։ Այս նախաձեռնությունը թարմ և  հետաքրքիր շունչ է թատրոնի անձնակազմի և թատերասեր հանդիսատեսի համար․  հնարավորություն հանդիսատեսին ներկայանալու նոր ասելիքով, շոշափելով ոչ միայն անձնային, այլ հասարակական կարևորություն ներկայացնող խնդիրներ՝ նորովի, ավելի թարմ աչքով։

Այս պրեմիերաներից մեկն էլ տեղի ունեցավ 2025 թ․ մարտի 5-ին, երբ հանդիսատեսի դատին հանձնվեց «Օդ» մոնոներկայացումը։ Մոնոպիեսի հեղինակ Անի Առաքելյան, դերակատար՝ Հայկ Դարբինյան, բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան, վիզուալ էֆեկտներ՝ Նիկիտա Մոնախով, նկարիչ անիմատոր՝ Լառա Մուսայելյան։ Այս պրեմիերան կրկնակի էր, քանի որ մոնոպիեսը նույնպես բեմադրվում էր առաջին անգամ:

Մոնոդրամայի հեղինակը համարձակ շեշտադրում է անում՝  անդրադառնալով հասարակության մեջ առկա արատավոր երևույթներին,  հոգեկան խեղված հակումներին՝ մասնավորապես՝ մանկապղծության թեմային։  «Օդ». խորիմաստ, հետաքրքրություն առաջացնող  և բովանդակությանը համապատասխանող  վերնագիր է մտածված պիեսի համար։ Տեքստը ներկայացվում է բավականին համարձակ, բայց նոր սերնդին հասկանալի առօրյա բառապաշարով։

Մոնոպիեսի գործողությունները ծավալվում են մի երիտասարդի շուրջ, որը գտնվում է հոգեբանական գոյաբանական ճգնաժամի մեջ։ Այս պայքարը ներկայացված է երիտասարդ տարիքին բնորոշ առավելապաշտական ցանկություններով և դրանք իրականացնելու հնարավորությունների սահմանափակությամբ։ Պատահական չէ հերոսի մասնագիտության ընտրությունը՝ ինստիտուտը նոր ավարտած, իր մասնագիտությանը բնորոշ հուզական, ռոմանտիկ աշխարհով, սկսնակ արտիստ, որը չի գտնում իր «արժանի» տեղը։

Od mononerkayacum 6

Ներկայացման բեմական ձևավորումը խիստ մինիմալիստական է՝ ամբողջովին դատարկ բեմ, որի հետնամասի երկայնքով ձգվող սպիտակ վարագույրի վրա ներկայացման ողջ ընթացքում սյուժեին զուգընթաց հայտնվում են գրաֆիկական պատկերներ և տեքստեր։ Ներկայացուման սյուժետային բովանդակությունը, գրաֆիկական, վիզուալ լուծումները, դերասանական խաղը շատ համահունչ կերպով լրացնում են միմյանց և   ընկալվում որպես մեկ ամբողջականություն։ Ռեժիսորական այս մոտեցումը բավական լավ և մանրամասն է մտածված և ընդգծում է դրամատուրգի ասելիքը։ Առանձնակի հետաքրքիր է դիտել, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է կատարել բեմադրիչը՝ հատկապես դերասանի հետ աշխատելիս։

Մոնոներկայացումը շոշափում է մի քանի արդիական և խոցելի թեմաներ․ ընկերություն, կեղծիք, սիրահարվածություն, դավաճանություն, հայրենիքից դուրս ապրելու վարդագույն երազանք, փշրված հույսեր և նոր սկիզբ։ Այս ամենի համատեքստում շեշտադրում է արվում հոգեկան խեղված հակումներին՝ մանկապղծության թեմային։ Չնայած շոշափվող խնդիրների բազմազանությանը՝ դրամատուրգի և ռեժիսորի համագործակցության արդյունքում ներկայացվող պիեսը մատուցվում է սահուն, ոչ ձանձրալի, հիմնականում չի շեղվում բուն ասելիքից  և պահում է հանդիսատեսի ուշադրությունը սկզբից մինչև վերջ։

Հանդիսատեսին ներկայացման հերոսը պատմությունը ներկայացնում է առաջին դեմքով՝ իր անունից, ինչը ստեղծում է ավելի անկեղծ և անմիջական կապ հանդիսատեսի և դերակատարի միջև։ Երիտասարդը բեմ է դուրս գալիս ամողջովին սպիտակ հագուստով, սկսում պատմել իր կյանքի պատմությունը։ Սկզբում նա խոսում է ինքնասպանության մտքերի մասին, պարզորոշ նկատելի են հերոսի ներքին բախումները, անհամաձայնությունները կյանքի ներկա հանգամանքների հետ։ Հետո խոսում է ընկերներից և հատկապես այն ընկերոջից, ով ամուսնացած է, ունի կին, բայց իրականում սիրում է երեխաներին։ Գլխավոր հերոսին հանգիստ չի տալիս այն միտքը, որ իր ընկերը մանկապիղծ է, երիտասարդի ներքին արժեքային բախումներն այս առումով այնքան ուժգին են, որ նա նույնիսկ  քնած ընկերոջ պարանոցին դանակ է մոտեցնում, սակայն չի գնում անդառնալի քայլի։

Od mononerkayacum 3

Հերոսի (նրա անունը այդպես էլ չի բարձրաձայնվում) կյանքը լի է հիասթափություններով, որոնցից մեկն էլ սիրելիի դավաճանությունն է։ Երևի թե հերոսի անանունությունն էլ պատահականություն չէ, քանի որ նրան կարելի է ընկալել որպես հավաքական կերպար, հուզական երիտասարդ, որը փնտրում է իր տեղն ու առաքելությունն այս կյանքում և պիտի անցնի որոշակի փորձությունների միջով, սխալվի և գիտակցի իր սխալները։ Հենց սա կարելի է համարել ներկայացման գլխավոր սյուժետային գիծը և ասելիքը,  իսկ մնացած թեմաները լրացնում են և օգնում բացահայտելու հերոսի հուզական, խոցելի ներաշխարհը, և նաև որոշ դեպքերում ցույց տալ հասարկության մեջ առկա արատավոր երևույթները։

Սիրո թեման ներկայացված է շատ տպավորիչ․ դերասանը պատմում է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել ՆՐԱՆ, ինչ է զգացել։ Այս ամենն ուղեկցվում է դերասանի ետևում գտնվող վարագույրի վրա հետաքրքիր գրաֆիկայով, որտեղ արտացոլվում են սիրահարված վիճակին բնորոշ թիթեռնիկների թռիչքը, թեթևության ու ճախրանքի զգացողությունը։

Od mononerkayacum 2

Այս ամենը հանդիսատեսի համար շատ ոգեշնչող է, մինչև այն պահը, երբ երիտասարդը պարզում է ընկերուհու դավաճանության մասին և մանրակրկիտ պատմում իր հոգեբանական ապրումները՝ սրտխառնոց, փսխում, վրեժի զգացողություն։

Չնայած ընկերոջ սեռական (մանկապղծության) կողմնորոշումների  հանդեպ գլխավոր հերոսի արժեքային բախումներին՝ նա ի վերջո տրվում է ընկերների՝ Ֆրանսիա մեկնելու հորդորներին և որոշում փոխել կյանքը։ Հերոսին թվում է, թե Եվրոպան վերջ կդնի իր առօրեական և կենսական խնդիրներին, սկիզբ կդնի ավելի լավ կյանքի։ Թերևս դրամատուրգի ասելիքն այս առումով ավելի շուտ հասարակական մասշտաբի է, քան անձնային։ Գլխավոր հերոսի օրինակով ինչ-որ տեղ վեր է հանվում հասարակության որոշ մասի հոգեբանությունը՝ «այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք», այն պատկերացումները, որ արտերկրում կյանքն ավելի բարեկեցիկ է և թեթև, քան սեփական հայրենիքում։

 Եվրոպայում ապագայի  վերաբերյալ երիտասարդի պայծառ հույսերը փշրվում են, երբ նա բախվում է ներգաղթյալների կյանքի դաժան իրականությանը։ Ակումբում երգելու փոխարեն (ինչի համար, որ մեկնել էր Ֆրանսիա) հերոսը ստիպված է ծանր չարքաշ աշխատանք կատարել։ Այս կենսական դժվարություններից և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես լիովին ուժասպառ եղած երիտասարդը մտքերը ցրելու համար որոշում է դուրս գալ զբոսնելու և ծխախոտ գնելու, բայց հանդիպում է սևականների մի խմբի։ Այստեղ էլ անդրադարձ է արվում սեռական բռնության թեմային, որից հերոսը կարողանում է փախչել, երբ նրա մեջ արթնանում են ինքնապաշտպանական ուժգին բնազդները։ Երևի թե սա դրամատուրգի մատուցմամբ, Եվրոպայի հակառակ կողմն է, վարդագույն երազանքի մռայլ պատկերը, որին բախվում են ներգաղթյալները։

Այնուհետև սկսվում են նրա երկրեերկիր տեղափոխությունները Եվրոպայով մեկ, և, ի վերջո, երիտասարդը հայտնվում է Լեհաստանում երթևեկաշատ փողոցում ցրտաշունչ ձմռանը բոլորովին լքված, միայնակ։ Նա հայտնվում է կյանքի ու մահվան շեմին, ամբողջովին հուսալքված և այստեղ հասկանում է, որ․․․ ուզում է ապրել։

Կրկին որպես ապօրինի ներգաղթյալ հայտնվելով օտար պետության կալանավայրում՝ երիտասարդը, անցնելով բազմաթիվ նվաստացուցիչ քննությունների միջով, սկսում է երգել իր հայրենի լեզվով Կոմիտասի երգերից։ Շատ տպավորիչ են դերասանի հույզերն ու դիմախաղը, երբ պարզվում է, որ նրան մոտեցող կինը հայ է, ով էլ օգնում է նրան դուրս գալ կալանավայրից և կազմակերպում է նրա վերադարձը հայրենիք։

Ոգևորող է, որ մոնոդրաման անդրադառնում է նաև հայ կնոջ կերպարին և հայրենասիրության թեմային, ինչը շատ նուրբ և գեղեցիկ կերպով է ներկայացված բեմադրության մեջ։

Հանդիսատեսի համար իսկապես ոգեշնչող պահերից է հայ կնոջ անկեղծ օգնությունը լիովին օտար, սակայն հայրենակից երիտասարդին, որը վերջապես հասկանում է, որ չնայած իր կրած բազմաթիվ փորձություններին՝ իրական լույսի աղբյուրը իր համար իր հայրենի երկիրն է և որոշում է կայացնում վերադառնալ։

 Od mononerkayacum 7

Մոնոներկայացման ձևաչափը կարելի է համարել դերասանի պրակտիկայում թերևս ամենաբարդ փորձառությունը, քանի որ հանդիսատեսի ուշադրության թիրախը անընդմեջ ուղղված է բեմում գտնվող դերասանին, նրա խաղին։ Դերակատար Հայկ Դարբինյանի ընտրությունը կարելի է համարել արդարացված կերպարային առումով, քանի որ  նրա ռոմանտիկ հերոսին բնորոշ արտաքին կերպարը, խաղը համահունչ է ներկայացվող մոնոպիեսի հերոսի տեսակին։ Ընդհանուր առմամբ, դերասանական խաղը համոզիչ է, տեղ-տեղ բավականին հուզիչ, շատ հետաքրքիր է նրա տեքստի հետ աշխատանքը։ Դերակատարի մենախաղը խոստումնալից է, հետաքրքիր կլինի  դերակատարին տեսնել  նաև այլ ժանրի ներկայացումներում։

Չափազանց տպավորիչ են ներկայացման գրաֆիկական լուծումները, որոնք լրացնում և շեշտադրում են դերակատարի ասելիքը․ ինքնաթիռի թռիչքի իմիտացիան, երբ հերոսը որոշում է վերադառնալ, ցրտաշունչ ձմռան պատկերումը՝ առանց ձյան էֆեկտների։

Od mononerkayacum 5

Չնայած ներկայացումն իրավամբ ունի լուրջ ասելիք, բայց մանկապղծության թեմայի շեշտադրումը մի փոքր չափազանցված է։ Հերոսի պատմություններից մեկում անդրադարձ է արվում խեղկատակի և թագավորի տղայի պատմությանը, որտեղ պարզվում է, որ խեղկատակը նույնպես մանկապիղծ է և այս մասին գիտեն միայն վերջինս և թագավորի տղան։ Այս մանրամասները, թերևս, ավելորդ հոգեբանական ծանրաբեռնվածություն են ստեղծում ներկայացման բովանդակային մասի վրա և ինչ-որ չափով շեղում բուն ասելիքից։

 Od mononerkayacum 4

«Օդ» մոնոներկայացումը ուշագրավ է հանդիսատեսի համար, թողնում է մտորելու և վերլուծելու տեղ։ Ոգևորիչ է լուսավոր վերջաբանը, հերոսի հոգեբանական հաղթանակը սեփական անձի և կյանքի փորձությունների դեմ պայքարում։

Հայրապետ Հակոբյան

Լուսանկարները՝ Տիգրան Իսկանդերյանի

  • Hits: 916

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: