Գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, գրող, էսսեիստ և թատրոնի ռեժիսոր Հայներ Մյուլլերի (1929-1995) «Երկաթե խաչը» կարճ պատմվածքը 20-րդ դարակեսի գերմանական արձակի ամենակարեւոր գործերից մեկն է:
Լույս է տեսել 1956-ին, իսկ 1989-ին ընդգրկվել է Reclam հրատարակչության «Պատմված ժամանակ. 50 գերմանական կարճ պատմություններ» գրքում: Մյուլլերն այս պատմվածքում շոշափում է այսպես կոչված խմբային բարոյականության հարցը, որի գերին են դառնում թույլ անհատները: Այս մարդկանց կյանքում անհատականացնող «լուսավորությանը» փոխարինում է ավտորիտար հնազանդությունը, դեպի փրկության տոտալիտար խոստումները: Հեղինակի քննաադատություն ուղղված է այս դերային վարքին:

 

1945 թվականի ապրիլին Մեքքլենբուրգ-Ստարգարդում[1] մի գրավաճառ որոշեց սպանել կնոջն ու տասնչորսամյա դստերը, ապա ինքնասպան լինել: Հիտլերի հարսանիքի ու ինքնասպանության լուրը իր հաճախորդներից էր առել: Դեռ Առաջին աշխարհամարտի տարիներից, երբ պահեստազորի սպա էր պահում էր տասը փամփուշտանի ռեւոլվերը:

Երբ կինը ընթրիքը ձեռքին դուրս եկավ խոհանոցից, սեղանի մոտ կանգնած զենքն էր մաքրում: Բաճկոնի դարձածալին երկաթե խաչ[2] էր կրում, ինչը հատուկ էր միայն տոնական օրերին:

Ֆյուրերը նախընտրեց ինքնասպան լինել - բացատրեց կնոջը՝ նրա հարցին ի պատասխան. ինքը հավատարիմ կմնա առաջնորդին: Պատրա՞ստ է արդյոք նա՝ իր կինը, հետևել իրեն: Աղջկա հարցում կասկած չուներ. նա կգերադասեր մեռնել հոր ձեռքից, քան ապրել անպատիվ կյանքով: Կանչեց աղջկան: Նա չհիասթափեցրեց հորը: Չսպասելով կնոջ պատասխանին՝ հորդորեց հագնվել: Աղմուկը բացառելու համար նրանց համապատասխան վայր կտանի: Կանայք ենթարկվեցին: Լիցքավորեց ռեւոլվերը, թույլ տվեց, որ աղջիկն օգնի հագնել վերարկուն, փակեց բնակարանի դուռը, բանալին փոստարկղի անցքից ներս գցեց:

Անձրեւում էր, երբ մթնած փողոցներով դուրս եկան քաղաքից: Գնում էր առջևից,  կանանց ուշադրություն չէր դարձնում, նրանք շարժվում էին հետևելով իրեն՝ քիչ հեռավորություն պահպանելով: Թաց ասֆալտին լսում էր նրանց ոտնաձայնը:

Երբ հատել էին փողոցն ու բռնել հաճարենիների անտառ տանող ճանապարհը՝ շրջվեց, հորդորեց շտապել: Հետզհետե ուժգնացող գիշերային քամին խլացնում էր նրանց ոտնաձայնը՝ անձրևից թրջված գետնին: Ձայն տվեց կանանց, հրահանգեց  առաջ անցնել: Հետեւելով նրանց՝ չգիտեր վախենում է արդյոք, որ փախուստի կդիմեն, թե նրանց փախուստն էր իր ցանկությունը: Սթափվեց, քանի որ նրանք բավականաչափ հեռու էին: Երբ կանայք անհետացան տեսադաշտից, հանկարծ հասկացավ՝ հենց այնպես հեռանալու համար իր վախը մեծ է եւ շատ էր ուզում, որ իր փոխարեն նրանք հեռանային: Տեղում կանգնած միզեց:

Ռեւոլվերը շալվարի գրպանում էր, բարակ աստառի տակից զգում էր նրա սառնությունը եւ երբ կանանց հասնելու համար արագացնում էր քայլերը՝ ամեն քայլափոխի հետ ատրճանակը խփվում էր ազդրին: Դանդաղեցրեց քայլերը: Այն պահին, երբ զենքից ազատվելու համար ձեռքը գրպանը տարավ, հանկարծ տեսավ կնոջն ու աղջկան ճիշտ իր դիմաց: Նրանք կանգնել էին ճանապարհի մեջտեղում ու սպասում էին: Ուզում էր անտառում ավարտել գործը, բայց այստեղ էլ հավանականությունը որ կրակոցները կլսվեին քիչ չէր: Դուրս քաշեց ռեւոլվերը, կինը հեծկլտալով կախվեց վզից: Ծանր էր: Հեռու վանելու համար մեծ ջանք գործադրեց: Մոտեցավ աղջկան, որի հայացքը գամվել էր իրեն, ռեւոլվերը պահեց նրա քունքին ու փակ աչքերով քաշեց ձգանը: Հույս ուներ՝ կվրիպի, բայց լսեց կրակոցը եւ տեսավ, թե ինչպես աղջիկը ճոճվեց տեղում ու փլվեց գետնին: Կինը դողում էր ու ճչում: Ստիպված էր բռնել նրան ու միայն երրորդ կրակոցից հետո լռություն իջավ:

Հիմա մենակ էր: Որեւէ մեկը չկար, որ կհրամայեր նրան ռեւոլվերի փողը սեփական քունքին դնել: Մեռածները նրան չէին տեսնում, ոչ ոք նրան չէր տեսնում: Ներկայացումը ավարտված էր, վարագույրն՝ իջեցված: Հիմա կարող էր գրիմը մաքրելու գնալ: Ռւեոլվերը տեղը դրեց, կռացավ աղջկա վրա, հետո ոտքի կանգնեց ու սկսեց քայլել: Վերադարձավ մայրուղի ու մի փոքր առաջացավ ճանապարհով, բայց ոչ դեպի քաղաք, այլ դեպի արեւմուտք: Ճամփեզրին կանգ առավ: Մեջքը մի ծառի հենած ծանր շնչեց, վերլուծեց իր վիճակը: Համարեց, որ այնքան էլ անելանելի չի: Միայն պիտի շարունակեր քայլել միշտ դեպի արեւմուտք՝ խուսափելով մոտակա բնակավայրերից: Հետո կարող էր ինչ-որ տեղ պատսպարվել, լավ կլիներ մի մեծ քաղաքում՝ ուրիշի անվան տակ, որպես մի անհայտ փախստական՝ պարզ ու աշխատասեր մեկը: Ռեւոլվերը ճամփեզրի փոսը նետեց եւ ուղղեց մեջքը: Ճանապարհին հանկարծ նկատեց, որ մոռացել է ազատվել երկաթե խաչից: Արեց դա:

 

[1] Նախկին դքսություն, գտնվում է հյուսիս-արևելյան Գերմանիայում

[2] Պրուսական և գերմանական ռազմական պարգև (շքանշան)՝ հիմնականում մետաղից պատրաստված խաչի տեսքով: Հաստատվել է 1813 թվականին Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ Երրորդի կողմից:

 

 

Գերմաներենից թարգմանեց Աստղիկ Հակոբյանը

 

  • Hits: 4385

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: