Ուրուագիծ դիմանկարի համար. Յակոբ Գուրգէն (Պիպեռճեան)

1850, Կ․Պոլիս-1914

Ծննդեան 175-ամեակի առթիվ

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ մամուլի հավաքածուները ուսաումնասիրելիս անկարելի է չհանդիպել գրող, հրապարակագիր, գրական տեսաբան,  մանկավարժ Յակոբ Գուրգէնի անվանը, նա առավելապես ուսուցչապետի իր համբավով է հանրահռչակվել․ գրողների, մշակույթի բազում երախտավորների կողմից բազմիցս հիշատակվել է իբրև լրջախոհ, իմացականությամբ օժտված «յուսոյ դաստիարակ»։

Կ․Պոլսի Թարգմանչաց վարժարանն ավարտելուց հետո, տակավին երիտասարդ, անմիջապես ծավալել է մանկավարժական գործունեություն՝ զուգահեռ խմբագրել որոշ պարբերականների «Ներքին լուրեր» բաժինը։ Ասել է թե նրան առանձանապես հետաքրքրել է արևմտահայոց ներքին կյանքը, առօրյան՝ աենապարբեր նրբերանգներով։ Սակայն մանկավարժությունը լինելով Յ․Գուրգէնի տարերքը,- ոչ հարկադրաբար,- եղել են նոր մեթոդաբանական սկզբունքները, և Օրթագյուղ թաղամասում հիմնել է «Հայկազեան կրթարան» /1876-1890/։։ Այնուհետև պաշտոնավարել է Կարինի մեծահռչակ Սանասարեան վարժարանում որպես հայոց լեզվի ուսուցիչ /1894-1896/։ Միաժամանակ աշխատակցելով «Մասիս», «Արեւելեան մամուլ», «Մանզումէի Էֆքիար» /հայատառ թրքերեն/ թերթերին՝ տարբեր գրչանուններով /Գուրգէն, Սմբատ, Վահէ/։

Յակոբ Գուրգէնը չի սահմանափակվել մամուլային հրապարակագրությամբ․ 1881-1888 թ․թ․ հրատարակել է մի շարք ժողովածուներ։ Ամենանշանակալիցը՝ «Պատկեր աշխարհիկ գրականութեան» երկհատոր ընթերցարանն է, ինչպես նաև «Համառօտ արուեստ տաղաչափութեան» ուսումնական ձեռնարկը /1897/։

«Յակոբ Գուրգէնի անունը միշտ ալ յիշատակութեան կ՛արժանանայ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արեւմտահայ զարթօնքը հունաւորած վաստակաւորներու շարքին, թէ մանկավարժութեան, թէ հրապարակագրութեան ասպարէզներէն ներս»։

Չնայած նրան ժամանակին համարում էին աշխարհաբարի դեմ պայքարող անխոնջ գրաբարականներից։ Նախանձախնդիր մտավորական, որ պայքարում էր գրաբարի կորստյան դեմն առնելու մարտավարություն որդեգրելով․ «Հայ դպրութեան եւ հրապարակագրութեան այս վաստակաւորը երբեք չնահանջեց իր դիրքերէն»։ Նրա զինակիցներից էր նշանավոր հայագետ Մխիթարյան միաբանության անդամ Մատաթիա Գարագաշեանը, ում հետ 1886-1888թ․թ․ հրատարակեց «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» հանդեսը։

Ընդհանրապես, Յակոբ Գուրգէնի աշխատասիրած դասագրքերը, հրապարակագրական ժառանգությունը լեզվական առումով այսօր այնքան էլ հանրամատչելի չեն ընթերցողական լայն շրջանակների համար, սակայն բանասիրական, աղբիւրագիտական առումով չափազանց էական նշանակություն ունեն՝ ամենատարբեր առումներով․ ժամանակների բարքերի, սովորույթների, հանրային ապրելակերպի, կենցաղվարության, միջանձնային հարաբերությունների և այլն, ինչպես նաև լեզվի ուսումնասիրության, 19-րդ և 20-րդ դարասկզբի գրականության մեթոդաբանության և ընդհանրապես գրողների ստեղծագործությունների քննարժանման տեսանկյուններից։ Եւ իբրև բանիբուն գործիչ նրա ավանդած հարուստ ժառանգությունը, հատկապես հրապարակգրությունը, ուսումնասիրության արժան է՝ թեկուզ և զուտ բանասիրական  «մղումների» առումով։

19-րդ դարավերջին հրատարակված «Պատկերներ աշխարհիկ գրականության» երկհատոր ընթերցարանը կարծում ենք Յ․Գուրգէն մանկավարժի խիզախման արգասիքն էր, քանի որ այդ տարիների ընթերցարաններում, դասագրքերում, կրոնական տեքստերից զատ,- ընդ որում գրաբար,- տիրում էր նաև կրոնական գաղափարաբանությունը,- Հայ առաքելական և Կոթողիկե եկեղեցիների անվան ներքո,- սերմանելու մոլուցքը, մանավանդ որ վարժարաններում և թե մասնավոր կրթական հաստատություններում դասավանդող մանկավարժների գերակշիռ մասը եկեղեցականներ էին։

Արդ, ավելի քան հասկանալի է ՝ ոչ արդարացուցիչ, թե Յակոբ Գուրգէնի և թե մասնավորաբար նրա մանկավարժական մեթոդաբանության դեմ ինչպիսի խաչակրած արշավանք էր ծավալվել՝ հատկապես պահպանողական մամուլում, հանդեսներում, ոչ միայն Կ․Պոլսում, այլ նաև Զմյուռնիայում և մյուս հայաբնակ քաղաքներում, որտեղ հրատարակվում էր հայ մամուլ և գործում էին հայկական նախակրթարաններ, վարժարաններ։

Մամուլների որոշ հրապարակումներում մշտաբար առկա էր գաղափարական այն մտայնությունը, թե իբր «Կրթութեանց նմանօրինակ դասաւանդումը խիստ վնասաբեր ու ազգի օգտին չի խօսիր»։ Կարծում ենք, որ դեռևս Կ․Պոլսի «Թարգմանչաց» վարժարանում սովորելու տարիներից է ձևավորվել Յակոբ Գուրգէնի մանկավարժական հայացքները․ «Նոր սերունդը պէտք է ուսումնասիրէ աշխարհիկն ու հոգեւորը միաժամանակ։ Անոնց գեղարուեստական արժանիքները  ուսումնասիրելով՝ իւրացնելով․ ժամանակը աս կը պահանջէ»։

Այս էր լայնախոհ մտավորական-մանկավարժի «միտք բանին», ինչ որ նա զորեց ավարտին հասցնել և ավանդել՝ կյանքի վերջին տարիներին ապրելով տաժանելի օրեր՝ զուրկ նյութական ապահովվածությունից՝ ապառողջ, լքված ամենքից ։

Արթուր Անդրանիկեան

andranikean@yahoo.com

+374 94 423 159

+374 91 423 159

  • Hits: 310

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: