Հայաո Միյաձակի. հրաժեշտից առաջ

Արդեն վարձույթում է ճապոնացի հանրաճանաչ (օսկարակիր) անիմատոր Հայաո Միյաձակիի վերջին՝ «Քամին ուժգնանում է» մուլտֆիլմը: Այս ժապավենից հետո Միյաձակին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Հրաժեշտից առաջ առաջարկում ենք ընթերցել Միյաձակիի մտքերը կյանքի ու արվեստի մասին: 
 
· Աշխարհին պետք է նայել  ատելությամբ չմշուշապատված աչքերով: Միշտ պետք է վատ բաներում լավը տեսնել և հակառակը: Պետք չէ ժամանակից շուտ ընտրել մեկը կամ մյուսը, այլ տեսնել դրանց մեջ եղածը և պահել հավասարակշռությունը: 
· Մենք էկրանին ատելություն ենք պատկերում, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի ցույց տանք, որ գույություն ունեն ավելի կարևոր բաներ: Պատկերում ենք անեծքը, որ ցույց տանք նրանից ազատվելու ուրախությունը:
· Երբեք այնպիսի ֆիլմ չեմ ստեղծի, որ երեխաներին կասեն. «Պետք է ձեռքներդ վեր բարձրացնեք ու հանձնվեք»:
· Ամբողջ աշխարհը ստեղծված է բազմաթիվ փոքրիկ մասերից: Ու քաոսից: 
· Տարբերություն կա՞ արդյոք 18 և 60 տարեկան մարդկանց միջև: Կարծում եմ՝  մենք հոգով նույնն ենք մնում: 
· Ժամանակակից կյանքը դատարկ է, անպտուղ ու կեղծ: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են ծրագրողները սնանկանալու. Ճապոնիան ավելի աղքատ կդառնա, իսկ գետնի տակից վայրի խոտ կաճի: 
miyazaki
· Մեր օրերում եթե  էկրանին ցուցադրվում է չարությունը, հնարավոր է՝ այն ոչնչացվի: Բայց իմ կարծիքով դա նողկալի միտում է: Այն սկզբունքը, որ յուրաքանչյուր չարության համար կոնկրետ ինչ-որ մեկը պետք է պատժվի, չի գործում ո՛չ կյանքում, ո՛չ քաղաքականության մեջ: 
· Մեր կյանքը մթության մեջ առկայծող լույս է:
· Ինձ թվում է Disney-ի` ավանդական անիմացիայից հրաժարվելու պատճառը մեծ քանակով ոչ արժեքավոր մուլտֆիլմերի արտադրությունն է: Այն դարձել է պահպանողական, և դա վատ է: Իմ կարծիքով 2D և 3D անիմացիաները կարող են համատեղելի լինել: 
· Եթե ավանդական անիմացիան մահանում է, մենք ոչինչ անել չենք կարող: Քաղաքակրթությունը պետք է առաջ շարժվի: Որտե՞ղ են այն բոլոր նկարիչները, որոնք որմնանկարներ էին ստեղծում: Ու՞ր են բնանկարիչները: Աշխարհը փոփոխվում է: Իմ բախտը բերել է, որ ես 40 տարի անընդմեջ կարողացել եմ զբաղվել իմ սիրած գործով: Մեր ժամանակներում դա հազվադեպ երևույթ է: 
· Ընդհանրապես ես կարծում եմ, որ համակարգչային անիմացիան ավանդական անիմացիայի հետ համեմատվելու ներուժ ունի: Բայց ես արդեն բավական մեծ եմ համակարգչով աշխատելու համար: 
· Տխրում եմ, երբ մտածում եմ, թե ինչպես են համակարգիչներն ամբողջությամբ իրենցով փոխարինել մեր կյանքի մի շարք կողմերը: Երբ մենք կրակի անիմացիան էինք ստեղծում, մեր աշխատողներից մի քանիսը խոստովանեցին, որ երբևէ չեն տեսել, թե ինչպես է փայտը վառվում: Ես նրանց ասացի. «Դե գնացեք, նայեք»: Նախկինում ճապոնական բաղնիքներում փայտ էին օգտագործում, իսկ հիմա բավական է սեղմել կոճակը: Ինչպե՞ս կարելի է դառնալ անիմատոր՝ նման փորձ չունենալով:
· Անցյալում մարդիկ հեշտությամբ ուրիշի կյանքը չեն խլել, անգամ ոչ մարդկային կյանք: Իսկ հիմա հասարակությունը փոխվել է, և այն այլ սկզբունքների վրա է կառուցվում: Հնարավորությունների աճին զուգընթաց, մենք ավելի ամբարտավան ենք դարձել ու կորցրել ենք «Ես ընտրություն չունեմ» արտահայտության իրական իմաստը: Մեր քաղաքակրթության էությունը ձգտումն է հարստանալ ոնց պատահի, անգամ մյուսների կյանքը խլելով:
· Կուզեի ֆիլմ ստեղծել, որը երեխաներին կպատմեր, թե ինչ հաճելի է ողջ լինելը:
· Ես շատ հոռետես եմ, բայց օրինակ, երբ իմ գործընկերներից մեկը երեխա է ունենում, ես նրան ամենալավ ապագան եմ մաղթում: Ես չեմ կարող երեխային ասել. «Գիտես փոքրիկ, դու իզուր ես լույս աշխարհ եկել»: Ամեն դեպքում ես հասկանում եմ, որ աշխարհը սխալ ուղղությամբ է շարժվում: Ու հենց այս հակասական մտքերն են մտածելու տեղիք տալիս, թե ինչ ֆիլմեր պետք է ստեղծել: 
· Ամեն ինչ սեփական ձեռքերով արեք, անգամ եթե համակարգչով եք անում: 
miyazaki-anim
· Ինչպե՞ս եմ ես աշխատում: Ես մտածում եմ, մտածում ու նորից մտածում: Եթե դրանից ավելի արդյունավետ միջոց գտնեք, անպայման ասեք ինձ:
· Մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ֆիլմի իրավուքները գնելն ավելի հեշտ է, քան այն զրոյից ստեղծելը: 
· Մենք զրկված ենք մեր ծննդյան ժամանակն ու վայրն ընտրելու հնարավորությունից: Ընտրում ենք կյանքի մի ուղի ու կորցնում ենք հնարավորությունն իմանալու, թե ուր կտանեին մեզ այն մյուս ճանապարհները: Այդ պատճառով կարծում եմ, որ մուլտֆիլմերի ֆանտաստիկ աշխարհները համընկնում են մեր հույսերի ու ձգտումների հետ: Դրանք վերարտադրում են մեր կորցրած հնարավորությունները: 
· Ի՞նչ դեր են ունեցել իմ աշխատանքները ժամանակակից մշակույթում: Ճիշտն ասած, ես այնքան էլ շատ պատկերացում չունեմ այդ մասին: Միակ բանը, որ ես միշտ նայում եմ եղանակի տեսությունն է: 
· Ես երբեք չեմ կարդում քննադատների հոդվածները: Դրանք ինձ այնքան էլ չեն հետաքրքրում: Իսկ ահա հանդիսատեսի արձագանքին  հետևելը բոլորովին այլ բան է: 
· Ինձ շատ են դուր գալիս Pixar-ի նկարազարդողների աշխատանքները: Ghibli-ն նրանց հետ չի մրցակցում. մեր հարաբերություններն ընկերական են: 
· Իմ շատ ֆիլմերում կան ուժեղ հերոսուհիներ՝ քաջ, ինքնուրույն աղջիկներ, ովքեր պայքարում են այն ամենի համար, ինչին հավատում են: Նրանք կարիք ունեն ընկերոջ կամ օգնականի, բայց ոչ երբեք փրկչի: Ես կարծում եմ, որ ցանկացած կին կարող է լինել հերոս այնպես, ինչպես տղամարդը:
· Ես հերոսներ եմ ստեղծում Ghibli-ի կանանց օրինակով: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, որ իմ այս կամ այն հերոսի նախատիպն են:
· 1999-ին հայտարարեցի, որ պատրաստվում եմ հրաժեշտ տալ անիմատորական աշխատանքին, բայց կյանքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է նվազագույնը ևս մեկ մուլտֆիլմ ստեղծեմ դեռահասների համար: Ու ի պատասխան դրան` ստեղծվեց «Spirited Away» մուլտֆիլմը:
· Ես արդեն համակերպվել եմ այն մտքի հետ, որ միայն իմ արհեստում կարող եմ օգտակար լինել: Երիտասարդ տարիներին ես մտածում էի, որ պետք է նաև հասարակական խնդիրներով զբաղվեմ, նույնիսկ միամտորեն ներառվել էի սոցիալական շարժումների մեջ: Երբ տեսա Մաո Ցզեդունի նկարով պաստառը, այդ դեմքն ինձ նողկալի թվաց: Եվ ինձ ասացին. «Ինչպե՞ս թե, նա մեծահոգի մարդ է, երևի պարզապես լուսանկարն է անորակ»: Ես այն ժամանակ սխալվեցի: Եվ դա միակը չէր: Ամբողջ կյանքում ես սովորել եմ իմ սեփական սխալների վրա: 
· Ես անիմատոր եմ: Ես ինձ համերաշխ գործարանի տնօրեն եմ զգում և ոչ թե մեծ ընկերության հեղինակավոր տեր: Սրանում է իմ աշխատանքի փիլիսոփայությունը:
· «Պոնո ձուկը ժայռի վրա» մուլտֆիլմում ես ցանկացել եմ ցույց տալ շրջակա միջավայրի աղտոտվածությունը, բայց այդ մասին միայն բարձրաձայնելն անիմաստ է: Նստելու և բողոքելու փոխարեն պետք է մաքրել շրջակա միջավայրը: Ընդ որում, ես ամեն առավոտ իմ տան մոտակայքում հենց դրանով էլ զբաղվում եմ: Եվ ես դա անում եմ հաճույքով:
miyazaki-no-ugoku-shiro
· «Պոնո ձուկը ժայռի վրա» մուլտֆիլմի իմ ամենասիրելի մասը տիտրերն են: Դուք դրանցում որևէ ուղղորդող բան չեք գտնի. միայն այբբենական հերթականությամբ այն մարդկանց անունները, ովքեր աջակցել են մուլտֆիլմի ստեղծմանը: Այնտեղ կարելի է գտնել նաև ստուդիայի մոտակայքում ապրող երեք կատուների անունները:
· Ինքնաթիռները հրաշալի են, երբ օդում են: Մի անգամ ես քիչ էր մնում Ամերիկայում գնեի Zero-ի ինքնաթիռներից մեկը, որովհետև ուզում էի տեսնել, թե ինչպես է այն թռչում Ghibli-ի բարձր լարման լարերի վրայով: Բայց իմ կինը խորհուրդ տվեց ինձ վերջ տալ հիմարություններին, և ես հրաժարվեցի այդ մտքից: 
· Իմ աշխատանքների գլխավոր թեման նոստալգիան է: Դա ամենատարծված զգացմունքներից մեկն է, որը  մարդուն մարդ է դարձնում: Երբ ես նայեցի Անդրեյ Տարկովսկու «Նոստալգիա» ֆիլմը, հասկացա, թե  այն որքան  ունիվերսալ է: 
· Ես հավատում եմ, որ մանուկ հոգիները կրում են նախորդ սերունդների պատմական հիշողությունը: Բայց,  որքան նրանք մեծանում են, այնքան այդ հիշողությունը խամրում է: Ու եթե ես կարողանամ ստեղծել ֆիլմ, որը կարթնացնի այդ հիշողությունը, ես ինձ երջանիկ կհամարեմ:
                              Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Հակոբյանը
Աղբյուր՝ http://www.adme.ru/
  • Created on .
  • Hits: 3786

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: