Սերունդը երազանք ունեցող երիտասարդն է
Զրույց ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ սովետական միության փլուզումից հետո մեր «ձեռք բերած» անկախության, արժեհամակարգի փոփոխության մասին
Հարցադրումը` արդյոք անկախությունից հետո արժեքային համակարգը հիմնովին փոխվել է, թե ոչ, այդքան էլ ճիշտ չէ: 20 տարին քիչ է գլոբալ փոփոխություններ արձանագրելու համար: Նախևառաջ, խոսելով արժեքային համակարգի փոփոխություններից, պետք է հասկանանք` ինչից ինչ փոխվելու մասին է խոսքը: Այսօրվա արժեքային համակարգը սովետական պետության շրջագծում է ձևավորվել: Սովետական փակ, տոտալիտար հասարակության անհաջող ժառանգությունն այսօր վերարտադրվում է: Սովետական միությունը չկա, բայց դրա ուրվականը մենք զգում ենք բոլոր մակարդակներում:
Պետությունը իր առջև նպատակ չի դրել ձևավորել անկախ պետության արժեհամակարգ: Ի՞նչն է Հայաստանի Հանրապետությունը հռչակել իր գոյության իմաստ… Հռչակված արժեհամակարգ չկա, իսկ ներքին, չհռչակված համակարգը օլիգարխների շահերի պաշտպանությունն է: Այդ իսկ պատճառով ժողովուրդը իրեն իր պետությունից օտարված է զգում: Կան որոշակի տոկոս կազմող երիտասարդներ, որոնք ազատ են սովետական շրջանի բեռից և փորձում են ստեղծել նորը: Հուսով եմ, որ առաջիկա 20 տարում այդպես մտածող երիտասարդությունը էթիկական զանգված կդառնա և կփորձի աստիճանաբար ի չիք դարձնել սովետական արժեհամակարգով հագեցած օլիգարխիան:
Սահմանադրության մեջ առկա ժողովրդավարության, մարդու ազատության, իրավունքների դրույթները ձևական են… պաշտպանվում և ռեալիզացվում է ոչ թե մարդը, այլ ամեն ինչ արվում է, որպեսզի կրիմինալը պետական համակարգով պաշտպանված լինի:
Ժողովուրդն ինքը պետք է ձեռք բերի անկախություն: Այսօր էլ կան երիտասարդ տարիքի սովետական կոմսոմոլներ և ծերուկներ` պարտիական նշանները կրծքին ամրացրած: Դրանք սերունդ չեն: Սերունդը երազանք ունեցող երիտասարդն է, որը փորձում է կոտրել հին կարգերը, հին մարդկանց իշխանությունը: Դրականը կա, բայց այսօր բոլոր ճակատներում դրա դեմ այնպես են պայքարում, կարծես դրականը մեր թշնամին է:
Մշակույթի ոլորտում արժեհամակարգի ձևավորման առումով անցումային շրջան է: Կան մարդիկ, որոնք անկախ ձևեր, նոր բովանդակություն են փորձում ձևավորել: Իսկ դրան զուգահեռ սովետական մտավոր բյուրոկրատիան պատրաստ է ծառայել և ծառայում է իշխանական բյուրոկրատիային: Տխուր ժառանգություն ունենք և սովետական փոշին, մնացուկները պետք է թոթափել:
Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդը, որպես արժեք, չի գնահատվում. մարդն անտեսված, արհամարհված արժեք է` միջոց խմբակային նպատակներն իրականացնելու:
- Created on .
- Hits: 2816