Հարցազրույց Մեգ Ռոսոֆի հետ

Մեգ Ռոսոֆը (1956թ.) ամերիկացի գրող է, ապրում է Լոնդոնում (Միացյալ Թագավորություններ): Լոնդոն է տեղափոխվել Բոտոնից (ԱՄՆ, Մասաչուսեթս): Չորս քույրերից երկրորդն է: Ընտանիքը հրեաներ են, հուդաիզմի հետևորդներ, իսկ ինքը՝ Ռոսոֆը, աթեիստ է: 1974թ. ընդունվել է Հարվարդի համալսարան, երեք տարի անց ավարտել է ուսումը և տեղափոխվել է Լոնդոն Սեյնթ Մարտինի արվեստի դպրոց և քանդակագործություն ուսումնասիրել: Այնուհետև կրկին վերադառնում է Միացյալ Նահանգներ: 9 տարի Նյու Յորքում աշխատում է հրատակության ու գովազդի ոլորում: Այսօր արդեն բազմաթիվ վեպերի ու մանկական գրքերի հեղինակ է: Մեգ Ռոսոֆին ճանաչում է բերել նրա «Ինչպես եմ ապրում հիմա» վեպը, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը: Նա արժանացել է մի շարք գրական մրցնակաների, այդ թվում` Գարդիըն Փրայզ (Guardian Prize), Փրինց Ըուորդ (Printz Award), Բրենֆորդ Բոըսթ Ըուորդ (Branford Boase Award) և այլն: 2014թ. Մեգ Ռոսոֆը Հայաստան է այցելել «Գրական Տապանի» շրջանակներում:

Արամ Մամիկոնյան. – Ձեր «Ինչպես եմ ապրում հիմա» վեպը ունի՞ ինքնակենսագրական տարրեր, և արդյո՞ք Ձեզ համար կարևո՞ր է գրել Ձեր կյանքի փորձառության մասին:
Մեգ Ռոսոֆ. – Այո և ոչ: Շատ գրողներ կասեն, որ այն, ինչ գրում են, ինքնակենսագրական ոչինչ չունի, բայց դա ինձ միշտ սուտ է թվում, քանի որ ուրիշ էլ ինչի՞ մասին ես գրում: Ինչ-որ բաներ հորինում ես, հայտնագործում ես, բայց զգացողությունների մեծ մասը և որոշ փորձառություններ գալիս են քո անձնական կյանքից: Ես 57 տարեկան եմ, և տարիների ընթացքում բազում դեպքեր են պատահել ինձ հետ: Այնպես որ դա համադրություն է: Օրինակ, ես 19 տարեկան էի, երբ հեռացա Բոստոնից: Ես այնտեղի համալսարանում էի սովորում և ատում էի այն, ուստի մեկնեցի Լոնդոն, որպեսզի արվեստի դպրոց հաճախեմ: Եվ այնտեղ հանդիպեցի խենթ ու էնտուզիազմով լի մարդկանց: Փոքրիկ զուգահեռ կարող ենք անցկացնել, երբ Դեյզին հեռանում է Մանհեթնից և մեկնում Անգլիա:

Ա.Մ. – Թվում է, պոեզիան ժամանակի ընթացքում դադարել է ընթերցվելուց և կոմերցիոն տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը:
Մ.Ռ.  – Լավ հարց է: Ես մի քիչ կարդում եմ պոեզիա և միայն այն բանի շնորհիվ, որ մի հրատարակչություն կա` LatEx, որ հրաշալի ժամանակակից պոեզիա է տպագրում: Եվ շատ անուններ ես նրանց շնորհիվ եմ իմացել: Ես չեմ հիշում, ինչպես առաջին անգամ ինձ հանդիպեց, բայց հիշում եմ, որ կարդացի և ասացի, սա հրաշալի է, գերազանց: Մարդիկ ուզում են պատմություններ կարդալ, սեքս և բռնություն են ուզում: Կարծում եմ, մարդիկ մտածում են, որ պոեզիան այսօր բարդ է և անհասանելի: Այդպես չէ: Որոշ բաներ գուցե: Անգլիայում այսօր լայնորեն խոսվում է պոեզիայի մասին, բազմաթիվ պոեզիայի մրցանակներ կան: Ինչպես ասում են, պոեզիան պահն է որսում: Բայց, կարծում եմ, այն երբեք այնքան պահանջված չի լինի, ինչքան վեպը:

Ա.Մ. - Երբևէ պոզիա կգրե՞ք:
Մ.Ռ. – Չգիտեմ: Երբեք չեմ գրել: Երբեք: Կարծում եմ դա նույնն է, եթե ֆուտբոլիստին հարցնեք, թե նա երբևէ բեյսբոլ կխաղա՞: Ես բանաստեղծներ գիտեմ, եթե նրանց հարցնեք վեպ կգրե՞ք, կասեն` ոչ: Չեմ կարծում` որ կգրեմ: Բայց դրանք շատ տարբեր են: Ես մի քանի պատմվածք եմ գրել: Բայց պատմվածքներ քիչ եմ կարդում, դա իմ սիրելի ձևը չէ: Ավելի նախընտորւմ եմ բանաստեղծություն, քան պատմվածք:

Հասմիկ Խեչիկյան. - Ո՞ր ժանրն է ավելի տարածված Անգլիայում և ԱՄՆ-ում:
Մ.Ռ. - Պատմվածքը, թե բանաստեղծությո՞ւնը: Կարծում եմ, պատմվածքը: Շատ լավ պատմվածք գրող հեղինակներ կան: Եվ կարծում եմ, շատ մարդիկ սիրում են պատմվածքը, որովհետև կարող են և մի պատմվածք կարդալ քնելուց առաջ: Բայց ես ինքս չեմ սիրում այն: Ես ուզում եմ մի որոշ ընթացք ունենա այն, գոնե կես ժամ կարողանամ կարդալ:

Հ.Խ. - Ի՞սկ վեպը, թե պատմվածքը:
Մ.Ռ. - Վեպերը համարվում են ամենից տարածվածը: Բրիտանիայում քննարկումներ են գնում երկար և կարճ վեպերի շուրջ: Կարծում եմ դրանք հիմար բաներ են: Իհարկե, կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել: Բայց ես գրող գիտեմ, որ երկու հաստ վեպ է գրել: Դրանք պատմական վեպեր են և բեստսելլեր են դարձել. արդեն երրորդ անգամ են տպվում: Դրանք ինտելեկտուալ վեպեր են: Դրանք հսկայական են, բայց անհավանական ճանաչում են գտել: Այնպես որ շատերն են շատ բան ասում, բայց դրանք հիմարություն են, կարծում եմ:

Լիլիթ Կարապետյան. - Ի՞նչ եք կարծում, ո՞վ է արձակագիրը 21-րդ դարում:
ՄՌ. - Յուրաքանչյուրը, ով ցանկանում է վեպ գրել: Օգոստոսին Լոս Անջելոսում էի, գնացել էի զրուցելու, սովորեցնելու, քննարկելու: 2000 մարդ կար այնտեղ լսարանում, բոլորը, ովքեր ուզում էին վեպ գրել: Եվ նրանց մեծ մասն իսկապես ուզում է: Յուրաքանչյուրը կարծում է, որ ինքը պատմություն ունի պատմելու, բայց մարդիկ չեն հասկանում, որ դա շատ բարդ է: Դու կարող ես պատմել մի պատմություն, բայց եթե դու պրոֆեսիոնալ գրող ես, պետք է հետո գրես ևս մեկը, ևս մեկը, ևս մեկը: Եվ դա լավագույն գործն է աշխարհում, ահա թե ինչու են բոլորն ուզում դա անել: Որովհետև եթե դու կարողանում ես ապրելու փող վաստկել, դա հրաշալի է: Բայց մարդկանց մեծ մասը չի կարողանում: Նույնիսկ եթե կարողանում են, նրանց մի մասը չի կարողանում բավարար փող վաստակել ապրելու համար: Ես չգիտեմ հարցի պատասխանը: Ես չգիտեմ` ով է այսօր վիպասանը:

Լ.Կ. – Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:
Մ.Ռ. – Հիլըրի Մենթելը: Կարծում եմ` նա հանճար է: Նա եռագրություն է գրել, և նրա գրքերը երկու անգամ բեստսելլեր են եղել: Կասեք, որ ես կին գրողների եմ սիրում, իսկապես ես կին գրողներին ավելի եմ սիրում: Ոչ միշտ, բայց հաճախ:

Լ.Կ. - Կխոսե՞ք բրիտանական ու ամերիկյան ժամանակակից գրականության միտումներից:
Մ.Ռ. - Շատ մարդիկ կարդում են պատանեկան գրականություն, որովհետև այն ավելի խելամիտ է, ավելի արագ ու հուզիչ: Միտումն ընդհանուր առմամբ հասկանալի է, բայց այնքան էլ լավ չէ: Մյուս կողմից միլիոնավոր մարդիկ կարդում են «Մոխրագույնի 50 երանգները», որը մի կնոջ մասին պատմող կատարյալ հիմար պոռնոգրաֆիա է, բայց բոլորն էլ գնում են դա: Հետո կա նաև միջին տարիքի կանանց հասցեագրված պոռնոգրաֆիա: Հաջորդը միտումը մեմուարներն են. երբ մարդիկ գրում են իրենց անձնական կյանքի մասին, սեփական փորձառության: Մարդիկ միշտ էլ հետաքրքրված են եղել մյուսների կյանքով: Կան նաև լավ գործեր: Հիմա կարդում եմ մի կնոջ՝ նրա բավականին լուրջ, բայց և շատ զվարճալի նամակները` հասցեագրված իր քրոջը, որ գրվել են 1980-ականներին: Անգլիական գեղարվեստական գրականությունը բավականին մեծ ավանդույթներ ունի: Ցավոք, ամենատարածված միտումն այն է, որ հրատակչությունները ցանականում են գումար վաստակել ու դրա համար ուզում են տպագրել «մեծ» գրքեր: Եթե դու չես գրում «մեծ» գիրք, ապա դժվար է հրատարկչության համար գնել քո գործը և սպասել:  Գուցե 3-4 գիրք հետո քեզ կհաջողվի գրել «մեծ» գիրք…

Լ.Կ. - Ի՞նչ է նշանակում« մեծ» գիրք:
Մ.Ռ. - «Մեծ» գիրք անվանում ենք լավ վաճառվող գրքերը՝ բեսթսելերները: Ինչ-որ մեկդ սիրո՞ւմ եք Հիլըրի Մենթլին, օրինակ, ես շատ եմ սիրում: Նա գրել է վեպեր, որ բավականին պահանջված է հրատարակինչների կողմից: Բայց նա նաև գրել է գրքեր, որոնք այդքան էլ մեծ հաջողություն չեն ունեցել, ու շատ մարդիկ կարծում էին, որ նա այլևս չի հրատարկվի: Երբ գրքերը չեն վաճառվում հրատարակչությունը պարզապես ասում է՝ ցտեսություն: Գրելով նա չէր կարողանում գումար վաստակել: Անգլիայում շատ գրողներ չեն կարողանում գումար վսատակել միայն գրելով և հաճախ նրանք ստիված են ուրիշ գործով զբաղվել:

Ա.Մ. - Կուզեի հարցնել լեզվի ստեղծած պատնեշի մասին: Օրինակ, հայերենը ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան անգլերենը: Ի՞նչ խորհուրդ կտայիք գրողներին, ովքեր մտածում են լեզուն փոխելու մասին: Կամ դա առհասարակ հանրավո՞ր է:
Մ.Ռ. - Իմ իտալացի խմբագիրն ուզում է վեպ գրել անգլերենով` ելնելով մարկենտինգային տեսանկյունից: Նրա խոսակցական անգլերենը գեղեցիկ է, բայց գրելը ավելի խորը գործ է: Շատերը պարզապես չեն կարող անել դա: Քչերին է դա հաջողվում, օրինակ՝ Նաբոկովը գրել է և՛ ռուսերեն, և՛ անգլերեն: Բայց հայկական գիրը մեծ ավանդույթներ ունի: Կասեի՝ գրեք մայրենի լեզվով, լեզվով որով խոսում ու գրում եք: Պարզապես լավ թարգմանչի կարիք կա: Իսկ ի՞նչու է նման հարց առաջանում:

Ա.Մ. - Որովհետև հնարավորություն չկա քո գիրքը հայրենով ներկայացնելու արտասահմանյան հրատարակիչներին, իսկ թարգմանության դեպքում այդ թարգամնությանը վստահելու հարց է ծագում:
Մ.Ռ. - Այո, դա բարդ է: Թարգմանությունը սարսափելի աշխատանք է: Ես գիտեմ Նոր Զելանդական մի հրատակչություն, որը մանկական գրքեր է թարգմանում ուրիշ լեզուներից, ու նրանք բավականին հայտնի են, կամ մեկ այլ նոր հրատարակչություն Լոնդոնում, որը հետաքրքրված է այլ լեզուներով գրված գրականությամբ: Բայց միշտ չէ, որ այդպես է: Երբ ինձ թարգմանում էին գերմաներեն, կար մոտավորապես 500 թարգմանիչ, ովքեր թարգամնություններ էին անում անգլերենից գերմաներեն: Բայց մի ընկեր ունեմ Գերմանիայում, որը մի անգամ ասաց, որ ամերիկյան հրատարակիչների համար գերմաներենից անգլերեն թարգմանողներ ընդամենը երկուսն են: Ուզում եմ ասել, օրինակ, Ամերիկայում հրատարակվելն ավելի անհավանական է: Բայց աշխարհը անընդհատ փոխվում է: Տեսեք, թե ինչ պատահեց սկանդինավյան գրականության հետ: Մարդկանց հանկարծ սկսեց այլևս չհետաքրքրել: 10 տարի առաջ սրան ոչ ոք չէր հավատա, որ այդպիսի բան կպատահի սկանդինավյան գրականության հետ: Ընդհանրապես հրատարակությունը շատ զավեշտալի բիզնես է, երբեք չես իմանա, թե ինչ է պատահելու հետո: Ուղղակի գրիր այն, ինչ պետք է գրես, ինչ, որ ուզում ես գրել, ինչ, որ հոգու խորքում է, և մի մտածիր, թե ովքեր են դա կարդալու: Գուցե դու կգրես մի հիասքանչ վեպ, բայց ոչ ոք այն չի կարդա կամ կկարդա միայն քո մահից հետո: Մի բան էլ՝ այն, ինչը պետք է գրես, չես կարող փոխել միայն նրա համար, որ ինչ-որ մեկը գուցե կարդալու է դա:

Ա.Մ - Գրելը դժվար բան է:
Մ.Ռ. – Իհարկե դժվար է: Բայց դու կարող ես լինել առաջին հայտնի գրողը, իսկ ինչու` ոչ: Ձեզ չպետք է հետաքրքրի թե ինչ օրինաչափություններ կան, ինչ է եղել անցյալում, առավել կարևոր է ինչ կլինի ապագայում: 

Լ.Կ.- Դուք շատ գրողների եք հանդիպել, որ վեպ են գրում, ի՞նչ խնդիրների հետ են նրան հիմնականում բախվում:
Մ.Ռ. - Այո: Գրողների մեծ մասը` երիտասարդները և ոչ միայն, ասում են որ նրանք չեն կարողանում ավարտել վեպը: Նրանք գրել են երկու գլուխ և կանգ են առել: Եվ ես ասում եմ նրանց` մեզանից յուրքանչյուրը կարող է երկու գլուխ գրել և կանգ առնել: Պետք  ավելի շատ մտածել և ավելի շատ կարդալ: Պետք չէ հուսահատվել, նույնիսկ եթե ամիսներ շարունակ չես գրել քո վեպը: Անգլիայում բոլորը շտապում են տպագրել իրենց վեպը, սակայն խնդիրը ոչ թե տպագրելն է, այլ լավ գիրք գրելը, որովհետև հրատարակիչները փնտրում են մի գիրք, որը մարդիկ կկարդան:

Լ.Կ. - Որպես երիտասարդ գրող եմ հարցնում. ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ գրողներնին, եթե ընդամենը մեկ րոպե ունենայիք:
Մ.Ռ. - Դա շատ հեշտ է: Ես 46 տարեկանում եմ գրել իմ առաջին վեպը: Երբ դու սկսում ես գրել, գիտակցիր, որ դա ստիպված ես անել ողջ կյանքիդ ընթաքում: Դա սարսափելի է, դժվար է: Ես 10 տարբեր աշխատանքներ եմ ունեցել, բայց հանկարծ միտքս լրիվ ուրիշ ուղղությամբ աշխատեց: Այնպես որ կասեմ՝ մի շտապեք:
Զրուցեցին Արամ Մամիկոնյանը և Լիլիթ Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 2931

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: