«ՃՇՄԱՐԻՏ ՖԻԼՄԵՐ ՆԿԱՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը հանդիպել է լրագրողների հետ։ Հանդիպումը ներկայացնում ենք որպես հանրային հարցազրույց։


      Կորստի վախի և գտածի մասին
    Այս գիշեր մտածում էի՝ ինչ եմ ձեռք բերել և ինչ եմ կորցրել։ Փառք Աստծո ընտանիքս չեմ կորցրել, ընկերներիս չեմ կորցրել, որովհետև արվեստը շատ դաժան և տարօրինակ մի բան է։ Շատ դժվար է առանց քո սկզբունքներին, ընտանիքին ու ընկերներին դավաճանելու ինչ-որ հաջողության հասնել։ Իմ բոլոր ընկերները մնացին միայնակ, թողեցին իրենց կանանց ու երեխաներին, ընկերներին։ Դժվար պայքար է արվեստում, դաժան տեղ է։ Ոչ միշտ է պատվաբեր։ Կարող է լավ արվեստագետ լինես, բայց կորցնես քո մարդկային հատկանիշները։
    Ես երջանիկ եմ իմ ընկերներով։ Նույնիսկ երկու միկրոֆոն իրար հետ չեն աշխատում, երկու մարդու աշխատանքն ավելի դժվար է, քան երկու միկրոֆոնի։ Պատկերացնում եք, որ իմ առաջին ֆիլմից մինչ օրս աշխատում ենք Միքայել Սամբոլցյանի հետ։ Միակ մարդն է, ով միշտ չի հավանում իմ ֆիլմերը, դրա համար էլ խնդրում եմ, որ  կողքիս լինի։ Ավելի լավ է ֆիլմ չնկարես, քան կորցնես քո ընկերներին, ընտանիքդ, երեխաներիդ։ Ամենակարևորները չեմ կորցրել՝ ֆիլմեր նկարելու ախորժակն ու երիտասարդներին օգնելու ցանկությունը։

     Ֆիլմ հայ մարդու հետ կատարվող մետամորֆոզների մասին
    Նոր ֆիլմս հայ գաղթականների մասին է, ովքեր գնում են Հայաստանից։ Այս պատմությունը ոչ թե Ռուսաստանի, Կամչատկայի կամ Էստոնիայի մասին է, այլ ԱՄՆ-ի։ Իմ բարեկամը, շահելով Գրին քարտ, ընտանիքով մեկնեց ԱՄՆ։ Նա իմ նախորդ՝ «Քամին ունայնության» ֆիլմի հերոսներից մեկն էր։ Մի քանի անգամ մեկնեցի Լոս Անջելես,  նկարեցի նրան և հայկական ամբողջ գաղութը։ Նկարեցի հայ մարդու հետ կատարվող մետամորֆոզները։ Նկարել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցում, ծերանոցում, լավը և վատը, ազնվորեն, այն, ինչ-որ կար։
    Հեշտ չէ ապրել դրսում։ Օտարությունը մնում է օտարություն, որովհետև մենք չենք ծնվել դրսում, մենք ծնվել ենք հայկական հողի վրա։ Շատ դժվար է արմատներից պոկվելը և հեռանալը։
    Ունեմ ևս չորս-հինգ ֆիլմի սցենար, որ պիտի նկարեմ, մեկը Վահան Տերյանի մասին է։ Հույս ունեմ, որ դեռ տասնհինգ տարի կաշխատեմ և չեմ թողնի «Ոսկե Ծիրանը»։

     «Բլոկադայի մեջ ենք, բայց անում ենք հարուստ փառատոն»
    Երեկ լսեցի, որ  ժյուրիի անդամներն ասում են, թե թույլ է «Հայկական համայնապատկերը», բայց նրանք չգիտեն, որ մենք տասը, քսան տարի էլեկտրաէներգիա չենք ունեցել, ֆիլմ չենք նայել, հեռուստացույց չենք նայել, վառել ենք ծառերը տաքանալու համար։ Եթե չլիներ հայերի տղամարդկային համբերությունը, պատասխանատվությունը իրենց ընտանիքների համար, մենք երևի մինչև այսօր չապրեինք։ Մենք հիմա էլ բլոկադայի մեջ ենք, բայց անում ենք շատ հարուստ փառատոն, հարուստ մեր հյուրերով։

      Կորցրած տարիներ, չնկարահանված ֆիլմեր
    Այդ տասը տարիներն ինձ համար կորցրած տարիներ են, որովհետև տասը ֆիլմ չնկարեցի։ Մեծ դժբախտություն էր, բայց մխիթարելով ինքս ինձ՝ ասում եմ, որ Վահագնի թաղամասը նույնպես մի կինո էր (ղեկավարել է շինարարական աշխատանքները,-հեղ․)։ «Վավերագրողը» ֆիլմիս հաջողությունը Աստծո նվերն էր։ Եթե դա չլիներ, միգուցե չշարունակեի։
    Թվում է, թե մրցանակները ավելորդ բաներ են։ Շատերը մեծամտորեն ասում են՝ մենք մրցանակ չենք ուզում, մեզ պետք չի։ Գիտեք, երբ ստանում եք հարյուր մրցանակ, բայց կողքի մարդիկ՝ կոլեգաներդ չեն նկատում, չեն տեսնում կամ չեն հիշում, մեծ դժբախտություն է, որովհետև դա է ոգևորում մարդուն, ստիպում աշխատել, ստեղծագործել։ Դրանից հետո ես նկարել եմ մի քանի ֆիլմեր։ Շատ երջանիկ եմ, որ իմ ընկերների՝ Սուսաննայի և Միքայելի հետ կարողացել եմ ներկայացնել նաև փառատոնը որպես մեկ ֆիլմ. մեզ համար այն բազմասերիանոց ֆիլմ է։ Էգոիստաբար երբեմն փախչում եմ նրանցից և նկարում եմ ֆիլմ։ Ժամանակ է պետք, որ հորինեմ նոր սցենար, նոր պատմություն և չհիասթափվեմ այն մարդկանց խոսքերից, ովքեր չեն սիրում իմ ֆիլմերը։ Շատ եմ սիրում կինո նկարել։

     «Ճշմարիտ ֆիլմեր նկարելը դժվար է»
    Հայաստանում ճշմարիտ ֆիլմեր նկարելը բավականին դժվար է, ամբողջ աշխարհում է դժվար։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր արդեն չեն հասկանում արվեստը, չեն ընկալում ենթատեքստերը, ֆիլմի փիլիսոփայությունը, լուրջ գրականությունը, լուրջ կինոն։ 60-70-ական թթ․-ին աշխարհը սկսեց հասկանալ, որ կատարվում է սարսափելի պրոցես՝ ֆունկցիոնալ անգրագիտություն․ մարդիկ գրել, կարդալ գիտեն, բայց չեն հասկանում բարդ մտքերը, ենթատեքստերը, ստվերի մեջ եղած պատմությունները։
    Մարդիկ սիրում  են էժանագին կոմեդիաները, գռեհիկ հումորը, ռաբիս երաժշտությունը, որովհետև սկսել են հասկանալ և ընկալել միայն պրիմիտիվ արվեստը։ Մենք պետք է նկարենք այնպիսի ֆիլմեր, որ շատ քիչ մարդիկ են հասկանում, բայց սովորեցնենք մտածել, անհանգստանալ, դժգոհել, չընդունել և կռիվ տալ։ 

    Զենք, որը կորցնելու իրավունք չունենք
 Շատ լավ երիտասարդներ ունենք, բայց չունենք կինեմատոգրաֆիստների համախմբվածություն, որպեսզի կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել։ Մի հասկացություն կար՝ մեկ ֆիլմի ռեժիսոր։ Եթե մարդը կարողանում է մեկ ֆիլմ լավ նկարել, պետք է նրան հատուկ ուշադրություն դարձնել։ Մենք հայտնաբերում ենք և կորցնում երիտասարդների, որոնց պետք է ինկուբատորի նման մեծացնեինք և զարգացնեինք։ Դրան կհասնենք։ Կինոն շատ կարևոր զենք է, հատկապես փոքր ազգերի համար։ Մենք իրավունք չունենք այդ զենքը կորցնելու։

Գրի առավ Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 2808

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: