«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԵՆԹԵՐԻ» ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆՔ

    Հոկտեմբերի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «KOMITASIN» նախագծի համերգային երեկոն: Նախագծում ընդգրկված են 12 հայ կոմպոզիտորների 12 նոր դաշնամուրային ստեղծագործություններ: Նախաձեռնողը և երեկոյի կազմակերպիչը կոմպոզիտոր, դաշնակահար Գևորգ Բադալյան է, ով պատասխանել է cultural.am-ի հարցերին:

    - Քանի որ մեր զրույցի, ինֆորմացիոն առիթը քո նախաձեռնությունն է, պիտի խնդրեմ մի փոքր պատմես նախագծի, մտահղացման մասին, ինչո՞ւ ԿՈՄԻՏԱՍԻՆ, ինչո՞ւ հիմա: Այս տարի հատկապես և հայտնի պատճառով, Կոմիտասին նվիրված բազմաթիվ միջոցառումներ եղան, ինչո՞վ պիտի առանձնանա այս մեկը:

    - Նախ փոքրիկ շտկում, նախագծի օրիգինալ անվանումը լատինատառ է` KOMITASIN: Փոքրիկ բառախաղ է: Փորձել եմ հնարավորինս դիպուկ արտահայտել նախագծի էությունը: Եթե բարձրաձայն կարդանք այն կհնչի հայերեն ԿՈՄԻՏԱՍԻՆ, ինչպես մեկ բառ, որպես նվիրում, տուրք և այլն, իսկ լատինատառ այն բաղկացած է երկու բառից՝ Komitas և in, վերջինս գրեթե բոլոր լատինատառ լեզուներում ունի նույն իմաստ(ներ)ը` ներսում, (ի) մեջ և շատ այլ իմաստներ, որոնք դժվար է բացատրել հայերենով: Այսպիսով այն հասկանալի է բոլորին: Այլ ենթատեքստերը կթողնեմ յուրաքանչյուրի անհատական վերլուծությանը: Ինչո՞ւ հիմա, քանի որ զգացի, որ պատրաստ եմ: Մտահղացումը կար դեռ անցյալ տարի, նախապատրաստական աշխատանքները նույնպես սկսվել են անցյալ տարվանից: Առանձնանալու հատուկ նպատակ չեմ ունեցել: Ավելի շուտ ներկայացնելու: Ցույց տալու, որ ունենք թե երաժշտական ավանդույթ՝ Կոմիտասի օրինակով (այս դեպքում այլազգի ունկնդրին), թե նոր կոմպոզիտորական սերունդ (այս դեպքում նաև հայ ունկնդրին):

    - Ինչպե՞ս է արտահայտվում երիտասարդ հայ կոմպոզիտորի նվիրումը Կոմիտասին այսօր կամ ինչով դա պիտի արտահայտվի ըստ քեզ:

    - Չեմ կարծում, որ հայ ստեղծագործողի առնչությունը Կոմիտասին պարտադիր պայման է: Իհարկե, պետք է ճանաչել, ուսումնասիրել և փորձել հասկանալ, բայց օգտվել այդ գանձարանից, թե` ոչ, կամ ինչպես օգտվել, դա յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Ինչ վերաբերվում է նախագծին, բոլոր մասնակիցները ազատ էին որոշելու նվիրման իրենց ձևը: Դա անգամ նվիրում չէ, դա յուրաքանչյուրի ներքին կապն է Կոմիտասի հետ. նրա անձի, ստեղծագործությունների, կյանքի, գործունեության… այստեղ ևս չկար որևէ պարտադրանք: Մեկի մոտ այդ կապը քողարկված է, մյուսի մոտ ավելի բացահայտ, բայց բոլորի մոտ այն առկա է և շատ տարբեր միջոցներով: Գուցե սա փորձ է նաև կապելու, կամուրջ անցկացնելու մեր օրերի և Կոմիտասյան ժամանակաշրջանի միջև, վերաիմաստավորելու ինչ-որ բաներ:

    - Ինչո՞վ է արդիական ԿՈՄԻՏԱՍԸ այսօրվա երիտասարդ, եվրոպական կրթություն ստացած, մոդեռն միջավայրում ապրող ու ստեղծագործող հայ կոմպոզիտորի համար:

    - Կոմիտասը միշտ է արդիական, ինչպես Բախը, Նարեկացին, Բեթհովենը, Դեբյուսսին, Ստրավինսկին և այլն: Սրանք մեծություններ են որոնցից միշտ կարելի է, պետք է սովորել: Սովորել, բայց չկրկնել: Ոչ թե անթարթ նայել անցյալին և հետընթաց քայլել առաջ, այլ զգալ մեջքի հետևում այդ հարստությունը և վստահ առաջ շարժվել:
    Ինչ վերաբերվում է մոդեռն միջավայրին, Կոմիտասն ինքը մոդեռն կոմպոզիտոր էր: Իր ժամանակի ամենամոդեռն հայ կոմպոզիտորը: Ավելի մոդեռն քան սովետական շրջանի ցանկացած հայ կոմպոզիտոր: Ապրելով «մոդեռն միջավայր» կոչվելուց շատ հեռու երկրում տեղյակ էր իր ժամանակի բոլոր առաջատար երաժշտական ուղություններին, ավելի լավ , քան շատ ժամանակակից հայ կոմպոզիտորներ: Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ներկա էի վոկալ երաժշտության համերգի, որի ծրագրում ընդգրկված էին Ջիաչինտո Շելսիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Գրիգոր Նարեկացու և ուրիշների ստեղծագործություններ, հավատացնում եմ , անտեղյակ ունկնդրին շատ դժվար կլիներ կռահել որն է ավելի «մոդեռն»:
    Կարող եմ երկար խոսել Կոմիտասի մասին, բայց հաստատ կան մարդիկ ովքեր դա շատ ավելի լավ կանեն: Ամեն դեպքում կարծում եմ՝ Կոմիտասին ողղված ցանկացած ծայրահեղ գնահատական, թե սրբացումը, թե մակերեսային վերլուծությունները, արդյունք են չիմացության: Մենք կարիք ունենք օբյեկտիվ՝ առանց փոքր ազգերին հատուկ ավելորդ հուզականության, պրոֆեսիոնալ դիտարկումների:

      - Ի՞նչ սկզբունքով է կատարվել մասնակից 12 կոմպոզիտորների ընտրությունը:

   - Ի սկզբանե չկար կոմպոզիտորների ընտրության հստակ սկզբունք: Այն ձևավորվեց աստիճանաբար: Կար նպատակ ընդգրկել համեմատաբար նոր սերնդի կոմպոզիտորների, բայց ոչ ուսանողների: Չնայած մասնակիցներից մի քանիսը այժմ սովորում են արտասահմանյան բուհերում: Մասնակիցների տարիքը տատանվում է 25-35 տարեկանի միջև: Այսպես ասած «երիտասարդ կոմպոզիտորներ», որոնցից շատերն արդեն լուրջ ավանդ ունեն հայ երաժշտարվեստում:
   - Չեմ սիրում «երիտասարդ» բնորոշիչը, հատկապես ստեղծագործական ոլորտում: «Երիտասարդ կոմպոզիտոր» Ստրավինսկին գրեց իր առաջին բալետները, որոնք մինչ օրս 20-րդ դարի սիմֆոնիկ երաժշտության լավագույն նմուշներից են, Շոպենը իր լավագույն գործերը գրել է երիտասարդ տարիքում (գիտեմ, կոմպոզիտորները չպետք է սիրեն Շոպեն), Ռախմանինովի դիպլոմային աշխատանքը աշխարհի լավագույն օպերային թատրոնների մշտական երկացանկում է, Մոցարտը, ընդհանրապես մնաց երիտասարդ կոմպոզիտոր: Ոչ մի դեպքում չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, հատկապես որ այսօր կոմպոզիտորի խնդիրներն այլ են և ըստ իս ավելի բարդ, և պատմության մեջ քիչ չեն նաև հակառակ օրինակները, բայց որքան դժվար է երիտասարդին իր ստեղծագործական փնտրտուքներում, նույնքան դժվար կարող է լինել կայացած կոմպոզիտորին հրաժարվելը իր ձևավորած երաժշտահամակարգերից, որքան սովորելու բան ունի երիտասարդը փորձառու արվեստագետից, նույնքան օգտակար կարող է լինել երիտասարդի փորձը հասուն արվեստագետին: Նորություն չէ:
    - Նաև փորձել եմ հնարավորինս լայն աշխարհագրական ընդգրկում տալ նախագծին: Մասնակիցների կեսը արտերկրից են՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան: Ոմանք մեկնել են Հայաստանից , ոմանք ի սկզբանե ապրում են դրսում և անգամ դժվարանում են խոսել հայերեն: Նրանց երաժշտությունը կխոսի իրենց փոխարեն:

    - Բացի այն, որ ստեղծագործությունները գրված պիտի լինեին դաշնամուրի համար, կա՞ր մեկ այլ պարտադիր պահանջ:

    - Դաշնամուրի հետ միասին կարող էր լինել էլեկտրոնային երաժշտություն (live electronics), ձայնագրություն (tape), տարբեր առարկաներ (sound objects) և ցանկացած այլ բան: Կարելի է ասել ստեղծագործությունը պետք է գրված լիներ դաշնակահարի՝ մեկ կատարողի համար, դաշնամուրի պարտադիր կիրառմամբ: Պարտադիր պայմաններից մեկն էր նաև ստեղծագործության կապը Կոմիտասի հետ, կամ ուղղակի նվիրում, որը ևս ենթադրում է ինչ-որ կապ: Կար նաև գործերի տևողության սահմանափակում, որը սակայն ենթարկվեց որոշ փոփոխությունների: Եվ, իհարկե պարտադիր պայմաններից էր նաև այն, որ ստեղծագործությունները պետք է հնչեին առաջին անգամ: Բոլոր գործերը գրվել են 2015-ին (բացառությամբ մեկի), որոշները մի քանի մասից են, որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են և այս համերգին կհնչեն մասնակի՝ ելնելով նաև համերգային ծրագրից: Հնարավոր է հետագա համերգներում հնչեն ամբողջական:

    - Մասնակից կոմպոզիտորների մի մասը արտերկրում է բնակվում, համերգին նրանց տեսնելու հնարավորություն կլինի՞:

    - Ցավոք նախագիծը չունի համապատասխան ֆինանսներ՝ հրավիրելու արտերկրում բնակվող մասնակիցներին: Հուսամ՝ հետագայում կունենանք այդ հնարավորությունը: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Գաֆեսճէան արվեստի կենտրոնին», որը միշտ պատրաստակամ է աջակցել ցանկացած հետաքրքիր նախաձեռնության:

    - Հե՞շտ է արդյոք ժամանակակաից ստեղծագործողներին մի գաղափարի շուրջ, նույն նախագծում հավաքելը: Ի՞նչ դժվարությունների է հանդիպում նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկողը:

   - Իհարկե հեշտ չէ: Բայց որքան դժվար է, նույնքան՝ հետաքրքիր: Հեշտ չէր նաև մասնակիցներին, որոնցից յուրաքանչյուրը զբաղված է իր անձական նախագծերով՝ համերգներ, պատվերներ և այլն, բայց վարակվեցին գաղափարով և որոշեցին մասնակցել: Ուզում եմ շեշտել, որ եվրոպայում և այլուր նման նախագծերի մասնակցելու համար կոմպոզիտորները սովորաբար վարձատրվում են զգալի գումարներով, այս դեպքում ամբողջը էնտուզիազմի վրա էր, ինչը մյուս կողմից շատ ուրախալի է, բայց իհարկե ոչ ցանկալի:

   - Հիմա հաճախ ենք լսում արվեստագետների, այդ թվում կոմպոզիտորների համար հայաստանյան ոչ այնքնան հրապուրիչ միջավայրի մասին, միջոցառումները պարբերաբար կրկնում են միմյանց թե գաղափարապես, թե մասնակիցներով, ի՞նչն է քո կարծիքով այդ ամենի պատճառը:

    - Այո, խնդիրները շատ են՝ սոցիալական, ֆինանսական, որոնք կան գրեթե բոլոր ոլորտներում և որոնց լուծումը հիմնականում մեզանից կախված չէ: Բայց կան նաև ներքին խնդիրներ, որոնք նույնպես քիչ չեն: Մենք մի տեսակ վախեցած ենք: Վախենում ենք սխալվել, վախենում ենք քննադատվել, վախենում ենք քննադատել (նախ պետք է քննադատելու կուլտուրա լինի), վախենում ենք ցանկացած նորարարությունից, էքսպերիմենտից: Բոլորը ցանկանում են լինել «ճիշտ» արվեստագետ: Խենթությունը պակասում է մեզանում: «Պրոֆեսիոնալ խենթերի» պակաս ունենք:

    - Կարո՞ղ ենք ասել, որ այս նախագիծն այդ միջավայրին գույներ ավելացնելու փորձ է և ինչ քայլեր պիտի արվեն այս ուղղությամբ:

    - Չեմ ուզում հատուկ նշանակություն տալ նախագծին: Արտասահմանում նմանանատիպ նախագծերը վաղուց ակտիվորեն կիրառվում են: Կուզեի, որ մեզ մոտ էլ նման «գունավոր» միջոցառումները դառնային առօրեական թե կազմակերպողների, թե ունկնդրի,հանդիսատեսի համար: Ինչքան շատ լինեն, այնքան լավ:

    - Այս նույն արվեստագետներին մեկ այլ նախագծում տեսնելու հեռանկար կա՞, ինչ-որ այլ նոր գաղափարներ կա՞ն այս աշխատանքի ընթացքում ծնված:

    - Նախագծի ձևաչափը այդ հնարավորությունը տալիս է: Բայց կարծում եմ՝ առայժմ շուտ է խոսել այդ մասին:

Զրուցեց Աստղիկ Հակոբյանը
  • Created on .
  • Hits: 3042

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: