ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԻՇՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

 Cultural.am-ի զրուցակիցն է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը։



 
 Տիկին Գրիգորյան, տուն-թանգարանի ո՞ր ցուցանմուշներն եք համարում եզակի։

 Առաջին հերթին Արամ Խաչատրյանի անձնական դաշնամուրը, որի վրա նա ստեղծել է իր գլուխգործոցները։ Այն Երևան է տեղափոխվել մաեստրոյի Մոսկվայի բնակարանից։ Յուրահատուկ գործիք է նաև Pleyel մակնիշի դաշնամուրը, որ ցուցադրվում է թանգարանի համերգասրահում։ Այդ գործիքը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների շրջանում։ Շատ գեղեցիկ է, պատրաստված է ընկուզենուց, իսկ դաշնամուրի կափարիչի վրա իմպրեսիոնիստ նկարիչ Բոնիսի կտավն է։ Գործիքը Երևան է տեղափոխվել Բուենոս Այրեսից։ Այն եզակի և շատ թանկ է մեզ համար, քանի որ Արամ Խաչատրյանը նվագել է այդ դաշնամուրի ստեղների վրա։ Հազվագյուտ են նաև նրա անձնական իրերը, ձեռագրերը։ Ձեռագրերը մաեստրոյի շունչը կրող կարևորագույն ցուցանմուշներն են, առանց որոնց թանգարանը գոյություն ունենալ չի կարող։ Շատերը կարծում են, թե Արամ Խաչատրյանն ընդհանրապես չի գրել հայերեն և հայերենին շատ վատ է տիրապետել, բայց դա այդպես չէ։ Կան բազմաթիվ հայատառ նամակներ, որոնցից մի քանիսը ներկայացված են մեր մշտական ցուցադրությունում։

Երևանում գործող այլ թանգարանների, Ազգային պատկերասրահի հետ ի՞նչ համագործակցության մեջ է տուն-թանգարանը։

 Տարիներ առաջ պատկերասրահից մի քանի կտավ տեղափոխվեց մեր տուն-թանգարան և ցուցադրվեց մեկ միջոցառման ընթացքում։ Համատեղ միջոցառումներ անում ենք, բայց ցուցանմուշներ չենք տեղափոխում թանգարանից թանգարան։ Մենք ապրում ենք շատ փոքր քաղաքում, հայաստանյան այցելուների քանակն այնքան էլ մեծ չէ։ Այցելուն կարող է մի քանի օրվա ընթացքում լինել Երևանում գտնվող մի շարք թանգարաններում, այնպես որ անհրաժեշտություն չկա ցուցանմուշ տեղափոխելու։ Երբ նշում էինք մաեստրոյի ծննդյան 110-ամյա հոբելյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը մի համերգ կազմակերպեց։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը, թավջութակի և նվագախմբի համար գրված ռապսոդիան։ Ստեղծագործությունները կատարում էինք մենք՝ Խաչատրյան տրիոյի երաժիշտներս։ Որոշվեց միջոցառման շրջանակներում մի փոքրիկ ցուցադրություն կազմակերպել ֆիլհարմոնիայի դահլիճում և այդ նպատակով տուն-թանգարանից տեղափոխվեց մի քանի ցուցանմուշ։ Այն երաժշտասերները, ովքեր ներկա էին համերգին, հնարավորություն ստացան դրանց ծանոթանալու։ Տուն-թանգարանը գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Մենք ստորագրել ենք պայմանագրեր մի քանի թանգարանների հետ, այդ թվում երաժշտական խոշորագույն թանգարաններից մեկի՝ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանի, հիմա թանգարանային միավորում է կոչվում։ Այդտեղ բազմաթիվ երաժիշտների արխիվներ են պահպանվում։ Մեր ստորագրած պայմանագրի շրջանակում 2014 թվականի դեկտեմբեր ամսին տուն-թանգարանում բացվեց մի շատ հետաքրքիր ցուցահանդես, ցուցանմուշները բերվել էին այդ թանգարանի արխիվից։ Ցուցահանդեսը նվիրված էր Ռախմանինովին և Շալյապինին։

Տուն-թանգարանի ցուցանմուշներն այլ երկրներում ցուցադրելու առիթներ լինու՞մ են։ 

Ցուցանմուշները երկրից դուրս ներկայացնելու ցանկությունը մեծ է, հրավերներ լինում են, բայց բավականին ծախսատար է։ Այս պահին նման հնարավորություն չունենք, բայց ես վստահ եմ, որ հետագայում կկարողանանք տուն-թանգարանը արտերկրում ներկայացնել ոչ միայն Խաչատրյանի երաժշտությամբ, այլև տուն-թանգարանի ցուցանմուշներով։

Ի՞նչ խնդիրներ կան տուն-թանգարանում։

Վերջին տարիներին բազմաթիվ խնդիրներ լուծվեցին: Դրանք հիմնականում կապված էին թանգարանի շենքային պայմանների հետ։ Հիմա զբաղված ենք գեղարվեստական խնդիրներով։ Դիզայներական լուծումների հարցով ենք զբաղված: Նախորդ տարի կազմակերպել էինք մի բարեգործական երեկո, որի ժամանակ կարողացանք որոշակի գումար հավաքել, որպեսզի կարողանանք ցուցադրությունը հնարավորիս գեղեցիկ և լիարժեք ներկայացնել։ Այս պահին աշխատում ենք ցուցադրությունն ավելի ընդլայնելու և ավելի շատ նյութեր ներկայացնելու ուղղությամբ։ Մինչև մաեստրոյի տարեդարձը, որ մենք ամեն տարի տոնում ենք, կկարողանանք թանգարանի այցելուներին ներկայանալ նորովի։

Տուն-թանգարանն ակտիվ աշխատում է ինչպես երաժշտական, այնպես էլ հանրակրթական դպրոցների հետ։ Ի՞նչ կրթական ծրագրեր եք իրականացնում։


Ծրագրերից մեկը կոչվում է «Ինչպես են ծնվում երաժշտական գործիքները»։ Քանի որ թանգարանի շենքում պահվում է նաև հազվագյուտ գործիքների պետական հավաքածուն, ներկա են լինում նաև վարպետներ։ Փորձում ենք այդ գեղեցիկ հնարավորությունը ևս օգտագործել։ Մեկ ժամվա ընթացքում երեխաներին մատչելի, հետաքրքիր ձևով ներկայացվում է, թե ինչպես են ծնվում գործիքները, նրանց հնարավորություն է տրվում գործիքի փոքրիկ մասեր պատրաստել, ինչ-որ չափով ծանոթանում են երաժշտական գործիքի կախարդանքին, պատկերացում կազմում, թե ինչ քրտնաջան ու պատասխանատու աշխատանք է թեեկուզ մեկ գործիք ստեղծելը։ Շատերը տեղյակ չեն, թե ինչ նյութերից են գործիքները պատրաստվում, քանի որ միշտ տեսնում են պատրաստի գործիքը։ Ծրագիրը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում․ երեխաների ծնողներն ու ուսուցիչները նույնպես սիրով մասնակցում են։ «Տարեդարձ» ծրագրի շրջանակներում թանգարանում նշում ենք երեխաների ծննդյան տոները։ Հոբելյարն ու հյուրերը ծանոթանում են թանգարանին, այնուհետև թանգարանային գեղեցիկ ու խորհրդավոր միջավայրում անցկացնում իրենց օրը։

Ի՞նչ գիտական աշխատանք է տարվում թանգարանում։

Գիտական գործունեությունը տուն-թանգարանի ամենակարևոր ուղղություններից է։
Մեր աշխատակիցներն անընդհատ լծված են այդ աշխատանքին։ Ուսումնասիրվում և համակարգվում են այն նյութերը, որոնք կան թանգարանում։ Երկու տարի առաջ թանգարանում կազմակերպվեց «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողով։ Շատ հետաքրքիր, նաև անսպասելի թեմաներ էին ընդգրկված։ Ֆինանսական դժվարություններ կլինեն, եթե գիտաժողովն ամենամյա դարձնենք, եթե հնարավոր լիներ գումարներ հայթայթել, սիրով կանեինք։ Պլանավորել ենք հաջորդ գիտաժողովն անցկացնել մաեստրոյի 115-ամյակին՝ 2018թ.-ին։ Արամ Խաչատրյանը միշտ ուսումնասիրությունների, բացահայտումների կարիք ունի, որքան շատ ես ճանաչում, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում։ Եվ նրա կյանքը, և երաժշտությունն ուսումնասիրելու կարիք ունեն երաժշտագետներն ու երաժիշտ-կատարողները։ Երաժիշտ-կատարողներից շատ-շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե նրա ժառանգությունում ինչ ստեղծագործություններ կան։ Անցյալ տարի ձայնագրվեց սկավառակ, որտեղ ընդգրկված են Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները։ Որպես կամերային ստեղծագործությունների հեղինակ՝ Խաչատրյանը շատ քիչ է ճանաչված աշխարհում։ Պետք է այդ բացը լրացնենք։

Տուն-թանգարանում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ Որո՞նք են թանգարանի նախաձեռնությունները։

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» միջոցառումն արդեն հասցրել է սիրվել թանգարանի այցելուների կողմից։ Թեմատիկ համերգների ժամանակ ելույթ են ունենում երաժիշտ-կատարողներ և Հայաստանից, և արտերկրից։ Ունկնդիրները հնարավորություն ունեն կատարողների հետ շփվելու, ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։ Ընդմիջման ժամանակ այցելուները շրջում են ցուցասրահներում, ծանոթանում տուն-թանգարանին։ Ապրիլին մեր հյուրերը կլինեն երաժիշտներ Ավստրիայից։ Նրանք Pleyel մակնիշի դաշնամուրի վրա կհնչեցնեն ավստրիական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր, Pleyel ընկերության հիմնադիր Իգնազ Փլեյելի ստեղծագործությունները։ Կունենանք հետաքրքիր հյուրեր Ռուսաստանից։ Մեր երաժշտական հինգշաբթիներից մեկը նվիրելու ենք ճանաչված և սիրելի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հոբելյանին, ով անձամբ ելույթ կունենա երեկոյի ժամանակ։

2015թ․-ի փետրվարին Խաչատրյանի տուն-թանգարանը դարձավ Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ։ Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ասոցիացիայի անդամ լինելը։ 

Մենք Հայաստանից առաջին թանգարանն էինք այդ ասոցիացիայի կազմում։ Երկու շաբաթ առաջ մեզ միացան Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։ Հնարավորություններ են լինում նման թանգարանների հետ շփվելու, տարբեր նախագծեր են առաջարկվում ասոցիացիայի կողմից, կոնֆերանսների, սեմինարների մասնակցելու հրավերներ ենք ստանում։

Վերջերս  մասնակցեցիք «Արվեստների միջազգային ձմեռային փառատոնին»։ Ի՞նչ հարցեր են քննարկվել։ Կա՞ն արդյոք համագործակցության հեռանկարներ։

Մի քանի տարի է, ինչ փառատոնի շրջանակներում կազմակերպվում է կոնֆերանս, որտեղ մասնակցում են ֆիլհարմոնիաների և երաժշտական հաստատությունների ներկայացուցիչները։ Այս տարի առաջին անգամ ընդգրկվել էին նաև երաժշտական թանգարանները։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա մասնակցելու այդ կոնֆերանսին։ Մեզ բոլորիս անհանգստացնում են նման խնդիրներ։ Ֆիլհարմոնիաներին անհանգստացնում է ունկնդրի քանակը, նույն խնդիրը մեզ մոտ է։ Մոտեցումներն էլ են շատ նման։

Մաեստրոյի դաշնամուրի ստեղներին դիպչելու առիթ ունեցել եք։ Ի՞նչ զգացողություն էր։

Խաչատրյանի դաշնամուրները պահվում են որպես ցուցանմուշ և շատ հազվադեպ է հնարավորություն տրվում այդ գործիքներին դիպչելու։ Եղել են առիթներ, և պետք է ասեմ, որ սրտի թրթիռով եմ մոտենում այդ գործիքներին․ սրբություն են մեզ համար։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ թանգարան այցելած ճանաչված երաժիշտներին հնարավորություն է տրվել ստեղներին դիպչելու, բայց նրանք հրաժարվել են, օրինակ՝ Բորիս Բերեզովսկին։ Երկու-երեք տարի առաջ մեր հյուրն էր ճանաչված դաշնակահար Եվգենի Կիսինը, ով շատ մեծ ջերմությամբ մոտեցավ գործիքին։ Շուրջ երկու ժամ մնաց թանգարանում և դժվարությամբ բաժանվեց։ Մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին, ով վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր, համերգից մեկ օր առաջ այցելեց թանգարան։ Երբ մի փոքր ստեղծագործություն հնչեցրեց այդ դաշնամուրի ստեղներին դիպչելով, որոշեց որ հաջորդ երեկո որպես բիս անպայման պիտի հնչեցնի Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը։ Բնական է՝ մեկ օրվա ընթացքում մեծ ստեղծագործություն չէր հասցնի սովորել, բայց մաեստրոյի՝ երեխաների համար գրված ալբոմից մի փոքրիկ գործ հնչեցրեց Ռախմանինովի կոնցերտից հետո։ Շատ հուզիչ էր։

Ինչպե՞ս եք կարողանում համատեղել արվեստագետի՝ դաշնակահարի և կազմակերպչի աշխատանքը։ Դժվար չէ՞։

Շատ հաճախ ինքս ինձ եմ այս հարցն ուղղում։ Կարելի է համատեղել միայն այն դեպքում, եթե երկու գործն էլ շատ սիրում ես և նվիրված ես։ Դժվարությունն այն է, որ միշտ ժամանակն ավելի քիչ է, քան այն խնդիրներն ու ցանկությունները, որոնք ուզում ես իրականացնել։ Համահունչ աշխատանքներ են։ Երաժշտական տուն-թանգարանի ղեկավար չասեմ, չեմ սիրում այդ բառը, տուն-թանգարանում ծառայելը և տրիոյի երաժիշտ-կատարող լինելը մոտ ասպարեզներ են, շատ անգամ` մեկը մյուսի մեջ ներառվում են և լրացնում իրար։ «Խաչատրյան տրիոյի» գործունեությունը սերտորեն կապված է տուն-թանգարանի և Խաչատրյանի ժառանգության հետ։ Ոչ միայն մասնակցում ենք ծրագրերին, այլև միասին ենք կազմակերպում։ Կան շատ ծրագրեր, որոնք նախաձեռնել է հենց տրիոն, օրինակ՝ կամերային ստեղծագործությունների ձայնասկավառակ պատրաստելը։

Ի՞նչ կուզեիք ասել թանգարանի ապագա այցելուներին։ 

Նրանք, ովքեր դեռ չեն եղել մեր թանգարանում, թող շտապեն, որովհետև թանգարանի ցուցադրությունը անընդհատ փոփոխվում է։ Եթե երևանաբնակ ապագա այցելուներին թվում է՝ եթե ոչ այս տարի, ապա մի հինգ տարի հետո կայցելեն, հինգ տարի հետո կտեսնեն բոլորովին ուրիշ թանգարան, կցուցադրվեն նոր ցուցանմուշներ։ Այցելությունը հետաձգել պետք չէ։


Զրուցեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 3052

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: