ԳՐՈՂԻՑ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼ: ՄԻԱ´ՅՆ

Հայաստանում տպագրվող գեղարվեստական գրքերի, հետևաբար նաև շնորհանդեսների և գրական հանդիպումների քանակը տարեցտարի աճում է: Այս հանդիպումների ժամանակ  հաճախ է քննարկվում նաև գրողների՝ հասարակական կյանքում ունեցած դերը և հարցը, թե արդյոք գրողները կարողանում են ապրել իրենց ստեղծած գրականությամբ: Այս մասին ենք զրուցել ժամանակակից բանաստեղծներ Հասմիկ Սիմոնյանի, Լուսինե Եղյանի ու Հուսիկ Արայի հետ:
 
Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծ

Hasmik Simonyan
Գրելուց ազատ ժամերին գրողը ևս քաղաքացի է՝ նման մյուս բոլոր մարդկանց: Իսկ առհասարակ գրողի միակ դերը լավ գրելն է, որովհետև գրականությունն ավելի կարևոր է, քան հեղինակը: Ինչպես որ կարևոր է այն ատամնաբույժը, որը լավ է ատամները բժշկում, իսկ թե ինչպիսի ամուսին է կամ սիրեկան, գուցե հետաքրքիր է, բայց, անկեղծ ասած, ինձ քիչ է հուզում: Ես ուզում եմ ատամս լավ սարքվի: Այդպես էլ կուզենայի, որ գրողից լավ գրականություն պահանջեին: Միա՛յն:
Վերջերս երկու գիրք էի խմբագրում՝ Լուսինե Եղյանի և Արամ Մամիկոնյանի բանաստեղծությունների ժողովածուները: Հրատարակիչը բորբոքված պատմում էր, որ հեղինակները փաստացի իրեն խաբել են, բոլոր հեղինակներն՝ անխտիր: Նա սիրով տպագրել էր հեղինակների գրքերը (պետական պատվերով կամ պետաջակցությամբ), արդյունքում, հատկապես՝ պոեզիան, ոչ միայն չի վաճառվել, այլև եղել են դեպքեր, երբ շնորհանդեսի օրը վաճառվել է 8-10 գիրք․սովորաբար, հենց այդ օրն է հիմնական գրքի վաճառքը իրականանում: Եվ ո՞վ է սրա մեղավորը: Իհարկե, հեղինակը: Հրատարակության նիհարիկ աշխատակիցներից մեկը, որ ոչ պակաս բորբոքված էր յուր հրատարակչից, խորհրդի կարգով նկատեց, որ այսուհետ առհասարակ ոչ մի ժամանակակից պոետի իրենք չպետք է տպագրեն՝ «տակ չտալու» համար:

Ի դեպ, այս հրատարակչությունում (հրատարակչություն ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեմ հրատարակիչ) կարծում են, որ բովանդակությունը չէ, որ պետք է վաճառվի, այլ առաջին հերթին կանչող կազմը, ինչպիսին է, օրինակ՝ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը», որը երևում է հազարի միջից և գնվում: Թերևս անփութորեն հնչեց նաև, որ գրքի հազար օրինակն էլ հենց պատվիրատուն է գնել: Ինչևէ: Այժմ ես կարծում եմ, որ ժամանակակակից գրականությունը պահանջված չէ և վնասաբեր է հրատարակիչների ինչպես առողջությանը, այնպես էլ գրպանին, դե իսկ գրողները կամաց-կամաց, բայց հաստատուն կերպով գրոհում են գրքերով ու լավ գրականությամբ:

Կարող եմ արդյո՞ք ապրել միայն գրականությամբ։ Գայթակղությունը մեծ է գրելու՝ այո, ապրում եմ և անգամ օգնում ծնողներիս, ընտանիքիս մյուս անդամներին: Ամեն դեպքում, հենց այդպես էլ պատասխանեմ, գիրը իրականություն դառնալու սովորություն ունի, մեկ էլ ու...

Հուսիկ Արա, բանաստեղծ

Husik Ara
Ժամանակակից գրականությունը բազմաժանր է, ազատ է ու լավ արժեքներ է ստեղծում, բայց հայ ընթերցողի ականջին քսանչորս ժամ շարունակ կաթեցնում են՝ չկա ժամանակակից գրող և գրականություն, մի կարդա։ Գրախանութում աշխատող մի երիտասարդ աղջիկ ինձ ասաց՝ ես չէի կարդում, ասել էին՝ չկա ժամանակակից գրականություն, բայց երբ գրախանութում աշխատանքի անցա, սկսեցի կարդալ ու համոզվեցի՝ կա ժամանակակից գրականություն։

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ գրողի առաջին դերը գրելն է, ստեղծել հնարավորինս լավ, ժամանակի պահանջներին համապատասխանող, ժամանակի մեջ հնչող արժեքներ։ Այսօր մենք ինտերնետի դարում ենք, համաշխարհային ռիթմի մեջ ենք և պետք է կարողանանք ռիթմը պահել։ Հիմնականում պահում ենք ի պատիվ մեր գրողների, իմ գրչընկերների։

ԽՍՀՄ տարիներին գրողի ուսերին շատ ավելի ծանր բեռ էր դրված, որ նա ի զորու չէր տանելու։ Գրողն ամեն ինչ էր։ Անկախության շրջանում փորձեցին կուռքերը ջարդել, արանքում հասարակության աչքում սպանվեց նաև գրողը։

Գրողն իրավունք չունի ստոր ու սրիկա լինել, խաբեբա ու խարդախ։ Նա պետք է կարողանա բարձր պահել մտավորականի կոչումը։ Գրողը պարտավոր է հասարակական կյանքին մասնակից լինել, քանի որ հասարակության մի մասն է։ Եթե գրողը հավակնություն ունի տպագրվելու, այսինքն՝ զրուցել սովորեցնելու, բան ասելու, ուրեմն պիտի բան ասողի կեցվածք ունենա, չպետք է խուսափի իր երկրի քաղաքացու կողքին, նրա հոգսերով ապրելուց։ Հասարակական կյանքին մասնակցելը փոքր ազգի կոմպլեքս չէ։ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում նույնպես գրողները հասարակական կյանքի մասնակիցներ են։ Մեր գրողների զգալի մասը պասիվ է, հասարակական կյանքի մեջ չէ, և նրանց ստեղծածը կասկածի տակ է դրվում։

Հայ գրողը երբեք իր գրականությամբ չի ապրել, բացառությամբ ԽՍՀՄ վերջին տարիների, երբ գրողը գաղափարախոս էր։ Ոչ միայն Խորհրդային միությունը, այլև մյուս բոլոր կայսրությունները գրողներին մեծ տեղ էին տալիս, որովհետև հասկացել էին, որ նրանց միջոցով կարելի է գաղափարներ տարածել։

Նախահեղափոխական ժամանակում էլ գիտենք ծակ կոշիկներով, կիսամեռ, կիսաքաղց Պատրիկյանի կերպարը (Նար-Դոս, «Նեղ օրերից մեկը» - հեղ.), որ հենց այնպես չի ստեղծվել։ Այսօր գրողները նույն Պատրիկյաններն են։ Իրենց կարդալու, գրելու ժամանակի գերակշիռ մասը ծախսում են  հաց վաստակելու, ընտանիքը պահելու վրա։ Ժամանակի փշուրների մեջ են գրականություն ստեղծում։ Եվ եթե ժամանակի փշուրների մեջ, այս թշվառ վիճակում մենք կարողանում ենք գրականություն ստեղծել և երբեմն մրցունակ լինել աշխարհին, ուրեմն իսկապես հարգանքի է արժանի հայ գրողը։ Գրողները լրագրությամբ, մանկավարժությամբ ու էլի տարբեր բաներով են զբաղվում, բայց  պետք է այնպես լիներ, որ գիրք տպագրելուց հետո գրողն այնքան հոնորար ստանար, որ նվազագույնը երեք տարի կարողանար ապրել ու ստեղծել հաջորդ գիրքը։ Դրանից մենք զրկված ենք և առաջիկայում էլ զրկված ենք լինելու։

Լուսինե Եղյան, բանաստեղծ

Lusine Eghyan
Գրականությունը լինելու կերպ է, իրականության մեջ ընկղմվելու ցանկություն, պատկերային նոր ձևերի մեջ լողալն է, ազնիվ լինելու ևս մեկ հնարավորություն` թե ինքդ քեզ հետ, թե այն իրականության հետ, որտեղ ապրում ես։ Ինչպես մարզիկը պետք է շարունակաբար պատրաստի իր մարմինը, օրինակ՝ վազքուղին հաթահարելու համար, այնպես էլ գրողը պետք է շարունակաբար ընթերցանությամբ զբաղվի, հետաքրքրվի ժամանակակից արվեստով, քանի որ տենդենցները փոխվում են։ Գրականությամբ զբաղվելը, տեքստ գրելը բարդ պրոցես է, լուրջ աշխատանք։
 
Չի կարելի գրականությամբ զբաղվող մարդուն ասել՝ եթե քեզ փող չի բերում, ինչու ես զբաղվում։  Զբաղվում եմ, որովհետև ուզում եմ, ինձ էքստազի է հասցնում, դուրս է հանում իմ մեջ եղած հիստերիան, թերապիայի նման բան է դարձել, առանց որի արդեն հնարավոր չէ։ Գրականությամբ գումար վաստակելու մասին երբևէ չեմ մտածել, քանի որ հիմա մասնագիտություն եմ ձեռք բերում (Լուսինե Եղյանը սովորում է ԵՃՇՊՀ-ի Կադաստրային գործ և կիրառական գեոդեզիա բաժնում - հեղ․) և հույս ունեմ, որ ապագայում կաշխատեմ իմ մասնագիտությամբ։

Գրողը սովորական քաղաքացի է, ով ապրում է առօրյա խնդիրներով, ունի որոշակի պարտավորություններ իր երկրի, հասարակության նկատմամբ։ Չի կարելի սահմանազատել, ասել, որ գրողը պետք է ունենա այսինչ դերը հասարակության մեջ, իսկ օրինակ՝ նկարիչը՝ ոչ, որովհետև նրանք երկուսն էլ նույն երկրի քաղաքացիներն են և ըստ օրենքի ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։ Եթե մարդը, քաղաքացին, արվեստագետը  անկախ մասնագիտությունից որոշում է մի օր դուրս գալ փողոց ու մասնակցել ցույցերի, իր խնդիրն: Լինումէ  նաև հակառակը՝ քաղաքացի, որն ուզում է պասիվ լինել, քաղաքական գոտում չերևալ, ակտիվություն չդրսևորել հանրահավաքների ժամանակ,  նստել գրասեղանի առաջ, իր խնդիրներն ու բողոքները արտահայտել թղթի վրա, իր գրականության միջոցով, դա էլ նրա որոշումն է․ անհատական ըմբռնման խնդիր է։

Գրի առավ Աննա Կարապետյանը
 Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի
  • Created on .
  • Hits: 3293

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: