ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ՑԱՍՄԱՆ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ»

    Թարգմանական գրականությունը մեծ զարգացում է ապրում Հայաստանում: Ամեն ամիս տարբեր հրատարակչությունների կողմից լույս են տեսնում համաշխարհային գրականության կարևոր գրքերի հայերեն թարգմանությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ cultural.am-ը սկսում է «Նոր գրքեր» խորագրով նախագիծ, որի հերոսները մեր օրերի թարգմանիչներն են:
    Բոլորովին վերջերս հայ ընթերցողների դատին հանձնվեց ամերիկացի հայտնի արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպի հայերեն թարգմանությունը:
    Վեպի գործողությունները տեղի են ունենում Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում: Ագարակատեր Ջոուդների թշվառ ընտանիքը ստիպված է լինում լքել Օքլահոմայում գտնվող իր տունը տնտեսական ճգնաժամի և դժվարությունների պատճառով: Գրեթե անելանելի իրավիճակում հայտնված ընտանիքը ուղևորվում է Կալիֆորնիա` հույս ունենալով ապրուստի միջոցներ գտնել այնտեղ:
    1939 թվականին լույս տեսած վեպը հանվել է Նյու Յորքի, Սենթ-Լուիսի, Քենզաս Սիթիի և Բուֆալոյի գրադարաններից ծանր և դժվարին կյանքի մանրամասն նկարագրությունների պատճառաբանությամբ:
    1953 թվականին գիրքն արգելվել է Իռլանդիայում, այնուհետև՝ 1982 թվականին կանադական Մորիս քաղաքում:
    1970-80-ականներին վեպը չի թույլատրվել զետեղել ԱՄՆ-ի մի քանի դպրոցների ծրագրում որոշ գռեհիկ բառերի գործածության պատճառով::
    The New York Times-ի համաձայն` վեպը 1939 թվականին ամենավաճառվողն է եղել, իսկ 1940թ-ի փետրվարին ունեցել է 430,000 տպաքանակ: Վեպը արժանացել է նաև մի շարք մրցանակների, այդ թվում` Պուլիցերյան, Նոբելյան:
   
   
    Cultural.am-ը զրուցել է «Ցասման ողկույզները» վեպի թարգմանիչ Արամ Արսենյանի հետ:

- Ինչի՞ հիման վրա է թարգմանիչը կատարում հեղինակի ընտրությունը և ինչո՞ւ թարգմանության համար ընտրվեց Ստայնբեքի հենց այս վեպը:

- Թարգմանիչը հեղինակին կամ թարգմանելիք ստեղծագործությունն ընտրում է կա°մ սեփական նախաձեռնությամբ և անձնական նախասիրություններով ու ճաշակով, կա°մ էլ հրատարակչի առաջարկությամբ: Ի դեպ, գրքի ընտրության ընթացքում զգալի ազդեցություն են ունենում նաև զանազան վարկանշային աղյուսակները, տարբեր մրցանակների արժանանալու փաստը, գրականագետների ու գրաքննադատների ուսումնասիրությունները, գրավաճառների և ընթերցողների շրջանում իրականացված հարցումների արդյունքները, «բեսթսելլեր» լինելու իրողությունը և այլ գործոններ:
Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզներն» ընտրվել է «Զանգակ» հրատարակչության կողմից: Եվ, չմոռանանք, որ այդ վեպն արժանացել է գրական երեք ամենահեղինակավոր մրցանակներին` ԱՄՆ ազգային գրքի, Պուլիցերյան և Նոբելյան:

- Մեր օրերում հայ հրատարակիչների կողմից տպագրվող թարգմանական գրականության մեջ ի՞նչ դեր ունի Ստայնբեքի այս վեպը:

- Վերը ասածիս վերջին պարբերությունը, կարծում եմ, նաև այդ հարցի պատասխանն է:

- Ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել վեպը թարգմանելիս:

- Վեպի թարգմանության ընթացքում որևէ լուրջ դժվարության չեմ հանդիպել, քանի որ հերոսների հոգեվիճակը, ապրումներն ու խոհերը, նույնիսկ բառապաշարը համահունչ են ոչ միայն իմ և Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության, այլև աշխարհի բնակչության գերակշռող մասի նույնանման հույզերի ու զգացումների հետ: Միակ դժվարությունն այդ ամենը կրկին ու խորությամբ վերապրելն էր:

- Թարգմանիչը իր թարգմանած ստեղծագործությունները համարո՞ւմ է իրենը:

- Ցանկացած թարգմանիչ առաջին հերթին նաև գրող է և իրավամբ պետք է համարվի իր մայրենի լեզվով վերակերտված տվյալ ստեղծագործության համահեղինակը:

- Կա՞ արդյոք ստեղծագործություն, որը միշտ երազել եք թարգմանել (եթե կա, ապա, ինչո՞ւ մինչ այժմ չեք թարգմանել):

- Այդպիսի ստեղծագործություններն այնքան շատ են, որ դրանք թարգմանելու մասին նույնիսկ երազելն անիրական է:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի
  • Created on .
  • Hits: 3868

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: