ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ԱՅՍՊԻՍԻՆ Է ՄԱՏԻՍԸ»

    Ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ   Անրի Մատիսի կենսագրության մասին պատմող «Այսպիսին է Մատիսը» գիրքը վերջերս է թարգմանվել հայերեն և երևանյան գրախանութներում իր կարևոր տեղն է զբաղեցնում:
    Արվեստի սիրահարների, արվեստաբանությամբ հետաքրքրվողների և, մասնավորապես, Անրի Մատիսի արվեստով հիացողների համար «Այսպիսին է Մատիսը» գիրքը հիանալի ուղեկից կարող է լինել, քանի որ այն բացահայտում է Մատիսի կյանքի` հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները:
    «Նոր գրքեր» նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Այսպիսին է Մատիսը»  գրքի թարգմանիչ Լուսինե Հայրապետյանի հետ:

- Ի
՞նչ էիք մտածում մինչ այս գրքի թարգմանությունը սկսելը, հետաքրքիր է իմանալ զգո՞ւմ էիք արդյոք լրացուցիչ ինֆորմացիայի կարիք, ի՞նչ էիք կարդում:

- Մատիսի արվեստով միշտ եմ հիացել և ինձ համար առանձակի ոգևորություն էր, երբ «Զանգակ» հրատարակչությունից ստացա առաջարկ թարգմանելու իմ սիրելի նկարչի կենսագրությունն ու նրա ստեղծագործական գործունեության մասին մի գիրք` հատկապես այսպիսի բարձրորակ նկարազարդումներով ու թարմ վերլուծություններով: Թարգմանությունը սկսելուց առաջին իսկ քայլս եղավ գրախանութներում Մատիսի մասին գրքերի փնտրտուքը և ծանոթներիս շրջանում հարցուփորձ անելը, որպեսզի հնարավորինս լիարժեք ծանոթանամ Մատիսին ու նրա արվեստին և հասկանամ, թե մինչ օրս ինչ է թարգմանվել կամ հրատարակվել նրա մասին: Զուգահեռ ուսումնասիրում էի նաև աշխարհահռչակ թանգարանների կայքերն ու այլ մասնագիտական օնլայն ռեսուրսներ: Դա ինձ մի կողմից ավելի էր օգնում բացահայտելու Մատիսի արվեստագետ տեսակը, մոտենալ նրա արվեստին, իսկ մյուս կողմից էլ հնարավորություն էր ընձեռում հասկանալու իմ թարգմանելիք գրքի առանձնահատկությունները: Այդպիսով, ես զգացի այն կարևոր դերն ու նշանակությունը, որ ունի «Այսպիսին է Մատիսը» գիրքը մեր ընթերցողների, արվեստասերների ու առհասարակ քսաներորդ դարի գեղանկարչությամբ հետաքրքրվողների համար: Ես օրեր շարունակ կարդում էի, ուսումնասիրում ու քննարկում Մատիսին և փորձում ուրվագծել այն կերպարը, որը ներկայացված է գրքում:

- Անրի Մատիսի կյանքի և ինքնակենսագրության մասին պատմող գիրքը թարգմանելիս ինչպիսի՞ լեզվական շերտերի հետ եք առնչվել:

- «Այսպիսին է Մատիսը» այնպիսի գիտահանրամատչելի գիրք է, որում հաջողվել է բավականին խորը վերլուծությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գրքի ոճի թեթևությունն ու ինֆորմացիոն մեծ պաշարը բավականաին հետաքրքիր բալանսի մեջ են: Չնայած այն փաստին, որ այս գիրքը չի ենթադրում նեղ մասնագիտական ընթերցում, այն ներկայացնում է հետաքրքիր փաստեր և վստահելի, խորը վերլուծություններ ոչ միայն Մատիսի արվեստի մասին, այլև այն առանցքային մշակութային, հասարակական իրադարձությունների մասին, որոնք շատ կամ քիչ չափով իրենց հետքն են թողել Մատիսի ստեղծագործական ուղու վրա: Այդ շրջանի մյուս հայտնի նկարիչները, որոնց հետ Մատիսը շփվել է, բանավիճել, հաճախ անզիջում մրցակցության մեջ եղել, նույնպես աննկատ չեն մնացել ու գրքում զգալի տեղ են գրավում:
    Իրադարձություններով հարուստ պատումը գրված է դինամիկ լեզվով, կտավների վերլուծությունները բազմաշերտ են ու թարմ. գիրքը նոր հայացք է, նոր մոտեցում: Ես թարգմանության ողջ ընթացքում փորձում էի պահպանել տեքստի ռիթմը ու հեղինակի ձայնը, որն ապահովում է տեքստի հետաքրքրաշարժությունը:

- Արդյո՞ք առանձնանում է Մատիսը Ձեզ համար մյուս նկարիչներից, և ինչո՞վ է պայմանավորված այս գրքի թարգմանության ընտրությունը:

- «Այսպիսին է Մատիսը» գիրքը նկարիչների ու ճարտարապետների մասին հայտնի շարքի հատորյակներից մեկն է: Շուտով կհրատարակվեն «Այսպիսին է Վան Գոգը» ու «Այսպիսին է Գոգենը» գրքերը, որոնց կհաջորդեն «Այսպիսին է Դալին» և «Այսպիսին է Ուորհոլը» հատորյակները: Այս բոլոր նկարիչներն էլ ինձ համար գնահատելի են և սիրելի, և այս պարագայում, երբ ես գրքերի թարգմանիչն եմ, փորձում եմ օբյեկտիվ վերաբերվել բոլորին և որոշակի կանխակալ մոտեցմամբ չառաջնորդվել թարգմանության ընթացքում:

- Հայտնի է, որ գրքում հանրահայտ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են նաև մասնագիտական վերլուծությամբ: Այս տեսանկյունից ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Իմ թարգմանչական սկզբունքներից մեկն այն է, որ թարգմանությունը հնարավորինս մոտ լինի բնագրին և կարողանա հայերենը հարստացնել օտար բառերով, հատկապես, երբ խոսքը այլ մշակույթների ծնունդ հասկացությունների մասին է, ինչպես նաև հայերենը լրացնել որոշակի նոր լեզվամտածողությամբ: Թարգմանության ընթացքում կարող է որոշակի խնդիր լինել բնագրի ներիմաստային ամբողջականության պահպանումը թարգմանվող լեզվում, այսինքն՝ տվյալ դեպքում հայերենում. կարևոր է ոչ թե տեքստը «հայացնելը», այլ այն ճիշտ վերարտադրելը` պահպանելով հեղինակի ձեռագիրը: Անկախ ամեն ինչից թարգմանությունը պետք է կամուրջ կապի երկու մշակույթների, լեզվամտածողությունների, բառապաշարային տարբեր շերտերի միջև, այլապես ամեն ինչ «հայացնելով»՝ հայերենը կմեկուսացնենք այլ լեզուներից`այն դատապարտելով ինքնասպառման: Այս առումով հատկապես կարևոր էր նկարչական պարագաների, տերմինների, մի շարք կառույցների անունների, մշակութային շարժումների հայերեն թարգմանությունը հնչյունադարձման կամ տառադարձման միջոցով`պահպանելով այդ բառերի ինքնությունը: Երբեմն ինձ մոտ բառընտրության խնդիր էր առաջանում և նմանատիպ դեպքերում շատ մեծ է հմուտ խմբագրի դերը: Առհասարակ խմբագրի ու սրբագրիչի գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքը շատ մեծ կարևորություն ունի թարգմանությունը վերջնական տեսքի բերելու գործում:

- Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:

- Իհարկե, շատ են այնպիսի գրքերը, որոնք սիրով կցանկանայի թարգմանել, սակայն պետք է նշեմ, որ ինձ ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ մեր թարգմանական ոլորտում գրականագիտական հոդվածների թարգմանությունների շատ մեծ բաց կա: Գերմանիայում սովորելիս ես ծանոթացա ակադեմիական հոդվածների մի ահռելի մեծ ու առանցքային պաշարի, որոնք կուզեի որ անպայման թարգմանվեին հայերեն: Հայաստան վերադառնալուն պես սկսեցի թարգմանել դրանցից մի քանիսը, ինչպիսինք են Թ. Ս. Էլիոթի շատ հայտնի «Ավանդույթն ու անհատի տաղանդը» և «Համլետն ու իր խնդիրները» հոդվածները, որոնք հրատարակվեցին «Արտասահմանյան գրականություն» ամսագրում և տեղադրվեցին «Գրանիշ» օնլայն հարթակում: Ինձ համար շատ կարևոր է նմանատիպ հոդվածների հայերեն թարգմանությունը, քանի որ դրանք շատ կարևոր են գիտական մտքի զարգացման, փոխլրացման առումով: Այժմ ավարտում եմ «Այսպիսին է Դալին» հատորյակը, որից հետո կսկսեմ «Այսպիսն է Ուորհոլը»: Իսկ շարքի ավարտից հետո դեռ բազմաթիվ հետաքրքիր հեղինակներ 
կան, որոնք սիրով կթարգմանեմ:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի
  • Created on .
  • Hits: 4026

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: