«Մուզանավ». Անկախ ստեղծագործողները դեռ միայնակ են իրենց խնդիրների հետ

 

2019 թվականին երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանը սկիզբ դրեց «Երգերի արհեստանոց» նախաձեռնությանը՝ հրավիրելով բոլոր այն մարդկանց, ում հետաքրքիր է երգի ստեղծման ընթացքը և ովքեր կուզեին կիսվել իրենց փորձով: Անկախ երաժիշտների խումբ հավաքվեց, որոնցից երեքը՝ Լիլիթ Բլեյանը, կիթառահար, գործիքավորող Տիգրան Տեր-Ստեփանյանը և Քրիստինե Կոլյանը սկսեցին երաժշտության աշխարհում «սուզվելու» նոր գաղափարներ գեներացնել, որի արդյունքում ստեղծվեց «Մուզանավը»: Տարեսկզբին հիմնվեց համանուն մշակութային հասարակական կազմակերպությունը, այժմ գործում է նաև «Մուզանավ» հարթակը, որի նպատակը անկախ երաժիշտների և ստեղծագործ անձանց համար բաց, ցանցային տարածք ստեղծելն է: Այն նախատեսված է վերջիններիս հուզող հիմնախնդիրները վեր հանելու, համատեղ լուծումներ գտելու և համագործակցային նախագծեր իրականացնելու համար:

«Մուզանավի» և անկախ ստեղծագործողներին վերաբերող այլ հարցերի շուրջ Cultural.am-ը զրուցել է հարթակի համահիմնադիր Լիլիթ Բլեյանի հետ:

 

«Մուզանավի» ստեղծումը համընկավ համավարակի տարածման ու երկրում արտակարգ դրության հաստատման հետ, որի արդյունքում այն իր գործունեության մեկնարկը տվեց օնլայն տիրույթում: Արվեստի մարդկանց քննարկումների («Չորեքշաբթի՝ չորսին») միջոցով մեկտեղելը և առհասարակ՝ հարթակի ստեղծումը պայմանավորվա՞ծ էր համավարակով, թե՞ անկախ հանգամանքներից այն իրագործվելու էր:

Մենք ամենևին չէինք ուզում, որ առցանց սկսվի մեր գործունեությունը, բայց մինչև որոշում էինք մեր հետագա քայլերը՝ սկսվեց այն ինչ սկսվեց: Նախատեսել էինք և՛ համերգներ, և՛ վարպետության դասեր, որոնք նաև մարզերում փոքր միջոցառումների տեսքով պիտի տարածվեին, բայց քանի որ բոլորի հետ միասին ընկանք այս «թակարդը», որոշեցինք գործարկել առցանց բաղադիչը, որը նախատեսել էինք ի սկզբանե, բայց այդ առցանց քննարկումները մեր նախագծի ամենևին ամենախոշոր մասը չէին, պարզապես մտածեցինք՝ ինչո՞ւ չանել, այն ոչ մի ծախս չի ենթադրում: Սկսեցինք ու պարզվեց, որ դրա կարիքը կա:

Ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ քննարկում եք տարբեր հիմնահարցեր՝ սկսած մասնագիտական միությունների (արհմիություն) ստեղծման կարևորությունից մինչև արագ արձագանքման խմբեր: Դրանց ստեղծվելու պարագայում ի՞նչ խնդիրներ հնարավոր կլինի կարգավորել:

Մայիս ամսին Ազգային Ժողովում հարց բարձրացվեց համավարակի շրջանում անկախ արվեստագետների ունեցած խնդիրների և նրանց օգնելու վերաբերյալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ամենամեծ խնդիրն այդ շրջանակին նույնականացնելն է: Եկավ օգոստոսը և տեսնում ենք, որ ընդամենը մեկ դրամաշնորհային մրցույթ է հայտարարված և դա իրավաբանական անձանց համար է: Այսինքն՝ բազմաթիվ մարդիկ, որ մինչ այս որպես ֆիզիկական անձ, ազատ ստեղծագործող են իրենց գործունեությունն իրականացրել, իսկ նրանք շատ են, շարունակում են մնալ չնույնականացված:

Առաջնային հարցը այդ արտիստների նույնականացնումն է: Հիմա փորձում ենք հասկանալ՝ կառուցվածքային ո՞ր եղանակը կօգնի խնդրի կարգավորմանը և ի՞նչ ճանապարհներով կարելի է գնալ լուծման. օրենսդրակա՞ն, թե՞…Ես ինքս կողմ եմ ավելի ժամանակակից ձևաչափին և հենց ցանցային համագործակցությունը, ինչպիսին մենք պատկերացնում ենք «Մուզանավի» պարագայում, այն ձևն է, որով մարդը կարող է նույնականացվել: Ստեղծագործողը ի վերջո գործունեություն է ծավալում, այդ գործերը տեղադրվում է ինչ-որ տեղ, երգ է ձայնագրվում…ամենը շատ հանգիստ խմբավորվում և երևում է, պետք չէ գնալ իրենց փնտրել և հատուկ նույնականացնել: Այսինքն՝ կա՛մ մենք ցանկանում ենք ընդունել, որ նրանք կան և իրենց ստեղծագործությունը մեզ հետաքրքիր է, կա՛մ միշտ էլ կարող ենք պատճառներ գտնել և ասել, որ ինչ-որ ռեգիստրում նրանք գրանցված չեն: Իրականում դա անելը շատ հեշտ է և մենք հիմա զբաղվում ենք այդ տեղեկատվական բազայի ստեղծմամբ: Եթե այն երբևէ պետական պաշտոնյաներին կհետաքրքրի՝ սիրով կտրամադրենք:

Ինչո՞ւ ենք հիմա հիշել այս մասին, որովհետև երբ չկար համավարակը, ամեն մեկն ավելի ազատ էր իր համար լուծում գտնելու հարցում, իսկ հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ բեմի, կենդանի արվեստի մարդն իր աշխատանքն անելու համար որևէ լուծման եղանակ չունի, միակ լուծումը համացանցն է, որը, մեր համոզմամբ, լուծում չէ, որովհետև բեմը, հանդիսատեսի հետ կենդանի շփումը, մթնոլորտը որևէ կերպ չեն կարող փոխարինվել:

Ի դեպ, կարծեմ՝ կա ինչ-որ հանձնախումբ, որ զբաղվում է օրենսդրական նախաձեռնությամբ, բայց թե՛ ես, թե՛ իմ որոշ գործընկերներ մոտավոր ենք տեղյակ այդ ամենին: Ես կարող էի դիմել ԱԺ-ի իմ գործընկերներին և հարցնել, բայց չեմ անում և ուզում եմ փոխել այդ վեկտորը: Շատ ավելի կուզեի, որ տեղեկատվությունը գտնի արտիստին: Ինքս սոցիալական ցանցերում ակտիվ ու բաց մարդ եմ, հետևում եմ հնարավոր բոլոր լուրերին, ու եթե ես որևէ իրադարձության մասին չեմ տեսնում տեղեկատվություն, որն առնչվում է արտիստական հանրությանը, նշանակում է այնպես կազմակերպված չէ, որ արտիստները դրանք տեսնեն: Եվ եթե ես իմ ակտիվ վիճակով դա չեմ տեսնում, ուրեմն պակաս ակտիվ արտիստներին էլ չի հասնում դա: Եթե որևէ տեղ քննարկվում է օրենսդրական նախագիծ, որը կապ ունի երաժշտական անկախ հանրության, ինձ հետ, ուրեմն՝ այդ տեղեկատվությունը պիտի գտնի ինձ: Մենք սովորել ենք, որ ստեղծագործող մարդը պիտի խնդրի, ակնկալի, փնտրի, գտնի: Ես ուզում եմ, որ լինի հակառակը, ստեղծագործող մարդուն փնտրեն, գտնեն: Այստեղ խոսքն ինձ չի վերաբերում, պարզապես որպես այդ հանրության ներկայացուցիչ ավելի լավ եմ զգում դա:

Կխնդրեմ ընթերցողների համար հստակեցնել՝ ովքե՞ր են անկախ ստեղծագործողները:

Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց գործունեության համար չեն ստանում պետական որևէ աջակցություն՝ կլինի աշխատավարձի, թե ծառայությունների մատուցման տեսքով: Միևնույն ժամանակ լինում է, որ մեծ կոլեկտիվներում (երգչախումբ, նվագախումբ) ընդգրկված մարդիկ իրենց գործունեության համար ստանում են աշխատավարձ, բայց զուգահեռ իրականացնում են նաև այլ նախագծեր, որոց համար չեն ստանում պետական ֆինանսավորում: Կան այդպիսի բազաթիվ մարդիկ, ովքեր կոլեկտիվից դուրս գործում են նաև անհատ-ստեղծագործական դաշտում:

Որո՞նք են ամենասուր խնդիրները, որոնց հիմնականում բախվում են անկախ ստեղծագործողները:

Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ դաշտը մի կողմից քարացած, մյուս կողմից հեղհեղուկ է: Գլխավոր հարցը մնում է չլուծված՝ ինչպե՞ս է բաշխվում մշակութային գործունեության համար նախատեսված բյուջեն: Շարունակում եմ չհասկանալ՝ անկախ արտիստներն ընդհանրապես, որպես թիրախային խումբ, գոյություն ունե՞ն մշակութային քաղականության իրականացման սցենարում: Հաշվի առնվո՞ւմ է, որ իրենք կարևոր են: Միշտ ասվում է՝պահպանենք մեր ժառանգությունը, մշակութային արժեքները և այլն, բայց այն ժամանակը, որում հիմա ապրում ենք նույնպես կազմում է մեր մշակութային պատմության մասը: Հիմա այն մարդիկ, որոնք իրենց թեկուզ փոքր ներդրումն են ունենում մշակութային շերտի ձևավորման մեջ, իրենք դիտարկվո՞ւմ են որպես կարևոր բաղադրիչ այդ խճանկարի մեջ, հաշվի առնվո՞ւմ են իրենց կարիքները: Ես դա, ցավոք սրտի, մինչև այս պահը չեմ տեսնում, հատկապես երբ մայիսին ասվում է, որ համավարակի պայմաններում անկախ ստեղծագործողներն ունեն մասնագիտական գործունեության խնդիր և մինչև հիմա ընդամենը մեկ մրցույթ է հայտարարվել, որը մեծ հաշվով այնքան էլ ուղղված չէ այդ մարդկանց: Մենք ևս մեր նախագծի աջակցության համար դիմել ենք նախարարության դրամաշնորհին, բայց որևէ պատասխան մինչ օրս չկա և չգիտեմ՝ այդ լռությունն ինչի նշան է:

Անկախ երաժշտական համայնքին այսօր ի՞նչն է առավելապես մտահոգում:

Սկսած ամենապարզ բաներից՝ դահլիճ վերցնել, տոմս վաճառել, սկավառակ ձայնագրել, սկավառակ վաճառել և այդ ամբողջ գործընթացը:

Երևանում ու մարզերում կան մշակութային ռեսուրսներ, դրանք կլինեն բեմահարթակներ, ձայնագրության ստուդիաներ, փորձասենյակներ, որոնք կարող են օգնել անկախ ստեղծագործողին: Պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ համախումբը ծառայում է մարդկանց, որոնք կոչված են այսօր ստեղծագործել: Մինչև այս պահը ցանկացած մեկը, որ անցնում է երգ գրելու, ձայնագրելու, համերգ կազմակերպելու ճանապարհը, ամբողջը անում է բացառապես ինքը կամ իր մտերիմների ու ընտանիքի աջակցությամբ: Երգ գրող և սեփական երգերը տարածել ցանկացող մարդու հետ պիտի աշխատեն պրոդյուսերական կենտրոնները, մենեջմենթ իրականացվի, որպեսզի նա կարողանա ստեղծագործել և չմտածել այլ բաների մասին, բայց մեզ մոտ սա ուտոպիայի ժանրից է: Այդ կենտրոնները, գոնե մինչև վերջերս, արդեն հայտնի, իրենց ուժերով կայացած անուններ էին գտնում և աշխատում իրենց հետ՝ կազմակերպելով համերգներ, տոմսի վաճառք և այլն:

Փնտրել, գտնել, աջակցել, ներդրում անել. այս համակարգը, ցավոք սրտի, սաղմնային վիճակում է: Բավական հետաքրքիր մարդիկ այս պահին փորձեր են անում, բայց շատ դանդաղ են առաջ գնում, որովհետև տարիներ շարունակ մեզ մոտ մշակույթի համար նախատեսված գումարը կենտրոնացված է եղել այնպիսի տեղ, որտեղից աջակցություն գտնելը կապված է եղել էլի նույն խնդրելու, «ինչ-որ կա»-ի թելադրանքին հարմարվելու հետ: Նույնը վերաբերում է նաև հովանավորների տրամադրած գումարին: Շատերը չեն հարմարվել դրան և իրենց անունները չենք լսել երկար ժամանակ:

Բացի այդ, դահլիճների մեծ մասը մեզ մոտ պետական ենթակայության են, և անկախ ստեղծագործողի համար դահլիճի վարձակալությունը 20-30 տոկոս ավելի թանկ է արժենում, քան պետական կոլեկտիվի համար: Որտեղի՞ց գնագոյացումը, ինչո՞ւ են այդ դահլիճները մինչև հիմա բոլորը պետական: Անգամ այդ պարագայում, ինչո՞ւ ես չեմ կարող գնալ բանակցել համերգասրահի տնօրինության հետ, այլ ինքը պիտի նախարարությանը տեղյակ պահի: Ի՞նչ անհանսկանալի, ոչ անկախ վիճակ է, չէ՞ որ նրանք ևս անկախ, ստեղծագործական միավորներ են:

Մինչև 2018 թվականը մեզ թվում էր ինչ-որ բան փակ է ու հիմա կբացվի (խմբ. նկատի ունի իշխանափոխությունը), բայց պարզվում է նույն փակ աշխատասենյակներն են, որտեղ որոշվում է, որ թատրոնը, համերգասրահը և մնացյալը պիտի հաշվետու լինեն: Ինչո՞ւ դուրս չենք գալիս այդ կաղապարված վիճակից: Վերջապես՝ ո՞ւմ է դա օգուտ բերում: Անընդհատ ինչ-որ մեկին հաշվետվություն ներկայացնելով ինչպե՞ս է հնարավոր ազատ մշակույթ զարգացնել:

Ի՞նչ լուծումներ եք տեսնում Ձեր մատնանշած խնդիրներին և Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դրանք հասցնել վերջնակետին, որոշում ընդունողներին՝ ըստ էության՝ ԿԳՄՍՆ-ին:

Կա մշակութային արժեքների պահպանության գործակալություն: Հրաշալի է: Բայց դրան զուգահեռ ժամանակակից արվեստի մի վարչությամբ ինչպե՞ս կարելի է ղեկավարել այնպիսի ոլորտ, որտեղ գործում են բազմաթիվ, իրարից բոլորովին տարբեր մարդիկ՝ երաժշտից մինչև քանդակագործ, որոնց խնդիրները, մեծ հաշվով, երբևէ չեն հատվում: Արվեստի ոլորտը շատ լայն է և այստեղ տարբեր են թե՛ մարդիկ, թե՛ խնդիրները, թե՛ դրանց հնարավոր լուծումները: Ուղղակի նախարարությունը ըստ ոլորտների պետք է տրոհել, ամեն հարցի համար ունենալ մասնագիտական մոտեցում: Դրա համար կան շատ ճկուն մասնագիտական կառույցներ, արվեստի գործակալություններ, խորհրդատվական կենտրոններ, մշակութային հիմնադրամներ, որոնք շատ ավելի հասցեական կաշխատեն: Շատ հետաքրքրիր օրինակներ կան դրսի երկրներում, ոչինչ պետք չէ հորինել, ուղղակի պետք է տեսնել՝ Հայաստանին որն է համապատասխանում: Եթե գտնում ենք, որ մեզ պետք է ԿԳՄՍ նախարարություն, ուրեմն դրա ներսում պիտի լինեն այդ գործակալություններն ու հիմնադրամները, բայց ամենակարևորը՝ դրանք ունենան գործելու ազատություն:

Մշակույթի զարգացումը ենթադրում է հորիզոնական լուծումներ, նախ պետք է դուրս գալ աշխատասենյակներից՝ փնտրել, գտնել, շփվել: Ի սկզբանե բաց ու պատրաստ լինել ոչ ստանդարտ լուծումների: Եթե «Մուզանավը» անում է առցանց քննարկումներ, կարող են իրենք էլ մասնակցել, գուցե իրենք հարցեր տան մենք պատասխանենք, ինչո՞ւ միշտ հակառակը պիտի լինի, գուցե մենք պատասխանները գիտենք:

Համավարակի ընթացքում մի շարք մշակութային նախաձեռնություններ ու միջոցառումներ տեղի ունեցան առցանց, ոմանք էլ իրավիճակից ելնելով իրենց գործունեությունը նոր ձևաչափով շարունակեցին: Ի՞նչ եք կարծում, արվեստի ու տեխնոլոգիայի այսօրինակ համադրությունը ապագայում կշարունակի՞ կիրառելի լինել: Խոսքը վերաբերում է նաև ձեր հետագա գործունեությանը, աշխատանքային ձևաչափին:

Եթե դա թույլ է տալիս չկորցնել ստեղծարարությունը, հանդիսատեսի հետ կապը և դա ստեղծագործական կյանքը դարձնում է ավելի բազմազան, հետաքրքիր, ապա՝ իհարկե, շատ տարրեր կարելի է ինտեգրել: Համադրությունների առումով հաստատ հետաքրքիր բաներ ծնվելու են, արդեն ծնվում են: Մեր միակ միտքը պիտի լինի՝ ինչպե՞ս դա օգտագործել ստեղծագործությունը հարստացնելու համար: Բայց հանդիսատեսի հետ կապն ուրիշ պահանջ է, որն անհնար է փոխարինել: Ի վերջո, ներկայացման տեսագրությունը չի փոխարինելու թատրոնին, համերգի ձայնագրությունը՝ դահլիճին: Գիտեմ, որ դրսում ստեղծագործող արտիստների մեծ մասն էլ համաձայն չեն առցանց տարբերակին, պարզապես սրանով փորձ է արվում «կենդանի մնալ»:

Ինչպիսի՞ն է լինելու «Մուզանավի» հետագա ընթացքը, ինչի՞ սպասել:

Որոշել ենք ինքնանույնականացման ուղղությամբ աշխատել: Աշնանը, հուսով եմ՝ մշակութային գործունեության սահմանափակում չի լինի, ազատություն կստանանք և ինչպես նախատեսել ենք՝ արդեն կենդանի միջոցառումների տեսքով հանդես կգանք: Դեռ չգիտեմ ինչպես, բայց պիտի փորձենք տարածքի հարց լուծել, որը կլինի ոչ միայն «Մուզանավինը», այլև բոլոր ստեղծագործող երաժիշտներինը:

 

Հարցազրույցը՝ Մարջան Չոբանյանի

  • Created on .
  • Hits: 2214

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: