«Պողոսյան» մրցանակակիրը՝ Գևորգ Համբարձումյան

Գրականության բնագավառում 2019 թվականի «Պողոսյան» մրցանակին է արժանացել Գևորգ Համբարձումյանը՝ «Մեռնել փոքր քաղաքում» բանաստեղծությունների ժողովածուի համար, որը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։ Cultural.am-ը զրուցել է Գևորգ Համբարձումյանի հետ՝ փորձելով պարզել բանաստեղծության սահմանները։

- Գևորգ, նման մրցանակը կարևոր, դրական և խոստումնալի հանգրվան է գրողի կենսագրությունում, օգնում է առավել ներկայանալի լինել նաև երկրի սահմաններից դուրս, առավել հեշտ ներգրավվել միջազգային գրական անցուդարձերին։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, երբ զանգ ստացաք և իմացաք, որ Ձեզ են ընտրել։

- Երբ զանգ ստացա, աշխատավայրում էի, իհարկե, հաճելի էր գնահատված լինելու զգացողությունը, բայց աշխատանքի ընթացքում պահը վայելելու ու արժևորելու առանձնապես ժամանակ չունեցա։ Փոքր տարիքում շախմատ խաղալը, անվերջ մրցույթները, հաղթանակների ու պարտությունների անընդմեջ հերթափոխն ինձ սովորեցրել են թե՛ մեկին, թե՛ մյուսին որոշակիորեն սառն ու բնականորեն վերաբերվել։ Դժվարանում եմ նշել, թե մրցանակն ինչ փոխեց կամ ինչ կփոխի իմ կյանքում։ Միանշանակ կարևորելով մրցանակի գոյությունը՝ այն ինձ արժանի դարձնելու շնորհակալությամբ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մրցանակները առավելապես ոչ թե գրողի, այլ շահագրգիռ մյուս կողմերի համար են։ Մրցանակից հետո և առաջ դու նույն մարդն ես նույն խնդիրներով։ Առավոտյան լոգասենյակում սափրվելիս կամ գուլպաներդ կիսարթուն հագնելիս, հայելու առջև միայնակ նույնն ես՝ անկախ հագուստդ զարդարող կրծքանշաններից։  Մրցանակի, գնահատված լինելու հաճելի զգացողությունը, ցավոք, մի պահ է, որ կորչում է առօրյա խնդիրների մեջ, ու արդեն հիշողություն դառնում, երբ մրցանակը ձեռքիդ՝ տուն ես վերադառնում։ Այնպես որ, կարծում եմ՝ մրցանակն առաջին հերթին հրատարակիչների, ընթերցողների, գրական պրոցեսների վրա ազդելու նպատակ ունի, ինչպես ճիշտ նշեցիք, ներկայացուցչական է, կենսագրականում ընդգծվող հավելյալ փաստ։ Դժվար է նկատել քեզ հետ, քո ժամանակում ապրող մարդու ստեղծագործական հնարավորությունները, առավել դժվար է նկատել կողքինիդ, երբեմն մեզ համար ամենաաննկատելին հենց ամենամոտ մարդն է։ Թերևս սա խնդիրներից մեկն է, որին բախվում են ժամանակակից հեղինակները։ Իհարկե, որևէ մրցանակ ի զորու չէ քո տեքստն առավել լավը դարձնել, բայց այն ավելի լավն է դառնում կողքինների աչքում։ Մրցանակն ինչ-որ առումով լրջություն է հաղորդում քո ստեղծածին, ինչ-որ տեղ ստիպում ավելի ուշադիր լինել նրանց, որոնք նախորդիվ հարևանցի անցել էին տվյալ տեքստի/գրքի կողքով։

- Բանաստեղծությունը հրատարակիչների կոմերցիոն հետաքրքրություններից հանիրավի դուրս մնացող ժանր է։ Խոսքը միայն հայաստանյան իրականության մասին չէ։ Այդպես է և արտերկրում։ Բա՞րդ էր գտնել ընթերցողին հասնելու ճանապարհը։

- Ես չգիտեմ՝ գտել եմ այդ ճանապարհը, թե ոչ, անկեղծ ասած ընթերցողին հասնելու ճանապարհի որոնումներ, որպես այդպիսին, չեմ ունեցել։ Գիտեմ, որ շատերն են այդպես ասում, բայց ընթերցողի քանակն ինձ համար ոգևորության աղբյուր չի եղել ու չէ։ Գուցե եթե գրականությունն իմ ապրուստի միակ միջոցը լիներ, ավելի շատ հետաքրքրվեի կոմերցիոն պրոցեսներով, բայց ներկայում գրքիս վաճառքներն ավելի շատ ինձ հետաքրքրում են այնքանով, որքանով պարտավորվածության կամ թերևս ճիշտ կլինի ասել՝ հասարակ մարդկային երախտագիտության զգացում ունեմ իմ գրական ընթացքին վստահած հրատարկչի հանդեպ։ Նկատել եմ, որ ընթերցողներս մեծ մասամբ անծանոթներ են կամ ծանոթներ, որ ի սկզբանե ընթերցողներ են եղել։ Ուրախալի է, քանի որ մշտապես ձգտել եմ սեփական էգոն հնարավորինս դուրս մղել տեքստից, նրա պահանջմունքները չփաթաթել գրականության՝առանց այն էլ ծանրացած պարանոցին։ Հատկապես հիմա, երբ գրողի անձը մարքեթինգային առումով շատ ավելի հետաքրքիր է, քան բուն տեքստը։ Վաղուց մտածում եմ կատարելապես անոճ տեքստ գրելու մասին, քանզի ոճը էգոյի արտահայտում է։ Տեքստ, որը կարդալիս ոչ ոք չի կռահի հեղինակի անունը։ Դա կլինի կատարելապես անկախ ու ինքնիրավ մի գիր։ Գիտեմ, որ ցանկությունս անիրականանալի է։ Ավելին, գիտեմ որ նույնիսկ փոքր-ինչ մոտենալը դրան անհեթեթություն կլինի, բայց մտածել հո կարելի՞ է։

- Թվում է՝ այժմ գրողները չունեն հրապարակվելու դժվարություններ, բայց անգամ այդ պարագայում, երբ հասանելի են բոլոր գործիքները, միևնույնն է, մեծ խզում կա գրողի և նրա ստեղծածը «սպառող» ընթերցողների միջև։ Որտե՞ղ եք տեսնում այդ խզման ակունքները, ինչպե՞ս կարել ճեղքը, եթե իհարկե համամիտ եք տեսակետին։

- Կարծում եմ՝ խզումն առաջին հերթին հեղինակի ու իր ստեղծածի միջև է, ինչպես, ասենք՝ արարչի ու երկրի, եթե նա գոյություն ունի, իհարկե։ Խզում կա օբյեկտիվ և սուբյեկտիվ իրականությունների, ներքին ու արտաքին տարածությունների, նույնիսկ սեփական մարմնի ու դրա վերաբերյալ քո ընկալման, պահանջմունքների միջև։ Հենց այդ խզումից է ստեղծվում գրականությունը, որ երևի խզումների հաղթահարման փորձ է։ Ընդհանրապես սպառող ընթերցողի գաղափարը ժամանակակից գրականության համար չէ։ Ժամանակակից ընթերցողից շատ ավելի մեծ եռանդ է պահանջվում տեքստին առավել մոտ լինելու համար, և գուցե հենց դա է խանգարում լայն մասսաների հետաքրքրությունը գրավելուն։ Առաջինը չեմ լինի, որ կասի՝ ժամանակակից գրականությունն ամենից շատ մեկնաբանման կարիք ունի։ Այստեղ, իհարկե, մեծ է գրաքննադատների դերը։ Եթե ավելի խորանանք ու խոսենք հիմնային խնդիրներից, ապա պետք է անդրադառնանք դպրոցական, ապա բուհական՝ բանասիրական կրթությանը, գրականության ոլորտի աշխատողների աշխատավարձերին, գրականության տաբուներին, վերարժևորման հարցերին։

- Ձեր բանաստեղծություններում անհետացող կյանքի համայնապատկեր կա, որ տարվա եղանակների հետ անցնում է ու մեկ էլ չկա։ Ձեր սերնդի աղաղակը կա, որ տեղ չի հասնում։ Ո՞ւր եք փորձում հասցնել, ո՞ւմ եք փորձում հասցնել, ինչո՞ւ հենց բանաստեղծությամբ։

- Երևի բանաստեղծական տարածությունն ամենից հարմարն է ասելիքը տեղավորում, գուցե հոգեկենսաբանական առանձնահատկություն է որևէ միտք, ապրում փոխանցելու, արտահայտելու նման տարբերակը, ինչպես, ասենք, մեկի խոսելաձևը կամ որևէ յուրահատուկ շարժում ու ժեստ։ Կարծում եմ՝ նույնիսկ աղաղակը պետք է լուռ լինի ճչացող բաների սիրահար չեմ։ Բանաստեղծություն գրելիս հասցեատիրոջ մասին չեմ մտածել պիտի հարգել տեքստի սեփական կյանքի իրավունքն ու ազատ թողնել, որ ինքն իր հասցեատերերին գտնի, կամ հասցեատերերը՝ նրան։

- Երկիրը նե՞ղ է ապրելու համար։ Տարածքը նե՞ղ է։ Թուղթը հերիքո՞ւմ է։ Ինչո՞ւ Ձեր տեքստերում քաղաքային երկաթբետոններից փախչելու նկրտում կա, որ Ձեզ միշտ ինչ-որ տեղ է տանում։

- Առաջին հերթին նեղ է սեփական տարածությունը։ Մեր ժամանակներում կենսանյութի պակաս կա, հիմնաքարի պակաս կա։ Իրականությունն աղճատվում է կեղծ օրակարգերով, կասկածելի կարևորության «ցնցող» իրադարձություններով, կասկածելի ջերմությամբ շփումներով։ Քաղաքային երկաթբետոնը այդ սառնության ու կրճատվող տարածության արտահայտումն է։ Գուցե դա բնավ էլ նորություն չէ, գուցե միշտ է այդպես եղել, ես չգիտեմ, բայց փորձում եմ գրել միայն կարևորի մասին, իրականի մասին։ Իրականությունը մեկը չէ, իրականությունները շատ են, ես փորձում եմ այդ իրականություններից գտնել ամենաիրականը, այն մարդկային տարածությունը, որտեղ կենսանյութի առատություն կա։ Գրքիս խմբագրի՝ Հասմիկ Հակոբյանի հետ զրույցներից հիշում եմ՝ կրկնում էի «Մենք շրջապատված ենք բանական մարդկանցով, իսկ փողոցներում անհետացել են բնական մարդիկ»։

- «Եթե մի փոքր երկարեր ժամանակը», ի՞նչ կփորձեիք հասցնել։

- Ծառերի մասին կգրեի, կենդանիների մասին կգրեի, բոլոր կորսված կյանքերի մասին։ Մտածելը, որ եղել են մարդիկ, տեսակներ, բույսեր, կենդանիներ, որ այլևս չկան, տխուր է։ Կորստի զգացում է։ Միշտ մտածել եմ, որ եթե բժիշկ չլինեի, կենսաբան կդառնայի և կուսումնասիրեի տարբեր տեսակների ծագումն ու զարգացումը, նաև անհետացումը։ Նրանց մասին կգրեի, որոնք կան, բայց շուտով էլ չեն լինելու, ու օրերից մի օր մենք կամ մեզնից հետո եկողները զարմանքով հայտանաբերելու են նրանց լուսանկարները փոշոտ արխիվներից ու չհավատան, չհավատան այդ պատկերների երբեմնի գոյությանը և հենց հավատան, կորստի զգացում են ունենալու ու տխրելու են։ Դժվար է հաշտվել անհետացած տեսակներին, կորուսյալ ժամանակին։ Ասում են՝ գրականությունը մահը հաղթահարելու անհույս փորձ է, հիմքում՝ մահվան հանդեպ վախը։ Ես կփորձեի նրանց մահը հետընթաց հաղթահարել։

 

 

Հարցազրույցը՝ Արմեն Սարգսյանի

  • Created on .
  • Hits: 376