Հովհաննես Իշխանյան. Եթե աբսուրդը մարդ լիներ ու այս իրավիճակը տեսներ՝ կապշեր

 

 

Մեր հայրենիքում հետպատերազմյան ներքաղաքական վիճակի, ստեղծված իրավիճակում ստեղծագործող անձանց, մտավորականների դերի, նրանց անելիքների մասին զրուցել ենք վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, գրող Հովհաննես Իշխանյանի հետ:

 

Դուք, որպես արվեստի ոլորտի ներկայացուցիչ, ակտիվորեն բարձրաձայնում եք պատերազմի հետ կապված Ձեր մտահոգությունները՝ քննադատելով նաև գործող իշխանությանը: Կխնդրեմ ներկայացնել՝ որտե՞ղ չեն հատվում Ձեր և իշխանության դիրքորոշումները:

Կարճ պատասխանն է՝ ոչ մի տեղ։ Կա երկար պատասխան, որի համար տասնյակ էջեր են հարկավոր, իսկ ընդհանուր հետևյալն է՝ այն ուժը, որը քանդում է պետության հիմքերը՝ դատարաններ, օրենսդիր մարմին, բանակ, ատելության սերմանում իր ազգի մեջ՝ ստեր տարածելով այն ուժերի ու մարդկանց հանդեպ, որոնք իրենց չեն ենթարկվում, հերոսներին է վարկաբեկում ու դասալիքներին տեղ տալիս, կորցնում հայրենիքը, ժողովրդին անպաշտպան թողնում, բայց հենց նրանց մեղադրում պարտության մեջ, չի կարող որևէ հատվող կետ ունենալ բանական մարդու հետ։

Պատերազմում մեր պարտությունից հետո գրել էիք. «Սա նոր իրականություն է, որի հետ եթե փիլիսոփաներն ու գրողները չաշխատեն, այդպես էլ կմեռնենք՝ չընկալելով, թե սա ինչ էր»։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պիտի նրանք աշխատեն և ինչպե՞ս պիտի աշխատեին մինչ այս, որ գուցե թերացան:

Գրառումս ու կարծիքը, թե ինչպես պիտի աշխատեին ու աշխատեն, այլ է։ Նկատի ունեմ այն, որ մտածելով ու ստեղծագործական գործիքներով պետք է նախ նկարագրել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որպեսզի միասին մտորենք, թե սա ինչ է։ Սա շատ նման է աբսուրդի, բայց աբսուրդից մի քանի մակարդակ այն կողմ է, աբսուրդից շատ ավելի աբսուրդ է։ Այսպես ասեմ, եթե դեղին մամուլի թերթի խմբագրի վարչապետ կարգվելը աբսուրդ է, ապա այդ նույն մարդու վարչապետ մնալը, արդեն մեկ ամիս, կապիտուլյացիայից հետո աբսուրդի տրամաբանության մեջ չի մտնում։ Եթե աբսուրդը մարդ լիներ ու այս իրավիճակը տեսներ՝ կապշեր։ Ուրեմն մեր ստեղծագործողները, այդ թվում՝ ես, այս հարցի շուրջ մտորելու ու գործ անելու առիթ ունենք։

Իսկ հարցի մյուս կողմը, թե ինչ պետք է անեն, հետևյալն է։ Իրենց մասնագիտությունը գործածեն Հայաստանի ու հայերի շահերի շրջանակներում, իրենց ունեցած գիտելիքներն ու տեղեկությունն ընդգրկեն միջավայրի բարօրության համար, այլ ոչ թե այն երկրների, որոնց մշակույթներով ոգեշնչվել են։ Օրինակ Օրուելը, որին շատ են սիրում հայերը, «Անասնաֆերմա»-ն կամ «1984»-ը որպես վտանգ էր ներկայացրել իր պետության բնակիչներին՝ Սովետական միությունից պաշտպանվելու համար։

Փիլիսոփաների գործն ավելի լուրջ է, նրանք պետք է Արցախի կորստից հետո հայերի արժանապատվությունը վերականգնող հիմք գտնեն։ Դա կարող է լինել Արցախը հետ բերելու, Կարսը հետ բերելու, Նախիջևանը հետ բերելու, Արևմտյան Հայաստանը հետ բերելու երազանքների շուրջ մտորումները, այն շրջանակում, որ Թուրքիան՝ Եվրոպայի ու Ասիայի խոցն է, հայատյացության բունը, և ժամանակակից ֆաշիզմին՝ նեո պան-թուրքիզմին դիմադրող ժողովուրդը հայերն են։ Այսինքն, Թուրքիայի դեմ դիմադրությունը և՛ ազգային, և՛ վերազգային խնդիր է։ Իսկ երկրի ներսում՝ այդ պաշտպանության համար ձևավորել «ամեն ոք հայ է» սկզբունքը, ոչ թե ըստ որոշ մարդկանց ու որոշ խմբերի առանձնահատկությունների զատել նրանց ազգից։

Որպես գրող՝ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել հայ լսարանի հետ: Հաշվի առնենք նաև, որ Արցախի համար օրերս մղվող պայքարի անմիջական մասնակիցներից եք եղել և, որպես ռեժիսոր, նախատեսում եք տեղի ունեցած իրադարձությունները վավերագրության նյութ դարձնել:

Հիմա այդքան էլ շատ չեմ գրում։ Քաղաքական մի պատմվածք ունեի, մոտ երկու տարի առաջ գրած, որով հակաուտոպիստական կանխատեսումներ էի արել ապագայի Հայաստանի հետ կապված, որոնք իրականացան։ Չէի հրապարակել, հիմա եթե տրամադրվեմ՝ կաշխատեմ, կհրապարակեմ։ Ֆիլմի միտք ունեմ: Կապված է պատերազմում տեղի ունեցած մի դրվագի հետ, բայց դեռևս չեմ կարող շատ մանրամասնել։

Նոյեմբերի 28-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի շարք արվեստագետներ բողոքի ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների: Նրանց բնորոշել էիք իբրև «ժամանցային մտավորականություն», կարծիք հայտնելով, որ մտածող մարդը՝ մտավորականը, տրամադրություն ստեղծողն է, իսկ այնտեղ հավաքված գործիչները մտածող չեն ու շարժվում են ըստ երկրում տեղի ունեցող տրամադրությունների: Ներկայիս իրավիճակում ո՞րն է գրողի ու, առհասարակ, մտավորականի իրական դերը:

Մտավորականի կենսագրությունը սերտաճում է պետության արժանապատվության հետ։ Մտավորականները երգել-պարել-արտասանելուց զատ, լավ կլինի, իրավականությունից մի քիչ գաղափար ունենան, որպեսզի անձերին սիրելու խնդիրը փոխեն պետականությունը սիրելու հետ, որ Միքայել Պողոսյանի օրը չընկնեն ու ասեն՝գոնե մեկ անգամ մարդ կարո՞ղ է հավատալ ինչ-որ առաջնորդի։ Խեղճն ինքն իրեն առաջնորդ է փնտրում, այնքան արագ են փոխվում, որ սրտնեղում է՝ սրա գրկից, շատ արագ պիտի ընկնի նրա գիրկը։ Եվ մտավորականի այս  խառնվածքը սերտաճում է բնակչության հետ։

Իսկ մտավորականը լավ կլիներ ունենար իր դիրքորոշումը ոչ թե ըստ առաջնորդների, այլ ըստ պետության կեցության։ Երկու տարի է՝ Հայաստանի հերոսներին դատում են, մի ծպտուն չեն հանում։ Դատական համակարգը քանդում էին, էլի ձայն չկար։ Կան չէ՞ մտավորականներ, որ ասում են՝ մտավորականները ժողովրդի խիղճն են։ Մհեր Եղիազարյանը հացադուլից մահացավ՝ բողոքելով իշխանության դեմ, կարծես՝ ժողովրդի խիղճը քնած էր առաջնորդի անկողնում։ (խմբ.՝ Մ.Ե-ը «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատուն, «Հայոց Արծիվներ» կուսակցության փոխնախագահն էր, որին մեղադրանք էր առաջադրվել խարդախության և կաշառքի միջնորդության հոդվածով: Կալանավորվելուց հետո հացադուլ էր հայտարարել, ապա մահացել):

Տարիներ առաջ, 2011 թվականին լույս տեսած «Ուվալնյատի օրը» գրքի համար կանչվել էիք ոստիկանություն՝ հարցաքննվել, մեղադրվել «պոռնկագրական» նյութեր տարածելու, բանակը վարկաբեկելու մեջ, ինչը սակայն փորձագիտական մակարդակում չհաստատվեց: Երևույթը Ձեր գնահատմամբ գրաքննություն էր: 2018-ի իշխանափոխությունից հետո, այսօր,  Ձեր ստեղծագործելու և խոսքի ազատության սահմաններն ավելի ընդարձա՞կ են դարձել, թե՞ ընդհակառակը:

Դա գրաքննության փորձ էր, որը չհաջողվեց։ Իսկ խոսքի ազատության իմ սահմանները նույնն են։ Դա ինձնից է, ոչ թե այսինչ, կամ այնինչ իշխանությունից։

Կարող եմ հիշեցնել մեկ այլ գրաքննության դեպք, որ տեղի էր ունեցել մինչև իշխանափոխությունը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից հանվել էր հայ ԼԳԲՏ անձանց մասին «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմը (ես սցենարի հեղինակն էի)։ Հանողներից ոմանք, ինչպես նաև կինո համայնքից բազմաթիվ ձայն չհանողները, հիմա էլ այս կառավարիչներին են սատարում, անգամ Արցախը կորցնելուց հետո։ 
Իսկ նախորդ իշխանությունների ժամանակ որևէ ինձ մտերիմ մարդ չէր հայհոյել, ստեր ու բամբասանքներ տարածել իմ մասին, ընկերներից ջնջել իմ կարծիքի համար ու չէր եղել, որ տեսնելիս չբարևեին՝ իշխանության ատելության բլոկադայի պատճառով։
 

 

Հարցազրույցը՝ Մարջան Չոբանյանի

  • Created on .
  • Hits: 639