«Արվեստանոց»-ը բացահայտում ու վավերագրում է արվեստն ու նվիրյալներին

 

 

Դեռ նախորդ տարեվերջին «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան սկսեց համացանցի տարբեր հարթակներում ներկայացնել իր նոր ուսումնագեղագիտական ծրագիրը` «Արվեստանոց»-ը: Այս թեմայով մենք զրուցել ենք նախագծի պրոդյուսեր, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանի հետ:

 

 

Նախագծի մտահղացման մասին խոսենք։ Ո՞րն էր հիմքը` նման նախագիծ ստեղծելու։

«Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը նախագծվել է «Արտկոնցեպտ»-ի կողմից դեռ 2019 թվականին և սկզբում այն կոնցեպտավորված էր ամառային դպրոցի ձևաչափով: Ցավոք, նախորդ տարվա սկզբից մեզ պատուհասած այս համավարակը անհնարին դարձրեց միջոցառումների անցկացումը նախապես ծրագրված սցենարով:

Նախատեսվում էր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից մի քանի տասնյակ պատանիների` գեղարվեստի դպրոցների սաների ժամանումը Երևան և նրանց մասնակցությունը ոլորտի մասնագետների կողմից անցկացվելիք կերպարվեստի դասընթացներին` հատուկ մշակված ծրագրով: Ամառային դպրոցի երկշաբաթյա ուսումնական ծրագրերին զուգահեռ, մասնակիցները պիտի ակտիվորեն ներգրավվեին նաև մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Այցելելու էին թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, ինչը կարևոր դեր կխաղար նրանց աշխարհայացքի ձևավորման և հետագա մասնագիտական կողմնորոշման հարցերում:

Ծրագրի ավարտին՝ դասընթացների արդյունքում ստեղծված մասնակիցների աշխատանքները պետք է ցուցադրվեին իրենց իսկ կողմից համադրված ցուցահանդեսին: Չնայած «Արվեստանոցի» այս սկզբնական ծրագիրը փոխարինվեց այլ` ոչ պակաս հետաքրքիր և կարևոր առցանց նախագծով, սակայն այն շարունակում է մնալ մեր ծրագրերում և հնարավորության դեպքում կջանանք իրականացնել այն համավարակի և ընթացիկ այլ առաջնային խնդիրների հաղթահարումից հետո:

Ինչպե՞ս ծնվեց «Արվեստանոց» անվանումը և հե՞շտ էր արդյոք անցումը նոր ձևաչափի:

Ինչպես նշեցի, հանգամանքները ստիպեցին ամբողջովին վերանայել արդեն գրեթե պատրաստ և մեկնարկին սպասող ծրագիրը` ինչն, իհարկե, հեշտ չէր նման կարճ ժամանակահատվածում: Սակայն հաշվի առնելով իրավիճակի հետ կապված բավական անորոշ հեռանկարը, մեր գործընկերների հետ խորհրդակցաբար, որոշեցինք ոչ թե պարզապես հետաձգել միջոցառումների իրականացումն, այլ հիմնովին վերափոխել դրանց բովանդակությունը՝ անցում կատարելով առցանց ձևաչափի: Մանավանդ, որ արդեն իսկ կար դրա փարձառությունը, նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Արտկոնցեպտ»-ը հաջողությամբ իրականացրել էր «Օպուս» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի առցանց համերգաշրջանը և ժամանակը ցույց տվեց, որ այդ որոշումն ավելին քան արդարացված էր:

Իսկ «արվեստանոց» եզրույթը կարծում եմ լավագույնս բնութագրում է այն կրթամշակութային բովանդակությունը, որ դրված է այս ծրագրի առանցքում, ուստի անվան ընտրությունը բարդ չէր, այն արտահայտում է միջոցառումների էությունը: Արվեստանոցի միջավայրը նաև այն եզակի տարածքն է, ուր տեղի է ունենում մշակութաբանական ամենախորը և առեղծվածային երևույթներից մեկը՝ արվեստի ստեղծագործության ծնունդը, ինչի շուրջ էլ հենց փորձեցինք կառուցել այս նոր նախագծի տեսլականը:

Խոսենք բուն նախագծից, իսկ ո՞րն է արդեն վերամշակված ծրագիրի էությունը, որն հրապարակվեց նախորդ տարեվերջին:

Այս փուլում «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը ներկայանում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի շարքով՝ նվիրված հայ արդի կերպարվեստի նշանակալի դեմքերին և զարգացումներին: Ֆիլմերում նկարահանվել են մի շարք ժամանակակից հայազգի արվեստագետներ և արվեստաբաններ, փայլուն գեղանկարիչներ և քանդակագործներ: Նրանց բովանդակալից և անկեղծ պատումների, մարդկային և ստեղծագործական ներաշխարհի աստիճանական բացահայտման միջոցով, ֆիլմից ֆիլմ փորձ է արվում շարունակաբար ներկայացնել կերպարվեստի բարդ և չափազանց հետաքրքիր աշխարհը, բացահայտել ստեղծարար աշխատանքի, ստեղծագործական հոգեբանության բազմաշերտ ու բազմաբովանդակ կողմերը:

Ստեղծագործողներից յուրաքանչյուրն իր արվեստանոցում խոսում է արվեստի մասին, կիսում իր մտորումները գեղագիտության, բնության ու հայրենիքի, ընտանիքի, աշխատասիրության ու կրթության վերաբերյալ: Զուգահեռ ներկայացվում են արվեստագետների գործերը տարբեր միջավայրերում և նրանց աշխատանքի ընթացքը: Ոլորտի հմուտ մասնագետները դիտողին են փոխանցում իրենց գեղագիտական հայացքները, ինչպես նաև որոշակի տեսական և գործնական գիտելիքներ: Այսպես ապահովվում է նաև ծրագրի կրթական բաղադրիչը, որն ուղղված է հատկապես այն թիրախային խմբերին, որոնք գտնվում են ուսումնառության շրջանում, կամ արվեստի ուղղություններում ունեն որոշակի մասնագիտական հետաքրքրություններ:

Միևնույն ժամանակ ֆիլմերը հանրամատչելի են, նախատեսված տարբեր նախասիրությունների տեր լայն լսարանի համար, կառուցված ընկալման համար դյուրին և դինամիկ ոճով: Ընդհանուր կոնցեպտի միասնականության հետ մեկտեղ, սերիաները տարբերվում են միմյանցից թե՛ ներքին բովանդակությամբ, թե՛ արտահայտչամիջոցների բազմազանությամբ:

Կպատմե՞ք ինչպես է հաջողվել հասնել այդ բազմազանությանը և ովքե՞ր են ֆիլմաշարի հերոսները:

Ֆիլմի ստեղծումը, արտադրական տարբեր փուլերից, կոորդինացիոն և տեխնոլոգիական գործընթացներից զատ, նախևառաջ ստեղծագործական պրոցես է, և ինչպես ցանկացած այլ ստեղծագործության պարագայում, այստեղ ևս արդյունքը հաճախ անսպասելի է անգամ հեղինակների ու արտադրողների համար: Ինչքան էլ նախապես ծրագրես ու նախատեսես՝ աշխատանքային ընթացքը բովանդակության հիմնական թելադրողն է և գեղարվեստական բազմազանությունն այս դեպքում առաջացել է ինքնաբերաբար՝ բխելով նախևառաջ հերոսների հարուստ ներաշխարհն արտացոլելու մեր նպատակից ու նրանց կյանքի և գործի պատմության յուրահատկություններից:

Օրինակ, եթե քանդակագործ, ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի մասին պատմող ֆիլմի էպիզոդները նկարահանվել են Երևանում, Աշտարակում, Սիսիանում, Գորիսում, Շինուհայր ու Աղավնաձոր համայնքներում, Սպանդարյանի ջրամբարի ափին ու Ծղուկ լեռան լանջին՝ ցուցադրելով վարպետի ստեղծագործական ուղու կարևոր հանգրվաններն ու աշխատանքների ընդգրկուն համայնապատկերը՝ մանրաքանդակներից մինչև ծավալուն մոնումենտալ գործեր, ապա օրինակ գեղանկարիչ Էդուրդ Խարազյանին նվիրված պատումը խիստ կամերային է: Մաեստրոն (այդպես են անվանում նրան աշխարհի տարբեր կողմերում բնակվող բազմաթիվ աշակերտներն ու հետևորդները) իր գողտրիկ արվեստանոցում, իր իմաստնության բարձունքից անշտապ խորհրդածում է հավերժական թեմաների մասին՝ ունկնդրին տանելով դեպի գեղեցիկի, գույնի ու լույսի իր փիլիսոփայական աշխարհը: Այս բազմազանության մեջ սակայն դիսոնանս չկա և դիտողներից շատերն են ընդգծում, որ ստատիկ, խոհական դրվագները ֆիլմաշարում չափազանց ներդաշնակ են համադրվում մասշտաբային տեսարանների և համայնապատկերների հետ:

Բարդ չէ՞ր նման լայն աշխարհագրությամբ, ծավալուն նկարահանումների իրականացումը:

Հեշտ չէր, hատկապես հաշվի առնելով, թե ինչ ծանր պայմաններում ընթացան աշխատանքները: Նախորդ տարեսկզբից հասարակական գործունեության գրեթե բոլոր ոլորտները կոլապսի ենթարկած հանգամանքները, համավարակի հետ կապված անընդմեջ խոչընդոտներն ու սահմանափակումները դեռ չհաղթահարած, վրա հասավ այս աղետաբեր պատերազմը: Դժվար էր պատկերացնել, որ կհաջողվի այդ ամենին զուգահեռ ավարտին հասցնել սկսած գործը: Ընդ որում, «Արտկոնցեպտ»-ի միջազգային այլ նախագծերը՝ Հայաստանից դուրս, նույնպես լուրջ փորձության ենթարկվեցին այս համերգաշրջանի ընթացքում, ազդելով մեր գործունեության բնականոն ընթացքի վրա, սակայն նախ և առաջ մեր երկրում ստեղծված իրավիճակը մոտիվացրեց մեզ ոչ միայն չհուսահատվել և չառկախել աշխատանքն, այլ հակառակը, գործադրել ամեն ջանք և միջոց` առավել եռանդով գործելու, հավատալու և չհանձնվելու, անկախ ամեն ինչից ու բոլոր ճակատներում, քանզի, եթե սկսենք կորցնել մեր դիրքերը նաև մշակութային դաշտում, ապա ինչի համար է մեր պայքարն առհասարակ...

Այնուհանդերձ, նշածս արտակարգ իրողություններից զատ, այս նախագիծը պահանջում էր նաև տեխնիկական բավական բարդ միջոցների, ծրագրի բովանդակային, դրամատուրգիական առաջադրանքներին պատեհ ռեժիսորական և մոնտաժային ոչ ստանդարտ լուծումների կիրառում: Օրինակ, մեր ժամանակակից կերպարվեստի վառ և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ սյունեցի արվեստագետ և ի դեպ, արցախյան երկու պատերազմների մասնակից Աշոտ Ավագյանի մասին պատմող ֆիլմի մի զգալի հատված նկարահանվել է Ուղտասարի գագաթին, մոտ 3000 մետր բարձրության վրա, հազարամյակների վաղեմության ժայռապատկերների և մեգալիթների առեղծվածային միջավայրում և այս համարձակ նախաձեռնության պատշաճ իրագործումը, բնականաբար, նկարահանող խմբից պահանջում էր համապատասխան ջանք և վարպետություն, ինչն, ի պատիվ թիմի, պիտի ասեմ, իրականացվեց փայլուն:

Իսկ ինչու՞ որոշեցիք նկարահանումների համար ընտրել նման տեղանքներ:

Քանի որ վերոհիշյալ տեղանքներում՝ Հայկական հրաշալի բնաշխարհի տարբեր անկյուններում իրականացվող նկարահանումների միջոցով, նախագծի առանցքում տեղ է գտնում ևս մի կարևոր ենթատեքստ, այն է՝ մեր հնարավորության սահմաններում, որոշակի հայրենագիտական առաքելության իրականացումը: Այս առումով նպատակն էր՝ մեր երկրի պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության համեմատաբար քիչ հայտնի դրսևորումների վավերագրումը, տարածումը և դրանց հետ կապված որոշակի հասարակական խոսույթների ձևավորումը: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր տեղանք անմիջականորեն կապված է տվյալ ֆիլմի պատմության, հերոսի կյանքի և ստեղծագործական ճանապարհի տարեգրության հետ: Այս ամենից զատ, սակայն, մեր հիմնական մտադրությունն էր նախևառաջ լայն հանրությանը ծանոթացնել մեր կողքին ապրող և ստեղծագործող արվեստագետներին, որոնց կատարած ստեղծագործական աշխատանքն այնքան ծանրակշիռ է, իսկ աշխարհընկալումն ու հայացքներն այնքան հետաքրքիր ու բազմազան, որ կբավականացնեին մի քանի նմանատիպ նախագծերի համար:

Որպես օրինակ կարող եմ բերել ժամանակակից արվեստագետներ Մանվել Մաթևոսյանին և Նարինե Ալեքսանյանին նվիրված ֆիլմը, որում բարձրարվեստ քանդակագործությունը ներկայանում է յուրովի հայեցակետերով, իսկ վերջիններիս երիտասարդ ընտանիքի միջավայրում, արվեստանոցի գաղափարը հանդես է գալիս միանգամայն նոր լույսի ներքո: Լույսի և ստվերի, սպիտակի և սևի դիալեկտիկան անսպասելիորեն բացահայտվում է նաև քանդակագործ Գևորգ Թադևոսյանի ֆիգուրատիվ արվեստի հիանալի, նորարար պատկերներում, որոնց պատշաճ նկարահանման համար կիրառված հնարքների և կուլիսային անցուդարձի մասին միայն, կարելի էր մի առանձին ֆիլմ նկարել:

Խոսեցիք ծրագրի գիտակրթական բաղադրիչի մասին, այս ուղղությանը հատուկ ուշադրություն եք դարձրել, ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, նշածս բաղադրիչներից զատ, շարքում մեկ առանձին հաղորդում նվիրված է կերպարվեստի պատմության առաջին հայերեն լեզվով դասագրքի ստեղծման գործընթացին: Ծավալուն գիտակրթական այս աշխատության հեղինակ, արվեստաբան Արարատ Աղասյանը և գրքի հրատարակիչ Արմեն Ավանեսյանը, հաղորդման ընթացքում մանրամասնորեն պատմում են այս նախաձեռնության հետ կապված ընթացիկ աշխատանքների մասին, ինչպես նաև ներկայացնում իրենց հետաքրքիր խորհրդածությունները արվեստի պատմության, կերպարվեստի և գրահրատարակչական գործի առանձնահատկությունների վերաբերյալ:

Այս թողարկումը և նման նախաձեռնություններն առհասարակ կարևոր են, և ոչ միայն հասարակության և շահառուների շրջանում իրազեկման առումով: Ցավոք, մեզանում հոգևոր արժեքի, արվեստի ու ստեղծագործության, գրի, գրքի ու գրագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեղմ ասած մեծ չէ: Տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն անհրաժեշտ են, իհարկե, բայց աշխարհում այսօր նախ և առաջ կենդանի շփման անհրաժեշտություն կա, ու ոչ թե արհեստական` այլ մարդկային բանականության պակաս... Մեր ֆիլմաշարը, կարծում եմ, նաև այդ մասին է:

Կներկայացնե՞ք Ձեր գործընկերներին, ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցել այս նախագծի շրջանակում:

Նախ և առաջ պիտի նշեմ «Bekart Studio»-ն և ռեժիսոր Գուրգեն Ջանիբեկյանին՝ որ ֆիլմաշարի հեղինակն է և որի ներդրումն այս նախագծի կայացման գործում շատ մեծ է: Մենք արդեն առիթ ունեցել էինք համագործակցելու նախկինում և Գուրգենի ռեժիսորական տաղանդն ու բարձր պրոֆեսիոնալիզմը կասկած չեն հարուցել, սակայն ներդրված այն հսկայական ջանքն ու եռանդը և որպես արդյունք` արտադրանքի որակը, որ ունեցանք այս անգամ, վեր է ամեն գովասանքից:

Հատուկ հիշատակության է արժանի նաև «Braind» ընկերությունը, որն ի թիվս մեր մի շարք այլ նաձեռնությունների, այս դեպքում նույնպես, իրականացրեց նախագծի բրենդավորումն ու գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Խոսելով նախագծի ֆինանսավորման մասին, պետք է ասեմ, որ «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, որի հետ մենք համագործակցում ենք Հայաստանում մեր կազմակերպության հիմնադրումից ի վեր և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարիների ընթացքում, պետական աջակցությամբ` «Արտկոնցեպտ»-ն իրականացրել է մի շարք կարևոր և ծավալուն մշակութային ծրագրեր, այդ թվում` «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի ներառական փառատոնը, «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը, «Օպուս» նախագծի 5-րդ` առցանց համերգաշրջանը և այլն:

Եվ իհարկե, վերջում ամենաջերմ խոսքերս պիտի ուղղեմ «Արտկոնցեպտ»-ի մեր թիմին, որ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, անկոտրում և արհեստավարժ կերպով աշխատեց հընթացս նախորդ բարդագույն տարվա և ոչ միայն այս նախագծի վրա, այլ բոլոր ուղղություններով` սկսած միջոցառումների ստեղծագործական համակարգումից, կազմակերպումից, միչև միջազգային կապեր, ֆինանսներ, լոգիստիկա, խմբագրական և դիզայներական աշխատանք և այլն...

Միայն նման նվիրումի շնորհիվ է, որ տարեցտարի իրականացվում են և առաջիկայում վստահ եմ նույնպես կիրագործվեն նորանոր բարձրորակ մշակութային ծրագրեր: Մաղթանքս է, որ բոլորս և ամեն ինչում առաջնորդվենք նվիրումով, հավատով և աշխատասիրությամբ:

 

 

Հարցազրույցը՝ Մերի Հովհաննիսյանի

 

 

«Արվեստանոց» նախագծին կարելի է հետևել` այցելելով կազմակերպության պաշտոնական կայք, ինչպես նաև հետևելով ARTCONCEPT International Association սոցիալական մեդիայի էջերին. Facebook, InstagramTwitterՖիլմերը հասանելի են նաև ARTCONCEPT և BEKART Youtube-ի ալիքներում:

  • Created on .
  • Hits: 386