«Պատերազմի ժամանակ, ի տարբերություն սիրո, կեղծիք չկա․․․». Հովիկ Աֆյան
Զրուցել ենք «Միս ուտողները», «Չաստվածաշունչ», «Կարմիր» գրքերի հեղինակ, արձակագիր Հովիկ Աֆյանի հետ։
- Գրող լինեը՝ ի կատար ածված երազա՞նք․․․ինչպե՞ս դարձաք գրող։ Երբվանի՞ց եք սկսել գրել։ Ի՞նչ փորձություններ եք հաղթահարել գրող դառնալու համար։
Երբեք չեմ երազել գրող դառնալու, նույնիսկ՝ գրելու մասին: Շատ դասական ցանկություններ եմ ունեցել մասնագիտությանս առումով՝ բժիշկ, իրավաբան, տնտեսագետ… Հետո հասկացա, որ ես ու մաթեմատիկան մեղմ ասած չենք սիրում իրար եւ որոշեցի արեւելագետ դառնալ, քանի որ դպրոցական բարձր տարիքում հատկապես շատ էի տարված արաբական աշխարհով: Բայց ընդունվեցի հոգեբանության ֆակուլտետ, որտեղից էլ տեղափոխվեցի լրագրություն սովորելու: Բայց մինչ այդ արդեն գրում էի: 9-րդ դասարանում էի, երբ ուսուցչուհիս, որ քրոջս էլ է դաս տվել, հանձնարարեց շարադրություն՝ աշնան մասին: Ես էլ խնդրեցի, որ քույրս գրի՝ իմ փոխարեն: Ուսուցչուհիս հասկացավ ու ամբողջ դասարանի առաջ ասաց, որ հաջորդ անգամ ես գրեմ: Ես էլ սկսեցի գրել: Ինձ դուր եկավ, քանի որ մինչեւ այդ երբեք չէի մտածել, որ կարելի է մեկ այլ աշխարհ էլ ստեղծել, բացի նրանից, որտեղ ապրում ես: Իսկ հաղթահարել եմ տհաճ, չշփվող, նույնիսկ զզվելի մարդ համարվելու դժվարությունը, քանի որ երբ ես ինչ-որ բան եմ գրում բոլորի համար դառնում եմ փակ, տհաճ ու զզվելի…
- Կարողացե՞լ եք դառնալ այն գրողը, որ Ձեր մտքում էր։
Չեմ կարծում, որ որեւէ մեկին դա հաջողվել է: Գրելը միշտ նույնկերպ չի լինում: Ամեն հաջորդ գիրքդ, պատմվածքդ, նույնիսկ տողդ ուզում ես այլ կերպ գրել, որ էլի քոնը լինի, բայց այնպիսինը, ինչպիսինը երբեք չես եղել: Գրելը սիրահարվելու պես բան է: Չես կարող, չէ՞, դառնալ այն սիրահարը, որը քո մտքում էր, քանի որ սիրահարվածությունը միշտ ու տարբեր հանգամանքներից փոխվող զգացողություն է: Երբեմն, օրինակ, ուզում ես ամուր գրկել ու ոչ միայն գրկել, իսկ հաճախ էլ պարզապես ուզում ես նայել աչքերին կամ քայլվածքին՝ հեռվից:
- Ի՞նչ տեղ ունի մանկությունը Ձեր կյանքում և հատկապես՝ գրականության մեջ։
Իմ մանկությունը այն հարուստ ամբարն է, որի դռները միշտ բացում եմ, երբ դժվարանում եմ գրել, սիրել, դիմանալ, ապրել: Որպես սովետական վերջին եւ անկախության շրջանի առաջին մանուկների սերնդի ներկայացուցիչ, չեմ կարող ասել, որ մանկությունս անցել է անհոգ, խաղաղ, ուրախ, կուշտ, անպատերազմ, լուսավոր, տաք… Բայց չէ՞ որ կոնկրետ գրելու, հոգեբանորեն կոփվելու համար ամենևին էլ պետք չէ, որ անհոգ լինի կամ խաղաղ, ուրախ լինես կամ կուշտ, պատերազմ չլինի, լուսավոր լինի ու տաք լինի: Ճիշտ հակառակը: Իմ շատ հերոսների ես տեսել եմ մանկության ժամանակ: Ոմանց նույնիսկ դեմքն եմ հիշում, աչքերի գույնը, շարժումները… Գրականության մեջ չի կարող չլինել գրողի մանկությունը, իսկ առհասարակ մանկություն իմ գրքերում, իհարկե կա ու շատ կա: Չէ՞, որ ամեն ինչ սկսվում է այդ ժամանակ, և՛ լավը, և՛ վատը:
- Երբևէ հուզվել, արտասվե՞լ եք գրելիս։
Իհարկե: Չնայած ես հուզվում եւ արտասվում եմ հիմնականում մինչեւ գրելս, երբ միտքն ունեմ՝ ինչ գրելու, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում սկսել: Գրելու ընթացքում ավելի շատ ոգեւորվում եւ ուրախանում եմ, երբ հասկանում եմ, թե կոնկրետ ինչ պետք է խոսեն իրար հետ հերոսները, ինչ պետք է անեն, ու ամենասարսափելին այն է, որ ես ուրախանում եմ, երբ հասկանում եմ, թե ինչպես պետք է սպանեմ կոնկրետ հերոսին: Սա իսկապես սարսափելի բան է:
- Սիրում եք սպանե՞լ հերոսներին։
Դա անխուսափելի է: Մարդիկ մեռնում են: Ու եթե դու աշխարհ ես ստեղծում, ուրեմն պարտավոր ես նաեւ սպանել մարդկանց՝ անկախ նրանից՝ սիրո՞ւմ ես սպանել, թե՞ ոչ: Կարող ես, անշուշտ, ստեղծել մի աշխարհ, որտեղ մահ չկա, սով չկա, կեղծիք ու կեղտ չկան, բայց… նույնիսկ հեքիաթներում մահ կա: Դևը, չարքը… մենք հո գիտե՞նք, որ հեքիաթների դևերն ու չարքերը իրական մարդիկ են:
- Ի՞նչ եք սիրում ընթերցել։ Որո՞նք են Ձեր ամենասիրելի ստեղծագործությունները։
Ընթերցելը ինչ հարցը չի սիրում: Սիրում եմ ամեն բան կարդալ: Ճիշտ է, շատ դեպքերում գրքի հենց սկզբում, կեսերին, նույնիսկ ավարտելով, հասկանում եմ, որ իզուր եմ կարդում կամ կարդացի, բայց հետո հասկանում եմ, որ այդ գիրքը, ինչպես բոլոր գրքերը, ինչ-որ նոր բան տվեց ինձ, ու նույնիսկ զարմանում եմ, թե այդ ինչպե՞ս մինչեւ հիմա դա չեմ ունեցել: Ամեն օր կարող եմ կարդալ 4 գրողի՝ Մարկեսին (գիշերները՝ մինչեւ լուսաբաց), Հեմինգուեյին (երեկոյան՝ մինչեւ գիշեր), Մաթեւոսյանին (այն ժամանակ, երբ ոչ երեկո է, ոչ էլ գիշեր) և Սարոյանին (արեւածագին): Այս չորսի դեպքում հաստատ կարեւոր չէ, թե ինչ ես կարդում:
- Գրելիս կարդո՞ւմ եք ուրիշներին։
Ո՛չ: Սկզբունքորեն ոչ: Մի անգամ փորձեցի, հետո կարդացին պատմվածքս ու ասացին, որ Սարոյանն է գրել… Գրելը շատ անձնական բան է:
- Ձեր ընթերցած կամ գուցե գրած ստեղծագործություններից ո՞ր հերոսին եք ամենից շատը նմանեցնում Ձեզ։
Իմ մասին երբեք չեմ գրել, գրում ու երեւի չգրեմ էլ: Իհարկե չեմ կարող կերպարներ ստեղծելիս ինձ մոռանալ, գոնե ենթագիտակցորեն դու քեզ մտցնում ես անծանոթ մարդկանց մարմինների մեջ, բայց կանխամտածված ես ինձ իմ գրքերից դուրս եմ դնում: Իսկ կարդացած ստեղծագործություններում ես այն գնդապետն եմ, որին ոչ ոք չի գրում, միայն մեկ պատճառով՝ ես վստահ եմ, որ վաղը լավ է լինելու, իսկ դա նշանակում է, որ ես հրաշալի հասկանում եմ, որ այսօր լավ չէ:
Մեկուսացում կյանքի՞ց, թե՞ ստեղծագործել մարդկանց շրջանում, շփվել նրանց հետ։
Հենց գրելու ընթացքում մեկուսացում կյանքից: Գրելուց առաջ պարտադիր մարդիկ, շատ մարդիկ, տարբեր մարդիկ, գունավոր մարդիկ, չքավոր ու հարուստ մարդիկ, խենթ ու խելացի մարդիկ… Եվ գրելուց հետո էլ՝ մարդիկ, բայց գրելուց հետո, նախքան մարդկանց հանդիպելը, լավ կլինի տեսնել ծովը՝ մի քանի օրով:
- Ասում են՝ գրողի համար շատ կարևոր է, թե ով է առաջինը կարդում իր գործը, և նրանք հիմնականում խիստ քննադատներ են լինում, որոնք երբեմն ճակատագրական նշանակություն են ունենում գրողի և իր գրականության վրա։ Ո՞վ է նա։
Կինս: Եթե նա չլիներ՝ ես չգիտեմ, թե ինչ կդնեի «Միս ուտողների» վերնագիրը, կամ «Չաստվածաշունչ»-ի: Եթե նա չլիներ, «Կարմիր»-ը կլիներ խիստ անհասկանալի, բայց շատ սովորական մի պատմություն: Ճիշտ է, երբ նա կարդում ու խոսում է, մենք վիճում ենք, բայց ես գիտեմ, որ նրա խոսքերից հետո իմ գրքերն ավելի լավն են դառնում:
- Հիշո՞ւմ եք օբլոմովյան խոսքը․ «Ապրիր ինչպես Աստված է հրամայում, և ոչ թե ինչպես դու ես ուզում․ իմաստուն կանոն է, բայց․․․»։ Որտե՞ղ է ավարտվում Ձեր «բայց»-ը, ի՞նչ սահմաններ ունի այն։
- Ալ Պաչինոն էլ ասում է՝ փոքր ժամանակ ես երազում էի հեծանիվ ունենալու մասին ու խնդրում էի Աստծուն՝ տալ ինձ: Բայց երբ մեծացա, հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում՝ ես գողացա հեծանիվ ու խնդրեցի Աստծուն ներել ինձ: Իսկ Օբլոմովի հետ կտրականապես համաձայն չեմ, քանի որ խորապես համոզված եմ, որ Աստված ոչ մի մարդու ոչ մի բան չի հրամայում եւ գուցե հենց դա է Նրա ամենամեծ սխալը:
- Եթե ունենալու լինեիք մեկ իր, որն այդպես էլ չեք ունեցել, ո՞րը կլիներ այն։
Չգիտեմ ինչու, միանգամից մտածեցի կախարդական իրերի մասին: Երեւի անտեսանելի դարձնող թիկնոց: Կարծում եմ՝ ցանկացած գրող դրա մասին երազում է, գոնե պարզելու, թե մարդիկ ի՞նչ դեմքի արտահայտություն են ունենում, երբ կարդում են իրենց գրքերը կամ ի՞նչ են անկեղծորեն մտածում ու անում և խոսում իրենց ապագա գրքերի հերոսները:
- Գրականության մեջ ամենից շատ ինչի՞ց եք վախենում։ Օրնակ՝ կորցնել մուսան կամ դառնալ չընդունված գրող․․․
Գրականությունը ես սիրում եմ, և ուրեմն այնտեղ ու նրա հետ ես անվախ եմ, ավելին՝ քանի որ գրականության հետ ես անվախ եմ, դրա համար էլ գրականությունը սիրում եմ: Իսկ եթե շատ նյութական բան ասեմ, ապա վախենում եմ այն գրախանութներից, որտեղ բոլոր գրքերը վաճառվել են, բացի իմ գրքերից:
- Ձեր ստեղծագործությունների միջով կարմիր թելի նման անցնում է պատերազմը։ Ի՞նչ է սա։ Գրել պատերազմի մասին՝ ձգտելով խաղաղությա՞ն, թե՞․․․
Հավերժ բան գտնելու ու դրա մասին գրելու փորձ: Իսկ պատերազմը հենց այդպիսի բան է: Կասեք սերն էլ ու ճիշտ կասեք, բայց, գիտեք, մարդը՝ իր ողջ տեսքով, էությամբ, ընդունակություններով, նույնիսկ ինքն իր համար չբացահայտված ընդունակություններով երևում է պատերազմի ժամանակ, որտեղ, ի տարբերություն սիրո, կեղծիք չկա:
- Իսկ ի՞նչ կասեք գույների մասին։ Եվ ինչպես նկատելի է՝ գույների արքայի՝ ԿԱՐՄԻՐԻ։
Ես սիրում եմ նկարչական գրականությունը: Օրինակ՝ մի շատ լավ մարդ վերջերս ինձ ասաց, թե այն հերոսներիս, որոնց ուզում եմ ինչ-որ դրական բան հաղորդել, ասում եմ, թե աչքերը կապույտ էին… Չգիտեմ, եթե պատմությունը գունավոր չէ, ուրեմն աշխարհից չէ, մարդու մասին չէ: Իսկ կարմիրը… աշխարհի գույնն է, կապ չունի՝ դու աշխարհին նայում ես որպես ռազմաճակատ, թե որպես զբոսայգի, որտեղ կարելի է համբուրվել սիրած աղջկա կամ տղայի հետ:
- Ի՞նչ է տալիս համացանցը գրողին և ինչի՞ց է զրկում։
Տալիս է ընթերցողի արձագանքն անմիջապես զգալու հաճույք կամ տառապանք, տալիս է շատ արագ ճանաչված դառնալու հնարավորություն, որը, շատ դեպքերում արագ էլ անհետանում է: Իսկ զրկում է ամենակարևորից՝ մարդ տեսնելուց:
- Ի՞նչ կարծիքներ եք ստանում ընթերցողներից։
Հիմնականում շնորհակալություն են հայտնում, հատկապես՝ «Կարմիր»-ի համար: Ավելի հաճախ անձնական նամակներ են գրում, գուցե որովհետեւ ամաչում են հրապարակային ասել կամ դրա կարիքը չեն տեսնում՝ ինչ-որ մեկին գովելը համարելով շատ անձնական, թաքուն բան: Ես սիրում եմ կարդալ ու լսել այդ կարծիքները: Ի դեպ, մի շատ հետաքրքրական բան կա: Ընկերս «Կարմիր»-ը տարել էր իրենց գյուղ ու մի աղջիկ, կարդալով այն, ասել էր, որ լավ գիրք է: Ընկերս ասել է՝ բա գիտե՞ս, իմ ընկերն է գրել այդ գիրքը: Աղջիկը տխրել է ու ասել՝ վայ, փաստորեն մահացած է ընկերդ… Բայց ես ուրախ եմ, քանի որ իսկապես շատերի կարծիքով լավագույն գրողները մահացած գրողներն են…
- Ի՞նչ սպասի ընթերցողը Հովիկ Աֆյանից։
Ավելի լավ գրքեր:
Զրուցեց Արեգ Բագրատյանը
- Created on .
- Hits: 2309