«Հայաստանն իմ կորուսյալ դրախտն է․․․»․ հարցազրույց թարգմանիչ  Շամրիկ Խաչատրյանի հետ

 

 

Զրուցել ենք հունաստանաբնակ Շամրիկ Խաչատրյանի հետ, որի թարգմանությամբ հրատարակվել են Նիկոս Կազանձակիսիս «Հույն Զոռբան» և «Վերջին փորձոթյունը» վեպերը։

 

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք թարգմանել հունական գրականություն:

Երբ սովորում էի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետում, մտքովս անգամ չէր անցնի, որ երբևէ կհայտնվեմ Հունաստանում, կսովորեմ նոր` ինձ համար բոլորովին անծանոթ մի լեզու և դեռ ավելին` կթարգմանեմ հունական գրականություն: Բայց արի ու տես, որ հանգամանքների բերումով հենց էդպես էլ եղավ:

Գեղարվեստական գրականությամբ միշտ եմ հետաքրքրվել, դեռ փոքր հասակից ժամերով առանձնանում էի ու կարդում (ծնողներս շատ հարուստ գրադարան ունեին): 1991-ին հայաստանաբնակ հույն ամուսնուս հետ մշտական բնակություն հաստատեցինք Հունաստանում: Հունարեն ոչ մի բառ չգիտեի, ու բնականաբար շատ ծանր էր առաջին շրջանում, բայց անգլերենի իմացությունը, ինչպես և երեխաներիս դպրոցական դասագրքերը շատ օգնեցին ինձ հունարենը սովորելու հարցում: Հարազատներիս, ընկերներիս ու Հայաստանը կարոտելուց բացի շատ էի կարոտում հայերենով կարդալն ու գրելը, ու հավանաբար այդ  տարիներին էր, որ մտքումս կամաց-կամաց ձևավորվեց հունական գրականություն թարգմանելու գաղափարը:

Ի՞նչ եք փնտրում գրականության աշխարհում, որ պակասում կամ գուցե բացակայում է իրականում:

Չեմ կարծում, թե գրականության աշխարհում պակասում կամ բացակայում է որևէ բան, թվում է, թե ամեն ինչի մասին արդեն գրվել է, ամեն ինչ արդեն ասվել է, մնում է միայն փնտրել ու գտնել այն, ինչն ավելի շատ է հաճելի ու համապատասխան մեր քիմքին:  Ինձ համար կարևոր են ինքնատիպ ոճ ունեցող գրական գործերը, անկեղծ, ասելիք ունեցող, ոգեշնչող, մտածելու տեղիք տվող գործերը:

Թերևս կհամաձայնեք, որ թարգմանելիս (հատկապես, երբ երկը մեծածավալ է) մի յուրօրինակ կապ է ստեղծվում գրքի ու թարգմանչի միջև: Հետագայում հե՞շտ եք բաժանվում հարազատ դարձած թարգմանությունից:

Այո, թարգմանելիս մի յուրահատուկ կապ է ստեղծվում գրքի, նաև գրքի հեղինակի ու թարգմանչի միջև: Թարգմանիչն անցնում է հեղինակի կյանքի ու ստեղծագործական ողջ ուղին, որ ըմբռնի, զգա գրողին և հոգեկան կապ հաստատի նրա հետ: Գիրքը գրողի հոգեզավակն է, քանի որ գրողը երկնում է իր ստեղծագործությունը: Նույնը կարելի է ասել նաև թարգմանչի և թարգմանված գրքի մասին, քանի որ թարգմանությունը նույնպես մի ստեղծագործական գործընթաց է` թերևս ավելի դժվարին ու պատասխանատու, քան հեղինակի աշխատանքը, որովհետև թարգմանիչը չունի գրողի ազատ, իր ուզած ոճով ու իր ուզած բառերով ստեղծագործելու հնարավորությունը, և նա պիտի հաշվարկի բոլոր հնարավոր թարգմանությունները, հասկացությունները, հոմանիշները, իմաստային նրբությունները: Թարգմանիչը նույնպես անցնում է երկունքի ու զավակ մեծացնելու բոլոր փուլերով, և ուրեմն կապվում է այդ գործին ծնողական սիրով ու հոգատարությամբ: Հեշտ չէ բաժանվել հարազատ դարձած թարգմանությունից, ու ես շատ հաճախ կարոտում ու վերընթերցում եմ դրանք:

Սովորաբար ի՞նչ եք տալիս թարգմանվող ստեղծագործությանը, և ի՞նչ է տալիս այն Ձեզ:

Թարգմանելիս հոգով մտքով նվիրվում եմ այդ գործին, ապրում եմ դրանով, մասնակցում եմ այն ամենին, ինչ կատարվում է գրքում, պատահել է, երբ նույնիսկ գիշերը` քնիս մեջ, ենթագիտակցաբար փնտրել եմ բնագրին հարազատ հայերեն հասկացութունը կամ բառը, իմաստային նրբերանգը: Փոխարենը` հոգեկան մեծ բավարարվածություն, կարևոր ու օգտակար գործ անելու զգացում, ստեղծագործելու բերկրանք, որը ոչ ոք չի կարող խլել քեզնից:

Մանկության մասին խորհելիս ի՞նչն եք առաջինը հիշում ու կարոտում:

Շատ եմ կարոտում մորս պատմած հեքիաթները, հորս իմաստուն զրույցները, տատիկիս ճաշերի համն ու հոտը, եղբորս հետ մեր չարաճճիությունները, ինքս ինձ` երազկոտ, սև չամիչ աչքերով նիհարուկ աղջնակին:

Հեռու Հունաստանից երբ Ձեր միտքն է գալիս Հայաստանը, ի՞նչ պատկերներից է այն կազմված:

Հայաստանն իմ կորուսյալ դրախտն է, որ միշտ է իմ մտքում` հարազատ դեմքերի, վայրերի, սուրբ շիրիմների, հող ու ջրի, հույզերի, հույսերի, համերի, հոտերի հիշողություններով շաղախված բազմապիսի պատկերների մի խճանկար:

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են հույները ճանաչում այսօրվա հայերին: Կա՞ն ճանաչողական բացեր մշակույթիև հատկապես՝ գրականության ոլորտում:

 Հույները բավականին լավ են ճանաչում հայերին ու շատ բարեկամաբար են տրամադրված հայերի հանդեպ, շատերը ցանկություն էին հայտնել Արցախյան պատերազմում կռվել հայերի` իրենց եղբայրների հետ կողք կողքի: Ճանաչողական բացեր մշակույթի և գրականության ոլորտում կան, իհարկե, և ցանկալի կլիներ, որ ավելի շատ գրականություն թարգմանվեր` և՛ հունարենից հայերեն, և՛ հայերենից հունարեն:

Որքանով նկատելի է՝ բավական հասուն տարիքում սկսեցիք Ձեր թարգմանչական-հրատարակչական գործունեությունը՝ ոչ ավել, ոչ պակաս թարգմանելով հույն ամենաէպատաժային հեղինակներից Նիկոս Կազանձակիսին: Երկա՞ր էիք Ձեր մտքում պատկերացրել «Հույն Զոռբան» հայերեն ունենալու պահը:

Թարգմանություններ անգլերենից արել եմ դեռ դպրոցական տարիքից, բայց միայն ինքս ինձ համար, ավելի ուշ` ինստիտուտն ավարտելուց հետո մի երկու պատմվածք տարա «Գարուն» ամսագրի հրատարակչություն, բայց չտպագրեցին ու ոչ էլ վերադարձրին, ասացին` կորել է, հետո տեղափոխվեցինք Հունաստան ու առաջին տարիների ահավոր դժվարությունների հետ մոռացության մատնվեցին թե ՛ գրականությունը, թե ՛ թարգմանությունը։ Երբ արդեն մի քիչ ոտքի կանգնեցինք, երեխաներս մեծացան, լեզուն սովորեցի ու կարող էի արդեն կարդալու ժամանակ գտնել, սկսեցի հունական գրականություն կարդալ։ Կազանձակիսի անունը դեռ Հայաստանից էր ծանոթ ինձ, տանը ունեինք նրա «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հայերեն թարգմանությամբ, որը հայրս շատ էր սիրում ու ինձ էլ էր խորհուրդ տվել կարդալ։ Բայց այն ժամանակ ավելի շատ անգլիական ու ամերիկյան գրականությսմբ էի հետաքրքված ու չէի կարդացել։ Սկսեցի Կազանձակիս կարդալ, ասես ուզում էի մեղքս քավել հորս խորհրդին չհետևելու համար ու... «սիրահարվեցի» Կազանձակիսին։ «Հույն Զոռբան» կարդալիս արդեն մտքումս պատկերացնում էի, թե ինչպես կհնչի Կազանձակիսի հարուստ խոսքը հայերեն: Վճիռս կայացրել էի: Մի հատված թարգմանեցի ու ուղարկեցի երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանին, որն այդ ժամանակ արդեն ճանաչված թարգմանիչ էր և «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիրը: Սամվելի հետ միասին ենք սովորել, նույն խմբում, ու շատ լավ ընկերներ էինք: Նրա թարգմանությունները մենք` նրա ընկերներն ենք բախտ ունեցել առաջինը վայելելու: Սամվելին շատ էր դուր եկել թարգմանությունը ու նրա ոգեշնչմամբ սկսեցի թարգմանել «Հույն Զոռբան»: Վեպից մի քանի հատվածներ տպագրվեցին «Արտասահմանյան գրականություն» հանդեսի երկու համարներում:

Մի տեսակ այնպիսի տպավորություն է, որ Կազանձակիսը Ձեր ամենասիրելի հեղինակն է, և նպատակադրված դեռ միայն նրա վեպերը թարգմանել: Այդպե՞ս է: Եվ ինչու՞ է հենց նա Ձեր հոգու հույն գրողը:

Հունական գրականությունը շատ հարուստ է, ու դեռ շատ գործերի ծանոթ չեմ, բայց առայժմ, այո, Կազանձակիսն է իմ ամենասիրելի հույն գրողը: Գուցե այն պատճառով, որ ինչ-որ միստիկական, ճակատագրական կապ եմ զգում նրա հետ: 

Ի՞նչ նորություններ կցանկանաք հայտնել Ձեր ընթերցողներին:

Այս տարի շատ ժամանակ չունեմ թարգմանությամբ զբաղվելու, երբ ազատ ժամանակ եմ գտնում, պոեզիա եմ թարգմանում ինձ դուր եկած գործերից։ Ամռանը ավելի շատ ժամանակ կունենամ ու ուզում եմ շարունակել Դիդո Սոտիրիուի «Արնաշաղախ հողեր» վեպը Փոքր Ասիայի հունական համայնքների աղետալի դեպքերի վերաբերյալ, որտեղ շատ տեղերում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը:

Եվ վերջում՝ որտե՞ղ է Ձեր սիրտը՝ հունական ծովերու՞մ, թե՞ հայոց լեռներում:

Հունաստանն իմ երկրորդ հայրենիքն է, շատ եմ սիրում ու գնահատում այն, բայց իմ սիրտը հայոց լեռներում է եղել միշտ և այնտեղ էլ կմնա:

 

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 2453

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: