Ռուբեն Մալայան․ Ամեն ինչ կարող է շատ վատ լինել, եթե չսթափվենք

 

Cultural.am-ը զրուցել է գեղագիր, նկարիչ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանի հետ։



Պարո՛ն Մալայան, Ձեր կարծիքով, հարցազրույցի հարցերը ձեռագրո՞վ եմ գրել, թե՞ համակարգչով։

Կարծում եմ ձեռագրով, քանի որ ես նկատել եմ, որ ձեռքով ինչ-որ նոթեր անելու մշակույթը դեռ կա լրագրողների մոտ։ Այդպես ինֆորացիան ավելի լավ է հիշվում ու գրանցվում, ուղեղդ ստիպում է մտածել։

Գեղագրության տեսանկյունից, տառի, բառի վիզուալ էսթետիկան առավել ձեռագրո՞վ է տեսանելի:

Կարևոր բառ հնչեց՝ էսթետիկա։ Եթե հենց էսթետիկայի մասին է խոսքը, այո․ այն ենթադրում է տառատեսակի վիզուալ համակարգ։ Իհարկե կարևոր է նաև` ինչ այբուբենի մասին է խոսքը։ Մենք տպատառ արվեստի զարգացման առումով շատ հետ ենք։

Մեզ սպառնո՞ւմ է մեր կոլեկտիվ, ինդիվիդուալ հիշողության մի մասի՝ ձեռագրի կորուստը այս թվային դարում:

Ընդհանրապես մեր հիշողությունն է վտանգված՝ ամեն տեսանկյունից, սա միայն մի ճյուղն է։ Հիշողությունը մեծ վտանգի առաջ է կանգնած, որովհետև մենք չենք կառուցում, մենք քանդելով գնում ենք առաջ։ Մարդու ու կենդանիների տարբերությունը հիշողության տեսանկյունից ո՞րն է․ օրինակ՝ շունը շատ կարճ հիշողություն ունի, հիմնականում հիշում է՝ ուտելիքը կամ ջուրը որտեղ է։ Մարդը այդպես չէ, բայց մենք հիմա հետքեր չենք թողնում, հիշողություն չենք ստեղծում, միայն քանդում ենք։ 

Երբ երեխան հարցնում է. «Ի՞նչ է գեղագրությունը», ո՞րն է ճիշտ և հասանելի պատասխանը: 

Գեղեցիկ գրելը։ Հենց բառացի կարելի է ասել։ Սակայն գեղեցիկ ձեռագիր ունենալը պետք է տարբերենք գեղագրությունից․ գեղեցիկ ձեռագիրը դեռ գեղագրություն չէ։ Այն ենթադրում է ավելի մեծ արվեստ։image0

Ցավոք, մեզ մոտ գեղագրությունը չի դարձել այդքան կարևոր ճյուղ, ինչպես օրինակ՝ Չինաստանում, մնացել է գրատպության շրջանակում: Ինչպե՞ս այն դուրս բերենք ավելի մեծ շրջանակներ:

Գեղագրությունը ընդհանրապես եզակի երևույթ է։ Հիմա ամբողջ աշխարհով մեկ կարծես վերածնունդ է ապրում, մարդիկ անընդհատ ցանկութուն ունեն ձեռքով գրելու։ Նոր շունչ է բացվել, գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Բայց մեզ մոտ, ամենակարևորը, չկա համակարգային որևէ մոտեցում այդ հարցին։ Դրսում արվեստի ցանկացած խոշոր դպրոց ունի նաև գեղագրության դասընթացներ, որովհետև գիտակցում են դրա կարևորությունը։ Մենք մնացել են սպառված համակարգի մեջ, չկա փոխարինող մի բան։ Գրել բոլորս գիտենք, ուրեմն, եկեք հասկանանք՝ ինչքան գեղեցիկ արվեստ է այդ գրելը։ Մեր բախտն այնքան է բերել, որ ունենք մեր այբուբենը, բայց դա հարգել է պետք։

Գեղագիրները Հայաստանում շատ չեն․․․

Որովհետև փոխկապակցված է ամեն ինչ․ մենք կապեր չենք ստեղծում։ Եթե չունես երաժշտության լավ դպրոց, չես ունենա ճարտարապետության լավ դպրոց, չես ունենա լավ կերպարվեստ․ սրանք մշակույթի բազմակողմանի երանգներն են, չի կարող մի կողմը լավը լինել, մնացածը՝ չորացած։ Իսկ հայկական մշակույթը այս պահին չորացած ծառ է, դեկորատիվ բաներ են ուղղակի կախված, ոնց որ տոնածառը․ կտրում- բերում են, տանը դնում են ու զարդարում, հետո դեն նետում։ Մշակույթին տոնածառի նման վերաբերվելու գաղափարը պետք է վերանա։ Նաև կրթական ինստիտուտը պետք է ընդունի, որ բարդ համակարգ է մշակույթը․ քանի չկա երկխոսություն, չի լինի գեղագրություն, ճարտարապետություն, գեղանկարչություն և այլն։

Պարոն Մալայան, իսկ գեղագիրը ո՞ւնի իր ձեռագիրը:

Իհարկե ունի, արվեստն էլ։ Ո՞նց ես սովորում արվեստ, միանգամից չի լինում, սովորում ենք անցած ճանապարհից, բնությունից, արվեստագետների վերլուծություններից և այլ աղբյուրներից։ Սովորած գիտելիքը մարսվում է՝ անհատականությունը չնճշելով, զուգահեռ սկսվում է ձեռագրի ձևավորումը։ Ձեռագիրը ճաշակն է։ Երբ մեկին ասում ենք հինգ նկարչի անուն տուր․ սա լակմուսային թուղթն է, թե ինչ ճաշակ է ունենալու տվյալ անձը, այսինքն՝ հենց այդ անուններն են իր վրա ազդեցություն ունեցել։ Շատ կարևոր հարց է նաև, որ չձուլվի, չնմանվի այդ անուններին, անհատականությունը պահպանի։

Ո՞րն է Ձեր ձեռագիրը, ինչո՞վ է տարբերվում գեղագիր Ռուբեն Մալայանը։

Ես նախընտրում եմ գրել նեղ ու բարձր տառերով, որովհետև սիրում եմ ճարտարապետություն և արձանագրություններում տառերի իննսուն տոկոսը հենց այդ համաչափությունն ունի։ Դա նաև պրակտիկ պահանջ է եղել․ տեղը քիչ է եղել, տեքստը՝ շատ, պետք էր տեղավորել։ Բացի այդ, հայրիկս ինձ փոքր տարիքից միշտ տարել է մեր հին վանքերը տեսնելու, դա իմ հիշողությունն է։ Այդ պատճառով էլ հիմա հենց այդ համաչափությունն է ինձ համար ամենագեղեցիկը։ Իմ ձեռագիրը սկսում է երևալ այն պահին, երբ ես տառը գրելու ժամանակ կարող եմ շատ նրբորեն ճիշտ չափը գտնել, հարաբերություններ ստեղծել տարբեր տառերի միջև, որպեսզի ընդհանուր պատկերը գեղեցիկ լինի․ ամեն տառը մի զինվոր է՝ շարքի մեջ կանգնած, ամեն մեկը՝ առանձին, բոլորը՝ միասին։ Իմ արածը հենվում է որոշակի էսթետիկ բազայի վրա՝ կարդացածս գրքերի, երաժշտության, կերպարվեստի, այն ամենի, ինչ ստացել եմ իմ ընտանիքում, ծնողներիցս։ Բայց եթե երեխան այդպիսի ընտանիքում չի ծնվել, չի նշանակում, որ չի կարող լինել լավ մասնագետ։ Ուղղակի պետք է իրեն բացատրել, որ դու չես կարող լինել լավ գեղանկարիչ, եթե չունես լավ ճաշակ, իսկ ճաշակը ձևավորվում է, եթե լայն ես նայում մշակույթին։ Անհրաժեշտ է նաև մեթոդիկ աշխատանք ու դիսցիպլինա։

«Մեր մշակույթը ինքներս չենք զգում, մակերեսորեն գիտենք, որպեսզի ներկայացնենք ուրիշներին»,-ասել եք Դուք: Զգացական կապը ո՞նց ապահովենք:image3

Լակմուսային թղթեր կան, որոնք օգնում են հասկանալ՝ մշակույթդ ինչ վիճակում է․ հռետորիկան անմիջապես կապ ունի գրելու արվեստի հետ, քանի՞ մարդ գիտեք, որ կարող է խելացի միտք արտահայտել, նույնիսկ կառավարական համակարգում։ Խոսել չգիտեն, որովհետև մտածել չգիտեն։ Հենց հանեցին խոսելու արվեստը կրթական համակարգից, հանվեց նաև գրելու արվեստը․ փոխկապակցված են սրանք։ Կրթական համակարգը քանդել ենք, պտուղներն ենք քաղում։ Ի՞նչ ունենք այսօր․ հենց սա է կոլապսի պատճառը։ Ոչինչ չի փոխվել։ Միակ և գլխավոր լուծումը կրթությունն է, ինչքան ֆինանս ունենք, պետք է ներդնել կրթության մեջ։

Կրթությունը հիմք է թե՞ մեկնարկ:

Կրթությունը ամեն ինչի հիմքն ու մեկնարկն է։ Ազգի ճնշող մեծամասնությունը անգրագետ, անկիրթ, մի լեզվից ավել չիմացող իրար չհարգող, եսասեր ամբոխ է․ հայ պետականությունը կոլապսի մեջ է հենց սրա պատճառով։ Կրթական համակարգի մեջ մեր բազան սպառվել է․ մի մասը գնացել է, մյուս մասն էլ՝ փտել։ Իհարկե ցավալի է, բայց պետք է առաջխաղացում, աճ, փոփոխություն, թարմություն։ Չունե՞նք մասնագետ, դրսից բերենք, իրենից սովորենք. բերեք տասը մասնագետ, կցեք քսան երեխա, միջավայր, պայմաններ ստեղծեք ու արդյունք չի կարող չլինել։ Ախր, պետք չէ է անիվ հորինել, միշտ է եղել այս երևույթը, գիտելիք է պետք, բերեք նրան, ով գիտի։ Վճարեք, ես դեմ չեմ, իմ հարկերից տվեք։

Մեզ խանգարում է նաև եսասիրությունը․ մենք չունենք «մենք»։ Հայրս քառասուն տարի գծանկար է դասավանդել, նկարիչների մի քանի սերունդ է կրթել։ Իր համար սկզբունքը հետևյալն էր՝ եթե իմ ուսանողը ինձ չի գերազանցում, ուրեմն ես վատ դասախոս եմ, իմ ուսանողը ինձից լավը պիտի լինի․ աճը, առաջընթացը այդ ժամանակ է նկատվում։ Իսկ մեզ մոտ տարօրինակ իրավիճակ է։ Դասախոսը, փոխարենը ուսանողին տա ինչ կարող է, նրա մեջ մրցակցի է տեսնում։ Ազգը անհատներից է բաղկացած, մենք ազգի պրոյեկցիան ենք։

Դասավանդում եք, որովհետև Ձեր հոր օրինակը ունե՞ք, թե՞ բավարարվածություն եք զգում կրթելով:

Եվ հորս օրինակը, և բավարավածությունը։ Իհարկե հաճույք եմ ստանում, եթե չստանայի, չէի անի։ Նաև գիտեմ, որ պարտավոր եմ անել․ պետք է միշտ լինի գիտելիքի փոխանակում, բայց այդ գիտելիքն էլ պիտի լավը լինի։ Եթե ես գեղագրություն լավ չանեմ, ինչ բարոյական իրավունք ունեմ դա բազմացնել, փոխանցել։ Տասնհինգ տարի է՝ զբաղվում եմ այս գործով։ Ինձ պետք էր յոթը տարի, որ ես այդ լավը հասկանայի, վստահություն ձեռք բերեի, բայց պետք է նաև անընդհատ ինքնակրթվել․ այսօր էլ կասկածում եմ, փորձում, վերափոխում մոտեցումներս, փոխանցելու միջոցներս։ Բայց հստակ է մի բան․ «ես»-ը պետք է զիջի «մենք»-ին․ սեփական անձը գերադասելը պետք է մոռացվի։ 

Դուք կցանականայիք, որ ասեին՝ ամեն երեխա ունի իր գրիչը, ոչ թե համակարգիչը: Առանց համակարգիչ, թե՞ համակցված:

Համակարգիչ էլ տվեք երեխային, թուղթ էլ․ բացատրեք տարբերությունը, արժեքը, թող ինքը ընտրի։ Մեր մեծ թերություններից է, որ մեր փոքրիկներին հիմարների տեղ ենք դնում, մենք իրենց փոխարեն շատ ժամանակ որոշումերը կայացնում ենք, որ մեզ հեշտ լինի։ Միգուցե բացատրեք և երեխան ընտրի թուղթը։ Մեծ Բրիտանիայում հետազոտություն է արվել, պարզվել է, որ երեխաները չեն կարողանում գրիչ բռնել, գրել, որովհետև միայն ու միշտ համակարգչով են զբաղվում։ Թղթի վրա երբ գրվում է, անմիջական կապ է ստեղծվում հիշողության հետ։

Այս սերունդը թվային իրականության մեջ է ծնվում, իրենք չեն պատկերացնում աշխարհ, որը չունի հնարավորություն վայրկյանի մեջ ստանալ որևէ հարցի պատասխան, այստեղ հարցը այլ է․ արդյո՞ք պատասխանը ճիշտ է։ Պետք է տալ համագործակցության հնարավորություն երեխային, պարտադրել չես կարող ու պետք չէ։

Քսանմեկ տարեկանում լքել եք Հայաստանը։ Ապրել եք Իսրայելում, Կանադայում, Հոլանդիայում: Ի՞նչ է պակասում Հայաստանին, որը գտել եք դրսում:image8

Նախ և առաջ, ճիշտ մոտեցում հարցին, էմոցիաները մի կողմ դնելը, ռացիոնալ, համակարգային լուծումներ տալը, վիճակագրությամբ առաջնորդվելը։ Կա օրենք, որովհետև դրա կարիքը կա, պահանջը կա, փորձը արդեն ապացուցել է։ Մեզ մոտ օրենքը կա միայն լինելու համար, օրինակ՝ վերցնենք մեր երթևեկությունը, եթե հայ վարորդը տեսնում է, որ ճանապարհը փակ է, չի կարելի, միևնույն է գնում է։ Կանոնները մեկի համար չեն, բոլորի համար են։ «Կարևորը ես անցնեմ, ես պիտի լավ լինեմ»․ սա պետք է սպանել մարդկանց մեջ, երեխային պետք է սովորեցնել, որ իր լավը պետք է մյուսներին էլ լավ լինի, կամ առնվազն՝ չխանգարի։ Մեր ամենամեծ թերություններից մեկն էլ կարճատեսությունն է, մենք միայն այս օրն ենք տեսնում, այսօր լավ է, ուրեմն լավ էլ կլինի։ Մեր եկող սերունդներին հենց սա է պետք բացատրել, որովհետև այսօրվա արածը տասը տարի հետո հետևանքներ է ունենալու։

Հիշենք հեղափոխությունը, Դուք նկարիչն էիք։ Այն Ձեզ համար հնարավորություն էր։ Ձեր կարծիքով, այսպիսի առիթներ դեռ կլինե՞ն:

Հեղափոխության ժամանակ մենք պահի տակ տեսանք այն, ինչ կարող ենք լինել, երբ հավաքական ուժ ենք, մեր պոտենցիալը տեսանք, հետո դուռը շատ արագ փակվեց, փշրվեցինք։ Էլի հեռատես չլինելը մեզ խանգարեց. էյֆորիայի մեջ էինք։

Երևի հայ ազգի պատմության մեջ ամենաբարդ ժամանակաշրջաներից մեկն է, ամեն ինչ կարող է շատ վատ լինել, եթե չսթափվենք, իսկ սթափվել նշանակում է վերջապես մասնագետներին հնարավորություն տալ կառավարել այս երկիրը։ Այդքան խիզախություն ունեցեք, ասացեք՝ չեմ կարող, դպրոց չեմ գնացել, չեմ սովորել, չգիտեմ։ Մեզ շատ է խանգարում նաև մեր մեծամտությունը, երբ քո թշնամուն թերագնահատում ես, վերջ։ Պարզապես, պետք է ճշմարտության աչքերին նայենք։ Մենք նաև միշտ անցքեր ենք փակում՝ հարցը լուծելու փոխարեն։ Մի անգամ լավ ասֆալտ անելու ու դրա մասին առնվազն հինգը տարի մոռանալու փոխարեն, մենք նախընտրում ենք ամեն տարի անել նույնը։ 

Ձեր կարծիքով, այսօրվա կոլապսից դուրս գալու համար ինչի՞ց պետք է սկսենք և ո՞ր ուղղությամբ գնանք։

Ընդունենք ոնց կա ու փոխենք։Սովորելը միշտ ճիշտ է, պետք է հիմքը ճիշտ ու ամուր լինի։ Մեր սերնդի գործառույթը հենց դա պետք է լինի՝ լավ, կայուն հիմք գցել, պատրաստել հարթակ, որի վրա կկարողանան գիտելիք կուտակել, սյուն կառուցել, հետո սյունի վրա կամար դնել, հետո կամարի վրա գմբեթ դնել, հետո խաչ դնել, եթե ադքան կարևոր է։ Միշտ հանդիպում են չէ՞ մարդիկ, որ ասում են․ «Ո՞նց փոխենք»։ Դու պիտի փոխվես, երկիրը չի փոխվել, քանի որ դու չես փոխվել։ Պետք է կողքինիդ հարգես, իհարկե ինքն էլ պիտի արժանի լինի այդ հարգանքին․ մարգարիտները խոզերի առաջ շաղ տալու օրինակը բերեմ, լավ բանը կեղտի մեջ չնետելն է կարևոր․ մշակույթը մարգարիտ է, իսկ մենք այն գցել ենք կեղտի մեջ։ Այս ամենի կողքին, սուտը պետք է ատենք, դրա համար պետք է ճշմարտություն քարոզել ամենուր, ամեն րոպե։

Այսքանը բավական կլինի՞։

Դեռ ոչ, մեկ ուրիշ հիմքային խնդիր էլ ունենք․ արժեքները վերցրել են ու չեն տարածում, չեն կիսում, չեն ցուցադրում․ Մատենադարանը դամբարան է, ապրող կառույց չէ, ինչո՞ւ հազարավոր երեխաներ չեն գնում այնտեղ։ Ի՞նչ բարոյական իրավունքով է այս կերպ արվում, մի նմուշ տեսնելու համար հազարավոր դիմումներ պետք է գրես։

Գեղագրության համար առաջին հարմար միջավայրը ո՞րն է, իհարկե Մատենադարանը, այնպես արեք, որ երեխան գա տեսնի, սիրահարվի իր մշակույթին, արվեստին, այն հայ ազգի ժառանգությունն է, պետք է հասանելի լինի բոլորին։

Բրյուսելում գնացել էի արքայական գրադարան, ի դեպ, հինգ եվրո պետք է ամեն անգամ մուծես, քիչ փող չի գրադարան մտնելու համար, գեղագրության մասին գրքեր ուզեցի, բերեցին հաստափոր գրքեր, որոնք միայն լուսանկարներում էի տեսել։ Մի քիչ հետո աշխատողը բերեց Ռուդոլֆ Քոխի՝ գեղագրության մեծագույն ներկայացուցչի գրքի բնօրինակը։ Պատկերացնում եք, բնօրինակը, բերեցին ցույց տվեցին, որովհետև ես ասացի՝ ինձ հետաքրքիր է։ Մենք փակել ենք ու չենք տարածում։

Հայաստանում կլինե՞ն ապագա գեղագիրներ։

Երկար ու բարդ ճանապարհ են անցնելու, բայց լինելու են։ Իմ ֆունկցիան այդ գործընթացում իրենց կայծ տալն է։ Հետո կարող է գա ասի․ «Պարոն Մալայան, ինձ կսովորեցնե՞ք»։ Հետոն արդեն իրենց քայլն է, կնվիրվե՞ն այդքան, կսիրե՞ն իրենց մշակույթն ու տառը։ Ցանկություն ու նվիրվածություն է պետք, նաև դիսցիպլինա` դասախոսի կողմից։

Հային շատ հեշտ է ամեն տեղ կայանալ, բայց ոչ սեփական հողում, մի՞գուցե սա է խորքային կարևոր հարցը, ֆենոմեն է չէ՞, եկեք հասկանանք պատճառահետևանքային կապը ու փոխենք ամեն ինչ հիմքից։

 

 

 

Զրուցեց Գայանե Պողոսյանը

























  • Created on .
  • Hits: 1789

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: