Մի օր պոետի գրածը ընթերցողն է դարձնում իրականություն. Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արայի հետ զրուցել ենք վերջերս հրատարակված նրա «Կորած սերունդ» գրքի կառուցվածքի, գեղարվեստի և հայրենիքի ճակատագրին վերաբերող գաղափարների շուրջ։

Արդեն մի քանի շաբաթ է ընթերցողների սեղանին է Ձեր «Կորած սերունդ» գիրքը։ Ինչպե՞ս կազմեցիք այն՝  հատկապես ի՞նչը կարևորելով։

Անկախության 30-ամյակի առիթով ես նախարարությանը հայտ ներկայացրի, որ ուզում եմ ժողովածու կազմել։ 1988 թվականից մինչ օրս գրված իմ բանաստեղծություններն ու պոեմներն են գրքում՝ թեմատիկ ընտրությամբ՝ արցախյան ազատամարտ, պատերազմին վերաբերող բանաստեղծություններ, որոնց մի մասը արդեն տարբեր գրքերով հրատարակվել էին, իսկ մի մասը բոլորովին նոր է։ Եվ այդպես երկու պատերազմ, երկու հեղափոխություն։ Դեռ 44-օրյա պատերազմը չէր եղել, որ ներկայացրի հայտը։ Եվ բնավ չէի որոշել, որ վերնագրեի «Կորած սերունդ»։ Գիտեք, որ դրանից առաջ եղել է սրա փոքր ֆորմատը՝ «Ազատության հրապարակը», ու եղավ պատերազմը, պատերազմի ընթացքում գրվեցին գործեր, գրական մամուլում հրապարակվեցին, որոնք հիմա ընդգրկված են այս գրքում։ Եվ վերջապես որոշեցի վերնագրել «Կորած սերունդ»։ Գրքում «Կորած սերունդ» պոեմը կա, որը պատերազմից առաջ է գրվել և վերաբերում է մեր սերնդին։ Միշտ հեղափոխության և պատերազմի արանքում մեկ-երկու սերունդ կորչում է։ 88-ի ազգային զարթոնքի շարժման գործող հիմնական ակտիվ ուժն էր մեր սերունդը, որի մի մասը պատերազմում զոհվեց, մի մասը արտագաղթեց, մի մասը թմրամոլ ու հարբեցող դարձավ։ Բայց այդ սերունդը ամեն ինչ արեց, բացառիկ սերունդ էր, որ կարողացավ տեր կանգնել իր ազգային արժեքներին, խորհրդանիշները վերականգնեց և ազատամարտ հաղթեց։ 44-օրյա պատերազմում էլ կարճ ժամանակում մի ոսկե սերունդ կորավ, և ի վերջո մեր գրեթե բոլոր սերունդներն են կորած, կորած սերունդը համաշխարհային հնչեղություն ունեցող թեմա է, օրինակ՝Հեմինգուեյի «Ֆիեստան», բայց ընկճախտից հետո նրանք զեխության ու ճոխության մեջ կորան, մեր դեպքում այդպես չէր, «Ուլիս» պոեմում ես մի տողով շեշտել եմ, «կորանք, բայց ոչ զեխության ու ճոխության մեջ»։

Կներկայացնե՞ ք գրքի կառուցվածքը՝ ելնելով ժամանակագրական  և թեմատիկ բաժանումներից։

Գիրքը սկսում է 1988 թվականի ազգային զարթոնքից, հետո անկախության արժևորումն է, Նոր Հայաստանը, ապա՝ քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, երկրորդ հեղափուխություն․ ժամանակագրական առումով այսպես է, քանի որ ամփոփ ժողովածու է, այլ կերպ չէր կարող լինել։ Նոր գործերը, որ 100 էջ են ՝ վերջին 4-5 տարում գրվածները, ընկան մեջտեղում, դա է, որ մի քիչ ինձ տխրեցնում է, վերջում կա ցեղասպանության մասին պոեմ․մեր սերնդի աչքերով եմ նայել։ Բանաստեղծությունների առումով մի հետաքրքիր բան նշեմ․ պետականություն և պետություն ունեցող բանաստեղծի հայրեներգություն է սա։ Իսահակյանը գրում էր․ «երնեկ ունենամ հազար ու մի կյանք, հազա՛րն էլ սրտանց քեզ մատաղ անեմ», հասկանալի էր, պետություն չունեին։ Իսկ իմ բանաստեղծություններում ես պատճառաբանում եմ, ինչո՞ւ եմ սիրում այս երկիրը, ինչո՞վ է ինձ հետ կապված, այսինքն՝ զգում ես, որ պետականություն ունեցող բանստեղծի հայացքն է։ Մի երկու տող էլ ասեմ պատերազմների տարբերությունների մասին։ 88, 90, 94 թվականների ազատամարտում մենք բանակ չունեինք։ «Ասք պատերազմի» պոեմում դա լավ ներկայացված է․ «Անփորձ տղաներ՝ ստիպվա՛ծ, դժվա՛ր// զորականի գորշ, ծույլ հանդերձներին խորթ ու անսովոր// անվարժ ձեռքերով՝ ինքնակամ, անկա՛նչ, բռնում են զենքեր,//գնում ողջակեզ՝ մոլորվածի պես միշտ նայելով ետ», պարտադրված պատերազմ էր, ստիպված էինք դուրս գալ մեր հողը պաշտպանելու, կամավորներ էին, որոնք նույնիսկ զենք բռնել չգիտեին։ Իսկ «Էլեգիան», «Մելոդիան» կարդալիս զգում ենք, որ արդեն բանակ կա։ Գրեթե բոլոր կարևոր անցքերն ու իրադարձությունները բանաստեղծորեն արձագանքված են այս գրքում, անգամ ՊՊԾ գնդի գրավումը կա, հաց բերողը կա։

Յուրաքանչյուր սերունդ իր պատերազմն ունի, որն անխզելիորեն կապված է նախորդ սերունդների կերտած պատմությանը, և ամեն սերունդ էլ խոստովանում է, որ ինքը դասեր չի քաղում պատմությունից և նույն սխալներն է կրկնում։ Սերունդների այդ կապը հատկապես ընդգծված է «Էլեգիա» պոեմում։ Ո՞րն է մեր սխալը, ինչպիսի՞ն լինենք, որ չկորչենք։

Մենք սխալ հիմքի վրա մեր պետությունը կառուցեցինք, հաղթեցինք պատերազմը, բայց հետևողականորեն  չկարողացանք կերտել ՀՀ քաղաքացի, որը իր հոգեկերտվածքում ունենար պետության-պետականության զգացողություն, տեր լիներ իր արժեքներին և ամուր ձեռքերում պահեր։ Մենք այդտեղ սայթաքեցինք, վրիպեցինք։  Մեկը մյուսին փոխարինելով՝ իշխանությունները սպանեցին ժողովրդին հոգեպես և ֆիզիկապես։ Երեսուն տարի մենք երկիր ենք քանդել և ոչ թե կառուցել։ Մենք երբեք չենք կարողացել մեր ունեցածը պահպանել, որպեսզի դրա վրա կարողանանք կառուցել։ Սա ոչ միայն այս երեսուն տարվա, այլ նախորդ պատմական ժամանակաշրջաններից է գալիս, դրա համար մենք ծովից ծով Հայաստանից սա ունենք և սա կորցնում ենք։ Ի՞նչ պիտի անենք։ Պիտի կարողանանք մեր հենասյուները պահպանել՝ եկեղեցին, մշակույթը, հերոսական էջերը․․․ Իսկ մենք եկեղեցին ավերեցինք, հերոսներին դատեցինք։ Այսինքն՝ պետք է անել այսօրվա արածի հակառակը և առհասարակ, նախկինում արածի հակառակը։ Հակառակը անում է թշնամին, սովորենք գոնե թշնամուց, մի հատ նայեք մեր թշնամին ինչպե՞ս է իրեն պահպանում։ Պիտի պահպանենք, զարգացնենք և այդ հենքի վրա ստեղծենք մեր քաղաքակրթությունը՝ հասցնելով համաշխարհային հնչեղության, բայց այդ ամենը արմատի վրա է ստեղծվում, էն մոլորյալները ասում են՝ մեր արմատը կտրենք դառնանք եվրոպացի, արմատը կտրես, չորանում ես, Ֆրանսիան իր արմատը չի կտրել, Գերմանիան չի կտրել․․․ պետք է հասկանանք, որ մենք ենք տերը մեր երկրի, բայց այսօր այդպես չէ։

Գրքի էջերում հաճախ են խաչվում երազային և իրական հայրենիքի սահմանները, Դուք  մեկ ապրում եք երազում, մեկ՝ իրականության մեջ։ Որպես բանաստեղծ՝ ինչպե՞ս եք իրարից սահմանազատում երազային հայրենիքը իրականից։ 

Երազը մարդուց և իրականությունից անպակաս է, դա պետք է լինի ցանկացած բանաստեղծի գրվածքներում և մարդու հոգեկերտվածքում։ Մերը միշտ այդպես է եղել։ Օրինակ՝  «Քեզ՝ Հայաստան» բանաստեղծության վերջին տողերը հենց իմ երազած Հայաստանն է, «Նոր Հայաստան» շարքի բանաստեղծություններն էլ են իմ երազած Հայաստանի մասին, ցեղասպանությանը վերաբերող գործերից օրինակ «Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին» բանաստեղծությունն էլ է այդ մասին։ Այսպես էլ երազն ու իրականությունը մեկ զուգահեռ են գնում, մեկ խառնվում են իրար։ Ի վերջո երազները իրականանում են, մի օր պոետի գրածը ընթերցողը կարողանում է տեսնել և պոետի երազը ինքն է դարձնում իրականություն։ Սա է բանաստեղծի հիմնական նպատակը, որ իրենից հետո եկողը կարողանա իր երազը իրականացնել։ Դրանով ինքը արդեն հաջողված ու հաղթանակած է։

Ի՞նչն է հայրենիքի ապագայի հանդեպ մշտավառ լույս ու լավատեսություն  արթնացնում Ձեր մեջ։ Այդ լավատեսությունը նկատելի է հենց գրքի առաջին էջում, որտեղ հիշում եք Ձեր ընկերներին, թե ինչպես էիք քայլում Երևանի փողոցներում, իսկ առջևից գնում էր ձեր տեսլականը՝ ինքնիշխան և հզոր Հայաստանը, և այդ պատկերը Ձեզ համար նույնն է նաև այսօր․․․

Այո, այդպես է, մարդը միշտ տեսնում է լավը, նա պարտավոր է տեսնել, եթե չի տեսնում ուրեմն մեռած է այլևս։ Հենց այդպես, մեր երիտասարդ տարիքում մտորում և քայլում էինք, և եկավ մի պահ, որ հասկացանք` ստեղծել ենք մի բան, բայց մեր  երազանքը ի վերջո մեր պատմական հայրենիքն էր․․․ Վանը, Արարատը՝ մեր սրբազան լեռը․․․ու էլի էդպես գնում ենք՝ դեռ մեր երազը չկատարված, մեր երազը, մեր տեսլականը մեր աչքերում, որը այսօր արդեն խարխլված է, բայց դարձյալ գնում ենք, և դեռ շատ սերունդներ պիտի գնան այդպես․ դա մեր ճակատագիրն է։ Այդ փոքրիկ առաջաբանը՝ ընծայագիրը, մի սերնդի պատմություն է, որը նաև վերաբերում է մյուս սերունդներին։ Ես հավատում եմ, որ երազները իրականանում են, մենք ունենալու ենք հզոր, անկախ, ուժեղ, մեծ Հայաստան։

Ես շատ եմ հավանել այն բանաստեղծությունները, որոնցում երկիրն անձնավորված է։ «Ազատության հրապարակ», «Նոր Հայաստան» շարքերում այն Ձեր առջև կանգնում է մանկան, երիտասարդի, կնոջ կամ խաբեբայի կերպարանքով․․․

Հենց այս շարքերի մասին էր խոսքս, որ ասում էի պետականություն  ունեցող բանաստեղծի գրած գործեր են։ Երբ տարիքդ առնում ես, հասունանում ես, զգում ես, որ քո ամենաթանկ բանը հայրենիքն է՝ քո վերջին ունեցվածքը։ Հայրենիքը և՛ մայր է եղել ինձ համար, և՛ քույր է եղել, սիրուհի է եղել, որ խաբել է, ընկեր է եղել, որ մատնել է։ Բանաստեղծություններից մեկում էլ ասում եմ, «հարազատ ես, երկի՛ր, որովհետև իմ լավը և վատը այստեղ է», առաջին անգամ ես այստեղ եմ լույսը տեսել,  ինձ այստեղ են սիրել, այստեղ են ցավ պատճառել։ Այս հարաբերություններն են ընկած բանաստեղծությունների հիմքում։  Ես այսպես պատճառաբանել եմ, թե ինչո՞ւ եմ սիրում իմ հայրենիքը, առանց պաթոսի եմ պատճառաբանել․․․․ գրքում շատ նոր երանգներ կան․․․․նույնիսկ կան շատ դաժան բանաստեղծություններ՝ «թափառում եմ իմ երկրում՝ գնչուի պես անհայրենիք»․․․

Հաջորդ գիրքը ո՞րն է լինելու, ի՞նչ թեմաներ եք ընդգրկելու։

Ես պատերազմից հետո մեր էպոսի առաջին ճյուղը մշակեցի, որն արդեն էջադրված է, 80 էջանոց գիրք է, վերնագիրը՝ «Երբ արև էին արքաները»։ Նպատակն էր այդ ահավոր վիճակից հետո գրել մի ոգի տվող գործ։ Մենք Սասնա տունը կորցրինք՝ ըստ իս Արցախը, և ահա Սանասարն ու Բաղդասարը կառուցում են տունը, սյուժեն եմ վերցրել և այսօրվա մեր տագնապներն եմ շարադրել՝ պահելով էպոսի բարձր չափանիշները՝ համամարդկային արժեքները, լեզուն, կոլորիտը։ Սասունի կառուցումը պետության կառուցումն է։ Գրքից դեռ միայն հատվածներ են տպագրվել «Գրանիշում» և մի քանի այլ կայքերում։ «Կորած սերունդը» սրանից առաջ ընկավ։ Իսկ մյուս գրքում, որ հաջորդ տարի կտպագրվի հիմնականում լինելու են սիրային շարքեր, հոգևոր շարքեր՝ սաղմոսներ և «Ավե Մարիա», ունեմ գարնան հետաքրքիր շարք՝ «Գարնան և սիրո ջարդը», «Երևան» շարք ունեմ՝ 2800-ամյակի առիթով եմ գրել՝  քաղաքի հանդեպ լուսավոր և սիրո դրսևորումներով, հիմնական թեմաներն են՝ սեր և Աստված, այն ցավոտ էջերը, որոնք պետք է լինեին այս գրքում, ես արդեն այն ընդգրկել եմ «Կորած սերնդում», այսինքն՝ նոր գիրքը ցավոտ էջերից զերծ է լինելու։

  

Զրուցեց Աստղիկ Աբրահամյանը

  • Created on .
  • Hits: 1133

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: