Զարմանալի չէ, որ «Գիտուժը» հենց Հայատանում է առաջացել

Դեռևս մինչև 2020 թվականի համավարակն ու 44-օրյա պատերազմը, բարձր տեխնոլոգիական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, որոնց նպատակն էր համախմբվել և պայքարել՝ հասնելու Հայաստանում ուժեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական էկոհամակարգ ունենալուն, փակ նամակ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ վարչապետին ու այլ պաշտոնյաներին։ Նամակում հստակ նշված է եղել, թե գիտական էկոհամակարգն ինչ վատթար վիճակում է, թվերով ներկայացվել է, որ Հայաստանում գիտությունը գնում է դեպի կործանում. գիտնականները ծերանում են, երիտասարդ գիտնականների ներհոսքը չի ապահովում անհրաժեշտ քանակը, ընդգծվել է, թե ինչ կարևոր նշանակություն ունի գիտական էկոհամակարգը տնտեսության, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։

Նամակում նշվել է, որ 30 տարիներին ունեցած պոտենցիալը լրիվ սպառվել, մաշվել է, քանի որ որևէ ուշադրության չի դարձվել գիտությանը, այն չի կարևորվել։ Այս տարիների ընթացքում գիտության դերի մասին, նաև կրթության զարգացման մեջ, ոչ մի ձևով հասարակության հետ չի երկխոսվել պետական մակարդակով ու այս ամենը բերել է նրան, որ հասարակության լայն շերտեր չգիտեն, թե որն է գիտության, գիտնականի դերը հասարակությունում։

«Այս ամեն ինչը բացատրվել էր նամակում։ Պետք էր հանդիպում կազմակերպվեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սակայն պատերազմի, համաճարակի պատճառով այդ երկխոսությունը հետաձգվեց։ Նամակի տակ ստորագրած գիտական համայնքը՝ մոտավորապես 120 հոգի, որոշում են հանրայնացնել պահանջները։ Այդպես առաջանում է «Գիտուժ» նախաձեռնությունը»,- cultural.am-ին նախաձեռնության ստեղծման նախապատմությունը ներկայացրեց «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքները համակարգող Լիլիթ Մարգարյանը։

«Գիտուժ» նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով, տեսլականն է՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորել հզոր ու ճկուն գիտական և «գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական»՝ ԳՀՓԿ էկոհամակարգ, որը լուծում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, խթանում է տնտեսության ու հասարակության շարունակական զարգացումը և արժեք է տալիս աշխարհին։

Նա նշեց, որ թեև Հայաստանը «Գիտուժի» առաջացման շրջանում գտնվում էր դժվարին վիճակում, սակայն նախաձեռնության անդամները համոզված են եղել՝ այն խնդիրները, որոնք կան մեր երկրում կապված անվտանգության, տնտեսության, քաղաքականության և այլ հարցերի հետ, կախված են հենց գիտական էկոհամակարգից. թե որքան կարող է այդ էկոհամակարգը լուծել այդ մարտահրավերները, պատրաստել համապատասխան մարդկային կապիտալ։

Gituj 4

«Եթե մենք միշտ այս էկոհամակարգի թեմաները, գիտության զարգացումն անտեսենք, մղենք երրորդական, չորրորդական պլան, առօրյա խնդիրներով զբաղվենք, միշտ այդ խնդիրներն ենք լուծելու, զարգացում, առաջընթաց չենք ունենալու։ Դրա համար որոշեցինք՝ ցանկացած իրավիճակում այս օրակարգն առաջնային ենք համարում, քանի որ երևացող և չերևացող թելերով ուղղակիորեն կապված է բոլոր առաջնային օրակարգերի հետ»,- ասում է Լիլիթ Մարգարյանը։

Նախաձեռնության անդամները հասկացել են, որ եթե խնդիրները, թեմաները բարձրաձայնեն միայն փակ շրջանակներում ու հանրային պահանջ չլինի, ոչ մի պաշտոնյա այս հարցին ուշադրություն չի դարձնի։

«Պատերազմից հետո բոլորը հիասթափած էին, չգիտեին՝ ինչ անել, մենք էլ երկար մտածում էինք՝ անել-չանել. բոլորս այդ ժամանակ ուժեղ ապտակ էինք ստացել, վերջապես սկսել էինք գիտակցել, որ մենք իրականում տեխնոլոգիական, գիտական պարտություն ենք կրել։ Դրա համար որոշեցինք հանրայնացնել մեր նախաձեռնությունը և պահանջները։ Եվ դա գործելու լավագույն ճանապարհն էր․ պետք էր գտնել մեր պարտությունների պատճառը և լուծել դրանք»,- նշում է նա։

Այդ ընթացքում «Գիտուժ»-ի համայնքն ավելի է մեծանում` ընդգրկելով մոտ 700 կազմակերպություն։ Սկսվում է նախաձեռնության երեք պահանջների հանրայնացումը.

«Գիտնականների աշխատավարձը խայտառակ ցածր էր, նոր ծրագրեր իրականացնելու համար գումար չկար։ Պահանջում էինք՝ գիտության համար հատկացումները ավելացնել 50 տոկոս, որպեսզի նաև արտասահմանից գիտնականների ներգրավեինք ծրագրերում, երիտասարդ գիտնականները կարողանային իրենց ծրագրերն իրականացնել ու մրցունակ աշխատավարձեր ստանային։

Gituj 5

Երկրորդ կետը՝ միջազգային փորձ. եթե ցանկություն կա զարգացնել գիտությունը, ԳՀՓԿ էկոհամակարգը (https://www.facebook.com/gituzh.am/posts/pfbid02W4yaFae4GxDxHDXMAG6oLQY39hxqrwHaACiZxipk339CR6KEETZ79UEuyhaARKzXl), դա հնարավոր չէ անել, եթե հատկացումները, կապ չունի մասնավոր, թե պետական, չի լինում 1 տոկոս, այսինքն՝ ՀՆԱ-ի 1 տոկոսը պետք է գնա գիտությանը։

Զարգացած և զարգանալ ցանկացող բոլոր պետություններն այնքան են կարևորում գիտությունը, որ մշակել են ԳՀՓԿ էկոհամակարգը զարգացնող բոլոր տեսակի խթանիչները, այնպես, որ շատ երկրներում հիմնական ներդրումներն անում է հենց մասնավոր հատվածը։ Մեզ մոտ այդ ուղղությամբ որևէ բան չի արվում։ Բայց կրկնեմ, եթե 1 տոկոս չլինի, համակարգը չի կարողանա զարգանալ։ Այդ 1 տոկոսը ինքնանպատակ չէ, պետք է հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի մեջ ներդնել։  Անհրաժեշտ է զարգացնել այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծելու են էկոհամակարգ, որն ունակ է լուծել մեր խնդիրները։

Gituj 1

Երրորդ կետը՝ գրվի ռազմավարություն, հստակեցվի՝ ինչ ունենք, ինչ պետք է արվի, որպեսզի զարգանան Հայաստանի համար կարևոր ուղղությունները»։

«Գիտուժի» անդամները սկսում են խորհրդակցությունների շարք, հանդիպումներ գիտնականների, պատկան մարմինների, շահագրգիռ կողմերի հետ, մյուս կողմից տանում են գիտության հանրահռչակում՝ աշխատելով մեդիայի հետ։

««Գիտուժի» պահանջից մեկ տարի անց կառավարությունը որոշում է 83 տոկոսով բարձրացնել գիտության համար հատկացումները։ Ի դեպ, մինչև այդ նախատեսել էին կրճատում, երբ իմացանք, հանրայնացրեցինք, պնդեցինք՝ չպետք է նվազում լինի ու կառավարությունն իրենց այդ մտադրությունից հետ կանգնեց։ Ավելացված հատկացումներն ուղղվում են գիտնականների աշխատավարձերի աստիճական բարձրացմանն ու չափազանց կարևոր ծրագրերի մեկնարկին, որոնք անում է Գիտության կոմիտեն՝ ներգրավելով արտասահամանյան գիտնականներին»,- ասում է Լիլիթ Մարգարյանը։

Ըստ նրա, կառավարության, պատկան մարմինների մոտ նկատվում է գիտության զարգացմանն ուղղված աշխատանքներ անելու ցանկություն, բայց միաժամանակ առաջ են քաշում ԳԱԱ ինստիտուտները համալսարանին միավորելու ծրագիր կամ ակադեմիական քաղաք կառուցելու մտադրություն։

«Ողջունելի է, որ ուզում են զարգացնել գիտությունը, բայց մտահոգիչ կետեր կան. երբ քննարկվում է կառուցվածքային փոփոխություններ ու չի քննարկվում բովանդակություն, թե ինչ էկոհամակարգ են ուզում կառուցել, ինչ ուղղությամբ են պատկերացնում զարգացումը, որը ոչ միայն մրցունակ լինի, նաև կարողանա Հայաստանի խնդիրները լուծել։

«Գիտուժի» ստեղծման գլխավոր նպատակն է եղել՝ Հայաստանում եղած և զարգացող գիտությունն առաջին հեթին պետք է ծառայի Հայաստանում մարտահրավերների լուծմանը, պետք է լինի այն էկոհամակարգը, որը ստեղծում է մեծ ու փոքր մարտահրավերներն ու խնդիրները լուծելուն ունակ ներուժը։

Մենք այդ կառուցվածքային փոփոխությունների իմաստը որպես «Գիտուժ» չենք հասկանում։ Մյուս կողմից չենք հասկանում, թե ինչպես կարելի է կառուցվածքային այդքան էական, 180 աստիճանի փոփոխություններ անել ու չհաղորդակցել գիտական համայնքի հետ»,- ավելացնում է Լ. Մարգարյանը։

Վերջերս «Գիտուժի» ներկայացուցիչները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, քննարկվել են տարբեր հարցեր։

Լ. Մարգարյանը հանդիպումից որոշ մանրամասներ է հայտնում. «Շատ ուրախ ենք այդ հանդիպման համար և շատ մեծ ակնկալինքեր ունենք։ Հանդիպումից հետո երկու խումբ առաջարկներ ենք ուղարկել՝ Հայաստանում ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման և «Գիտության շաբաթ» իրականացնելու վերաբերյալ։

Ողջունում ենք, որ ուզում են բարեփոխումներ անել, քանի որ էկոհամակարգն այնպիսի վիճակում է, որ, իրոք, հիմնային ու լուրջ բարեփոխումների կարիք ունի, բայց դրանք չպետք է լինեն չմտածված, ռիսկերը չգնահատված, այլապես գիտական էկոհամակարգն ընդհանրապես կարող է կործանվել։

Հանդիպման ընթացքում նշեցինք, որ ցանկացած փոփոխություն անելուց առաջ այն պետք է հաղորդակցել շահագրգիռ կողմերի հետ, քննարկումներ անել, մարդկանց բովանդակային առումով ցույց տալ՝ ինչու եք որոշել այդ ճանապարհով գնալ։

Մյուս կողմից, եթե ուզում ենք ապագայում հասարակության լայն շերտեր հասկանան գիտության կարևորությունը, ավելի շատ երիտասարդներ ցանկանան գալ գիտություն, առաջարկել ենք իրականացնել համահայաստանյան գիտության շաբաթ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է գիտությունը, փորձերի միջոցով երեխաները ոգևորվեն, որպեսզի նրանց մոտ էլ ցանկություն առաջանա դառնան գիտնականներ։ Առաջարկները քննարկման փուլում են»։

Իսկ ամենակարևոր հարցը, որը դեռ լուծված չէ ու «Գիտուժ» համայնքի ուշադրության կենտրոնում է. ինչպես է ստեղծվելու ԳՀՓԿ աշխատանքների հզոր, ճկուն էկոհամակարգ, որը նպաստելու է Հայաստանում խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, օգնելու է տնտեսությունում, հասարակությունում առկա խնդիրների լուծմանը, արժեք է տալու աշխարհին։

«Այդ ամենը պետք է իրար հետ շաղկապված լինեն։ Եթե մի բան անտեսում ես, այդ էկոհամակարգը չի աշխատելու ի օգուտ Հայաստանի խնդիրների լուծմանը»,- ընդգծում է Լ. Մարգարյանը։

Երկրորդ հարցը գիտության ինստիտուցիոնալ հանրայանցումն է, որը կներգրավի հասարակության բոլոր շերտերը և կծառայի իր ռազմավարական խնդիրների լուծմանը։

«Մենք հիմա աշխատում ենք կարևորագույն այս երկու խնդիրների լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ»,- ասում է «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքները համակարգող Լիլիթ Մարգարյանը։

Gituj 3

Cultural.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանի հետ գիտության քաղաքականության, գիտնականի ու գիտության նկատմամբ վերաբերմունքի, երիտասարդ գիտնականների մասին.

Հայաստանի գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացներն ինչպե՞ս կգնահատեք։

Ես կգնահատեմ մի քանի չափանիշներով։ Ինչ վերաբերում է  դրանց ինտենսիվությանը, ապա այն այսօր բավականին ակտիվ է, տեսնում ենք բազմաթիվ նախաձեռություններ. ինչ-որ գործողություններ են իրականացվում, նախագծեր են առաջանում։ Երևի թե մեր անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ տեսնում ենք գիտության հետ կապված այսքան գործողություն։ Դա, միանշանակ, դրական երևույթ է։

Հանրության հետաքրքրությունը գիտության նկատմամբ զգալիորեն աճել է։ Այստեղ մենք օբյեկտիվ պատճառներ ենք տեսնում. 2020 թվականի պատերազմից հետո հասարակությունը հասկացավ, որ այս ճանապարհով ոչ մի հաղթանակ չենք ունենա և այդ ընկալումը բերեց որոշակի վերանայումների, որը նաև առաջացրեց «Գիտուժ» նախաձեռնության հիմքը և «Գիտուժը» փաստացի սկսեց ակտիվ գործել հենց 2020 թվականից հետո, երբ բազմաթիվ ընկերություններ, մարդիկ միացան նախաձեռնութանը։

Այդ ընդհանուր ընկալումը կար և մեդիայի, «Գիտուժի» ակտիվության շնորհիվ այդ ընկալումը տարածվում է։

Կան նաև մտահոգություններ։ Այս ամենին զուգահեռ և չնայած նրան, որ բյուջեում գիտության ֆինանսավորումն աճել է, այս պահին դեռ չենք տեսնում որևէ զգալի փոփոխություն։

Մենք չենք տեսնում առաջնահերթությունները, այլ տեսնում ենք տարբեր կառույցների կողմից որոշակի կազմակերպչական ջանքեր, բայց կա մտավախություն. բացահայտ բաները, որոնք պետք է արվեն, չեն արվում,  դրանց փոխարեն արվում են բաներ, որոնք այդքան էլ բացահայտ չեն, բավարար քննարկված չեն։

Մեր տեսակետից կա որոշակի անհամաչափություն։  Օրինակ, կարելի էր շատ կոնկրետ քայլերով ֆինանսավորում ուղղել դեպի գիտահետազոտական և փորձարարական գործունեություն, բայց դա համարյա չի արվում։ Դրա փոխարեն ինչ-որ մեգապրոյեկտներ են գեներացվում, որոնք միգուցե կաշխատեն, բայց անհամաչափ, մեծ գործեր են փորձում իրականացնել այն պարագայում, երբ  կոնկրետ գործողություն իրականացնելու հարցում, որն այսօր կբերի կոնկրետ արդյունքի, կարծես թե հապաղում են։ Դա մեզ բավականին մտահոգում է։

Խնդիրները խորն են և սուր, գիտնականների միջին տարիքը շարունակում է աճել, ներհոսքը դեպի գիտություն բավարար չէ, և շատ ոլորտներում գիտական փորձն ու գիտական մշակույթը գնալով հանգչում է, քանի որ մեզանից հեռանում են, կամ աշխատանքից հեռանում են գիտնականներ, իրենց փոխարինողներ չկան։ Այդ իրավիճակի շուրջ զգալի, կտրուկ փոփոխություններ, ցավոք սրտի, չկան։

Բայց դրա հետ մեկտեղ ամենակարևորն այն է, որ կա խնդրի գիտակցում և ցանկություն լուծելու խնդիրը։

Gituj 2

Հզոր գիտություն, ուժեղ պետություն. այս բանաձևը միշտ արդիական է և արդյոք մենք ի վերջո կունենա՞նք այդ ուժեղ պետությունը, «Գիտուժը» ինչքանո՞վ կնպաստի այդ պետության կերտմանը։

«Գիտուժ» նախաձեռնության մեր կարևորումը գալիս է նրանից, որ ոչ միայն մեր նպատակը ուժեղ պետությունն է որպես այդպիսին, այլ մեր նպատակը պետություն ունենալն է։ Մենք շատ լավ հասկանում ենք ու գիտակցում, որ եթե չունենանք ուժեղ պետություն, ապա մեր պետականությունն է թուլանալու։ Սա այն դեպքը չէ, երբ քիչ թե շատ խաղաղ միջավայրում է երկիրը, դու կարող ես ավելի լավ ապրել կամ ավելի վատ, ավելի լավ կազմակերպել քո ժողովրդի կյանքը կամ ավելի վատ, բայց դրանից ընդամենը կախված է բարեկեցության մակարդակն ու ապագայի զարգացումների հեռանկարները։

Մեր պարագայում դրանից կախված է մեր գոյությունը՝ և պետության, և ազգի։ Եվ այդ առումով գիտության դերը մեր պետության ապագայի ձևավորման մեջ շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ երկրի համար։ Ես կասեի Հայաստանն այդ առումով եզակի երկիր է, որովհետև մենք երևի միակ երկիրն ենք, որ գիտության շատ սուր կարիքն ունենք և չունենք գիտություն կամ ունենք, բայց շատ թերզարգացած, հետ ընկած, կորուստներ ունեցած վիճակում է։ Իսրայելն այդ խնդիրն իր համար լուծել է, կան նաև երկրներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն, բայց այնպես չէ, որ գոյաբանական խնդիրների առջև են կանգնած։

Զարմանալի չէ, որ «Գիտուժը» հենց Հայատանում է առաջացել, այլ ոչ թե, օրինակ, Էմրիաթներում, աֆրիկյան որևէ երկրում։

Մշտապես գիտությանը, գիտնականին գնահատող ժողովուրդ ենք եղել, սակայն, կարծեք այսօր, մասնավորապես խորհրդային միության փլուզումից հետո, ինչ-որ բան փոխվել է։ Ի՞նչն է պատճառը։  

Կարծում եմ՝ խորքային առումով մենք ունեցանք արժեքների ճգնաժամ։ Դա ցանկացած հեղափոխական փոփոխության ամենավտանգավոր հետևանքներից մեկն է։ Նույն բանը եղավ 1918 թվականին Ռուսական կայսրությունում։ Նույն բանը լինում է ցանկացած այլ երկրում, որտեղ ինչ-որ պահի փոխվում է  հասարակարգը և այդ պահերին այլևս ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեծ արժեքների վրա, բոլորն ընկած են այդ պահի խնդիրները լուծելու կամ ինչ-որ բան ձեռք բերելու, օգտվելու, զավթելու հնարավորության հետևից։

Մենք դրանով անցանք ու այդ պահին շատ մեծ կորուստ ունեցանք։ Հետո արդեն գտնվում էինք թմբիրի մեջ, չէինք գիտակցում այդ կորստի խորությունը։ Մեզ թվում էր՝ ինչ-որ բան կա, դա պահենք, վաղը, մյուս օրը, երբ հարստանանք,  կզբաղվենք գիտությամբ, այլ ոլորտներով։ Մենք նաև տեսնում էինք ինչ-որ առումով արվեստի, այլ ոլորտների զարգացում, ուրախանում էինք ու մեզ թվում էր՝ ամեն ինչ լավ է  ընթանում։ Սակայն կան բաներ, որոնք կորստից հետո շատ ավելի հեշտ են վերականգնվում, օրինակ` արվեստը, որովհետև շատ ավելի քիչ ենթակառույցներ է պահանջում, կան բաներ, որոնք կորցնելով, գրեթե անհնար է հետ բերել։ Դրանցից մեկը գիտությունն է։

Աշխարհում շատ երկրներ կան, որոնք ընդհանրապես գիտություն չունեն։ Մենք մեծ հեշտությամբ կարող ենք հայտնվել այդ երկրների ցանկում։ Ոչ մի բան մեզ չի խոչընդոտում այնտեղ հայտնվել։ Այդ վտանգի չգիտակցելը երևի մեր ամենամեծ ու ամենակոպիտ սխալն է։ Չգիտակցված կորուստն այդպես էլ չգիտակցվեց։ Միայն հիմա ենք սկսում գիտակցել, բայց անցել է 30 տարի ու շատ բաներ հնարավոր չէ վերադարձնել։ 

Երիտասարդ սերնդի պոտենցիալն ինչպե՞ս կգնահատեք,  շատ ենք հետ մնում աշխարհից։

Մենք աշխարհից հետ չենք մարդակային ռեսուրսների որակի առումով, եթե մենք մոռանանք քանակական չափանիշների մասին։ Մենք ունենք շատ փայլուն երիտասարդներ, ուղղակի մեր խնդիրն այն է, որ ամեն ինչը շատ սակավ է։ Մենք չունենք բավարար լավ կրթական համակարգ, որն առաջացնի բավարար քանակի ապագա գիտնականներ, որոնցից գոնե մի մասը կհասնի մեծ հաջողությունների։ Մենք որակական առումով ունենք աշխարհի մակարդակի մարդկանց ձևավորելու հնարավորություն, որոնք որևէ կերպ չեն զիջում այլ երկրներում ապրող և աշխատող երիտասարդներին, քանի որ դեռ կան փայլուն ուսուցիչները, դասախոսները, որոնք կարողանում են իսկապես և՛ աշխատել, և՛ ձևավորել մտածողություն։ Ուղղակի այդ հոսքը շատ սակավ է և մեր արդիական խնդիրները չի լուծում։ Դա է պատճառը, թե ինչու մենք պետք է շատ լուրջ մտածենք այն մասին, որ նաև կրթական համակարգը զարգացնենք, հոսքը դեպի գիտություն լինի բավարար, որպեսզի գիտության մեջ արդյունքներ գրանցենք։ Գիտության մեջ պետք է շատ բան փորձել, որ նոր բան ստացվի, եթե քիչ գործ է արվում քիչ մարդկանցով, շատ քիչ բան կստացվի։

Ինչպիսի՞ արժեք պետք է ստեղծենք, որ նախ ի նպաստ մեզ լինի, ապա նաև աշխարհին։

Կան ոլորտներ, որոնք պատմականորեն ունեցել են զարգացման ճանապարհ, որին մենք չենք մասնակցել։ Այդ ոլորտների մեջ այսօր մտնելը Հայաստանի համար իմաստ ունի միայն այն դեպքում, եթե անմիջականորեն կապված են մեր անվտանգության հարցերի հետ։ Այդ ոլորտները հաստատ կան ու դրանցով պետք է զբաղվել։

Բայց եթե խոսում ենք աշխարհի մակարդակով մեծ ձեռքբերումների հասնելու շուրջ, առաջին հերթին պետք է կենտրոնանալ այն ոլորտների վրա, որոնք այսօր ունենում են ամենամեծ զարգացումը և  չունեն երկար պատմական ընթացք։ Օրինակ, արհեստական բանականությունը, բիոգենետիկան։ Ոլորտներ, որտեղ այսօր թռիչքային զարգացումներ են, չունեն որոշակի երկարաժամկետ նախապայմաններ, չեն պահանջում հետ գնալ 19-րդ դար, նույն ճանապարհը նորից անցնել, ձևավորել անհրաժեշտ գիտելիքը, կարողությունը։

Այդ ոլորտներն այսօր համարյա զրոյից թռիչքային զարգացման փուլում են գտվում։ Եթե մենք մտնենք այդ ոլորտներ, ռեալ շանսեր ունենք, որ մեծ ձեռքբերումներ կունենանք։ Հայաստանում կան ընկերություններ, որոնք միջազգային մակարդակի արհեստական բանականության տեխնոլոգիաներ են ստեղծում, ունեն պրոդուկտներ, որոնք աշխարհ են գրավում։ Դա օրինակ է, թե ինչպես մենք կարող ենք դա անել։ Հարցն այն է,  եթե մենք դա գիտակցում ենք, տեսնում ենք այդ հնարավորությունը, մենք ինչպես ենք գործում՝ թողնում ենք մասնավոր նախաձեռնության վրա ու կողմ ենք քաշվում որպես պետություն, թե մենք որպես պետություն ակտիվ մտնում ենք դրա մեջ, մասնակցում ենք,  աջակցում ենք, որպեսզի այդ ոլորտները զարգանան։ Մինչ այսօր մեզ մոտ ավելի շատ առաջին տարբերակն է, հույսը դնում ենք մասնավորի վրա։ Մինչ այսօր պրոֆիլային նախարարություններից չունենք ոլորտային առաջարկներ, թե ինչ պետք է անի գիտությունը, որպեսզի իրենց ոլորտում լինի եզակի, աշխարհի մակարդակի ձեռքբերում։ Ոնց որ զբաղված են տնտեսվարությամբ, այլ ոչ թե ոլորտն իրապես զարգացնելով։

Հայաստանում կա որոշակի միտում, որը եկել է խորհրդային տարիներից, պայմանավորված է այն ժամանակվա առաջնահերթություններով. գիտության զարգացման առաջնային նպատակը կրթության զարգացումն է, այսինքն՝ զարգացնենք գիտությունը, որպեսզի մեզ մոտ ավելի լավ կրթություն լինի, որպեսզի ունենանք ավելի կրթված մարդկանց, ավելի շատ գիտնականներ, որոնք կդասավանդեն համալսարաններում, կրթության մակարդակը կբարձրանա, բոլոր ոլորտներում կունենանք ավելի շատ մասնագետներ։

Այդ գեղեցիկ պատկերն իր մեջ ունի մեծ վտանգներ, որովհետև կա մի պարզ սկզբունք՝ անպտուղ գիտությունը մահանում է։ Եթե գիտությունը ծառայեցնում ես նպատակների, որոնք իրենց բնույթով գիտության առաջնային նպատակը չեն, դու այդ գիտությունը դարձնում ես անպտուղ, մահացնում ես, երկար չի գոյատևի այդ դերակատարման մեջ, չի ունենա այն որակը, որպեսզի իսկապես պարծենանք, ոգևորվենք։  Չի լինի այն ներուժը, հոսքը դեպի գիտություն, որն ակնկալում ենք։ Միայն այն դեպքում, երբ որ գիտության առջև դրվեն մեծ, վեհ նպատակներ, գիտությունը զգալի ձեռքբերումներ, զարգացումներ ապահովի տնտեսության համար, Հայաստանը ներկայանա աշխարհին որպես գիտական հզոր երկիր, գիտությունը կծառայի նաև մնացած նպատակներին, կրթության զարգացմանը։ Բնականորեն, այդ պարագայում նաև ինքնազարգացման պահանջ կառաջանա։ Իսկ եթե դնենք ու փորձենք գիտությունից  մսխենք կրթության բարելավումը, դրանից ոչ մի լավ բան չի լինի։

Շնորհակալություն։

Տ. Մ.

  • Created on .
  • Hits: 2083

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: