Հայ ընտանիքի մետաղադրամը Միցեին հասցրեց Մակեդոնիա․ կրտսեր Միցեն Հայաստան վերադարձավ «41-րդ միջօրեական»-ով

Հայաստանում ներկայացվում է մակեդոնացի անվանի նկարիչ Միցե Յանկուլովսկու տարածաշրջանում առաջին անհատական ցուցահանդեսը։

Այն իրականացնում է «ՀայԱրտ» Կենտրոնը՝ համագործակցելով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Հյուսիսային Մակեդոնիայի «ՕՍԹԵՆ» պատկերասրահի և Հայաստանի հանրապետությունում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ։

«41-րդ միջօրեական» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 2024թ.-ի դեկտեմբերի 13-ին, կգործի մինչև 2025թ.-ի փետրվարի 13-ը։

Միցե Յանկուլովսկու ստեղծագործական ճանապարհի և Հայաստանում առաջին անհատական ցուցահանդեսի  մասին զրուցել ենք նկարչի գործերի համադրող, մակեդոնական «ՕՍԹԵՆ» պատկերասրահի տնօրեն Կորնելիա Կոնեսկայի հետ։

koneska

Տիկի՛ն Կորնելիա, Միցե Յանկուլովսկին իր ստեղծագործական ճանապարհը սկսել է ծաղրանկարներով, ինչպես անցում կատարեց գեղանկարներին։

Յանկուլովսկին սկսել է ստեղծագործել 1969 թվականին՝ 15 տարեկանում։ Առաջին աշխատանքը շրջանաձև պանելի վրա է արել։ Զբաղվել է կինետիկ նկարչությամբ, այսինքն՝ ստուգել, թե ինչպես է տեղի ունենում ֆորմաների շարժը և գույների խաղը։ Երկար տարիներ աշխատել է օրգանիկ ֆորմաներով, գույների ուսումնասիրությամբ, բայց արդեն 10-ը տարի է, ինչ որոշել է աշխատել սև գույնի հետ։

Միցեի 55 տարվա աշխատանքը արտիստիկ ստեղծագործական գործընթաց է, որը բաժանվում է երեք ժամանակահատվածների, սկիզբը՝ կինետիկ և օրգանիկ ձևեր (ֆորմաներ), երկրորդը՝ ավելի քիչ գույներ, երրորդը՝  միայն սև։

Միցե Յանկուլովսկի 3

Ինչո՞ւ ընտրվեց հենց սևը։

Այն կենտրոնացման վիճակ է, միջոց։ Կա ճապոնական հեքիաթ, ըստ որի՝ ճապոնական մի փոքր գյուղում ապրում է մի ընտանիք, որտեղ տղային հայրը հարցնում է՝ ինչ ես ուզում դառնալ, երկու տարբերակ կա՝ քահանա կամ զինվոր։ Տղան պատասխանում է, որ ուզում է դառնալ պոետ։ Հայրն ասում է, որ պետք է ընտրի կամ քահանա, կամ զինվոր, այլ տարբերակ չկա։

Տղան պնդում է իր որոշումը։ Հայրը տղային ուղարկում է երկրի ամենաբարձր գագաթը՝ մեկ տարի մտածելու համար։ Երբ տղան վերադառնում է, հայրը հարցնում է՝ ինչ որոշեցիր, տղան պատասխանում է՝ ես գրելու եմ միայն ձյան մասին։ Այս օրինակով՝ Միցեն այնքան շատ է իմացել և տարվել  գույներով, որ ի վերջո հասկացել է, որ բոլոր գույները պարունակում է սևը։

Անցած ճանապարհը բերեց կենտրոնոցումը դեպի սևը։ 2016թ․ Վենետիկի Բիենալեի շրջանակում Միցեն 5 մետրանոց կտավի վրա մոտ 600 գույներով օրգանական ֆորմաներ է ստեղծել։ Հաճախ կատակ եմ անում Միցեի հետ, ասում եմ՝ դու արդեն բոլոր գույների հետ քո խաղն ունեցել ես։ Այսպես, բոլոր գույների օգտագործումից հետո, նա կենտրոնացավ մի քանի գույնի վրա՝ սևի, մոխրագույնի, նման երանգների, հետո արդեն սևի ամենասև երանգի՝ ածուխի սևի վրա։

Միցե Յանկուլովսկի 4

 Միցե Յանկուլովսկի 5

Միցեի գործերում  կա և՛ հաշվարկ, և՛ պատահականություն, ինչպես է նա կարողանում կտավի մակերևույթը լրացնել այդպես։ Պլանավորո՞ւմ է նախապես աշխատանքը։

Միցեն հիմնականում պլանավորում է իր աշխատանքը, բայց բնականաբար լինում են փոփոխություններ, և չի լինում այն, ինչ ուզում էր։ Իր աշխատանքում չկա ուղղման պահ, եթե մի բան այն չի լինում, չի հավանում, սկսում է նորից։ Բայց հիմնականում ստացվում է։ Նա ոգեշնչումը գտնում է ուսումնասիրությունների և բացահատումների մեջ։ Միցեն, չնայած, որ 70 տարեկան է, գերակտվիվ մարդ է՝ երկվորյակի համաստեղությամբ, կարողանում է բազմաթիվ գործեր կատարել, միաժամանակ կենտրոնանալ երկու բանի վրա։ Բայց լինում է նաև, որ փակվում է սենյակում և սկսում է իր աշխատանքը։ Չունի տարբերակ չպլանավորելու, քանի որ իր գործերը մեծ են, մոդուլյար են, լինում է, որ եռյակ են, քառյակ կամ ավելին և միասին կապված։ Անպայման ունի նախապես մշակում, կենտրոնացում։

Միցեի աշխատանքներն ունեն առանձնահատկություններ՝ մինիմալիզմը, մոդուլյարությունը, բազմապատկելիությունը և միագույն լինելը։ Դրանք ունեն սահմանափակումներ, պետք է ունենալ հստակ պլան, ժամկետ։

Միցե Յանկուլովսկի 6

2019թ․-ին առաջին անգամ մասնակցեցիք Հայաստանում անցկացվող «Գեղարվեստակակն տպագրության Երկրորդ միջազգային Բիենալե, Երևան 2019»-ին։ Ի՞նչը գրավեց այստեղ, որ առաջարկեցիք անհատական ցուցահանդեսով ներկայանալ։

Շատ տպավորված էինք Բիենալեով, որը կազմակերպել էր  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը։ Նաև զարմացած էինք, որ նման կազմակերպվածություն է ցուցաբերվում երկրոդ տարին անցկացվող Բիենալեի շուրջ։ Միցեի՝ այստեղ աշխատանք ունենալը նպաստեց, որ համագործակցությունը մեծանա։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կունենա։

Դեռ երկար չենք ուսումնասիրել Հայաստանն ու իր պատմությունը, կան ընդհանուր գիտելիքներ, որ երկու երկրների միջև կան ընդհանրություներ թե՛ կրոնական պատմությամբ, թե՛ շրջապատող երկրներով, նաև երկուսն էլ ունեն ինքնությունը պահելու խնդիրը։ Հենց այս պատճառով էլ ցուցադրությունը կոչվում է «41-րդ միջօրեական»։ Երկու երկրները գտնվում են նույն միջօրեականի վրա, և երկուսն էլ աչքի են ընկնում փոքր, բայց հարուստ մշակույթներով։ «ՕՍԹԵՆ»  թանգարանում մենք նույնպես կազմակերպում ենք մակեդոնական Բիենալե, որտեղ ես համադրողն եմ, Միցեն՝ նախագահը։ 2025 թ․ մեր թանգարանի 80-ամյակն է, և հոբելյանական Բիենալե է տեղի ունենալու։ Մենք ցանկանում ենք տանել հայ արվեստագետի, ներկայացնել «Մշակութային երկխոսություն» կազմակերպության համագործակցությամբ։

Մենք նոր-նոր սկսում ենք ճանաչել հայ նկարիչներին և դա բնականաբար ժամանակ կպահանջի, հանդիպել ենք արդեն մի քանիսի հետ, հույս ունենք դեռ շատերի հանդիպել։

 Միցե Յանկուլովսկի 10

Բացի ցուցադրվող 23 մեծածավալ աշխատանքից, Միցեն ներկայացրել է նաև 10 աշխատանք, որոնք արվել են այստեղ՝ «ՀայԱրտ» Կենտրոնի ցուցասրահներից մեկում։ Բաց արվեստանոցին հետևեցին արվեստասերներ և արվեստագետներ։ Ինչպիսի՞ զգացողություններ և դիտարկումներ ուներ Միցեն։

Մի փոքր միջադեպ եղավ, բոլոր նյութեր տեղափոխման ժամանակ սառել էին, ստիպված եղանք այստեղից նորից ձեռք բերել, ինչը ժամանակային առումով անհանգստություն էր առաջացրել Յանկուլովսկու մոտ, մտածում էր՝ ինչպես ներկերն իրենց կդրսևորեն կտավի վրա, ինչպես պետք է աշխատի․ դա իրենից կախված չէր։ Բայց ի վերջո ավարտին շատ գոհ էր թե՛ երեկոյից, թե՛ կտավից։ Այս կտավները նույնպես ներկայացվել են ցուցադրությանը և երկու կտավ նվիրաբերվելու է Երևանին։ Ուզում եմ նաև նշել, որ «ՀայԱրտ» կենտրոնը գերազանց հարմարություններ ունի, մեծ պոտնցիալ ունի ցուցադրություների համար, նույնիսկ Միցեի մեծածավալ կտվաները կարծես չքանան այս մեծ պատերի վրա։

 Միցե Յանկուլովսկի 2

Առաջին անգա՞մ է, որ Յանկուլովսկին տեղում՝ հանդիսատեսի առջև է կտավ ստեղծում, թե էլի է փորձ ունեցել։

Սանկ Պետերբուրգի ժամանակակից թանգարանում է ունեցել փորձ, այն ավելի շատ կենդանի նկարելու ընթացքն էր, ոչ ամբողջապես։ Հայաստանում սակայն սկզբից մինչև վերջ՝ բոլոր մանրուքներով և մանրամասնություններով, հանդիսատեսը տեսավ, թե ինչպես է աշխատում Յանկուլովսկին։

Ընդհանրապես մինիմալ արվեստը շատ դժվար է հասկանալ, շատ գաղտնիքներ ունի, այդ պատճառով շատ ավելի արդյունավետ էր այս ընթացքին հետևելը։

Եվ լավ կլինի, որ մադիկ գան, տեսնեն շփվեն այս արվեստի հետ։

Միցե Յանկուլովսկի 1

Յանկուլովսկին ավելի քան 50 անհատական ցուցահանդես է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայում և արտերկրում, մասնակցել միջազգային բազմաթիվ փառատոնների, այժմ կա՞ գերագույն նպատակ, որը իր համար սահմանել է։

Անցած տարի Միցեն Մակեդոնիայում ստացել է պետական և նկարիչների միության կողմից մրցանակ, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով մի շարք մրցանակներ։  Այս փաստն, իհարկե, չի կարող չուրախացնել և չպարտավորեցնել։

Քանի որ Յանկուլովսկին շատ ինտուիտիվ մարդ է, առաջնորդվում է ինտուիցիայով, նաև ստեղծում ենք Միցե Յանկուլովսկու հիմնադրամ, որով նպատակ ունի օգնելու երիտասարդ արտիստներին՝ ճանապարհ բացելու և ուղղորդելու։

Բացի այդ, պլանավորում ենք 2025 թ․ Խորվաթիայում ունենալ ցուցահանդես, Չինաստանի հետ ենք բանակցությունների մեջ, որ Շանհայի արվեստի թանգարանում լինի, Իտալիայում ու Նյու Յորքում ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ, պլանավորում ենք կրկին հանդես գալ։ Ամբողջ աշխարհում արդեն ունեցել ենք ցուցադրությունների փորձ և աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր գիտեն, ճանաչում են Միցեին և ընկալում են իր արտիստիզմի ստեղծագործական առանձնահատկությունները։

Այդ ցանկում է նաև Հայաստանը, վստահաբար, նորից կգանք։

Միցե Յանկուլովսկի 7

Միցեն զբաղվել է նաև անիմացիա ֆիլմերի ստեղծմամբ, ինչու շարունակական չեղավ այս ուղղությունը։

Միցեն մուլտիմեդիա արտիստ է, զբաղվել է ծաղրանկարներով, ապակենկարչությամբ, անիմացիոն ֆիլմերով, պալինդրոմներով (տեքստային արվեստ է, ձախից աջ կարդացվում է այլ խոսք, աջից ձախ՝ այլ), դրա վրա դեռ աշխատանք ունի անելու։

Մտադրություն չունի անիմացիոն ֆիլմերի վերդառնալու, այժմ իր կենտրոնացումը գեղանկարն է՝ սևով։

Այս ցուցահանդեսը նույն միջօրականի վրա գտնվող երկու երկրների մերձեցման փորձ է, կա՞ արդյոք հենց հայ հանդիսատեսի համար մեսիջ։

Մեր ընտրած խորագիրը՝ «41-րդ միջօրեկան», պատահական չէ։ Յանկուլովսկու պապիկը, որի անունն էլ կրում է, (սլավոնական անուն է), աքսորված է եղել Մակեդոնիայից Անատոլիա, և այնտեղ խնդիրների լուծման ընթացքում իրեն օգնել է հայ ընտանիք։ Դեպի Մակեդոնիա 41-րդ միջօրեկանի ճանապարհին հայ ընտանիքն իրեն տվել է ոսկե մետաղադրամ, որն էլ օգնել է Միցեի պապիկին փրկվել և տուն վերադառնալ։ Այդ պատճառով է այս խորագիրն ընտրվել։ Միցեի անձնական մոտիվն է եղել, մտահաղացումը, որ հենց այս խորագրով ներկայանան։ Այն շատ կարևոր է երկու երկրների և ընդհանրապես մարդկային կապերի և հարաբերությունների մեջ։ Հատկանշական է այն սիմվոլիկան, որ դրված է այս ցուցադրության մեջ՝  ցանկանում ենք, որ այժմյան աշխարհում մարդկայնությունը և բարոյականությունն ավելի շատ ընդգծվեն այս արվեստով։

sona harutyunyan

Շնորհակալություն, տիկի՛ն Կորնելիա, հարցազրույցի համար։

Նշենք, որ Միցե Յանկուլովսկու անհատական ցուցահանդեսն իրականացվել և աջակցություն է ստացել Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրկության կողմից։

Ինչպես նաև 2024թ․-ի ապրիլի 5-ին Երևանի քաղաքապետարանի հրամանով՝ «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալե»-ի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Նշանակման պահից ի վեր «ՀայԱրտ» Կենտրոնի նոր անձնակազմն աշխատում է կենտրոնի նոր ռազմավարության և հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Կենտրոնի նոր ռազմավարության առանցքային գաղափարն է վերականգնել թանգարանային հարթակը և հնարավորություն ընձեռել մայրաքաղաքի հյուրերին և մեր քաղաքացիներին ծանոթանալ միջազգային լայն ճանաչում վայելող արվեստագետներին, միևնույն ժամանակ «ՀայԱրտ» Կենտրոնի թանգարանային հարթակը հասանելի դարձնել ստեղծարար և ստեղծագործ ներուժ կրող հայ արվեստագետների համար։ Նոր քաղաքականության և ռազմավարության առաջին նախագծերին է պատկանում նաև մակեդոնացի ճանաչված նկարիչ Միցե Յանկուլովսկու «41-րդ միջօրեկան» առաջին անհատական ցուցահանդեսը մեր տարածաշրջանում՝ Հայաստանում։

Զրուցեց Գայանե Պողոսյանը

  • Created on .
  • Hits: 196

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: