Հայ ավանդական պարը խաղաղության լեզվով կարող է խոսել տիեզերքի հետ․ Համազասպ Ասլանյան

Հայ ավանդական պարի կրողները միայն բեմի վրա կանգնած խմբերը չեն։ Ամենաանկեղծ ու կենդանի շարժումները գալիս են գյուղի հրապարակից, ընտանիքի հավաքից։
Այսպես է պարը գերել Համազասպ Ասլանյանին, որը տարիներ շարունակ զբաղվում է պարի ուսումնասիրությամբ, պահպանմամբ ու տարածմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Արմատներով սեբաստացի Համազասպին այն ուղեկցել է դեռ մանկուց։
«5 տարեկանից հաճախել եմ ժողովրդական պարերի, որոնց ասում եմ ժողովրդական բեմադրված պարեր։ Հետո եկավ ավանդականը։ 2010 թվականին «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը դարձավ առաջին լուրջ փորձը։ Սկզբում մանրուքների համար վիճում էի պարուսույցների հետ․ ձեռքը ինչպես պահել, ոտքը ինչպես դնել։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ավանդական պարը միայն շարժում չէ, այլ մի ամբողջ աշխարհընկալում»,-ասում է նա՝ ընդգծելով, որ հայ ավանդական պարի իրական իմաստը հասկացել է գյուղերով շրջելիս։ Մարդիկ պարում են ոչ թե ուրիշի աչքի, այլ իրենց հոգու համար։
«Հաճախ գնում էի տարբեր պարախմբերի փորձերին՝ «Կարին», «Լեռնապար», «Նժդեհ», «Սասուն», «Վան», որպեսզի տարբեր կողմերից հասկանամ պարը։ Բայց ամենամեծ բացահայտումը եղավ, երբ գնացի Աշնակ գյուղ՝ Թալինի շրջան։ Աշնակեցիների մոտ ամբողջացվել է Սասնո նիստուկացը։ Այնտեղ մարդիկ պարում են այնպես, ինչպես իրենց պապերն են պարել։ Թոռը կանգնել է պապի կողքին ու կրկնել շարժումները։ Պարը կենդանի է, ժառանգված, ոչ թե սերտած։ Առաջին անգամ տեսա նաև, որ մահվան օրը որպես առիթ նշվի։ Մայիս 27-ին՝ Չաուշի մահվան օրը, որպես տոն են նշում։ Կողքի գյուղերից եկած սասունցիների պարը 27-ին ուղղակի տեսնել էր պետք, ամեն մի տոհմ մի ձև էր պարում Մշո խըռը․ մեկը՝ թռվռալով, մեկը՝ ծանր, մեկը՝ աջ գալով, մյուսը՝ տեղում, անգամ էդ տոհմի մեջ ամեն մի մարդը կողքինից տարբեր էր պարում։ Ես տեսա պարի ձևավորման իրական ակունքները»,- նշում է Համազասպը՝ հիշելով ավանդական պարը հրապարակ բերելու առաջին փորձերը։
2015 թվականից են սկսվել առաջին նախաձեռնությունները։ Մի խումբ երիտասարդներ միջոցառումներ են կազմակերպել եկեղեցիների բակում՝ տաղավար տոներին։ Համազասպն այդ ժամանակ դեռ ծառայում էր Հայոց բանակում, վերդառնալուց հետո միացել է նախաձեռնությանը։ Մինչ այդ պահը դեռ ավանդական պարը Կասկադից դուրս չէր եկել՝ որպես հանրային ինտերակտիվ միջոցառում։
«2016 թվականից ես պարտավորություն ստանձնեցի շարունակել այդպիսի միջոցառումների կազմակերպումը։ Եվ իմ կողքին միշտ եղել են մարդիկ, որոնք օգնել ու սատար են կանգնել։ Ծաղկազարդի, Զատկի և տաղավար մյուս տոների ժամանակ եկեղեցու բակում կազմակերպում էինք միջոցառումը, որը ներառում էր նաև պարուսուցում, այսպիսով՝ պարը վերածվում էր տոնականության։ Մարդիկ սկսեցին մասնակցել, ոգևորվել»։
Այս նախաձեռնություններին համընթաց Համազասպին միշտ մի միտք հանգիստ չի տվել. ինչու չկա մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են հայ ազգային պարի, երգի, նախաձեռնության մասին իմանալ։ Եթե լսում է պարերգը, ապա ձեռքի տակ ունենա նաև բառերը, կամ այլ կատարումներ։ Կային առանձին էջեր, խմբեր, բայց ամբողջական չկար։ Նա որոշել է ստեղծել «Էրգիր» հարթակը (www.ergir.am)։ Մասնագիտությամբ կիբեռնետիկ Համազասպն այս միտքը կյանքի կոչելու համար ծրագրավորում է սովորել։
«Տեսնում էի ճամբարներում, որ երգը մարդկանց միավորում է։ Հարթակը հենց դրա համար էր՝ մարդկանց կապելու։ Հետո հասկացա՝ պարն էլ է նույնն անում։ Մի օր ընկերոջս հետ էի խոսում, ասացի, ինչու ոչ մեկը չի նախաձեռնում նման հարթակի ստեղծումը, ասաց՝ ոչ մեկը չի անում, դու արա։ Ու արեցի»,- ժպիտով հիշում է Համազասպը։
«Էրգիր»-ը առաջին փորձն է եղել ազգային նմուշները մի տեղում զետեղելու համար։ Այնտեղ կան ձայնագրություններ, պարերի տեսագրություններ տարբեր խմբերի կողմից։ Հեղինակը խորհրդակցել է ազգագրագետների հետ, որպեսզի կարողանա գտնել և ճիշտ ձևով թվայնացնել երգերն ու պարերը։ Այս հարթակն իր տեսակի մեջ միակն էր, սակայն որոնման, և արագության առումով այդքան էլ հարմար չէր, այդ պատճառով ծնվեց նոր գաղափար, այս ամենը տեղափոխել տելեգրամյան հարթակ․
«Ուզում էի, որ լինի մի վայր, որտեղ ցանկացած մարդ կարող է գտնել մեր պարային ժառանգության նյութերը։ Այդպես ծնվեց «Արի պարի» հարթակը։ Այսօր «AriPari» տելեգրամյան ալիքը դարձել է միջոցառումների մասին տեղեկացնելու հիմնական միջոցը։ Ֆեյսբուքը սահմանափակում է՝ ում ցույց տալ, ում՝ ոչ։ Իսկ տելեգրամը ուղիղ կապ է, միանգամից ծանուցումն ուղարկվում է բաժանաորդագրված օգտատերերի։ Ակտիվ է նաև ինստագրամյան էջը»,- մանրամասնում է նա։
Այսօր հազարավոր մարդիկ հենց այդ ալիքից են իմանում ավանդական պարի միջոցառումների մասին։ Իսկ «AriPariBot» տելեգրամյան ռոբոտի միջոցով հնարավոր է գտնել ցանկացած պարի մասին տեղեկություն, ծագում, նշանակություն, տեսագրություն, երգ և այլն։ Հեղինակը երազում է, որ հարթակը դառնա նաև միջազգային կապի միջոց․
«Պարախմբերը Սփյուռքում շատ են, և պետք է միմյանց գտնեն։ Թող Լոս Անջելեսի հայը տեսնի, որ կողքին խումբ կա, գնա, մասնակցի, ծանոթանա, ընտանիք ստեղծվի։ Մեկ նոր օրորոց օրորվի»։
Սա է պարուսույցի հիմնական նպատակը։ Սակայն Համազասպը որոնող է, անընդհատ սիրում է նոր բան սովորել, փորձել ու ստեղծել։ Այս գործիքներին ավելացրել է ևս մի քանիսը՝ ստեղծելով «Պարադարան»-ը։
Օգոստոսի 22-ին Անգլիական այգում տեղի է ունեցել հայ ավանդական պարի նորաստեղծ առցանց հանրագիտարանի՝ «Պարադարան»-ի շնորհանդեսը:
Առցանց հարթակում կան 100-ից ավելի պարեր և պարերգեր։ Մարդիկ կարող են լսել, ներբեռնել 500-ից ավելի հայկական պարեղանակներ, տեսնել բազում պարերի առցանց տեսադասեր, գտնել պարերգերի բառեր, ծանոթանալ ու կապ հաստատել հայրենիքում և սփյուռքում գործող հարյուրավոր պարախմբերի հետ, տեղեկանալ սպասվող բոլոր պարային միջոցառումների մասին, ներբեռնել ավանդական պարերի հետ կապված տարատեսակ գրականություն՝ գրքեր, հոդվածներ, դիտել հոլովակներ և լուսանկարներ ազգային պարերին առնչվող համերգներից և միջոցառումներից։
«Ամեն միջոցառման փորձում եմ ավելացնել մի բան, որը կօգնի մարդկանց ավելի խորը զգալ իրենց հայ լինելը։ Օրինակ՝ պարադարանի շնորհանդեսի ընթացքում ցույց տվեցինք Հայկ Նահապետի մասին մուլտֆիլմը։ Կարծում եմ՝ նման բաները ավելի ուժեղ են ազդում մարդկանց վրա։ Ինչ միջոց կա, պետք է օգտագործվի, որպեսզի հայը տեսնի մյուս հային, ուղղակի բռնի ձեռքը ու սկսի պարել, այդ պարն էլ վերածվի խոսքի, մտքի ու էմոցիայի։ Ինչպես ընկեր Գինոսյանն էր միջոցառումների ընթացքում զրուցում, պատմում, ցույց տալիս»,- ասում է Համազասպն ու նշում, որ տասնյակ խմբեր է ունեցել, դասավանդել է նաև դպրոցներում, ուզում է մեծահասակներին էլ վերադարձնել պարին։ Պարողի համար այս ամենը ոչ թե մասնագիտություն է, պարտավորություն, այլ կոչում։
«Դեռ չեմ գտել այն միջոցն ու ձևը, որով կկարողանամ պարի իսկական նշանակության ու ազդեցության մասին խոսել բոլորի հետ ու ամեն տեղ, ոչ միայն Հայաստանում։ Բայց կգտնեմ»,- համոզված է նա։
Համազասպ Ասլանյանի նախաձեռնություններն արդեն դուրս են եկել Հայաստանի սահմաններից։ Բրազիլիայի հայ համայնքին է սովորեցրել հայկական պարեր, Կիպրոսում է կազմակերպել միջոցառում։
Այնտեղ առաջին անգամ տարբեր հայկական ակումբների ներկայացուցիչներ համախմբվել են պարի շուրջ։
«Փորձեցինք միասին առաջին անգամ Սփյուռքում կազմակերպել պարային հավաք։ Բնականաբար, առաջինը կատարյալ չէր, բայց իմ համար դա արդեն մեծ ձեռքբերում էր։ Կիպրոսում չկա միասնական համայնք, բայց պարի միջոցով մարդիկ ծանոթացան, միասին պարեցին։ Սա է պարի ուժը։ Պարն այն միջոցն է, որով նույնիսկ այն հայը, որ Հայաստանի մասին միայն անունով է լսել, կարող է զգալ իր ազգային պատկանելությունը։ Եթե նույնիսկ մի հայ մեկ ուրիշի հետ ծանոթանա, ձեռքը բռնի, պարի, սկսեն շփվել, արդեն կապը հաստատվում է։ Ու ամեն մեկն իր ձևով կկարողանա փոխանցել հայ լինելու մասին պատկերացումը։ Կարծում եմ, որ մարդիկ ունեն սրա կարիքը»,- հույս ունի պարուսույցը։
Համազասպը մի քանի պատճառ ունի, որպեսզի պարը դարձնի միավորման, համախմբման լուծում։ Այն մարդկանց միավորում է, հնարավորություն տալիս խոսել կարևոր բաների մասին և հասնել տիեզերք։
«Մեկը կարող է նվագել, մյուսը՝ ֆիլմ նկարել։ Իմ գտած լավագույն միջոցը հենց պարն է։ Ինձ համար ավանդական պարը պարզապես գեղեցիկ շարժում կամ մշակութային ժառանգություն չէ։ Այն միջոցն է տիեզերքի հետ միանալու համար․ հոգևոր և համամարդկային ինչ-որ բան»,-ասում է Համազասպը՝ մանրամասնելով, որ պարի մեջ նա նաև արարչագործական իմաստ է գտել։
«Հայ ավանդական խմբային պարը արարչական պտույտ է։ Եթե խորանանք հենց բառի կազմության և գործածության մեջ, ապա կտեսնենք, որ բառը ասոցացվում է հենց պտույտ, ցիկլ, շրջան բառերի հետ, իսկ ինչու արարչական, որովհետև աստղերի, համաստեղություների կառուցվածքն ու նշանակությունն էլ են բերում պտույտի գաղափարին։ Այս ամենը դեռ գիտականորեն ապացուցված չէ, սակայն շատ տրամաբանական է։ Ես չեմ առանձնացնում զգացածը և մտածածը։ Երբ պարում ես, շարժումը դառնում է քո ներքին ապրումների տրամաբանական շարունակությունը»,- նշում է Ասլանյանը՝ անդրադառնալով պարի մեկ այլ կարևորությանը և իմաստին․
«Մարդը էներգիա ունի, և երբ հարյուր հոգի բռնում է իրար ձեռք, դա դառնում է հսկայական մագնիսական դաշտ։ Ինչ զգացումով պարում ես, դա էլ գնում է տիեզերք։ Եթե ցավով պարես, հենց այդ ազդակը կգնա։ Պարես լույսով, լույսը կհասնի տիեզերք։ Խմբային պարը ֆիզիկական ապացույցն է, որ մենք միասին կարող ենք խաղաղություն ուղարկել ամբողջ աշխարհին։
Կուզեմ շատերը միասին պարեն՝ լույսով, սրտով, դրական ապրումով։ Որ այն, ինչ մենք ուղարկում ենք տիեզերք, լինի խաղաղություն, սեր ու ներդաշնակություն։ Որ այդ ուղերձը վերադառնա ու ազդի մեր մոլորակի ու յուրաքանչյուր անհատի, ծառի, թռչնի վրա։ Պարը այդպես դառնում է համամարդկային մի բան՝ մի տեսակ խաղաղության լեզու, որը խոսում է տիեզերքի հետ։ Ու սա կարող է արվել աշխարհի հայերի միջոցով»։
Համազասպ Ասլանյանի նպատակը հստակ է․ դեռ չի գտել այն իրագործելու ճանապարհը, սակայն չի վախենում։ Եթե չհասցնի էլ, համոզված է՝ հաստատ կգտնվի մեկը, որը կշարունակի իր սկսած գործը։
Հայ ավանդական պարին, ազգային երգին վերաբերող տեղեկություններին ու նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
«Էրգիր» հարթակ- www.ergir.am
«Արի պարի» հարթակ - https://www.aripari.am
«AriPariBot» տելեգրամյան ռոբոտ - https://t.me/ariparibot
«AriPari» ինստագրամյան էջ - https://www.instagram.com/aripari.am/#
Զրուցեց Գայանե Պողոսյանը
- Created on .
- Hits: 346