Յուրի Լոտման․ Դեկաբրիստը կենցաղում (մաս 5)
Մաս 5
Խնդիրը, որն այժմ մեզ հետաքրքրում է, անմիջականորեն կապված է 1810-ական թվականների ռուս հասարակական կյանքի այնպիսի նշանակալի երևույթների գնահատման հետ, ինչպիսիք են «Կանաչ լամպը» (Зеленая лампа)[1], «Արզամասը» (Арзамас)[2], «Բարձր ծիծաղի միությունը» (Общество громкого смеха)[3]։ Այդ առումով առավելապես հատկանշական է «Կանաչ լամպի» ուսումնասիրման պատմությունը։
Պուշկինի ժամանակակից կրտսեր սերնդի (որը 1810-ականների և 1820-ականների սկզբի իրադրության մասին միայն այստեղ-այնտեղ լսածից գիտեր) շրջանում, շրջանառվող լուրերը, թե իբր օրգիաներ են իրականացվում «Կանաչ լամպում», վաղ շրջանի կենսագրական գրականություն ներթափանցեցին և պայմանավորեցին Պ․ Ի․ Բարտենևից[4] ու Պ․ Վ․ Աննենկովից[5] սկիզբ առնող ավանդույթը, որի համաձայն՝ «Կանաչ լամպը» ապաքաղաքական հասարակություն է, օրգիաների վայր։ Պ․ Ե․ Շչյոգոլևը[6] 1907 թվականին գրված հոդվածում, կտրուկ բանավիճելով այդ ավանդույթի հետ, հարց է բարձրացնում հասարակության և դեկաբրիստական «Բարօրության միության» միջև կապի մասին[7]։ «Կանաչ լամպի» արխիվի՝ Բ․ Լ․ Մոձալևսկու[8] կողմից հրատարակված հատվածները փաստաթղթերով հաստատում են այդ ենթադրությունը[9], ինչը մի շարք հետազոտողների հնարավորություն է տալիս ապացուցելու այդ վարկածը։ Հենց այդպես էլ խնդիրը ներկայացվում է Մ․ Վ․ Նեչկինայի[10] վերջնական աշխատությունում։ Վերջապես «Կանաչ լամպի» մասին այդ տեսակետը ամենայն խորությամբ և Բ․ Վ․ Տոմաշևսկու[11] համար սովորական քննադատությամբ շարադրված է նրա «Պուշկին» գրքում, որտեղ տվյալ հատվածը ավելի քան քառասուն էջ է զբաղեցնում։ Այդ դրույթները վերանայելու ոչ մի հիմք չկա։
Բայց հենց ամբողջականությունը և մանրամասնությունը, որով շարադրված է «Կանաչ լամպի» մասին այդ տեսակետը որպես «Բարօրության միության» կողմնակի կառավարում, բացահայտում են նման մոտեցման որոշ միակողմանիությունը։ Մի կողմ թողնենք առասպելները և ասեկոսեները և մեր առջև դնենք Պուշկինի բանաստեղծական շարքը ու միության անդամներին ուղղված նրա նամակները։ Միանգամից ինչ-որ ընդհանուր բան կտեսնենք դրանց միջև, որը նաև կապում է դրանք Յա․ Տոլստոյի[12] բանաստեղծությունների հետ, որին Բ․ Վ․ Տոմաշևսկին իրավացիորեն համարում էր ««Կանաչ լամպի» երդվյալ բանաստեղծ»[13]։ Այդ առանձնահատկությունը ակներև ու ոչ երկիմաստ ազատասիրության միավորումն է բերկրանքի ու զգայական սիրո պաշտամունքի, սրբապղծության և որոշ հոխորտացող լիբերտինաժի[14] հետ։ Պատահական չէ, որ այդ տեքստերում ընթերցողը հաճախ բազմակետերի է հանդիպում, որոնց առկայությունն ինքնին անհնար է Ն․ Տուրգենևին, Չաադաևին և Ֆ․ Գլինկային ուղղված ստեղծագործություններում։ Բ․ Վ․ Տոմաշևսկին հատված է ցիտում Պուշկինի ուղերձից Ֆ․ Ֆ․ Յուրիևին և համեմատում այն «Վոյնարովսկուն» նվիրված ռիլեևյան ձոնի հետ։ Պուշկինը գրում էր «Կանաչ լամպի» անդամներից մեկին՝ Ֆ․ Ֆ․ Յուրիևին․
Здорово, рыцари лихие
Любви, свободы и вина!
Для нас, союзники младые,
Надежды лампа зажжена.
(Ողջո՜ւյն, ասպետնե՛ր քաջարի
Սիրո, ազատության և գինու։
Մեզ համար, համախոհնե՛ր երիտասարդ,
Հույսի լամպն է վառված[15]։)
«Հույս» բառի նշանակությունը քաղաքացիական իմաստով պարզ է դառնում Ռիլեևի «Վոյնորովսկուն» ձոնից․
И вновь в небесной вышине
Звезда надежды засияла[16]․
(Ու կրկին երկնային բարձունքում,
Հույսի աստղը փայլեց[17]։)
Սակայն, ընդգծելով այս երկու տեքստերի պատկերային հարազատությունը, չպետք է մոռանալ մի բան․ Պուշկինի շարքում մեջբերված բանաստեղծություններից հետո հաջորդում է Ռիլեևի համար միանգամայն անհնարին, իսկ ամբողջ դիտարկվող ցիկլին շատ բնորոշ մի բան․
Здорово, молодость и счастье,
Застольный кубок и бордель,
Где с громким смехом сладострастье
Ведет нас пьяных на постель!
(Ողջո՜ւյն, երիտասարդություն ու երջանկություն,
Խնջույքի գավաթ ու պոռնկատուն,
Որտեղ հեշտասիրությունը բարձր ծիծաղով
Հարբած տանում է մեզ անկողին[18]։)
Եթե համարենք, որ «Կանաչ լամպի» ողջ էությունն արտահայտվում է «Բարօրության միության» կողմնակի կառավարման դերի մեջ, ապա ինչպե՞ս կապել այդպիսի - բոլորովին ոչ եզակի - բանաստեղծությունները «Կանաչ գրքի» ցուցումի հետ, որ «բարոյականության և առաքինության կանոնների տարածումը Միության գերնպատակն է», իսկ անդամների պարտքն է համարվում «բոլոր ելույթներում փառաբանել առաքինությունը, սևացնել անբարոյականությունը և արհամարհանք ցուցաբերել թուլամորթության հանդեպ»։ Հիշենք Տուրգենևի գարշող վերաբերմունքը «կերուխումի» հանդեպ՝ իբրև «բռիներին» արժանի զբաղմունքի։ «Ցանկասիրական կյանքի հաճույքների ճահճուտը Մոսկվայում է։ Ուտում են, խմում, քնում, թղթախաղ խաղում, և այս ամենը՝ աշխատանքով ծանրաբեռնված գյուղացիների հաշվին»[19]։ Գրությունը թվագրված է 1820թ․, որ Բարատինսկու[20] «Խնջույքներ»-ի (Пиры) հրատարակման թվականն է։
«Կանաչ լամպի» առաջին հետազոտողները, ընդգծելով դրա «օրգիական» բնույթը, չէին ընդունում, որ այն որևիցե քաղաքական նշանակություն ունի։ Ժամանակակից հետազոտողները, բացահայտելով միության անդամների իսկական քաղաքական հետաքրքրությունների խորությունը, ուղղակի մի կողմ դրեցին «Բարօրության միության» բարոյական մթնոլորտի և «Կանաչ լամպի» միջև ցանկացած տարբերություն։ Մ․ Վ․ Նեչկինան ընդհանրապես լռությամբ շրջանցեց խնդրի այս կողմը։ Իսկ Բ․ Տոմաշևսկին ելքը գտավ «Կանաչ լամպի»՝ լուրջ և «Բարօրության միության» ոգուն լիովին համապատասխանող նիստերը Նիկիտա Վսեվոլոժսկու[21] տան՝ անպարկեշտություններով լի երեկոներից տարբերակելու մեջ։ «Ժամանակն է տարբերել Վսեվոլոժսկու երեկոները «Կանաչ լամպի» նիստերից»,- գրում է նա»[22]։ Ճիշտ է, մի քանի տող հետո հետազոտողը զգալիորեն մեղմացնում է իր պնդումը՝ հավելելով, որ «Պուշկինի համար, իհարկե, Վսեվոլոժսկու տան երեկոները նույնքան անտրոհելի էին, որքան անտրոհելի էին «Արզամասի» նիստերը և սագով ավանդական ընթրիքները»։ Անհասկանալի է մնում, թե ինչ կարիք կա բաժանելու այն, ինչ Պուշկինի համար անբաժանելի է, և այդ դեպքում արդյո՞ք կարիք կա բաժանելու «Արզամասի» «լուրջ» նիստերն ու «զվարճալի» ընթրիքները։ Դժվար թե այս խնդիրը հնարավոր լինի լուծել։
«Կանաչ լամպը», անկասկած, ազատասեր գրական միություն էր, այլ ոչ թե անառակ մարդկանց խառնամբոխ։ Այս հարցի վրա գլուխ կոտրելու անհրաժեշտություն ամենևին չկա[23]։ Ոչ պակաս ակնհայտ է նաև, որ «Բարօրության միությունը» փորձում էր ազդել «Կանաչ լամպի» վրա (Ֆ․ Գլինկայի և Ս․ Տրուբեցկոյի մասնակցությունը «Կանաչ լամպին» այս հարցում ոչ մի կասկած չի թողնում)։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այն «Միության» սովորական մասնաճյուղ էր, և ոչ մի տարբերություն չկա այդ երկու կազմակերպությունների միջև։
Տարբերությունը ծրագրային դրույթների և իդեալների մեջ չէ, այլ վարքի տեսակի։
Մասոնները օթյակի նիստերը «աշխատանք» էին կոչում։ «Բարօրության միության» անդամի համար իր գործունեությունը որպես կազմակերպության մասնակից նաև «աշխատանք էր» կամ ավելի հանդիսավոր՝ ծառայություն։ Պուշչինը[24] այդպես էլ ասում է Պուշկինին․ «Միայն ես չեմ այս նոր ծառայությանն անցել հայրենիքին»[25]։ Քաղաքական դավադրի տրամադրությունում գերիշխում են լրջությունն ու հանդիսավորությունը։ «Կանաչ լամպի» անդամի համար ազատասիրությունը զվարճանքի նրբերանգներով է գունավորված, իսկ ազատության իդեալի իրացումը կյանքը անվերջանալի տոնի վերածելն է։ Դիպուկ է նկատել Լ․ Գրոսմանը այդ ժամանակահատվածի Պուշկինին բնութագրելիս[26]․ «Քաղաքական պայքարը ընկալում էր ոչ թե որպես հրաժարում և զոհողություն, այլ որպես ուրախություն և տոն»[27]։
Սակայն տոնն այդ պայմանավորված է նրանով, որ զեղուն կյանքը ծաղրում է արգելքները։ Քաջությունը (лихость) (համեմ․՝ «ասպետներ քաջարի») «Կանաչ լամպի» իդեալները տարանջատում է Բատյուշկովի ներդաշնակ հեդոնիզմից (և արզամասցիների չափավոր կենսուրախությունից)՝ մոտեցնելով Դ․ Դավիդովի[28] «ծայրահեղ հուսարությանը (гусарщина)» [29] և Յազիկովի[30] ուսանողական խրախճանքին։
«Պատշաճության» կարամզինյան պաշտամունքի խախտումն արտահայտվում է միության անդամների խոսքային վարքում։ Հարցն իհարկե հրատարակման համար ոչ պատշաճ բառերի գործածումը չէ․ այդ դեպքում «Լամպը» ոչնչով չէր տարբերվի ցանկացած բանակային կերուխումից։ Հետազոտողների համոզմունքը, որ խմած կամ ուղղակի տաքացած երիտասարդությունը՝ երիտասարդ սպաներն ու բանաստեղծները, դատարկ զրույցներում հավատարիմ էին մնում Ռուսական ակադեմիայի բառարանի (Словаря Академии Российской) բառապաշարին, և դրանով ապացուցում էին, որ «կալմիկների[31] ողջույնի» հռչակավոր խոսքերը պետք է սոսկ մատնանշեին սրախոսությունների[32] ոչ բավարար նրբացածությունը, արդյունք է գրավոր աղբյուրների հիպնոսի՝ բնորոշ ժամանակակից պատմական մտքին․ փաստաթուղթը հավասարեցվում է իրականությանը, իսկ փաստաթղթի լեզուն՝ կյանքի լեզվին։ Բանն այն է, որ «Կանաչ լամպի» նիստերի և երեկոների մասնակիցները փիլիսոփայական ու քաղաքական բարձր մտքի և բանաստեղծական նրբին պատկերավորության լեզուն զուգակցում էին փողոցային բառապաշարի հետ։ Դա ստեղծում է յուրահատուկ, կտրուկ մտերմավարի (фамилярный) ոճ, որը բնորոշ է Պուշկինի՝ «Կանաչ լամպի» անդամներին ուղղված նամակներին։ Անսպասելի բախումներով և ոճական համադրություններով հարուստ լեզուն յուրօրինակ պայմանախոսք (пароль) է դառնում, որով ճանաչում էին յուրայինին։ Լեզվական պայմանախոսքի, խիստ արտահայտված խմբակային ժարգոնի առկայությունը բնորոշ են թե՛ «Լամպին», թե «Արզամասին»։ Հենց «յուրային» լեզվի առկայությունն է ընդգծում Պուշկինը՝ աքսորավայրից մտովի տեղափոխվելով «Կանաչ լամպ» («Կրկին լսում եմ․․․ // Ձեր կախարդական լեզուն»)։
Խոսքային վարքին պետք է համապատասխաներ նաև կենցաղայինը՝ հիմնված նույն խառնուրդի վրա։ Դեռևս 1817 թվականին դիմելով Կավերինին[33] (հուսարական մթնոլորտը նախապատրաստում էր «Լամպի» մթնոլորտը)՝ Պուշկինը գրում էր, որ
...можно дружно жить
С стихами, с картами, с Платоном и с бокалом,
Что резвых шалостей под легким покрывалом
И ум возвышенный и сердце можно скрыть․
(․․․կարելի է համերաշխ ապրել
Բանաստեղծությունների հետ, խաղաթղթերի, Պլատոնի և գավաթի,
Որ կայտառ չարաճճիությունների թափանցիկ քողի տակ
Ե՛վ վեհ միտքը, և՛ սիրտը կարելի է թաքցնել[34]։)
Հիշեցնենք, որ հենց նման խառնուրդի դեմ էր հանդես գալիս մորալիստ և քարոզիչ Չացկին․
Когда в делах — я от веселий прячусь,
Когда дурачиться — дурачусь,
А смешивать два эти ремесла
Есть тьма охотников, я не из их числа.
(Գործի պահին խնդությունից փախչում եմ ես․
Զվարճանալիս՝ զվարճանում եմ լիապե՜ս։
Բայց կան անթիվ հմո՜ւտ մարդիկ, որոնք գիտեն
Երկու արվեստն այդ խառնել իրարու հետ։
Նրանցից չե՛մ[35]։)
Պաշտամունքի վերաճած ընտանեվարությունը կենցաղի ինքնատիպ ծիսականացման էր հանգեցնում։ Միայն թե դա «շրջված» ծիսականացում էր, որը կառնավալի զվարճալի ծես էր հիշեցնում։ Այստեղից էլ բնորոշ սրբապիղծ փոխարինումները․ Վոլտերի «կույսը» փոխարինվում է «Քարիտի[36] սուրբ Աստվածաշնչով»։ «Լաիսայի» հետ հանդիպումը կարող է նաև ուղիղ անվանվել՝ պալատական լեզվական քաղաքավարության ընդգծված անտեսմամբ․
Когда ж вновь сядем вчетвером
С б... вином и чубуками,—
(Երբ նորից կկարողանանք նստել չորսով՝
․․․ գինով և ծխամորճերով[37])
և թարգմանվում է սրբապղծության ծեսի լեզվի․
Проводит набожную ночь
С младой монашенкой Цитеры.
(Բարեպաշտ գիշեր է անցկացնում
Երիտասարդ միանձնուհի Ցիտերայի հետ[38]։)
Սա կարելի է համեմատել «Արզամասում» մասոնական ծեսի կառնավալացման հետ։ Խեղկատակային գործողության պարոդիկ հակածիսականությունը երկու դեպքում էլ ակնհայտ է։ Բայց եթե «լիբերալիստը» այլ կերպ էր զվարճանում, քան Մոլչալինը, ապա ռուս «կարբոնարի[39]» ժամանցը տարբեր էր «լիբերալիստի» զվարճանքներից։
Ռուսերենից թարգմ․՝ Էլիզա Ստեփանյանի
Ծանոթագրություններ
[1] 1819-1820 թվականներին պետերբուրգյան ազնվական, մեծամասամբ զինվորական, երիտասարդության ընկերական միություն։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[2] Ընկերական միություն, գրական խմբակ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[3] Գրական խմբակ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[4] Ռուս պատմաբան և գրականագետ, պուշկինագիտության հիմնադիր, Չերտկովյան գրադարանի տնօրեն, «Русский архив» պատմական ամսագրի հիմնադիր և հրատարակիչ: [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[5] Ռուս գրաքննադատ, գրական պատմաբան, հիշատակագիր։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[6] Հասարակական շարժման և գրական պատմաբան։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[7] Տե՛ս Щеголев П. Е. Пушкин. Очерки. СПб., 1912 (глава «Зеленая лампа»); см. также: Щеголев П. Е. Из жизни и творчества Пушкина. М; Л., 1931։
[8] Ռուս տոհմաբան, մատենագետ, խմբագիր, գրականագետ, պուշկինագետ, ռուս գրականության պատմաբան։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[9] Модзалевский Б․ Л․․ Истории «Зеленой лампы». — В кн.: Декабристы и их время- Т. 1. М., 1928։
[10] Нечкина М. В. Движение декабристов. М., 1955, т. 1, с. 239—246։
[11] Խորհրդային գրող, գրականագետ, բանաստեղծության տեսաբան և տեքստաբան, Պուշկինի ստեղծագործությունների հետազոտող, թարգմանիչ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[12] Յակով Նիկոլաևիչ Տոլստոյ (1791 - 1867) — «Կանաչ լամպ» կազմակերպության նախագահը
[13] Томашевский Б. Пушкин. Кн. 1 (1813—1824). М.; Л., 1956, с. 212։
[14] Լիբերտինիզմ (լատ․ lībertīnus –ազատարձակ, ազատ արձակված (ստրուկ կամ ճորտ)) կամ լիբերտինաժ՝ նիհիլիստական փիլիսոփայության անվանում, որը ժխտում էր կանոնների (առաջին հերթին բարոյական) ընդունումը հասարակության մեջ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[15] Բառացի թարգմանություն - Է․Ս․։
[16] Томашевский Б. Пушкин. Кн. 1 (1813—1824). М.; Л., 1956, с. 197։
[17] Բառացի թարգմանություն - Է․Ս։
[18] Բառացի թարգմանություն - Է․Ս․։
[19] Дневники Н. Тургенева. Т. Ш. — В кн.: Архив братьев Тургеневых. Вып. 5. Пг., 1921, с. 25։
[20] Ռուս բանաստեղծ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[21] «Կանաչ լամպի» հիմնադիր, զավեշտախաղերի հեղինակ, թարմանիչ, մոլի թատերասեր։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[22]Томашевский Б. Пушкин. Кн. 1, с. 206։
[23] Գոյություն ունի ևս մեկ պատճառ, թե ինչու չի կարելի համաձայնել ո՛չ Պ․ Աննենկովի հետ, որը գրում էր, թե դեկաբրիստների գործով հետաքննությունը բացահայտել է ««Կանաչ լամպի» անմեղությունը, այսինքն՝ օրգիական բնույթը» (Анненков П. А. С. Пушкин в Александровскую эпоху. СПб., 1874, с. 63), ո՛չ Բ․ Տոմաշևսկու, որը ենթադրում էր, որ «օրգիաների մասին ասեկոսեները, հնարավոր է, հետաքրքրասիրությունը արմատախիլ անելու և ուշադրությունը շեղելու նպատակով էին տարածվում» (Томашевский Б. Пушкин. Кн. 1, с. 206)։ Դարասկզբին ոստիկանությունը բարոյազրկությունը ոչ պակաս եռանդով էր հետապնդում, քան ազատախոհությունը։ Աննենկովն ակամա ալեքսանդրովյան դարաշրջան էր տեղափոխում «մռայլ յոթ տարիների» բարքերը։ Ինչ վերաբերում է Բ․ Վ․ Տոմաշևսկու պնդմանը, որ «կոնսպիրատիվ միության նիստերը չէին կարող կայանալ տանտիրոջ՝ հրավիրյալ ամենշաբաթյա երեկոների օրերին», ինչը հետազոտողի կարծիքով փաստարկ է հօգուտ «երեկոների» և «նիստերի» տարբերակման, ապա անհնար է չհիշել գրիբոեդովյան Ռեպետիլովի խոսքերը․ «Գաղտնի հավաքներ // Ամեն հինգշաբթի։ Գաղտնագույն միություն»։ 1819-1820 թվականներին կոնսպիրացիան դեռևս շատ հեռու էր նրանից, ինչը 1824-ական թվականներին է ներդրվում այդ հասկացության մեջ։
[24] Դեկաբրիստ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[25] Пущин Я. Я. Записки о Пушкине. Письма. [М.], 1956, с. 81։
[26] Ռուս գրականագետ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
[27] Гроссман Л. Пушкин. М., 1958, с. 143։
[28] 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[29] Անհոգ, անզուսպ ապրելակերպ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[30]Ռոմանտիզմի դարաշրջանի ռուս բանաստեղծ, ռուսական պոեզիայի ոսկե դարի կարկառուն ներկայացուցիչ, որն իրեն «ուրախության և հարբեցողության», ինչպես նաև «ազատության և խրախճանքի» բանաստեղծ էր կոչում։
[31] Ժողովուրդ, որն ապրում է գլխավորապես Կալմիկիայում, ինչպես նաև ՌԴ Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում և Ստավրոպոլում։
[32] Պուշկինյան հայտնի խոսքերը Նիկիտա Վսեվոլոժսկուն ուղղված ուղերձից՝
Вновь слышу, верные поэты»
Ваш очарованный язык...
Налейте мне вино кометы,
Желай мне здравия, калмык!
(Կրկին լսում եմ, հավատարի՛մ բանաստեղծներ,
Ձեր կախարդական լեզուն․․․
Լցրե՛ք ինձ ասուպի գինի,
Առողջությո՛ւն մաղթիր ինձ, կալմի՛կ։)
հետևյալ կերպ են մեկնաբանվում։ «Ասուպի գինին», որը հիշատակվում է նաև «Եվգենի Օնեգինում», 1811 թվականի խաղողի բերքի շամպայնն է, որ հայտնի էր բարձր որակով (այդ տարին նշանավորվում է նաև ասուպի ընկնելով, ինչը պատերազմի կանխանշան էր համարվում)։ «Կախարդական լեզուն․․․ <․․․> Առողջությո՛ւն մաղթիր ինձ, կալմի՛կ» — այս խոսքերը, որ մատնացույց են անում Վսեվոլոժսկու տան երեկոների սովորույթը, որ երբ երիտասարդական գինարբուքի մասնակիցներից մեկը «հրատարակման համար անհարմար բառ» էր արտասանում, տանտիրոջ ծառան՝ կալմիկ տղան, մոտեցնում էր նրան գավաթը՝ «Առողջություն եմ մաղթում» բառերով, որոշ չափով զավեշտալի բնույթ ունեն։
[33] Ռուս խորհրդային գրող [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[34] Բառացի թարգմանություն – Է․Ս․։
[35] Գրիբոեդով Ա․, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ, 1958, էջ 87։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[36]Քարիտներ (հին հուն․՝ Χάριτες)՝ պտղաբերության, գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհիներ հին հունական դիցաբանության մեջ։ [ծանոթ․՝ թարգմանչի – է․Ս․]
[37] Пушкин А. С. 27 МАЯ 1819։ Բառացի թարգմանություն – Է․Ս․
[38] Пушкин А. С. К Щербину (1819)։ Բառացի թարգմանություն – Է․Ս․։
[39] XIX դարի սկզբի հեղափոխական գաղտնի կուսակցության անդամ Իտալիայում։
- Created on .
- Hits: 9030