ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ

15-ամյա Կարեն Միրզոյանը Երևան է եկել Մատաղիսից։ Լեռնային Ղարաբաղից  և ՀՀ մարզերից եկած դպրոցականների հետ մասնակցում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրին։ Կարենին հանդիպեցինք մայիսի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Ծրագրի մասնակից երեխաները ունկնդրում էին «Հայկական ֆոլկլորային երաժշտության համույթի» (գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյան) կատարումները։

Կարենը սովորել է Մատաղիսի միջնակարգ դպրոցում։ Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո ժամանակավորապես բնակվում են Ստեփանակերտում։ Սովորում է Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցում։

Դպրոցն ավարտելուց և համալսարանում սովորելուց հետո Կարենը ցանկանում է բանկում աշխատել։ Այս պահին Կարենի հայրը պաշտպանում է հայրենիքի սահմանները։ Որդու միակ ցանկությունը խաղաղությունն է։

«Երկրի անվտանգությունը պաշտպանենք, հերիք է»,- մեզ հետ զրույցում նշեց Կարենը։

Անի Սարյանը նույնպես Մատաղիսից է։ Այժմ Կարենի նման դպրոց է գնում Ստեփանակերտում։ Երկրորդ անգամ է մայրաքաղաքում։ Հարցնում եմ՝ նախորդ անգամ ի՞նչ է հասցրել տեսնել,  Անին էլ, թե՝ հիվանդանոցը։ Աղջնակը պատմում է, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հայրը վիրավորվել է և որոշ ժամանակ անց տեղափոխվել Երևան։

«Մենք Հադրութից ենք։ Տասնվեց տարի է՝ պապաս Մատաղիսում է ծառայում։ Ես էլ ուզում եմ պապայիս նման սպա դառնալ»,- ասում է Անին։

ԼՂՀ-ից  (մասնավորապես՝ Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս), ՀՀ Շիրակի, Տավուշի մարզերից Երևան են ժամանել 140 երեխա, այսօր՝ հունիսի 1-ին, նրանց կմիանա ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերից 170 երեխա:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը դպրոցականները կանցկացնեն մշակութային օջախներում։ Երեխաները կայցելեն Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հովհ. Թումանյանի թանգարան, Ավ. Իսահակյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններ: Նրանց համար կկազմակերպվի գիտաճանաչողական այց Կոմիտասի անվան պանթեոն։

Հայաստանում ապրող սիրիահայ երեխաների և Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտների հետ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծրագրի մասնակիցները կդիտեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։  Նրանց համար ելույթներով հանդես կգա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյան):

Համերգների, այլ մշակութային միջոցառումների մասնակցելու առիթներ ՀՀ մարզերում, Արցախում բնակվող երեխաները հաճախ չէ, որ ունենում են։

«Երեխաների պաշտպանության օրը միշտ գնում ենք Իջևան․համերգներ են լինում հրապարակում»,- պատմում է 13-ամյա Էդիտան՝ չկարողանալով վերհիշել, թե էլ ինչ միջոցառումներ են լինում։

Էդիտան Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից է։ Ասում է՝ գյուղում մշակույթի տուն կա, գործում են դաշնամուրի, շվիի և այլ խմբակներ, բայց համերգներ հաճախ չեն լինում։ Ցանկանում է թատրոն գնալ, բայց հնարավորություն չկա։

«Հրաշալի համերգ էր։ Ինձ թվում է, որ նման համերգներ հաճախ պետք է կազմակերպվեն, որպեսզի մարդիկ հաճույք ստանան։ Հաճախ եմ Երևան գալիս և լսում այսպիսի համերգներ»,- մեզ հետ իր տպավորությունները կիսեց գյումրեցի Րաֆֆի Մանուկյանը։

Րաֆֆին սովորում է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Շատ է սիրում կիթառ նվագել։ Հաճախել է կիթառի։ Այժմ ֆուտբոլի է գնում, ցանկանում է մի օր հայտնի ֆուտբոլիստ դառնալ։ Երկօրյա միջոցառումներից ամենաշատը սպասում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելելուն․այնտեղ դեռ չի եղել։

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա­կարգի ներդրման փորձնական ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին։ Ծրագրին, ընդհանուր առմամբ, մասնակցել է ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի հիմնական դպրոցների միջին դասարանների 2931 աշակերտ։ Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կկայանա ծրագրի երկրորդ փուլը։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2926

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: