Համազգային թատրոնի 30-երրորդ հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի նոր ներկայացումներով

 

Այս տարի լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 30-ամյակը, որի շրջանակում թատերախումբը պատրաստվում է նոր ներկայացումների ու պրեմիերաների:

 «Թատրոնն սկսել է իր 30-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով Հայաստանի հանրապետության անկախության երեսնամյակին: Նախ շատ հյուրախաղերի ու փառատոնների ենք մասնակցում՝ մեր բոլոր շրջագայությունները նվիրելով թատրոնի 30-ամյակին: Հոբելյանական այս տարում նախատեսում ենք թատրոնի շենքը վերանորոգել: Կառավարության օժանդակությամբ թատրոնի տեխնիկական վերազինման հարցը ևս առաջիկա 1-2 տարում կփորձենք ավարտին հասցնել  ու այն դարձնել 21-րդ դարին համապատասխան, տեխնիկական բոլոր հնարավորություններով հագեցած թատրոնի շենք: Եթե 30-ամյակին ունենանք նոր շենք, դա կլինի բոլորիս երազանքը, Սոս Սարգսյանի երազանքը, մեր հանդիսատեսի երազանքը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը՝ խոսելով թատրոնի առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին: Ըստ նրա՝ հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի նաև նոր ներկայացումներով ու խաղացանկի թարմացմամբ:

«Հոկտեմբերի 29-30-ին, Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ, համազգային թատրոնում կունենանք պրեմիերա՝ Օ.Հենրիի «…և նորից գարուն» 5 նովելի հիման վրա բեմադրված ներկայացումը, որտեղ նովելները տարվա եղանակների  նման հերթագայում են իրար՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն: Կա հատկանշական մի բան՝ նորից գարուն կարող է լինել և դա մեզնից է կախված՝ երկրի առումով, մեր ներքին հոգեվիճակի առումով: Ուստի այս ներկայացումը շատ եմ կարևորում, քանի որ այստեղ հոգու գեղեցկության, անձնազոհության, սիրո մասին ենք պատմում, որպեսզի հանդիսատեսի հոգին թրթռա նորից ապրելու ցանկությունով, իրար լավագույնը տալու, իրարով ապրելու և ապրեցնելու գաղափարով»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, ում խոսքով մինչ այդ, հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, նախապրեմիերային ցուցադրություն ևս կլինի՝ հիմնված վարպետի բեմադրության վրա:

 Ըստ բանախոսի՝ քանի որ տարին ամերիկյան էր հայտարարված, առջևում՝ հունվարին, կլինի նաև նոր պրեմիերա: «Ունենք նաև թատերայնացված ընթերցանություններ,նոր պիսներ են թարգմանվել, որոնք առաջիկայում կներայացվեն հանդիսատեսին: Թատրոնի մեկ այլ խումբ հյուրախաղովերով հանդես կգա նաև Արցախում, ինչը մեր կարևորագույն նպատակներից է»:

Անդրադառնալով Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնի արդյունքներին՝ Արման Նավասարդյանը նշեց. « Խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնը ծնվեց Մոսկվայի Չեխովյան փառատոնից: Այնտեղ մենք ստացանք հրավերը մասնակցելու Վլադիվոստոկում կայանալիք այդ փառատոնին»: Լրացնելով գործընկերոջ խոսքը՝ Նարինե Գրիգորյանն ասաց, որ փառատոնի գլխավոր տնօրենը, առաջարկել է Համազգային թատրոնի հետ համատեղ միջազգային նոր նախագիծ իրականացնել, որի աշխատանքների կազմակերպումից, ինչպես նաև համավարակի տեմպի թուլացումից հետո «Փափլիկը» ներկայացման թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա արտասահմանյան մի շարք երկրներում: Վերջինիս գնահատմամբ՝ սա համաշխարհային թատրոնի հոսքի մեջ մտնելու նոր, ավելի բարձր նշաձող է դնում Համազգային թատրոնի առաջ:

Խոսելով նաև պատերազմի թեմայից ու թատրոնում դրան երբևէ անդրադառնալու հավանականությունից Արման Նավասարդյանը նշեց՝ պատերազմից հետո մտածում էր՝ բեմ չի բարձրանա, որովհետև ծանր շրջան էր ու չէր հասկացվում՝ ինչի, ում համար խաղալ և հանուն ինչի: Եվ կային ներկայացումներ, որոնք պիտի դուրս գային խաղացանկից:

«Մենք ունեինք «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը: Պատերազմից հետո ասացի Նարինեին, որ ես պատրաստ չեմ խոսել հաղթանակի, Շուշիի ազատագրման, հերոսական անցյալի, ավագ սերնդի սխրանքների մասին: Եվ ոչ ոք պատրաստ չէր: Բայց հիմա փորձը ցույց տվեց, որ դա խաղացինք և հասկացանք, որ՝ չէ, պետք է խաղալ այդ ներկայացումը, պետք է ասել՝ ինչ ենք ունեցել, ինչի  արդյունքում ենք եղել հաղթած և դա համարենք թեկուզ դասաժամ, որ մենք ապրել ենք հաղթանակի բերկրանքը: Իսկ ինչ վերաբերում է այդ թեմայով նոր բեմադրություններ անելուն՝ դա հատուկ ստեղծագործելու թեմա չէ, պիտի ինքն իրեն լինի կամ չլինի, թեման պիտի ուզի իր մասին խոսել կամ չխոսել»:

«Որպեսզի կարողանաս երևույթը արվեստ դարձնել ու դրա մասին պատմել՝ պիտի օտարանաս այդ երևույթին: Մեզ համար հիմա դա շատ  ցավոտ թեմա է: Թե՛ Հայրենական պատերազմից, թե՛ Արցախյան առաջին պատերազմից հետո շուրջ 15 տարի անհրաժեշտ էր, որպեսզի մարդիկ կարողանային պատմել այդ մասին: Հետևաբար ոչինչ պարտադրաբար չի կարող լինել, առավել ևս՝ արվեստում»,-հավելեց Նարինե Գրիգորյանը՝ միևնույն  ժամանակ նշելով, որ մինչև պատերազմը բոլորովին այլ խաղացանկ էր նախատեսված, իսկ պատերազմից հետո ամբողջը փլվեց: «Ինձ թվաց՝ դրանք ներկայացնելը անիմաստ է: Հետո, մեծ դժվարությամբ նորից սկսեցի ստեղծել այն խաղացանկը, որը հիմա է անհրաժեշտ՝ զգալով հենց այն պահանջները, որ ունեցել եմ: Երբ հոգիդ կոշտանում է՝ չես կարողանում սիրո մասին խոսել և հենց դրա համար ենք նորից անում այս ներկայացումները, (այդ թվում՝ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները») որպեսզի ասենք՝ ինչ-որ տեղի է ունենում մարդու համար է, բայց ամենակարևորը որ մարդու համար ստեղծվել է՝ սերն է, որ պիտի տալ կողքինին ու ապրեցնել իրար»,-եզրափակեց Նարինե Գրիգորյանը:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1144

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: