• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ստեղծագործելու համար ամենամեծ արգելքը հաջողության պարտադրանքն է». Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը միջազգային փառատոներից վերադարձել է մի շարք մրցանակներով

«Ստեղծագործելու համար ամենամեծ արգելքը հաջողության պարտադրանքն է». Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը միջազգային փառատոներից վերադարձել է մի շարք մրցանակներով

Հյուրախաղեր մի շարք երկրներում, հաղթանակներ միջազգային փառատոներում,  վարպետության դասեր և, իհարկե, ժպտացող փոքրիկների աչքեր։ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր թատրոնի վերջին ամիսներին ունեցած ակտիվ միջազգային համագործակցությանը, թատերական նշանավոր փառատոներում արձանագրած  հաջողություններին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորեց թատրոնի որդեգրած քաղաքականությունը և դրա արդյունքում սահմանած նշաձողը։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ արդի հայ թատրոնը հաղթահարի սեփական ինքնամեկուսացումը։

tiknikayin 4

«Ի տարբերություն կատարողական արվեստի այլ բնագավառների՝ թատրոնը կարիք ունի ներկայանալու աշխարհին, ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակը։ Այս տրամաբանության մեջ տիկնիկային թատրոնն առաջամարտիկներից է և համարձակ է կառավարման նոր ձևաչափեր որդեգրելու հարցում, քանզի լինելով տիկնիկային թատրոն` չի վարանում փորձարարությունից, տարիքային սահմանափակումները հաղթահարելուց»։

Փոխնախարարն անդրադարձավ նաև թատրոնին ֆինանսավորելու ոգևորող դրդապատճառներին`նշելով, որ հենց նման ակտիվ գործունեության արդյունքում է նախարարությունը աջակցում թատրոնի նախաձեռնություններին։

«Պետական ֆինանսավորման համատեքստում կարևորվում է հատկապես միջազգային շփումների մակարդակը։ Նախորդ տարիներին պետական հատկացումները տիկնիկային թատրոնին պայմանավորված են եղել նրանով, որ մեզ համար ֆինանսավորման առումով այն կառույցներն են կարևոր, որոնք երկրի ներսում կայանալուն զուգահեռ՝ կարող են պատշաճ ներկայանալ նաև միջազգային հարթակներում։

tiknikayin 1

Թատրոնում կարևորում են թե՛ մարզային ծրագրերը, թե՛ միջազային փառատոները։ Վերջին երկու տասնամյակում տիկնիկային թատրոնը մասնակցել է շուրջ 100 միջազգային փառատոների 23 երկրում։ Իսկ վերջին ամիսների հարուստ «ավարը» նման փաստարկի վառ վկայությունն է ։ Մեկ ամսում՝ 5 միջազգային փառատոն, 10-ից ավել մրցանակներ։

«Վարպետության դասեր ենք ունեցել Իրանում և ԱՄՆ-ում։ Դերասանները տիկնիկային դասեր են տվել, տիկնիկագործներն էլ սովորեցնում էին տիկնիկներ պատրաստել։ Սանկտ Պետերբուրգի  «Ծիածան» միջազգային փառատոնի շրջանակում ներկայացրել ենք  «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»  ներկայացումը, այնուհետև Թբիլիսիում մասնակցել ենք «Թաոբա» միջազգային մանկապատանեկան փառատոնին՝ «Մատնաչափիկը» ստվերային ներկայացմամբ և «Կոկորդիլոսը» մոնոներկայացմամբ»- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

tiknikayin 3

Իսկ ԱՄՆ-ում էլ ներկայացվել են «Գելը» և «Քրիստոֆեր» ներկայացումները, որոնք 4 մրցանակների են արժանացել։ Մրցանակակիրների շարքում է նաև հանդիսատեսին քաջ հայտնի , թատրոնի դերասան Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» ինտերակտիվ մոնոներկայացումը։ Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող 27-րդ միջազգային մանկական և երիտասարդական թատերական փառատոնից զատ, Իրանում անցկացրած օրերը «լավագույն դերասան» մրցանակի դափնեկրի համար անչափ կարևոր և ոգեշնչող էին, քանի որ տեղի հայ համայնքը մեծ ուրախությանբ ընդունեց ներկայացումը։

«Ներկայացման համար առաջին մրցանակին արժանացել եմ այստեղ՝ հայրենիքում և դա շատ կարևոր եմ համարում։ Այնուհետև այն ներկայացրել ենք Թբիլիսիում, Համադանում, որտեղ  վարպետության դասին մասնակցեցին սպասվածից էլ ավել մի շարք երեխաներ, որոնք իրենք տիկնիկներ պատրաստեցին։ Ցանկացած փառատոնի շրջանակում մենք կարևորում ենք նաև հայ համայնքի գործոնը և արդյունքում ներկայացումը ցուցադրվեց նաև Թեհրանի «Արարատ» հայկական  համայնքում»:

tiknikayin 2

Թատրոնի նման հաջողությունների հիմքում, անշուշտ, երկարատև աշխատանքն է ու ստեղծագործելու հաճույքը։ Բացի այդ շատ կարևոր է, որ թատրոնը բաց է բոլորի առջև։ Իսկ թե որն է թատրոնի հաջողության գրավականը, Չեխովին մեջբերելով՝ գեղարվեստական ղեկավարը հավելեց. «Ստեղծագործելու համար ամենամեծ արգելքը հաջողության պարտադրանքն է, ստեղծագործելիս երբեք չպետք է մտածել հաջողության մասին, այլ պետք է հաճույք  ստանալ: Բացի այդ շատ կարևոր է, որ թատրոնը բաց է բոլորի առջև և պատրաստ է լսել երիտասարդ արվեստագետների ձայնը: եթե մեր դերասանները ղբաղվում են այլ նախածերով , ապա դա միայն թատրոնի պատիվն ու հեղինակությունն է բարձրացնում: Մեր խնդիրն է իսպառ բացառել «թատերական աղանդավորությունը». եթե դերասանը տաղանդավոր է, ապա կարող է բեմ բարձրանալ»:

Տիկնիկային թատրոնը համագործակցության հուշագիր է կնքել Թբիլիսիի պետական տիկնիկային թատրոնի հետ: Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցելություններ և համատեղ նախագծեր: 2023-2024 թատերաշրջաններում թատրոնը մասնայցելու  է Բարսելոնայի, Տորոնտոյի, Վենիսի (ԱՄՆ), փառատոներին: Առաջիկայում ներկայացվելու են «Հարի Փոթեր», «Սյունեցի Գոռը» ներկայացումները: Բեմ կբարձրանա նաև 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի գրառումների հիման վրա բեմադրված ստեղծագործությունը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 902

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: