«Մուսաները պետք է լռե՞ն, երբ խոսում են թնդանոթները»

Գոյաբանական և ինքնութենական բարդագույն իրավիճակներում, երբ վտանգված է հայրենիքը, և սահմանին մարտնչում է զինվորը, մի ճգնաժամ էլ մշակույթն է ապրում, և նման պարագայում արվեստագետը հայտնվում է բարդ ինքնաարտահայտման փուլում, թե ինչպես ամուր պահել թիկունքը մշակույթով` միաժամանակ հայրենիքի կողքին մնալով, ինչպես պահպանել հայրենիքի սահմանները և աշխարհին պատմել քո ազգային պատմությունը։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ հենց կյանքի և պատերազմի սահմանին են քաղաքակրթական արժեքներ ստեղծվել. ազգային մշակույթում` Մաշտոցից մինչև Կոմիտաս և Արամ Խաչատրյան: Այսպիսի մի հետագծով «մուսաները պետք է լռե՞ն, երբ խոսում են թնդանոթները» էքզիստենցիալ  հիմնահարցին պատասխանում են մշակութային գործիչները և մշակութային արտահայտման և համախմբման լուծումներ առաջարկում: Օրակագում մի շատ կարևոր հարց է, թե ով ինչի է պատրաստ և ինչպես պետք է ծառայի իր ժողովրդին: Խորհրդանշական նրբերանգով հենց Կոմիտասի ծննդյան օրը բանախոսները բերում են Կոմիտասի օրինակը. օինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես բարդ փուլում կարողանալ ներկայացնել ազգային դեմքն ու ձեռագիրը, մասնավորապես մաքրազատել, վերհանել և ներկայացնել հայկական երաժշտությունը` այս կերպ տոնելով մեծ հաղթանակ:

«High fest» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը կարծում է, որ մշակույթն է մարդում մարդ դարձնում, եթե մշակույթ չկա, մարդ չկա: Թշնամին չի հանգստանա, քանի դեռ մենք կանք, այդ պատճառով պետք է ստեղծել մշակութային մի օրակարգ, որի միջոցով կստեղծենք ծրագիր, որ Հայաստանը լինի և զարգանա: Համակարծիք է նաև ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` փաստելով, որ հատկապես մեր երկրի պայմաններում ավելի շատ պետք է մուսան ակտիվանա և ծաղկի, իսկ արվեստագետները պետք  է շատ ակտիվ լինեն` աշխարհին ցույց տալու, թե ինչ է կատարվում մեզ մոտ և ինչպիսի պայթունավտանգ իրավիճակ է:

«Ես կարծում եմ, որ աշխարհում ինչ էլ կատարվի, մուսաները երբեք չպետք է լռեն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան իր սահմանափակ բյուջեն բաշխում էր տարբեր ոլորտներում, վարչապետ Չերչիլի հրամանով բավականին մեծ գումար հատկացվեց մշակույթին: Հրամանատարների մտահոգ հարցին նա պատասխանեց` ասելով՝ «եթե մենք չունենք մշակույթ, ապա մենք ինչի համար ենք պայքարում»: Չգիտեմ, թե որքանով է իրականություն, սակայն շատ ճիշտ է ասված: Երկրի ազգային ինքնորոշման ամենամեծ ցուցանիշը մշակույթն է, արվեստի ցանկացած ճյուղ,  և հանուն դրա մենք պետք է պայքարենք, յուրաքանչյուրս` մեր մարտադաշտում, բայց մուսան երբեք չպետք է լռի»,- ասում է Նարեկ Հախնազարյանը: Թավջութակահարը մի շարք խնդիրների պատճառ է համարում ինտելեկտուալ անկումը և նշում, որ պետք է պայքարել հատկապես ցածրորակ երաժշտության դեմ: Եվ դրա համար պետք է մշակույթով աջակցել բանակին, իսկ  աշխարհին ցույց տալ և հնարավորություն տալ խոսել մեր մասին: Դա հնարավոր է, և պետք է մեծ ջանքեր տրամադրել դրան` սոցիալական հարթակները լցնելով բարձրորակ երաժշտությամբ, ֆիլմերով, ներկայացումներով: Այդ տրամաբանությամբ նաև բանախոսներն առաջարկում են  թիկունքում մշակութային միջացառումներով ևս աջակցել բանակին, ամրապնդել մշակույթ-զինվոր կապը:

Երգահան, դերասան Հայկ Պետրոսյանն էլ իր օրինակով ականատես լինելով պատերազմական մղձավանջին՝ հեղինակային աշխատանքների միջոցով է ներկայացնում մարդուն, կյանքը, սոցիալական խնդիրները: Հիշում է, թե ինչպես էին 44-օրյա պատերազմի օրերին երիտասարդները երգեր երգելով, գնում մարտի: Հայկ Պետրոսյանն առաջարկում է խոսել մշակութային մոբիլիզացիայի մասին, որը շատ կարևոր արդյունքներ կարող է տալ: Նրա խոսքով՝ արվեստը նաև պետք է լինի մարդկանց այսօրվա հույզերի անկեղծ արտահայտողը: Կարող են ֆիլմեր նկարել , ներկայացումներ բեմադրել, որոնք այսօրվանն են , որովհետև մշակույթը ինքնությունն ու էությունն է, և, իսկապես, կյանքի պայքար է առաջին հերթին, քանի որ զինվորը , որ խրամատում է, նախ և առաջ կյանքն է պաշտպանում, բայց այդ կյանքը` այս հողի վրա և այս մշակույթով:

«Մենք այսօր ապրում ենք վայրիվերումների մի ժամանակաշրջանում, և այդպիսի իրավիճակում է նաև հայոց մշակույթը, որն ավերվում է դրսից, և դա դարեդար է շարունակվել. ամեն ինչ ավերվում է և յուրացվում: Բացի դրանից` ներսից էլ մշակույթը ունի գոյաբանական խնդիրներ: Մշակույթն այսօր մի քանի կարևոր նպատակ պետք է իր առջև  դնի՝ նախ պահպանել այն, ինչ որ կա: Մշակույթը մարդկանց շատ մոտ կանգնած երևույթ է, մշակութային գործիչները կարող են մարդկանց հուսադրել, ոգևորել և մշակույթի բոլոր ճյուղերը շատ անելիքներ ունեն: Ես կարծում եմ, որ մշակույթը պետք է գործի այսօրվա տրամաբանության մեջ, օրինակ` մշակույթը կարող  է աջակցել բանակին, կարող են կազմակերպվել համերգներ և հասույթն ուղղել բանակին»,-  ասում է Հայկ Պետրոսյանը:

Այն որ հայրենիքի համար օրհասական դրվագներում բոլորը պետք է  միավորվեն, միանշանակ է, սակայն ինչպես է պատահում, որ նման համախմբվածության հանգում ենք միայն ծայրահեղ իրավիճակներում՝ պատերազմի և խաղաղության եզրագծին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ, լրագրող Կարեն Ավետիսյանն էլ է կիսվում նման մտահոգությամբ և կոչ անում ամեն կերպ աջակցել թիկունքի ամրապնդմանը` առանց սպասելու վատագույն սցենարի:

«Համախմբվածության և թիկունքի կոնցեպտը մենք ըմկալում ենք միայն պատերազմի ժամանակ, և մենք պետք է հասնենք նրան, որ թիկունքն առօրեական լինի և մենք բոլորս  նպաստենք դրա ամրապնդմանը: Մշակույթն այն է, ինչն ավելի շատ ուղղված է կյանքին, իսկ այսօր մենք ավելի քիչ ենք մտածում կյանքի մասին, մինչդեռ զինվորը, որ իր կյանքն է տալիս, դա անում է կյանքի համար, այսինքն` պայքարն է կյանքի համար, և մշակույթը այն միջոցն է, որը թույլ է տալիս չունենալ մահ և ունենալ կյանք: Ես կցանկանայի, որ մեր ուշադրությունը կենտրոնացած լինի կյանքի վրա»,- նշում է Կարեն Ավետիսյանը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1158

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: