Սուրբ Հակոբավանքի վերանորոգումը՝ նոր շունչ արցախահայության կյանքին
Ժամանակին Սուրբ Հակոբ Մծբնեցուն նվիրված 19 վանք է եղել՝ մեկը մյուսից հրաշագործ, մեկը մյուսից գեղեցիկ, հզոր ու մեծ պատմություն ունեցող։ Այսօր գրեթե բոլորն ավերված են պատմական այս կամ այն ողբերգական իրադարձության հետևանքով, Ակոռիի Սուրբ Հակոբ վանքը՝ երկրաշարժից, և միայն մեկն է կանգուն՝ Սուրբ Հակոբավանքը՝ Արցախի Հանրապետությունում։
«Այդ վանքը մեծ նշանակություն ունի մեզ համար, վերջինն է՝ նվիրված Սուրբ Հակոբ Մծբնեցուն»,- Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի դահլիճում կայացած «Արցախի Ս․ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ համայնքի զարգացումը» խորագրով համաժողովին ասաց պ.գ.թ., ազգագրագետ, հոգեբան, կոմպոզիտոր Լիլիթ Սիմոնյանը, որի «Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գրքի շնորհանդեսը կայացավ հենց համաժողովի ընթացքում։
ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող վանական համալիրը կառուցվել է 5-7-րդ դարերում, հոգևոր, մշակութային և կրթական մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ Երեք դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։
2021 թ. հոկտեմբերին Արցախի Հանրապետությունում մեկնարկել է «Հակոբավանքի վերածնունդ» նախագիծը, որն իրականացվում է «Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում դրամահավաքի միջոցով։ Նախաձեռնողներն և համագործակցողները Արցախի կառավարությունն ու Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն են։
Սեպտեմբերի 26-ին կայացած համաժողովին ներկա էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Սրբազան հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։ Վեհափառը լիահույս է, որ մեր ժողովրդի բարեպաշտ ու հայրենասեր շատ զավակներ իրենց ավանդը պետք է բերեն աստվածահաճո այս ծրագրի իրականացմանը, որպեսզի վերականգնված ու բարեկարգված վանական համալիրում շարունակեն հնչել աղոթքն ու շարականը, նրա հարկի ներքո բազում ընտանիքներ կազմվեն ու հայ մանուկներ մկրտվեն՝ նոր շունչ բերելով արցախահայության կյանքին։
«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո Հակոբավանքի վերականգնումն էլ ավելի է կարևորվել։ Նրա խոսքով, պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած 1500 մշակութային կոթողները հերթով յուրացվում կամ ոչնչացվում են, այսօր արդեն 90-ի մասին հստակ տվյալներ ունեն, պրոցեսը շարունակվում է։ Ադրբեջանցիները նաև Հակոբավանքն են աղվանական ներկայացնում։
«Այսինքն` Հակոբավանքը ոչ միայն ֆիզիկական վերանորոգման կարիք ունի, նաև հոգևոր իմաստով է էքզիստենցիալ խնդրի առաջ կանգնած»,- ասաց Գ. Պողոսյանը։
Նա նշեց, որ «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի մասին հայտարարելուց հետո կառավարությունը, մասնագիտական համայնքը, եկեղեցին` Արցախի թեմի առաջնորդի գլխավորությամբ, տարբեր բարերարներ, կամավորներ միավորվել են այն իրականացնելու համար։ Դրամահավաք հայտարարելուց հետո առաջին երկու ամսում 12 միլիոն դրամ է հավաքվել, սակայն, Գ.Պողոսյանի խոսքով, դրամահավաքը բավականին դանդաղ է ընթանում։
«Մեր կրած տարբեր պարտությունների պատճառով մեր ազգը եկել է մի իրավիճակի, որ մշակութային ու հոգևոր մասը սկսել է չկարևորվել։ Շատերը մեզ ասում էին՝ պատերազմական խնդիրների մեջ ենք, զենք, զինամթերքի համար ներդրումներ կատարեք, իսկ դուք եկեղեցի եք վերականգնում, մի մասն Արցախի մասին ասում էր՝ այսօր մերն է, վաղը մերը չէ, այնտեղ ո՞նց կարելի է նման գործ անել։ Ու մենք հասկացանք, որ ինքնության կարևորության հարցը շատ լուրջ վտանգի տակ է։ Բոլորս մեր ջանքերը սկսեցինք ուղղել հենց այն բովանդակությունը ստեղծելուն, որը մեր ազգի մեջ տարածելով, հասցնելով՝ իրենց նորից կապացուցենք, կտեղեկացնենք, կամ իրենք կվերհիշեն, որ ամեն ինչը, պետականությունը, ինքնության վրա է հենված, ինքնությունը՝ մշակույթի։ Այս հարցին ոչ մի դեպքում չպետք է նայել որպես ևս մի եկեղեցի վերականգնել կամ ռիսկային տարածքներում ներդրումներ անել։ Ոչ մի դեպքում»,- ասաց նա։
Գ. Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ Հակոբավանքը` որպես հոգևոր կենտրոն, կարևորագույն կոթող վերականգնելով՝ երեք հաղթանակ են տանելու՝ հոգևոր, մշակութային, նաև համայնքային զարգացման մասով, որպես շատ լուրջ տուրիստական ուղղություն` ողջ ենթաշրջանն է զարգացնելու։ Ըստ նրա` 60-70 հազար դոլարին համարժեք դրամահավաք անելու արդյունքում Հակոբավանքի վերականգնման պրոցեսն իրենից բխող բոլոր ազդեցություններով կյանքի կկոչեն։
Ճարտարապետ-վերականգնող Սամվել Այվազյանն ասաց, որ երբ սկսեցին վերականգնման նախագիծը կազմել, տեղում կատարել են նաև պեղումներ, նախնական ուսումնասիրություններ, բավականին հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել։ Նա նշեց, որ թեև պեղումներն ընդհատվել են, ու դեռ դրանք շարունակելու կարիք կա, բայց արդեն արձանագրել են կարևոր փաստ. «Պատմական աղբյուրներից մենք տեղյակ ենք, որ վանքը կարող է հիմնադրված լինել վաղ միջնադարում՝ 5-7–րդ դարում, որը հետագայում զարգացում էր ստացել մեծապես 12-13-րդ դարում։ Պեղումների ընթացքում եկեղեցու բեմական հատվածում հայտնաբերվեց նախնական բեմահարթակը։ Դա ապացուցեց, որ, իսկապես, Հակոբավանքը հիմնադրվել է վաղ միջնադարում՝ առնվազն 7-րդ դարում»։
Վանական համալիրի վերականգնման աշխատանքները երեք փուլով են ընթանալու՝ հոգևոր կառույցներ, բնակելի կառույց, գավիթը և սյունասրահը։ Եկեղեցու ծածկանյութը լինելու է կղմինդր, քանի որ, ըստ ճարտարապետի` ուսումնասիրությունների ընթացքում տանիքում հայտնաբերվել են կղմինդրի մնացորդներ։
Այն պայմաններում, երբ Ադրբեջանը միայն ավերում ու պղծում է, յուրացնում է հայկական մշակույթը, եկեղեցիները, դրանց, այս դեպքում Հակոբավանքի վերականգնումը, իրոք, հրատապ է՝ ևս մեկ անգամ ցույց տալու թշնամուն ու աշխարհին, որ հայը, որպես քրիստոնեական արժեքները կրող ժողովուրդ, ցանկացած պարագայում իր պատմամշակութային ժառանգության տերն է, պահպանողն ու պաշտպանողը։
Նաիրա Տիգրանյան
- Created on .
- Hits: 1093