Թեոդոր Կուրենտզիս. «Dreamer of dreams»

«Դուք նկատե՞լ եք, որ երաժշտությունը ոգին ազատ է դարձնում, մտքին թևեր է տալիս, որ ինչքան ավելի ես երաժիշտ դառնում, այդքան ավելի ես փիլիսոփա դառնում։ Վերացարկման գորշ երկինքը՝ ասես կայծակներից պատառ - պատառ արված։ Իրերի ամենայն նրբինության համար լույսը՝ բավականին ուժեղ։ Մեծ հիմնախնդիրները՝ ըմբռնվելուն մոտ։ Աշխարհն ասես լեռան վրայից դիտված։ Ես հենց նոր սահմանեցի փիլիսոփայական պաթոսը։ Երևի երբեք չի եղել մի փիլիսոփա, որ նույնքան երաժիշտ էր, որքան ես։ Այնպես որ, իհարկե ես կարող էի դեռ երաժիշտ լինել, ով լուրջ վթարի ենթարկվեց»։

                                                                                              Ֆրիդրիխ Նիցշե, հոկտ. 20, 1887թ.

Նրա երաժշտության հիմքում կյանքն է մահից հետո,  բնության ձայնը. այն բնության, որը միշտ խոսում է քեզ հետ: Միստիկ ու մոգական պոետի խորհրդավոր երազանքն է հիմնել ազատությամբ լի «երաժշտական ​​վանք», որը կհիշեցնի ոգեղենությամբ լցված ազատ տարածություն։ Նա հավերժ ռոմանտիկ է, երազող՝ կապված իր սիրելի բանաստեղծներին, կոմպոզիտորներին, երաժիշտներին՝ Էսքիլես, Թեոֆանես Հույն, Սիմեոն Աստվածաբան, Հովհաննես Դամասկոսցի… Մոցարտ, Մալեր, ահա թե ովքեր են նրան կյանքի և ճշմարտության դասեր տվել։ Շարքը հսկայական է՝ Եժի Գրոտովսկի, Անդրեյ Տարկովսկի, լավագույն ոգեշնչողներից է նաև պատմության մեջ առաջին կոմպոզիտորը՝  միանձնուհի Հիլդեգարդ Բինգենցին, որն ապրել է 12-րդ դարում և հսկայական ժառանգություն է թողել։ Այս կերպարները մարդիկ են, որոնց գաղափարները լեցուն են երաժշտությամբ, պոեզիայով և հավերժ «դեգերելու» են անեզր ու հավերժական տիեզերքում, որտեղ շողում է հավերժական լույսը: Իսկ այդ տիեզերքում սավառնող այս երաժշտին հաջողվում է ստեղծել «անձնական հարաբերություններ երաժշտության հետ», այն երաժշտության, որի մեջ գլխավորը մարդու հանդեպ կարեկցանքն է, հիմնական գործառույթը՝ հասարակության հիվանդությունները բուժելը։ Նրա համար երաժշտությունը ծիսական արվեստ է, ուստի պետք է, որ մարդիկ ոչ միայն լսեն և տեսնեն, այլև կարողանան զգալ այն: Հավերժական երաժշտությունը զվարճանքի արվեստ չէ, այլ ծիսակարգ է՝ ինչն ուղի է մարդու համար, որը ցանկանում է հանդիպել գոյության բարձրագույն ձևերի: Նրա ղեկավարությամբ լիթուրգիական դրաման գտնվում  է մաքրագործման բարձրագույն մակարդակում և հասնում կատարումին, որի մասին այդքան խոսում էին նրա հույն նախնիները։  Շատերը նրան «Սև ասպետ» են կոչում, ոմանք՝ «կիսաստված», Օլիմպոսում ապրող ամենակարող Զևս, որը կարգավորում է երկնային ու երկրային օրենքները։ Մինչդեռ ինքը վախենում է Աստծուց և իրենից, այո՛, իրենից։ Այս ամենից հետո ո՞րն է յուրօրինակ ու մելամաղձոտ, նշանավոր հույն դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի կյանքի կրեդոն, ասում է՝ հավատքն է, իսկ ինքը ուղղափառ քրիստոնյա է, ի դեպ նշում է՝ քրիստոնեությունը կրոն չէ՝ այլ հավատք։

«Երաժշտի մարմինը կենդանի գործիք է, ձեռքերը և մարմինը փոխանցում են այն, ինչը սիրտը տալիս  է ուղեղին և ուղեղը տալիս է գործիքին: Իմ ձեռքերը իմ սրտի գործիքներն են, իսկ իմ մարմինը իմ ուղեղի գործիքն է: Երաժշտությունը ինտելեկտուալ երևույթ չէ, կա ինտելեկտ, և կա մարմին: Հոգի և մարմին. հետաքրքիր քիմիական միասնություն է, որը չես կարող տարանջատել», - Թ. Կ.:

Teodor 4

Հոկտեմբերի 14-17-ին Հայաստանում հյուրախաղերով հանդես եկան դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը և 𝐦𝐮𝐬𝐢𝐜𝐀𝐞𝐭𝐞𝐫𝐧𝐚 նվագախումբը։ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեց  Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» հիման վրա գրված Ալֆրեդ Շնիդկեի Կոնցերտը։ Դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը առաջին անգամ էին Հայաստանում: Դեռ տարիներ առաջ դիրիժորը հայտարարեց, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Aeterna digital երաժշտության հարթակում սկսվելու է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գլուխների առցանց ընթերցումը՝ Նաում Գրեբնևի թարգմանությամբ։ Բացի այդ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 24-ին musicAeterna երգչախմբի կողմից պետք է կատարվեր ստեղծագործության երրորդ գլխի հիման վրա գրված Ալֆրեդ Շնիտկեի կոնցերտը, որը սակայն համաճարակի պատճառով հետաձգվեց։

Աթենքում ծնված երաժիշտը չորս տարեկանից սովորել է դաշնամուր նվագել , իսկ յոթ տարեկանից` ջութակ։ 12 տարեկանում ընդունվել է Հունաստանի ազգային կոնսերվատորիա, որտեղ սովորել է լարային նվագարանների և տեսության ֆակուլտետներում։ Ապա սովորել է Աթենքի ակադեմիայում։ Աթենքում հիմնել է կամերային նվագախումբ։ 1994 թվականից տեղափոխվել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ կոնսերվատորիայում դիրիժորություն է սովորել դիրիժոր Իլյա Մուսինի մոտ: Դիրիժորը լեգենդար ուսուցչի՝ Իլյա Մուսինի խոսքերը երբեք չի մոռանում։
«Մուսինը բացատրեց, որ դիրիժորը և՛ արտիստ է, և՛ ռեժիսոր, նոտաները պետք չէ միայն նվագել, նոտաները բառեր են, պատկերներ։ Մուսինը սովորեցրեց ինչպես կառավարել մեր էներգիան և պահանջեց զարգացնել մեր երևակայությունը»,- Թ.Կ.:

Teodor 5

2004-2010 թվականներին Կուրենտզիսը եղել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը, հիմնել musicAeterna նվագախումբն ու երգչախումբը: Կուրենտզիսի գլխավորությամբ պրովինցիալ Պերմի՝ ավելի շուտ իր խոսքերով՝ սուպերպրովիցիալ Պերմի օպերայի և բալետի ստեղծագործողները հնարավորություն ունեցան ելույթ ունենալ երաժշտական խոշորագույն Զալցբուրգի փառատոնում: Այսօր դիրիժորը համագործակցում է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Վիեննայի սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Ֆրայբուրգի բարոկկո նվագախմբերի հետ։ Մասնակցում է Զալցբուրգի, Լյուցեռնի, Էքս-ան-Պրովանսի փառատոններին։ Նաև հանդիսանում է Դիագիլևի միջազգային փառատոնի գեղարվեստական ​​ղեկավարը, որն անցկացվում է Պերմում, որտեղ Սերգեյ Դիագիլևն անցկացրել է իր մանկությունը:

«Երաժշտությունը հրեշտակների էսպերանտոն է, երաժշտությունն ազգություն չունի՝այլ լեզու է, որի միջոցով մարդը կարող է բացարձակ կապ գտնել մեկ այլ մարդու հետ, ում հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի: Դրա միջոցով հնարավոր է գտնել մենություն և խաղաղություն, որը հնարավոր չէ գտնել իրական կյանքում: Ուստի արվեստը մարդկանց միավորողն է», -Թ.Կ.:

Կուրենտզիսի համար երաժշտությունը լեզու է, որը թելադրում է, թե ինչպես խոսել, իսկ աշխարհի ամենագեղեցիկ երևույթը անձնական հեղափոխությունն է,  երբ մարդը դադարում է կենտրոնանալ ամբոխի վրա և սկսում է ապրել իր սեփական խորաթափանցությամբ: Թերևս դա է պատճառը, որ համերգները խոշոր դահլիճներով չեն սահմանափակվում, այլ հակառակը՝ գրավում են նոր «աշխարհներ», ավելի շուտ` նոր տարածություններ և նոր հորիզոններ։ Հայաստանը ևս այս տիեզերական տարածությունից դուրս չէ. Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում «musicAeterna» և «musicAeterna byzantina» երգչախմբերը ներկայացրեցին «Հավերժական լույս» ծրագիրը: Իսկ Զվարթնոցի տաճարում «բոլոր լեզուներով միակերպ հնչող տառապանքները» ներկայացրեց  «musicAeterna Dance» խումբը:

Teodor 6

2004 թվականին Նովոսիբիրսկում ստեղծված Կուրենտզիսի musicAeterna նվագախումբը կարողացավ գրավել եվրոպացի հանդիսատեսի սիրտն ու հոգին և երաժշտական նոր ճաշակ թելադրել, իսկ հանդիսատեսի նկատմամբ դիրիժորը ևս մեծ պատասխանատվությամբ է հանդես գալիս, քանի որ նվագախումբը պետք  է վաստակի և արժանի լինի այն լռությանը, որը հանդիսատեսն իրեն պարգևում է: Դիրիժորի երաժշտական, կրոնամիստիկ և մոգական շղարշներով օծված ոգեշնչման աղբյուրներն արդեն կենդանացել են  նոր երգչախմբի՝ Aeterna byzantina-ի ստեղծմամբ, որի դեբյուտը տեղի ունեցավ Kollegienkirche-ում: Շուրջ երեք ժամ տևած Lux Aeterna ծրագրի ոգեղենությունն ավելի է ընդգծվում մոմերի թրթռոցով, իսկ կատարողների սև զգեստները եկեղեցական ծեսի ժամանակ վանականների միաբանություն են հիշեցնում: Հոգևոր երաժշտությունն այդ կերպ երկնային մետաֆորների տեսք է ստանում, որոնք «ընդգծում են» այս հոգևոր իրադարձության միջմշակութային նշանակությունը: «Հավերժական լույսի» և «հավերժական երաժշտության» համադրությունն էլ նպաստում է լռության և խորհրդածության հատուկ մթնոլորտի ստեղծմանը եկեղեցու տարածքում։ Aeterna byzantinа երգչախմբի հենց անունը խոսում է նրա ստեղծման նպատակի մասին: Ոգեշնչվելով միջնադարյան երաժշտությամբ՝ դիրիժորն այս կերպ ձգտել է հասնել բյուզանդական երաժշտական ​​մշակույթի գանձերի վերածնունդին ու բացահայտմանը: musicAeterna byzantina-ն բաղկացած է հունական երաժշտական ​​դպրոցների տասներկու շրջանավարտներից, որոնք համատեղում են դասական վոկալի ուսուցումը և հունական սուրբ երգեցողության հնագույն ավանդույթները:

«Երաժշտությունը ծես է, որը դուք պետք է կատարեք: Բայց դուք չեք կարող հասկանալ ծեսը` միայն գրառումները կրկնելով, դուք պետք է ներգրավվեք դրա մեջ: Եվ հետո, հավանաբար, դա կլինի այն, ինչ ձեզ հարկավոր է: Բայց դա միշտ էլ ռիսկային է: Ոչ մի երաշխիք չկա, որ «հրեշտակները կերգեն», նույնիսկ եթե դուք ճիշտ կատարեք ծեսը։ Ստեղծագործությունը կարող է պատրաստվել անթերի, բայց առանց Աստծո շնորհի այն շատ տարբեր է հնչում: Ուստի համերգի վերջում երաժիշտներին հարցնում եմ. «Դե, այսօր հրեշտակները երգե՞լ են»: Իսկ պատասխանը գրեթե միշտ նախօրոք գիտեմ, քանի որ ինքս եմ զգում՝ երգել են, թե ոչ», - Թ.Կ.:

Teodor 1

Կուրենտզիսը ղեկավարում է «Աիդա», «Մակբեթ», «Մոխրոտը», «Իոլանթե», «Պերսեփոնե», «Տրավիատա», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դիդոնե և Էնեաս» ներկայացումները։ Իսկ Իգոր Ստրավինսկու «Գարնան ծեսը» բալետից երաժշտության ձայնագրությունը Թեոդոր Կուրենտզիսի կողմից ճանաչվել է լավագույններից մեկն աշխարհում։ Այն կատարվել է musicAeterna նվագախմբի մասնակցությամբ: Ձայնագրությունը ստացել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական ​​մրցանակներից մեկը՝ ECHO Klassik-ը՝ «XX-XXI դարերի սիմֆոնիկ երաժշտության ձայնագրություն» անվանակարգում: Ստրավինսկու ստեղծագործությունը կարծես Կուրենտզիսի փիլիսոփայական մտորումների վկան և արտացոլումը լինի:

«Սա մի տեսակ ուտոպիստական ​​խաղ է, որը բացահայտում է անհավանական ճշմարտություն: Սա քարտեզ է, որը ցույց է տալիս երանության ճանապարհը: Սա մագաղաթ է: Սա պարզունակ գաղափարի արտահայտություն է մետրոպոլիայի ժամանակակից սիմֆոնիկ տարածության մեջ»։ «Գարնան ծեսն» այն երաժշտական ​​նյութն է, որն օգնում է մարդուն վերադառնալ իր ակունքներին։ Եվ դրանից հետո մարդն ինքը կարող է լուծել իր կյանքի շատ խնդիրներ։
Այո՛, հեթանոսությունը մեզ գույներ ու ծեսեր է թողել, որոնք «միացնում» են մեր մեծ հիշողությունը։ Եվ սա ոչ թե մահացու է, այլ ավելի շուտ բուժիչ:
Ստրավինսկին այլ կերպ վարվեց. Նրա արմատականությունը ոչ թե աննախադեպ բան հորինելու, այլ մոռացված ավանդույթներին վերադառնալու մեջ էր»,- Թ.Կ.:

 Կուրենտզիսը Գ. Մալերի, Վ.Ա. Մոցարտի և  Պ.Ի. Չայկովսկու մասին.

«Ես մանկուց կախվածություն ունեմ Մալերից։ Ավելի ուշ իմացա, որ մահվան մահճում նա մի րոպե ուշքի է եկել և տվել Մոցարտի անունը... Իսկ հետո նա մահացել է։ Ես հավատում եմ, որ երբ նրանք քիչ էր մնում հանդիպեին, Մալերը կոտրեց հավերժության սահմանները և կարողացավ դա ասել։ Դա զարմանալի է, բայց փառք Աստծո, որ Մոցարտի գերեզմանը չի պահպանվել... Ասում են, որ բոլորը վախենում էին ժանտախտից, և այդ պատճառով գրեթե ոչ ոք նրան չճանապարհեց իր վերջին ճամփորդության ժամանակ: Եվ ես կարծում եմ, որ սա նշան է վերևից, ես կարծում եմ նա ուրախ է դրա համար: Հակառակ դեպքում գերեզմանի վրա իսկական առևտուր և հոբելյանական պարեր կլինեին։ Երբ ես սովորում էի Սանկտ Պետերբուրգում, իմ գլխավոր երազանքն էր գնել այն բնակարանը, որտեղ ապրել և մահացել է Չայկովսկին: Սակայն, ավաղ,  Նևայի վրա գտնվող քաղաքում Չայկովսկու թանգարան անգամ չկա: Սա անհեթեթություն է»:

Եվ իհարկե Պլատոնի մասին.

«Պլատոնի համակարգը ցույց տվեց, թե ինչպես կարելի է երջանկության հասնել իդեալիզմի միջոցով: Երբ ես կարդում եմ Պլատոնի ստեղծագործությունները, հասկանում եմ, որ երջանկությունը գիտելիքի որոնումն է, աշխարհի ուսումնասիրությունը և մաքրումը, որը տեղի է ունենում մեկ այլ մարդու հետ շփումից կամ հանդիպումից , զգացումից հետո: Երջանկությունն այն չէ, երբ մեղր ես ուտում, այլ այն, երբ մեղվի պես տարբերում ես ծաղիկներն ու գիտես, թե որ մեղրը որտեղից հավաքես։ Սա որոնման ծես է, հարցեր, որոնք մարդը տալիս է անորոշ ժամանակով։ Եվ այստեղից է գալիս արվեստը»:

Teodor 3

Վերջաբանի փոխարեն. երեք խորհուրդ Թ. Կուրենտզիսից՝ ընթերցողների և դասական երաժշտության սիրահարների համար

1. Ձեզ ժամանակ տվեք:

2. Երբ պատրաստվում եք լսել դասական երաժշտություն, կտրվեք ձեր խնդիրներից և ամենօրյա մտքերից, ներդաշնակ եղեք:

3. Երաժշտությունը գործողություն չէ, որը մենք անում ենք կամ չենք անում օրվա ինչ-որ պահի: Երաժշտությունը չի դադարում. փորձեք ապրել երաժշտությամբ, լսեք այն արթնանալուց հետո և քնելուց առաջ։

Հ.Գ. Վերնագիրը պատահական ընտրված չէ՝ «Dreamer of dreams», այսպես  է նշված դիրիժորի այցեքարտի վրա.

«Սա չի նշանակում, որ ես պարզապես երկնքում եմ: Սա մի տարածություն է, որտեղ ես ո՛չ դիրիժոր եմ, ո՛չ կոմպոզիտոր, ո՛չ բանաստեղծ: Իրական կյանքը, որում մենք ապրում ենք, բնական ներդաշնակության մեջ է երազների աշխարհի հետ: Սա է արվեստի գաղտնիքը, որն օգնում է սեղմել դաշնամուրի ճիշտ ստեղները, գտնել ճիշտ բառերը։ Դա անհնար է բացատրել, դա ինքնին է լինում»,- Թ.Կ.:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1756

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: