• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Մատենադարանում բացված «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսը միավորել է պատմամշակութային ութ հաստատությունների

Մատենադարանում բացված «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսը միավորել է պատմամշակութային ութ հաստատությունների

Հոկտեմբերի 18-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, բացվեց
«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը։ Առաջին անգամ բացված յուրօրինակ ցուցահանդեսում ներառված են արտեֆակտներ, որոնք վերականգնել են հայ մասնագետները: Դրանք բազմազան են՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն։ Բրոնզե դարից հայտնաբերցած ցուցանմուշներից մինչև միջնադարյան հմայիլներ և Ավետարաններ, զարդեր և սափորներ, որոնք ստեղծվել և պեղվել են Կոստանդնուպոլսից, Մադրասից, Ռուսաստանից, Նոր Ջուղայից, Սիրիայից, և, իհարկե, պատմական Հայաստանից։

Verakangnumy Hayastanum 2

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ ցուցահանդեսը եզակի է, որը մեկ հարկի տակ է համախմբել ութ մշակութային հաստատությունների և ներկայացնում է վերականգնողի գործը տարբեր դրսևորումներով և տարբեր բնագավառներում: Ցուցադրությունը միայն ճանաչողական նպատակ չի հետապնդում, այն միտված է փոխելու հանրության, կառավարության վերաբերմունքն ու ավելի լրջացնելու այն վերականգնողի աշխատանքի հանդեպ:

«Ցուցադրված են վերականգնված գրքեր, ձեռագրեր, ասեղնագործ վարագույրներ, գորգեր, գեղանկարներ, գրաֆիկա, հնագիտական առարկաներ: Այցելուները կարող են տեսնել, թե ցուցանմուշն ինչ վիճակում է եղել առաջ և ինչպիսին է դարձել վերականգնվելուց հետո։ Այնպես, ինչպես մարդն իր կյանքն է վստահում բժշկին, անչափ բարձր գնահատում նրա աշխատանքը, նույնքան էլ բարձր պետք է գնահատել այն մարդկանց գործը, որոնց վստահում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը մեր ինքնությունն ու էությունն է»,- ասաց Վահան
Տեր-Ղևոնդյանը։

Verakangnumy Hayastanum 3

Ցուցադրության ընթացքում կներկայացվեն հայաստանյան ութ պատմամշակութային հաստատությունների՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ- ի, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի,  «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանի վերականգնված նյութերը։

Ճիշտ է, ցուցադրության համար ընտրվել է «Ժամանակին ընդառաջ» կարգախոսը, սակայն ցուցահանդեսի ծրագրի ղեկավար Գայանե Էլիազյանը կարծում է, որ ցուցադրության աշխատանքային կարգախոսը պետք է լինի «Մենք կանք և պետք է լինենք»: Քանի որ վերականգնողներն այն օղակն են, որ կապում է անցյալն ապագայի հետ։

Verakangnumy Hayastanum 4

 «Ցուցահանդեսը շատ փոքր է, և թանգարաններում բավականին մեծ նյութ կա, որն արժե ցուցադրել: Սա մեր առաջին փորձն է, որի միջոցով ուզում ենք հանրությանը մասնակից դարձնել այն երկխոսությանը, որը տեղի է ունենում վերականգնողի և վերականգնվող նյութի միջև»,- ասում է Գայանե Էլիազյանը։
Ցուցահանդեսի համադրողն է Արա Հայթայանը։ Նա փորձել է անել հնարավորը, որ սովորական այցելուն կարողանա կապ ստեղծել վերականգնողի հետ, ծանոթանա՝ տեսնելով գործունեության ընդարձակ տարածքը, այն միջավայրը, որտեղ աշխատում է վերականգնողը։ Նաև ներկայացվում է վնասված իրի վերականգնման բարդ և հաճելի գործընթացը։ Ի դեպ ցուցահանդեսում նաև ներկայացված են այն նյութերը և գործիքները, որոնցով աշխատում է վերականգնողը։ Հետաքրքիր է, որ վերականգնողների բաժնում մեծաթիվ են երիտասարդները, որոնց գրավել է անչափ հետաքրքիր ու խորհրդավոր այս աշխատանքը։

Verakangnumy Hayastanum 6

«Գրեթե 5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված: Երբեմն միտումնավոր փորձել եմ զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարին, վաղ միջնադարը՝ ուշ միջնադարին և այլն: Մասնագետների համար ցուցադրությունը տարբեր  դարաշրջանների տարբեր գեղագիտությունները համեմատելու հրաշալի հնարավորություն է»,- նշեց Հայթայանը:
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով: Այն գործելու է մինչև 2023 թվականի հունիսի 9-ը:

Ալմաստ Մուրադյան


  • Created on .
  • Hits: 907

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: