Աշոտ Զոհրաբյանն այն մարդկանցից չէր, որոնք բարձրաձայն խոսում էին իրենք իրենց մասին. Արթուր Ավանեսով

Հունվարի 23-ին կյանքից հեռացավ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանը:

Ծանոթների, գործընկերների, մտերիմների խոսքով՝ նա համեստ մարդ էր, որը ինչ-որ առումով կարծես հանրությունից «թաքուն» ապրեց իր կյանքը: 

Աշոտ Զոհրաբյանի նախկին ուսանող, կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը, պատմելով Վարպետի մասին, ասում է՝ նա սեփական օրինակով ցույց էր տալիս, որ ամեն ինչ պիտի լինի մտածված և աշխատված: Աշխատասիրությունն իր համար շատ մեծ նշանակություն ուներ: Կոնսերվատորիայում ուսանելու ընթացքում նրանց խոսակցություններն առավելապես լինում էին հենց գործի մասին:  

«Ինչու Աշոտ Զոհրաբյանը առանձնապես հայտնի չէր հայ հասարակությանը: Առաջին պատճառը, կարծում եմ, իր մարդկային տեսակն էր․ նա լուռ աշխատելու կողմնակից էր: Երկրորդ` մեր հասարակությունն ինքը պատրաստ չէր ընկալելու այդօրինակ երաժշտությունը, որը խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- պարզաբանում է Հովիկը:   

«Վարպետի մասին պիտի շատ խոսվեր, հանրայնացվեր դեռ վաղուց, մինչդեռ չի արվել նաև այն պատճառով, որ հենց կոմպոզիտորն ինքը չէր սիրում ինքնագովազդ»: Ափսոսանք է հայտնում, որ նրան ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություններ չտրվեցին, այնինչ նման մարդկանց պետք է փայփայել, որովհետև ստեղծում են ազգային արժեք: «Եթե մենք մեր ազգայինը չստեղծենք ու ինքներս չգնահատենք, աշխարհում ոչ ոք չի գնահատելու, մանավանդ՝ չի ստեղծելու մեր փոխարեն: Մենք` որպես հասարակություն, այս խնդիրների համար պիտի լուծումներ գտնենք և տանք այդ լուծումները ապագայի համար»:

«Երբեք չեմ սովորել Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ, բայց նրանից շատ բան եմ սովորել, և կորուստը շատ ծանր է ինձ համար»,- նշում է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովը, որը Վարպետին ճանաչում էր դեռ 1990-ական թվականներից։:

«Զոհրաբյան-կոմպոզիտորի մարդկային տեսակն ինձ համար այն իդեալն է, որին ես ինքս փորձել եմ նմանվել։ Չէի ասի, որ նա իր կյանքը «թաքուն» ապրեց։ Ավելի շուտ, հասկանալով իր երաժշտության իմաստը և ուղերձը, նա, կարծում եմ, գիտեր նաև, որ այն այսպես թե այնպես զանգվածային լսարան ունենալ չէր կարող, և երբեք չէր դավաճանում ինքն իրեն՝ ջանալով հաճոյանալ ունկնդրին կամ կատարողին։ Փոխարենը նա գրում էր նախ և առաջ ինքն իր, և ապա՝ հասկացող ունկնդրի ավելի նեղ շրջանակի համար, բայց հենց այդ շրջանակն էր, որ անչափ գնահատել և գնահատում է նրա երաժշտությունը։

Զոհրաբյանն այն մարդկանցից չէր, որոնք բարձրաձայն էին խոսում իրենք իրենց մասին։ Ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը ժամանակին ասել է․ «Անհնար է, որպեսզի բանաստեղծն իր մեջ չպարունակի քննադատին»։ Ահա այսպիսի ինքնաքննադատությամբ էր օժտված նա․ մինչև ամենավերջին պահը գրեթե կռիվ էր տալիս ինքն իր հետ, որպեսզի գտնի և վերացնի ստեղծագործական այն խնդիրները, որոնք միայն իրեն էին հայտնի»,- պատմում է  Ավանեսովը։

Տարիներ առաջ վերջինս, անդրադառնալով Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունների յուրահատկություններին, նշել էր, որ նրա երաժշտությունը հեռու է ինքնագոհությունից, երանելի մտորումների վիճակից, այն պահանջում է ունկնդրի մտքի մշտական ​​աշխատանք։

Աշոտ Զոհրաբյանին ուղղված էսսեներից մեկում ռուս կոմպոզիտոր Յուրի Կասպարովը գրել է. «Ստեղծագործական Օլիմպոսում և, իմ կարծիքով, ամենևին ոչ միայն երաժշտության բնագավառում, իսկական վարպետների կողքին վախեցնող քանակությամբ հայտնվում են ինչ-որ անհասկանալի մարդիկ՝ իրենց նվազ արհեստավարժ մանրիկ արտադրանքներով և ընկճող սահմանափակությամբ, պարզունակ մտքերով: Այդ մարդկանց արտադրանքն ագրեսիվորեն գովազդվում է և լկտիաբար ներկայացվում որպես օրինակ: Ներկա պահին անհնար է, առողջ բանականությանը դիմելով, փորձել վերականգնել արդարացի աստիճանակարգությունը: Եթե այսօր ինչ-որ մեկը բանական ու կշռադատված արտահայտվի, նրան չեն լսի: Իսկ եթե հանկարծ լսեն, ապա չեն հասկանա: Իսկ եթե հասկանան, չեն հավատա: Ես շատ բան չեմ ուզում, ուզում եմ, որ Աշոտ Զոհրաբյանի երաժշտությանը ծանոթանան թեկուզ միայն ուրիշ արվեստներին ծառայող ստեղծագործ մարդիկ: Համոզված եմ, որ նրանցից շատերի համար դա հետաքրքիր կլինի, հնարավոր է նաև՝ օգտակար»:

*Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականին, Երևանում: Հեղինակել է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ:

Նրա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 983

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: