Թանգարանների միջազգային օրը՝ նոր ցուցադրություններով և կրթական ծրագրերով

1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր։ Ողջ օրը աշխարհի տարբեր ծայրերում պատմության, մշակույթի, արվեստի սիրահարները միավորվում են` մարդկությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ գտնելու, անցյալը ճանաչելու, արվեստով հիանալու և նորը ստեղծելու խորհրդով։ Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, որքանո՞վ են թանգարանները հասանելի հանրությանը, ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում, կանդրադառնանք ստորև։
Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրով: Թանգարանների միջազգային օրը մեկնարկում է մայիսի 18-ին, ողջ օրը այցելուները հնարավերություն ունեն անվճար այցելել թանգարաններ։ Տոնը շարունակվում է մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ։  Ծրագրին մասնակցում են Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ։ 2022 թվականին Հայաստանում թանգարաններ է այցելել շուրջ 1 մլն 78 հազար մարդ, թանգարանային ֆոնդերը համալրվել են 17 հազար առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագիր և 658 միջոցառում, իսկ 2023-ին արդեն թանգարաններ է այցելել 116 հազար մարդ, կյանքի է կոչվել 50-ից ավելի ժամանակավոր ցուցահանդես։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանային տարին և գործունեությունը ամփոփելով, անդրադառնում է թանգարաններում տարվող վերանորոգման աշխատանքներին և նշում՝ 2022-ին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, և այդ ավանդույթը շարունակվում է:

«Այս տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Հովհաննես Թումանյանի թանգարանում, պատրաստվում ենք փոխել պատկերասրահի վերելակները, որոնք  խորհրդային շրջանից չեն փոխվել և այլն: Մշակում ենք կառավարման նոր մոդել, որը միտված կլինի թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությունն ապահովելու համար ամփոփում ենք էլեկտրոնային տոմսային համակարգի մրցույթը»,- նշեց փոխնախարարը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն, օրինակ, միջոցառումները սկսում է թանգարանի պատմական հուշերից, այնուհետև ցուցադրվելու է «Սոֆյա Իսահակյան» վավերագրական ֆիլմը։ Այցելուները կարող են միանալ նաև «Ճամփորդում ենք Վարպետի հետ» ցուցադրությանը։ Դրանց հաջորդում են «Պոեզիայի թատրոնը», պարի բեմականացում, այնուհետև իսահակյանական և հեղինակային երգերի կատարումները։ Դե, իհարկե, նաև շոշափվում են սիրո մասին հիմնահարցեր՝ իսահակյանական ոճով, ինչպիսին է, օրինակ, «Զրույց սիրո մասին Ավ․Իսահակյանի տողերով» մոնոներկայացումը։

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Ավետիսյանը ներկայացնում է թանգարանում իրականացվելիք ծրագրերը։
«Կազմակերպվում է ցուցահանդես Իսահակյանի ճամփորդական իրերի ներկայացմամբ, ստեղծվելու է գեղեցիկ միջավայր, որպեսզի այցելուները կարողանան նաև հետաքրքիր լուսանկարներ ստանալ: Իրականացնելու ենք «Խաղաղություն ենք փնտրում» խորագրով համերգը՝ նախատեսված փոքրիկների համար, մոնոներկայացում՝ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա, դասական երաժշտության համերգ, կիթառի համերգ և այլն»,- ասաց Արմենուհի Ավետիսյանը։

Տուն-թանգարանը 2023 թվականին տոնում է հիմնադրման 65-ամյակը և Ավետիք Իսահակյանի 150-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում իրականացրվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, կրթական և այլ ծրագրեր, որոնց մասնակցում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: Կյանքի կկոչվի «Ի՞նչ է ասում էպոսը» ծրագիրը, իրականացվելու են առակներին, ազգային երգին, Անի մայրաքաղաքին նվիրված կրթական ծրագրեր։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը նույնպես պատմում է թանգարանում իրականացվող նախագծերից։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 13-ին թանգարանում կկազմակերպվի «Ծիրանափողի կանչը» ծրագիրը, որին մասնակցելու են ստեղծագործական խմբեր, ծիրանափողի պատրաստման մասնագետներ: Ցուցադրությամբ կներկայացվեն նաև թանգարանում պահպանվող 1200 արծաթյա և ոսկյա հիմքով գոտիներ, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և ինքնության գաղափարը»,- ասում է թանգարանի տնօրենը։

Թանգարանների օրվա առթիվ թանգարանների մի շարք աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:

Տոնական օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ այցելել է Հայաստանի բնության պետական թանգարան, տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ։ Հաստատությունը հանդիսանում է տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը: Թանգարանի ֆոնդերում առկա են ավելի քան 6500 ցուցանմուշներ, ցուցադրվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։

Թանգարաններում սպասվող միջոցառումները

Թանգարանների միջազգային օրն այս տարի Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված հուշագրի շրջանակում կբացվի նոր ցուցահանդես
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի թանգարանում։ «Հայացք Արարատից» ցուցահանդեսում ներկայացված են Երևանի պատմության թանգարանի հավաքածուից հայկական տարազի, գորգերի և ասեղնագործ առարկաների բացառիկ նմուշներ, ինչպես նաև լուսանկարների և 1990-ական թթ. արված ավանդական տարազի կրկնօրինակներ: Մինչև հուլիսի 18-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթի բացառիկ, եզակի նմուշներին։ Իսկ Մաշտոցյան Մատենադարանն այս տարի ներկայանալու է Մատենադարանի պատմությանը նվիրված «ՌՋԾԷ․ Պատմության բանալի» ցուցահանդեսով։

Մշտական ցուցադրություններից զատ տոնական օրվա ընթացքում իրականացվում են բազմաթիվ կրթական ծրագրեր։ Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի «Տատիկիս գործած գորգը» կրթական ծրագիրը՝ նախատեսված միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաների համար։ Ծրագրի առաջին հատվածում երեխաները կունենան շրջայց համապատասխան ցուցասրահներում, որի ընթացքում մասնագետները պատմում են գորգագործության զարգացման ընթացքի, տեսակների, սիմվոլների մասին:

«Հանգրվան Հայրենիքում» ժամանակավոր ցուցադրությամբ իր դռներն է բացում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը նվիրված է երաժշտի 95-րդ տարելիցին։ Կցուցադրվեն բացառիկ վավերագրեր, ինչպես նաև կոմպոզիտորի մահադիմակը (քանդակագործ՝ Արա Սարգսյան։ Ցուցադրությունն ուղեկցվում է «Հանգրվան հայրենիքում» տեսաֆիլմով։

 «Սարյան» ստուդիան էլ պատանիներին հրավիրում է նկարելու Մարտիրոս Սարյանի այգում: Որին կհաջորդի երեխաների և ծնողների համար «Կախարդական ծառ» ինտերակտիվ կրթական ծրագիրը սարյանական մոտիվներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էլ հրավիրում է «Նվեր հոբելյանին. Չարենց 125», «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունների բացմանը։ Օրն ամփոփվելու է «Կրա՛կ ես, հուր ես ...» համերգով։

Թանգարանների միջազգային օրվան միացել է նաև Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը։ Քանի որ այս տարի նոյեմբերի 22-ին նշվելու է ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի աշխատակազմը այդ օրերին առավել մանրամասն կանդրադառնա հայկական թագավորությունների մետաղադրամներին, Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների դրամական թողարկումներին, այցելուներին կտրամադրվի «Հայկական դրամի տարեգրությունը» տեղեկատվական նյութը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 618

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: