«Ընտրել ենք գործեր, որոնք 30 տարուց ավել պահվել են պահոցում և ներկայացված չեն եղել հանրությանը»․ արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյան
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում տեղի ունեցավ «Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» 3-րդ նախագծի ցուցահանդեսի բացումը։
Նախագծի միջոցով արդեն երրորդ տարին է, որ հիմնադրամը ներկայացնում է հայ արվեստի նշանավոր «դեսպաններին», որոնք ճամփորդության ընթացքում բացահայտել են նոր մշակույթ ու այն պատկերել իրենց կտավներում։
Այս ցուցադրությամբ ներկայացվում է 20-րդ դարի հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետներ Նիկոլայ Նիկողոսյանի, Մարիամ Ասլամազյանի, Երանուհի Ասլամազյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Գրիգոր Խանջյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Հովհաննես Զարդարյանի, Սարգիս Մուրադյանի՝ աշխարհի տարբեր երկրներում կատարված աշխատանքները: Նկարներից մեկը Սիրիայում է արված, մյուսը` Ալբանիայում, երրորդը` Հունգարիայում, Վենետիկում և այդպես շարունակ:
«Հիմնականում ընտրված են նախորդ դարի հայ արվեստագետներ, որոնք, ապրելով Խորհրդային Միության, այսպես ասած, «երկաթյա վարագույրի» պայմաններում, դարձել են արվեստի ունիկալ դեսպաններ: Ճամփորդել են, և նոր երկրները, զգացողությունները, կոլորիտը, ոգին, նոր ու հետաքրքիր կենցաղի հետ շփումը մշակութային առումով զարգացրել են նրանց, նրանք էլ իրենց հերթին զարգացրել են հայ արվեստը, և մշակութային փոխանակում է տեղի ունեցել: Ու այս ցուցադրությունը, կարելի է ասել, արդեն ավանդական է դարձել, որովհետև անց է կացվում երրորդ տարին ու հենց թանգարանների միջազգային օրը»,- պատմում է Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի արվեստաբան Լիլիթ Հովհաննիսյանը:
«Մեր թանգարանի առաքելություններից է, բացի Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը հանրահռչակելուց, ներկայացնել 20-րդ դարի այն արվեստագետներին, որոնք պատշաճ կերպով ներկայացված չեն հանրությանը, չունեն թանգարաններ, մշտական հավաքածուներում ու ցուցադրություններում նրանց աշխատանքները չենք տեսնում, բայց հիանալի արվեստագետներ են, օրինակ՝ Ալեքսանդր Գրիգորյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Սարգիս Մուրադյանը և այլոք: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն, իհարկե, թանգարան ունեն Գյումրիում, բայց մենք ընտրել ենք գործեր, որոնք 30 տարուց ավել պահվել են պահոցում և ներկայացված չեն եղել հանրությանը»,- պատմում է Լիլիթը:
Ներկայացված աշխատանքներում ճամփորդությունը դառնում է միջնորդ նկարչի էության և անծանոթ աշխարհների միջև, ստեղծագործական «եսի» որոնում և նոր հորիզոնների բացահայտում, յուրահատուկ ֆենոմեն արվեստի և իրականության միջև…Եվ այս ֆենոմենը «Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» ցուցադրության անկյունաքարն է։
«Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է այնքանով, որ մենք փորձում ենք ցուցադրել 20-րդ դարի տարբեր արվեստագետներին մի կոնտեքստի ու ցուցադրության մեջ: Ամեն տարի, իհարկե, փոխվում են հեղինակներն ու ստեղծագործությունները, և ինքներս էլ փորձում ենք բացահայտել տարբեր արվեստագետների՝ միաժամանակ բացահայտելով այն ժամանակահատվածը, որում նրանք ստեղծագործել են: Եվ ստեղծագործել են հատկապես Խորհրդային Միության ժամանակահատվածում ու դրանից դուրս: Այսինքն՝ իրենք են հենց այն «դեսպաններ» ասվածը, որոնք բերում են այդ մշակույթը դեպի Հայաստան»,- ներկայացնում է Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ թանգարանների միջազգային օրերից հետո հիմնադրամում սկսվում են կրթական ծրագրեր, ամառային դպրոց, ու սա շատ լավ հնարավորություն է նոր սերնդին ծանոթացնելու թե՛ Նիկոլայ Նիկողոսյանի քանդակներին, թե՛ արվեստային տարածքում ներկայացված գեղանկարներին ու գրաֆիկային:
Բացի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահից բերված աշխատանքներից, մնացած բոլորն ընտրված են մասնավոր հավաքածուներից: Դրանք նկարիչների ժառանգներին են պատկանում և ցուցադրությունից հետո պիտի վերադարձվեն: Իսկ հանրությունը այդ աշխատանքները դիտելու հնարավորություն կունենա մինչև հուլիսի 27-ը։
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1035