«Մեր նպատակն է մեկտեղել Արսեն Փոլադովի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը». Արթուր Դեր Թումասյան

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Զրույց Արսեն Փոլադովի հետ» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված հայկական մնջախաղի հիմնադիր, մնջախաղի անվանի վարպետ, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովին:
Երեկոն նախաձեռնել էր կինոռեժիսոր, մնաջախաղաց, ամերիկաբնակ Արթուր Դեր Թումասյանը: Նրա ցանկությունն էր մեկտեղ բերել Փոլադովյան մնջախաղի թատրոնի դերասանական կազմին ու ոլորտի գործընկերներին՝ հիշելու Արսեն Փոլադովին և նրա արած գործը:
«Ինքն այս բոլոր մարդկանց, որ համարվում են մնջախաղի թատրոնի առաջին, երկրորդ, երրորդ սերունդը, թատերական հայրն է եղել, բայց ժամանակի բերումով, լռության պատճառով Արսենի անունը մոռացվում է: Մեր նպատակն է հավաքել Արսեն Փոլադովի ամբողջ ստեղծագործական ժառանգությունը, մեկտեղել, որպեսզի թատրոնի պատմության մեջ մնա նրա կատարած աշխատանքը, խաղացանկը, էտյուդները, առանց այն էլ շատ քիչ բան է պահպանվել»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Դեր Թումասյանը:
Վերհիշելով իր մուտքը թատրոն՝ Թումասյանը պատմեց. «Ինձ համար աշխարհը փոխվեց, երբ 8-րդ դասարանում, փորձերից հետո, Փոլադովն ասաց՝ դիմում գրեմ ու մտնեմ թատրոն: Դպրոցից դուրս եկա ու մտա թատրոն: Չնայած շատ թափառական կյանք եմ ունեցել, տարբեր ճանապարհներով եմ գնացել, բայց նորից վերադարձել եմ նույն ճանապարհին ու երախտապարտ եմ Արսենին: Ինչ-որ կա իմ կյանքում, սկիզբ է առել Արսենից ու Փոլադովականներից»:
Կինոռեժիսորը հայտնեց, որ ֆիլմ է պատրաստում Վարպետի մասին, որը հավանաբար պատրաստ կլինի երկու տարուց, երբ հաջորդ անգամ կգա Հայաստան:
«Արսենը շատ էր սիրում վստահել նույնիսկ անփորձներին: Միայն այն բանի համար, որ հետաքրքրված ես այդ ժանրով ու արվեստով, իր կողքին տեղ ունեիր»,- նշեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստուտի դասախոս, ռեժիսոր Գարեգին Գրիգորյանը:
«Ասեմ, որ նախքան Փոլադովի գործունեությունը Հենրիկ Պողոսյանի ղեկավարությամբ արդեն իսկ կար մնջախաղի սիրողական խումբ, բայց Փոլադովին հաջողվեց Հայաստանում ստեղծել մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոն»,- նկատեց ռեժիսոր, Փոլադովյան մնջախաղի թատրոնի առաջին մնջախաղացներից Լևոն Իվանյանը: Ապա հիշեցրեց, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնը գալիք տարում կբոլորի իր 50-ամյակը:
«Ի վերջո, կարողացանք հասնել նրան, որ կառուցվի մնջախաղի թատրոնի շենքը: Հույս ունեմ, որ գոնե գալիք հոբելյանական տարում մնջախաղի թատրոնը իր սեփական դռները կբացի ու այդ ժամանակ, անշուշտ, առանձին անկյուն կլինի նվիրված թե՛ թատրոնի պատմությանը, թե՛ Փոլադովին»,- ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով՝պատրաստվում են թատրոնի հիսունամյակին, որի շրջանակում կլինի նաև Փոլադովին նվիրված երեկո: Օգտվելով առիթից՝ նա արտիստներին խնդրեց Փոլադովին առնչվող լուսանկարներ, տեսանյութեր և ձեռքի տակ եղած այլ իրեր տրամադրել թատրոնին:
«Թատրոնը ժամանակային արվեստ է: Յուրաքանչյուր ժամանակ ունենում է իր գեղագիտական տեսքը, ձևը, մոտեցումը: Անցնում է մի սերունդ (որպես կանոն՝ 20-30 տարի է դա տևում), և գալիս է նոր սերունդը՝ իր հետ բերելով նոր էսթետիկա, գեղագիտություն, մտածողություն: Եվ մենք փորձում ենք կատարել ամենակարևոր բանը՝ նոր շունչ հաղորդել նախկին թատրոնին և պահպանել այն: Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր մնջախաղի թատրոնը մեզ մոտ և արտասահմանում նույնքան սիրված է, որքան Արսենի ժամանակ էր: Իսկ թե Արսենի ժամանակ որքան շատ էր շրջագայում թատրոնը, կարծում եմ, բոլորս գիտենք»,- նշեց Ժիրայր Դադասյանը:
*Հիշեցնենք, որ մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974 թվականին: 1983 թվականին այն ստացել է պետական կարգավիճակ և կոչվել «Երևանի մնջախաղի պետական թատրոն»:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1874