• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ես ուզում եմ իմ երաժշտությամբ ևս մեկ անգամ պաշտպանել մարդու երազելու, երևակայելու, նպատակներ ունենալու ունակությունը». Ֆրանկ Եզնիկյան

«Ես ուզում եմ իմ երաժշտությամբ ևս մեկ անգամ պաշտպանել մարդու երազելու, երևակայելու, նպատակներ ունենալու ունակությունը». Ֆրանկ Եզնիկյան

Օրերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երաժիշտներն ու երաժշտասերները եզակի սեմինարի մասնակցելու հնարավորություն ունեցան։ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում ծրագրերը շարունակվում են` նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կոմպոզիտորական և կատարողական հարթակների զարգացմանը։

Այս տարի հերթական անգամ ուսանողների հետ հանդիպեց և մասնագիտական խորհուրդներով կիսվեց ֆրանսիահայ կոմպոզիտոր, մրցույթի ժյուրիի անդամ Ֆրանկ Եզնիկյանը։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում անցկացվեց «Ճանապարհ. ժառանգությունից մինչև պատասխանատվություն» խորագրով սեմինարը։

Երաժիշտը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է, կրթություն է ստացել Լիոնի, Մասրիխտի կոնսերվատորիաներում, Դիժոնի, Բեզանսոնի և Ստրասբուրգի բարձրագույն երաժշտական հաստատություններում։ Եզնիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նրա ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ միջազգային փառատոներում, համագործակցում է բարձրակարգ երաժիշտների ու նվագախմբերի հետ: 

Արվեստաբանները նշում են, որ Ֆրանկ Եզնիկյանի ստեղծագործական որոնումները միկրոտոնալ երաժշտության ոլորտում է։ Նա մշտապես աշխատում է «երաժշտության տարածություն» հասկացության, պատկերի ու երաժշտության հարաբերությունների շուրջ։

Առաջին անգամ արվեստագետը Հայասատան այցելել է 2000 թվականին, ապա՝ 2010-ին։ 2017 թվականին էլ եղել է «Խաչմերուկներ» առաջին փառատոնի հյուրերից մեկը։ Եզնիկյանի գործերը գրվել են նվագախմբի համար, իսկ մի քանիսը՝ հնագույն գործիքների համար։ Իր ստեղծագործություններից մի քանիսը նվիրել է մեծ կոմպոզիտորներին՝ իր գործերում օգտագործելով նրանց ստեղծագործությունները։  Երաժիշտը կիսվեց իր խոհերով և խոսեց երաժշտության շուրջ ստեղծված մարտահրավերների մասին։

«Կարևոր է նախևառաջ երաժշտությանը հարց տալը։ Իսկ դրա համար, ինչպես Նիցշեն էր ասում՝ պետք է իմաստ տալ, իմաստ ներդնել այդտեղ․ դա հենց այդ ջանքն է, գործը, որը մենք պետք է կատարենք՝ ելնելով նրանից, որ իմաստը մնայուն չէ։

Ուզում եմ մի քանի շեշտադրում անել և ձեր ուշադրությունը բևեռել մեր պատասխանատվության և չափի զգացողության կարևորության վրա։ «Էթիկան և էսթետիկան իրար հետ կապված են»,- ասում էր Լյուդվիգ Վիտգենշտայնը։ Մենք բոլորս այսօր բոլոր մակարդակներում ապրում ենք ճգնաժամային իրավիճակում»,- ասաց Ֆրանկ Եզնիկյանը։

Երաժիշտը հիշում է, որ առաջին անգամ ցեղասպանության մասին լսել է, երբ մի անգամ հայրիկի հետ պապի տանը Կոմիտասի նկարը տեսավ և հարցրեց, թե ով է։ Ամեն ինչ սկսվեց այդտեղից։ Ֆրանսիայում իրավիճակն այլ էր, ապրում էին Ֆրանշ Կոնտեում, որտեղ հայերի մասին ուղղակի պատկերացում չունեին։

«Այն, ինչ ես ուզում եմ ներկայացնել, այդտեղ իր առաջնորդող ու ուրույն տեղն ունի իմ ծագումը։ Այդ ամենը մեր ժառանգության հետ կապված հարցերից է ծագում։ Իմ նախնիները ցեղասպանություն են ապրել։ Երկու գաղափար եմ կարևորում՝ նախ, որ մեր պատմությունից, ցեղասպանական քաղաքականությունից, աշխարհաքաղաքական քաղաքականությունից ելնելով՝ պետք է խոսել այդ մասին ու ցույց տալ աշխարհին, իսկ երկրորդը այն գաղափարն է, որ որքան էլ քիչ լինի մեզ թողնվածը որպես ստեղծագործություն, մենք պետք է կարողանանք դա բացահայտել։ Ինչպես Կաֆկան էր ասում՝ դու ևս ունես ձեռքեր, խոսքը հենց այդ գործիքակազմի մասին է։ Մենք պետք է կարողանանք այդ ամենն օգտագործել այն իրավիճակներում, որ կարողանանք աշխարհի առջև դա ցուցադրել, այն աշխարհի, որը գնում է դեպի իր անկումը, իր մայրամուտը։ Օրինակ՝ հեռու պետք չէ գնալ, այսօր Ֆրանսիայի ֆիլհարմոնիան, որը երկրի ամենամեծ դասական երաժշտության սրահն է, այսօր հրավիրում է մետալիկ աստղերի, կամ բոլոր այն միտումները, որ գոյություն ունեն Գերմանիայում՝ կապված արհեստական բանականության միջոցով երաժշտություն ստեղծելու հետ, նաև նեոերաժշտությունը, որը զուգահեռ վերադառնում է ֆաշիստական միտումների նման»,- աաաց Ֆ. Եզնիկյանը։

Արվեստագետը զգոնության կոչ է անում արտիստներին այս տատանվող աշխարհում, որտեղ վաղուց կորել են սահմանները։

«Բոլոր այս միտումները բերում են նրան, որ արտիստները մոռանում են, որ պետք է լինեն շատ զգոն իրենց կատարած աշխատանքում։ Նրանք պետք է զգոն լինեն այն իմաստով, որ այլևս չի լինելու դասերի միջև ընդմիջման պահը։ Այն չկա, դու պետք է պատասխանատու և զգոն լինես միշտ։ Թեոդոր Ադոռնոն ճիշտ էր, որ մարդկանց զգոնության կոչ էր անում։ Ես կարծում եմ, որ եթե հայերն իսկապես ուզում են «չափը վերցնել» այն իրավիճակում, որում այսօր գտնվում են, պետք է հասկանան, որ պետք է զգոն լինեն։ Քանզի յուրաքանչյուր իրական արվեստի ներսում այդ անոթազարկը հիշողության անոթազարկն է։ Մենք հասկանում ենք, որ այլևս սահմանազատվելու որևէ հնարավորություն չունենք, որովհետև բոլոր սահմանները՝ ներքին և արտաքին, հոգևոր և ոչ հոգևոր, այսօր սպառնալիքի տակ են։

Այս ասելով՝ միաժամանակ մտածում եմ, որ դա պետք է գոյություն ունենա՝ առանց բացառելու գիտական և ժողովրդական երաժշտությունների ընկալման տարբերությունը, քանի որ տարբեր չափական համակարգերում գոյություն ունեցող երաժշտություններ են։ Սա այն տարբերությունն է, որը Նիցշեն ցույց է տալիս իր «Ողբերգության ծնունդը երաժշտության ոգուց» աշխատության մեջ՝ ցուցադրելով Ապոլոնի և Դիոնիսոսի օրինակները։

Իսկ ինչպե՞ս է այսօր տեղաշարժվում աշխարհը ժամանակակից երաժշտական միտումների պայմաններում։

«Ի՞նչն է այսօր շատ տարածված․ շատ բարձր երաժշտությունը, որտեղ մարդիկ իրենց կործանում են, թմրադեղի նման մի բան է կարծես, շատ դաժան բարձրության։ Այդպիսի բարձրությունը ականջի համար ընդունված չէ, և դա ստեղծել է մի նոր հասարակություն, որը 10-15 տարի հետո կստեղծի խուլ հասարակություն։ Իմ երաժշտությամբ ես ուզում եմ հասարակությանը նախազգուշացնել, որը պետք է անցնի այդ մարտահրավերների միջով։ Ես ուզում եմ և փորձում եմ իմ երաժշտությանբ ևս մեկ անգամ պաշտպանել մարդու երազելու, երևակայելու, նպատակներ ունենալու ունակությունը։ Ես փորձում եմ դիմադրող լինել այս նոր խուլ հասարակությանը, որտեղ տիրելու է պոպուլիզմը և ֆաշիզմը»,- հավելեց բանախոսը։

Սեմինարի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանի հատվածներ, ծանոթացան նրա՝ դասական և ավանգարդ երաժշտության շուրջ մտորումներին, հարցեր ուղղեցին բանախոսին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 379

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: