• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Արցախի բրոնզ-երկաթեդարյան մշակույթն ըստ թանգարանային նյութերի». Բանախոսություն Հայաստանի պատմության թանգարանում

«Արցախի բրոնզ-երկաթեդարյան մշակույթն ըստ թանգարանային նյութերի». Բանախոսություն Հայաստանի պատմության թանգարանում

«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմագիտության թեկնածու Նժդեհ Երանյանի բանախոսությունը։ «Արցախի բրոնզ-երկաթեդարյան մշակույթն ըստ թանգարանային նյութերի» խորագրով բանախոսության ընթացքում ներկայացվեցին Արցախի տարածքում կատարված պեղումների արդյունքներում հայտնաբերված նյութերը, որոնք պահվում են Հայաստանի և աշխարհի տարբեր թանգարաններում ու հավաքածուներում։ Հետազոտության հեղինակը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել, ամբողջացրել թեմայի շուրջ ստեղծված գրականությունն ու թանգարանային արտեֆակտների մասին տվյալները։

«Շատ դեպքերում հնարավորություններ չեն եղել մեծածավալ պեղումներ իրականացնելու համար և տարբեր տարիներին Արցախում բացահայտված նյութեր ենք ներկայացնում, որոնք տեղ են գտել թանգարաններում։ 2020 թվականի պատերազմից հետո անհրաժեշտություն ծագեց վավերացնել հնագիտական նյութը։ Մեզ աջակցել են նաև մեր գործընկերները՝ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանից, Մշակույթի նախարարությունից, որոնք մեծ ներդրում են կատարել` այդ նյութերը տարբեր տարիներին հավաքելով և պահպանելով թանգարաններում։ Կարիք կար դրանք բոլորը վավերացնել և Զալցբուրգի համալսարանի հետ ծրագիրը սկսեցինք իրականացնել։ Սկզբում գաղափարը միայն Արցախի և Հայաստանի թանգարանների բրոնզ-երկաթեդարյան գտածոները վավերացնելն էր, բայց երբ սկսեցի հետազոտելը, ես հասկացա, որ միայն այդ նյութով հնարավոր չէ ամբողջացնել աշխատանքը, քանի որ հատկապես Ցարական իշխանության տարիներին Արցախում առաջին պեղումների գտածոները տեղափոխվել են աշխարհի տարբեր թանգարաններ։ Գտածոներ են տեղափոխվել Բեռլին, Վիեննա»,- ներկայացրեց հետազոտողը։

Artsaxi mshakuyty 2

Ն. Երանյանը սկսեց Արցախում առաջին պեղումներից, որոնք կատարվել են Ցարական իշխանության տարիներին։ Այս շրջանին է վերագրվում Խոջալուի փոստային կայանի հարևանությամբ տեղակայված կուրգանների բացահայտումը։ Արցախում էպիզոդիկ պեղումներ է կատարել Խաչիկ վարդապետ Դադյանը Խաչենագետի հովտում, Գանձասարի մոտակայքում։ Իսկ արդյունքների մասին խոսելը բարդ է։

«Իհարկե, արդյունքները դժվար է գնահատել, քանզի չկար մեթոդաբանություն, նա հոգևորական էր։ Պեղումները երկար չտևեցին։ Ավելի ուշ փաստաթղթեր ենք հայտնաբերել, որով Ցարական կառավարությունը դիմել է կաթողիկոսին՝ խնդրանքով, որպեսզի արգելվի հոգևորականների կողմից պեղումները, որովհետև դրանք վնաս են հասցնում»- հավելեց բանախոսը։

1891 թվականին ավելի կազմակերպված պեղումներ են կատարվել Շուշիի ռեալական դպրոցի գերմաներենի ուսուցիչ Է. Ռյոսլերի կողմից, որոնք Արցախում շարունակվեցին մինչև 1900 թվականը։ Նա աշխատում էր հիմնականում Խոջալուի դամբարանադաշտում և առաջին տպավորիչ գտածոն Խոջալուից Ադադ-Ներարի արքայի անվան հիշատակումով ուլունքը կամ կնիքն է։ Ռյոսլերն աշխատել  է Խոջալուում, Շուշիի շրջակայքում, Խաչենագետի հովտում և այդտեղ թվով 20 մեծ կուրգաններ են եղել և հիմնականում հենց Ռյոսլերն է ուսումնասիրել։

«Դրանք շատ հարուստ պեղումներ են եղել։ Դրանից հետո 1890-ական թվականներին Կովկաս է գործուղվել Կայսերական հնագիտական ընկերության ներկայացուցիչ Իվանովսկին։ Արցախում, ցավոք, պեղումները կանոնավոր չեն եղել, քիչ թե շատ կանոնավոր պեղումներ կատարվել են Ստեփանակերտում մի քանի դամբարանների շրջակայքում։ Իսկ 1938 թվականին հայտնաբերվեց Կրկժան բնակավայրը, որը հետագայում դարձավ Ստեփանակերտի թաղամաս։ Պեղումների արդյունքում 1939 թվականին ստեղծվեց Արցախի Պետական Պատմաերկրագիտական թանգարանը»,- շեշտեց Ն.Երանյանը։

Կարևորվում են հատկապես Լեռնային Ղարաբաղի հուշարձանների մասին ուսումնասիրությունները, դրանց անդրադարձել են Սարդարյանը, Մարտիրոսյանը, Եսայանը, Խանզադյանը, Խնկիկյանը, որոնք աշխատում էին հայտնաբերված նյութերի վրա և այնտեղ պեղումներ չեն իրականացրել։ Անկախության տարիներին էլ հայ հնագետները մեծ աշխատանք են կատարել։ Բանախոսի խոսքով՝ կարող ենք հիշել հատկապես Շուշիի շրջակայքի երկաթե դարի ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտությունները։ Մեծ աշխատանք են կատարել Համլետ Պետրոսյանը, Հակոբ Սիմոնյանը, Արտակ Գնունին, Գագիկ Սարգսյանը, Վարդգես Սաֆարյանը։

«Այս հետազոտության մեջ քարտեզի վրա ներկայացրել եմ Արցախի հուշարձանների պետական ցուցակից առանձնացված մ.թ.ա. 3-1 հազարամյակների կեսերն ընդգրկող հուշարձանները։ Բոլոր դամբարանները կամ բնակավայրերը տեղակայված են գետերի հովիտներում»,- ասաց Ն.Երանյանը։

Artsaxi mshakuyty 3

Ուսումնասիրության մեջ ներառվել են մի քանի թանգարաններ, որտեղ պահպանվել են նմուշները։ Ամենամեծ հավաքածուն Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանինն է, հետո նաև ներառվել են Մարտունու պատմաերկրագիտական, Բերդաշենի պատմության, Քաշաթաղի պատմաերկրագիտական, Հայաստանի պատմության, Կապանի պատմաերկրագիտական թանգարանները։

«Մեծաքանակ նյութը խեցեղենն է, կան մարդակերպ առյուծներ, մետաղական հավաքածուն էլ է ընդգրկված՝ դաշույններով, կան ապարանջաններ, եռաժանիներ, գոտիներ և այլն։ Իմ հետազոտության մեջ ներառել եմ նաև Ռուսաստանի և եվրոպական երկրների թանգարանները։ Այս առումով հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել կայսերական քաղաքականությանը՝ այն է՝ ողջ ժառանգությունը պահպանել կայսրության տարածքում։ Իսկ մեր ժառանգության պարագայում այն տարվում և պահպանվում էր կենտրոնում, և կայսրությունն արգելում էր նյութերը դուրս բերել տարածքից։ Օրինակ՝ որոշ նյութեր են պահպանվել Էրմիտաժում։ Ահա Կովկասի ցուցասրահում ներկայացվում են Արցախից հայտնի նյութերը, հենց Ադադ-Ներարի արքայի կնիքն էլ է այդտեղ։ Մոսկվայի պատմության պետական թանգարանում էլ ամենաարժեքավոր նյութերն են պահպանվում։ Կան նյութեր նաև Բեռլինում և Վիեննայում։ Բեռլինում, իհարկե, քիչ նյութ կա, նախկինում ավելի շատ է եղել, սակայն երկրորդ աշխարհամարտի տարիներին կարմիր բանակի զինվորները դրանք տեղափոխել են Ռուսաստան»,- եզրափակեց բանախոսը։

Արցախի հնագույն պատմության և մշակույթի վերաբերյալ հետաքրքիր հետազոտությունը գրավեց հանրության ուշադրությունը։ Աշխատանքը գիտական հանրույթի և հասարակության համար շուտով լույս կտեսնի նաև մենագրության տեսքով՝ ևս մեկ անգամ ամրագրելով Արցախյան մշակույթի կարևոր տեղն ու դերը աշխարհում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 357

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: