Հայաստանը կհյուրընկալի «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային գրական նախագիծը
Հունիսի 24-ից Հայաստանում կանցկացվի «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային գրական նախագիծը: Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող այս նախագիծը նպատակ ունի երկխոսություն սկսել Սևծովյան տարածաշրջանի հեղինակների միջև՝ նպաստելով բարդ տարածաշրջանային երկխոսությանն ու միջմշակութային փոխանակմանը։ Նախագծի մանրամասները այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը, Գյոթե կենտրոնի տարածաշրջանային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանը, «Արի գրականության հիմնադրամ»-ի տնօրեն Արևիկ Աշխարհոյանը և նախագծի մասնակից, գրող Անուշ Քոչարյանը:
«Շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ այսօր ձեզ ներկայացնել այս յուրահատուկ նախագիծը, որը միավորում է հինգ երկրների՝ Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Հայաստանի գրողներին՝ ի դեմս գրող Անուշ Քոչարյանի և Արմեն Օհանյանի:
2023 թվականից այս հեղինակները ունենում են տարբեր քննարկումներ մեծ համբավ ունեցող գրողներ Նինո Հարատիշվիլիի և նախագծի համադրող Լաուրա Ցվիրտնիայի հետ, որպեսզի նպաստեն գրական և մշակութային փոխգործակցությանն ու բազմաշերտ այս տարածաշրջանի կարևորության վերաիմաստավորմանը: Այս տարածաշրջանը, որ հաճախ մնում է այլ մշակութային նարատիվների շղարշի տակ, շատ խոր ու բազմակողմանի պատմություն ունի, որը միանշանակ արժանի է ուշադրության»,- նշեց Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը:
Նախագծին մասնակցում են նշված երկրներից երկուական գրողներ: Այս տարվա մասնակից հեղինակներն են՝ Անուշ Քոչարյանը, Արմեն Օհանյանը,Արչիլ Քիքոձեն, Հալինա Կրուկը, Բոգդան Քոշան, Լավինիա Բրանիշտեն, Ինա Վուլչանովան։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հինգ օր կանցկացնեն Հայաստանում: Սևանա լճի, Դիլիջանի և Երևանի շրջակայքում նրանք հնարավորություն կունենան ինտենսիվ աշխատելու, գրելու, քննարկումներ ծավալելու:
Նախագծի շրջանակում կիրականացվի երկու միջոցառում:
Հունիսի 24-ին Սևանի Գրողների տանը կկայանա «Մի բուռ ջուր» խորագրով հանդիպումը: «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպում Ծովինարի ու սուրբ Աղբյուրի պատմությունը նկարագրող այս հատվածը խորհրդանշում է ոչ միայն բնության, հոգևորության ու ինքնության սերտ միաձուլումը հայկական մշակույթում, այլև մատնանշում է ջրի, ծովի մշակութային ու քաղաքական նշանակությունը Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող, բայց սևծովյան քաղաքականության հետևանքները միշտ իր վրա կրող պետություն։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն, թե ինչպիսի ազդեցություններ ունեն ծովի ու ջրի մասին վկայող պատմությունները մեր մշակութային նարատիվների վրա, ինչ ազդեցություն ունի ջրի խորհուրդը մեր մշակույթում, որը ձևավորել է մեր վերաբերմունքն ու առասպելները ծովի վերաբերյալ, Եվ վերջապես՝ ինչ նոր պատմություններ կարող են համատեղ ջանքերով զարգանալ ջրի, երկրների ու լեզուների միջև։
Նույն օրը Սևանում տեղի կունենա «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային ծրագրի համադրող, գրող Լաուրա Ցվիրտնիայի «Դրսում մեր անուններն ուրիշ են» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: «Վերջինս լայն կապ ունի Սևծովյան տարածաշրջանի հետ, քանի որ հեղինակն ինքն ունի հայկական արմատներ, պապը Ստամբուլից է: Գրքում ներկայացված է իր ընտանիքի պատմությունը, որը մամասմբ Ստամբուլում է, մասամբ՝ Գերմանիայում, մասամբ՝ Հայաստանում: Հետևաբար այս երեք մշակույթների խառնուրդը հեղինակն ինքը կարող է ներկայացնել և սեփական փորձառությունը կապակցել այս ծրագրին»,- պարզաբանեց Արևիկ Աշխարհոյանը:
Ծրագրի երկրորդ և ամփոփիչ միջոցառումը կլինի հունիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Գյոթե կենտրոնում: Այդ օրը հեղինակները կխոսեն իրենց տպավորությունների և ձեռքբերումների մասին, ինչպես նաև կներկայացնեն իրենց գրական տեքստերից որոշ հատվածներ:
«Առաջին անգամ է այսպիսի ձևաչափով ծրագիր կազմվում, որտեղ մասնակցում են Սևծովյան տարածաշրջանի երկրներ: Հայաստանը չունի ելք դեպի Սև ծով, բայց բազմաթիվ ծրագրերում՝ առնվազն հրատարակչական ոլորտի, մենք հանդես ենք գալիս Սևծովյան անվան տակ: Մեզ համար ակնհայտ է, որ ավելի շատ ընդհանուր բան ունենք այդ երկրների թե՛ գրական, թե՛ հրատարակչական ոլորտների հետ, քան ուրիշների: Հետևաբար՝ մեծ ուրախաությամբ համաձայնվեցինք լինել այս ծրագրի գործընկերը և ներկայացնել հայկական կողմը, մեր հեղինակներին, ինչպես նաև հայերեն թարգմանված այն գրքերը, որոնք մենք այսօր ունենք մասնակից հեղինակներից ու նախագծի համադրողից»,- պարզաբանեց Արևիկ Աշխարհոյանը՝ նշելով նաև, որ այս ծրագիրը կապ չունի գրքերի թարգմանությունների հետ, քանզի նախագիծը հեղինակների միջև երկխոսությանն ուղղված ծրագիր է:
«Երբ մենք գրողներով հնարավորություն ունեցանք հանդիպել, ապրել մի տարածքում և ստեղծագործել, անմիջապես հասկացանք, որ բոլորս ունենք նմանատիպ բառեր՝ նկարագրելու մեր 90-ականները: Բոլորս ունենք ոչ միանման, բայց մեծ հաշվով նույն նարատիվը տարբեր պատմություններով գրելու մեր վեպերը, անգամ պոեզիայի դեպքում համընկնումներ կան: Սա հրաշալի առիթ էր հասկանալու, որ մեր երկխոսության լեզուն, որ բաց ենք թողել կամ այն սակավ է եղել, պայմանավորված է նրանով, որ մենք իսկապես միմյանց չենք հանդիպում՝ շուրջը լինելով այդ ջրային հատվածի: Եվ այս առումով ծրագիրը բացառիկ է, քանի որ ստեղծում է այդ կապակցման տարածքը, և այդ տարածքը մեկը չէ»,- ասաց գրող, նախագծի մասնակից Անուշ Քոչարյանը:
Նախագծի կազմակերպիչները ծրագրել են տարվա երկրորդ կեսին անցկացնել առցանց հանդիպում սիմպոզիումի ֆորմատով, որը կներառի գրողներին, հրատարակիչներին և թարգմանիչներին: Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգի խոսքով՝ Լաուրա Ցվիրտնիայի հետ հիմա աշխատում են նաև գալիք հրապարակումների վրա, որոնք կտապագրվեն թե՛ գերմանական թերթում, թե՛ այլ հարթակներում: 2025 թվականի ամռանը լույս կտեսնի մի գրքույկ, որտեղ ներկայացված կլինեն այս տարվա նախագծի բոլոր մասնակից գրողները իրենց ստեղծագործություններով: Ըստ էության՝ դա կլինի այս տարվա նախագծի ամփոփումը, բայց Գյոթե ինստիտուտը կշարունակի այս նախագծի իրականացումն ու տարածումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս գրողների համար:
Նախագծի կազմակերպիչներն ակնկալում են այսկերպ տարածաշրջանի գրողներին կապել իրար և, այս ուղղությամբ աշխատելով շուրջ մեկուկես տարի՝ արդեն տեսնում են արդյունքներ, գրողների միջև ուղիղ փոխանակումներ: Օրինակ՝ Անուշ Քոչարյանի գիրքը թարգմանվում է վրացերեն, վրացի գրող Արչիլ Գիքոձեի երկրորդ գիրքը լույս է տեսել հայերենով:
Ըստ Գյոթե կենտրոնի տնօրենի`նախագծի նպատակներից մեկը տարածաշրջանի գրողների գրականությունը տարածելն ու նպաստելն է, որ դրանք թարգմանվեն մասնակից երկրների լեզուներով: Եվ վերջապես, Սևծովյան գրողների ստեղծագործությունները և մասնավորապես հայ գրականությունը հենց Գերմանիայում տարածելու ձգտումն է, քանի որ դա նաև Գյոթե ինստիտուտի առաքելությունն է:
Մարջան Չոբանյան
Լուսանկարները՝ «Արմենպրես» լ/գ
- Created on .
- Hits: 357