Վերականգնողական թղթի արտադրամաս՝ Մատենադարանում

Մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրամաս։ Այն հնարավոր է դարձել Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում, որոնք գաղափարից մինչև արտադրության իրագործում երկար ճանապարհ են հաղթահարել: Նրանց ջանքերով աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը արդեն հնարավոր կլինի ստանալ նաև հայկական հումքից։

 Matenadaran txti artadramas 2

«Իրականություն դարձավ Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցների գրեթե տասնամյա երազանքը»,- արտադրամասի բացմանը ասաց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նրա գնահատմամբ՝ այս արտադրամասի ստեղծումը, ըստ էության, մեզ դարձնելու է ավելի անկախ միջազգային շուկայից՝ մոտ ապագայում բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։

 Matenadaran txti artadramas 3

Արտադրամասը հիմնվել է «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի, «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի, EU4CULTURE նախագծի աջակցությամբ: Հենց նրանց էլ շնորհվեցին թղթի առաջին նմուշների վրա պատրաստված շնորհակալագրերը:  

 Matenadaran txti artadramas 5

«Առաջին հայացքից շատ տարօրինակ է թվում, որ Մատենադարանն ու «Իմփաքթ Հաբը» կարող են ինչ-որ համագործակցություն ունեցած լինել: Մեզ համար ևս մի քիչ զարմանալի էր, երբ տեսանք, որ Մատենադարանն է մեր ինկուբացիոն ծրագրերից մեկի դիմորդը: Երբ կարդացինք հայտը և հասկացանք նպատակը, այն է՝ ունենալ ձեռնարկատիրական մոդել և կարողանալ սոցիալական ձեռներեցությամբ ապահովել Մատենադարանի կայունությունը, մեզ համար հիացմունք էր»,- նախաձեռնության մասին ասաց  «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

 Matenadaran txti artadramas 6

«Եթե որոշ ժամանակ առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ Մատենադարանում մենք արտադրամաս պիտի ունենաք, երևի կտարակուսեինք, որովհետև «Մատենադարան» ու «արտադրամաս» բառերն առաջին հայացքից, կարծես, իրար չեն կապվում: Բայց շատ կարևոր է, որ Մատենադարանը գնում է զարգացման այս ճանապարհով, որովհետև այն միայն պահոց, գիտական աշխատանքի վայր չէ: Մատենադարանն ավելին է, քան դա: Այն նաև բազմազան փորձառության և հնարավորությունների մի միջավայր է, որտեղ, կարծում եմ, վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն՝ բացահայտելու նորը»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 Matenadaran txti artadramas 7

«Արդեն գիտենք, որ այս լուրը հասել է մեր տարածաշրջանի համանման կառույցներին և կա մեծ հետաքրքություն ձեռք բերելու Մատենադարանում առաջիկայում արտադրվող թուղթը, որը մենք ճապոնական վերականգնողական թղթի նմանությամբ անվանում ենք հայկական վերակագնողական թուղթ: Այս աննահանջ հավատի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում վերագնողական բաժնի մեր 2 աշխատակցին՝ Արթուր Պետրոսյանին և Արտավազդ Այվազյանին»,- ասաց Արա Խզմալյանը:

 Matenadaran txti artadramas 9

Նրա խոսքով՝ Մատենադարանն այն վայրն է, որտեղ վերակագնվում են ոչ միայն Մատենադարանի պահոցներում ամբարված արժեքները, այլև Հայաստանի բոլոր գրադարանների, թանգարանների գրավոր կոթողները: «Ավելին՝ Մատենադարանը որդեգրել է մի սկզբունք, որ ընդլայնելու է իր մասնագիտական ներկայությունը և տարեցտարի ավելի ինտենսիվ է վերահսկելու նաև աշխարհասփյուռ մեր ձեռագրական ժառանգությունը, թե՛ Վենետիկը, թե՛ Վիեննան, թե՛ Երուսաղեմը և թե՛ աշխարհի որևէ երկիր, որևէ քաղաք, որտեղ կա հայերեն գրավոր ժառանգություն»:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 118

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: