Զրույց միֆի մասին

    Դժվար թե այսօր դուք հավատաք, որ գիշերն ու ցերեկը ղեկավարում է մի ալեհեր ծերունի՝ նստած մի բարձր սարի վրա, կամ որ արևն ու լուսինը վիճակ են գցել, թե ով պիտի գիշերը հսկի աշխարհը, կամ որ կայծակը հրացայտ աչքերով կին է, անունը՝ Ծովյան կամ Ծովինար, նստած է հրեղեն ձիու վրա և ձիով խաղում, պարում է ամպերում, և երբ երկնքում երևում է Ծովյանը և փայլատակում լույսի ու կրակի մեջ,  իսկույն սկսում է անձրև գալ և այլն: Սրանք բնության երևույթների վերաբերյալ հայ հին պատկերացումներ են: Միֆական մտածողության հիմքում  աշխարհաճանաչողությունն է ընկած: Բազմաթիվ տեսություններ և մոտեցումներ են նվիրված միֆին:
    Միֆը, միֆամտածողությունը բավականին  բարդ, տարողունակ և հետաքրքիր նյութ է, նամանավանդ, որ ժամանակակից աշխարհը, արվեստը ոչ միայն չեն հրաժարվում միֆերից, այլև նորանոր դրսևորումների են դիմում:
    Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում, ժամանակակից աշխարհում նույնպե՞ս ստեղծվում են միֆեր, 20-րդ դարում ինչպիսի՞ն է միֆակիրառությունը գրական տեքստում, մասնավորապես հայ գրականության մեջ ի՞նչ նոր մոտիվներ են գործում և այլն: Այս հարցերին հնարավորինս ամփոփ պատասխաններ գտնելու համար զրուցեցի ԵՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. գրականագետ Ալվարդ Սեմիրջյանի հետ, ով նաև հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի համաշխարհային գրականություն և գրականության տեսություն մագիստրոսական ծրագրում դասավանդում է «Միֆը 20-րդ դարի գրականության մեջ» առարկան:           
alvard    Ինչո՞ւ են մարդիկ միֆեր ստեղծում հարցի պատասխանը ստանալու համար նախ կարևոր է առանձնացնել երկու մոտեցում, այն է՝ միֆեր ստեղծվե՞լ են առաջ և հիմա այլևս չեն ստեղծվում, թե՞ միֆեր ստեղծվում են միշտ. տեսաբանների կարծիքները պարզվում է տարբեր են. «Ռ. Բարտը ժամանակակից կյանքը համարում էր բարենպաստ դաշտ առասպելականացման համար: Ամենանախնական պատկերավոր մտածողության վիճակից միֆը ժամանակակից կյանքում վեր է ածվում քաղաքական դեմագոգիայի զենքերից մեկին: Մելետինսկին գտնում էր, որ  նոր միֆերը այն նշանակությունը չունեն, ինչ նախամարդու ստեղծած միֆերն են ունեցել, և այդ է պատճառը, որ 20-րդ դարում ժամանակակից մարդու օտարումը, դատապարտվածությունը, մենակությունը գեղարվեստականացնելու նպատակով, այնուամենայնիվ, օգնության են գալիս հնագույն միֆերը: Իսկ, օրինակ, Էլիադեն գտնում էր, որ սոցիալիզմը ժամանակակից էսխատոլոգիական միֆերից է»,- նշում է Ա. Սեմիրջյանը:
      Կարծիքները երկփեղկվում են. ըստ մի տեսակետի` միֆեր ստեղծվում են միշտ. միֆակերտումը, միֆամտածողությունը բնորոշ է մարդուն բոլոր ժամանակներում, ինչպես տարբեր ժամանակներում քաղաքական, սպառողական միֆերը, զանազան հիվանդությունների, հայտնի մարդկանց կյանքի և մահվան մասին առասպելները:
    Մյուս մոտեցման համաձայն էլ՝ մեր նախնիների ստեղծած միֆերից դուրս նոր միֆեր չեն ստեղծվում, այսինքն՝ ինչպես բացատրում է Ա. Սեմիրջյանը, մենք մշտապես հնագույն միֆերն ենք վերստեղծում՝ նորագույն ժամանակներին համահունչ հարցադրումներով, և անընդհատ կարծես թե շրջանառության մեջ են հնագույն միֆերը. դրանց կողքին նոր միֆեր չեն ստեղծվում, այլ  հին միֆերը պարզապես վերաձևակերպման են ենթարկվում:
    Այս առիթով նաև անդրադարձանք միֆի և ֆանտաստիկ գրականության կապին, ու զրույցի ընթացքում պարզեցի, որ, ըստ էության, ֆանտաստիկ, գերբնական գրականության հիմքում, ամենանախնական ենթատեքստային շերտերում, ի վերջո, ավանդական միֆերն են ընկած. «Եթե միֆապոետիկայում հերոս-հակահերոս բախումը  դրսևորվում է  մարդ կամ գերմարդ և գերբնական էակների միջև բախման ու պայքարի միջոցով, ապա աստիճանաբար  այդ գերբնական էակները ձեռք են բերում մարդկային կերպարանքներ: Գիտաֆանտաստիկ գրականության մեջ հակառակորդի կերպարանքում հանդես են գալիս ռոբոտները կամ այլմոլորակայինները, բայց, ըստ էության, երևույթը չի փոխվում. էականը   թշնամու, հակառակորդի գաղափարն է, որին պետք է հաղթել»,- նշում է Ա. Սեմիրջյանը:
 
    Միֆակիրառությունը 20-րդ դարի գրականության մեջ
    Միֆ և գրականություն կապը գրապատմական զարգացման ընթացքում տարբեր փուլերում տարբեր ձևերով է դրսևորվել: Ա. Սեմիրջյանը ուշագրավ է համարում միֆակիրառության բնույթը հատկապես 20-րդ դարի գրականության մեջ՝ նշելով, որ 20-րդ դարը բազմաթիվ հետաքրքիր գեղարվեստական տեքստեր բերեց, որոնցում միֆը նույնքան իրական էր դիտվում, որքան՝ իրականությունը միֆական. «Այդ սահմանը տարանջատել, տեսնել, զգալ շատ հաճախ անհնար է, օրինակ՝ Ջոյսի գրականության մեջ, Մարկեսի և ընդհանրապես լատինամերիկյան գրողների գրականության մեջ: Բազմաթիվ ավանդական միֆական մոտիվներ մտան գեղարվեստական գրականության դաշտ, դրանք սկսեցին վերաիմաստավորվել, վերակառուցվել և նաև քայքայվել»,- նշում է նա և հավելում. «Եթե նախկինում միֆը օգտագործվում էր գաղափարական նպատակներով, գործածվում էր որպես տրոպ,  մետաֆոր, լեզվի պատկերավորման միջոց, սիմվոլիկ նշանակությամբ և այլն, ապա 20-րդ դարի գրականության մեջ միֆը մտավ որպես աշխարհայացք, կյանքը ճանաչելու և վերաիմաստավորելու միջոց, ինչպես նաև որպես գեղարվեստական տեքստի կառույց, գեղարվեստական տեքստի բովանդակություն»:
    Ա. Սեմիրջյանը 20-րդ դարի գրականության մեջ Պրոմեթևսի և Սիզիփոսի միֆերն է նշում որպես ամենատարածված միֆեր, իսկ հայ գրականության մեջ՝ Փոքր Մհերինը: Գրականագետը նաև հավելում է, որ 20-րդ դարի ամենատարածված գեղարվեստական ուղղությունները՝ էկզիստենցիալիզմը, աբսուրդի գրականությունը  բերում էին դատապարտված մարդու կերպարը, և այդ կերպարը գեղարվեստական տեքստում ներկայացնելու համար ամենալավ հնարավորությունը  տալիս էին հատկապես վերոնշյալ միֆերը՝ որպես հավերժական դատապարտվածության կրող և այդ դատապարտվածությամբ ապրող, աստվածների կողմից անիծված, պատժված կերպարներ, որոնք գեղարվեստական տեքստերում այս կամ այն վերաիմաստավորումն էին ստանում: Հայ գրականության մեջ Փոքր Մհերի կերպարը օգտագործվում էր որպես ժամանակակից մարդուն պատկերելու առանցքային ելակետ, որպես դատապարտվածություն, արմատների միջոցով ինքնաճանաչման հասնելու հնարավորություն, կամ պատմական ընթացքը, ժամանակաշրջանը ինչ-որ ձևով փոխելու համար էր Փոքր Մհերը գալիս օգնության:
    Հետանկախության շրջանի հայ գրականության մեջ` հատկապես 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի սահմանագծին,  ակնհայտ էր  էսխատոլոգիական, վախճանաբանական միֆերը առատությունը: Ա. Սեմիրջյանը դա շատ բնական է համարում՝ հաշվի առնելով ժամանակաշրջանը. «1990-ականների վերջ 2000-ականների սկիզբ՝ սահմանագծային իրավիճակ. հիշո՞ւմ եք, բոլորը խոսում էին աշխարհի վերջի մասին: Էսխատոլոգիզմը իր մեծ և փոքր փուլերով պարբերաբար կրկնվում է, օրինակ՝ տարվա վերջում մենք այդ զգացողությունները միշտ ունենում ենք, բայց դարավերջը ավելի մեծ ցիկլ է, էսխատոլոգիզմը դարավերջյան անցումներում ավելի ընդգծված, ավելի ծավալուն է դրսևորվում: Այս պարագայում այդ ժամանակաշրջանում գեղարվեստական գրականության մեջ հատկապես ընդգծված էր Նոյ նահապետի, ջրհեղեղյան մոտիվը»,-ասում է Ա. Սեմիրջյանը: Այս առիթով նա նշում է մի քանի հեղինակների ստեղծագործություններ՝ Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին» բանաստեղծությունների ժողովածուն, Հովհաննես Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» գիրքը, Նորայր Ադալյանի «Ապոկալիպսիս» վեպը:
Իսկ արդի երիտասարդ հայ հեղինակներից գեղարվեստական տեքստում միֆակիրառության առումով գրաքննադատը հատկապես ուշագրավ դրսևորումներ է տեսնում Հովհաննես Թեքգյոզյանի արձակում: Նա նշում է, որ այն  միֆակառույց արձակ է, և գրողը հեղինակային միֆեր է ստեղծում, ինչը բավականին հետաքրքիր երևույթ է գրականության մեջ:
    Երիտասարդ հեղինակներից Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գիրքը նշելով՝ Ա. Սեմիրջյանը նկատում է, որ հեղինակը տեքստում ավանդական միֆերը ենթարկում է խաղի, որոնց արդյունքում դրանք հաճախ քայքայվում են: Միֆապոետիկայի առումով բավականին ուշագրավ է նաև  Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը» վեպը:
    Ա. Սեմիրջյանը կարծում է, որ շատ հաճախ գեղարվեստական տեքստը  աստիճանաբար վեր է ածվում միֆական արքետիպերի վրա հիմնված կառույցի. վերանում է ժամանակը, տարածությունը, և ժամանակի ու տարածության պատմական միագիծ ընկալումը իր տեղը զիջում է միֆական՝ ցիկլային ժամանակի օրինաչափություններին: Քաոսի և կոսմոսի հավերժական բախումը, ժամանակակից մարդու գոյության  որոնումները, տարաբնույթ միֆական մոտիվների բաց կամ փակ տեքստով գեղարվեստական տեքստի մեջ ներմուծումը, միֆի և իրականության սահմանազանց իրավիճակների պատկերումը. ահա՛, սրանք են ժամանակակից գրական տեքստում միֆակիրառության կամ, ինչպես ընդունված է ասել, նեոմիֆոլոգիզմի հիմնական  առանձնահատկությունները: 
                                                                                                                                               
Արփինե Արզումանյան
 
  • Created on .
  • Hits: 4398

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: