Սպիտակ թղթի առջև

     Գրական զրույց
    Հոկտեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: Քննարկման համար ելման կետ ընդունվեցին Հրանտ Մաթևոսյանի երկու հոդվածները: Քննարկումը վարում էր Դավիթ Մուրադյանը: Հիմնական զրույցը ծավալվեց «կարող է գրականությունը փոխել աշխարհը թե ոչ» հարցադրման շուրջ: «Գրական տապան 2013-ի» մասնակից հայ և օտարերկրացի գրողները փոխանակեցին կարծիքներ գրողի ու գրականության դերի մասին՝ իրենց տեսակետները հիմնավորելիս ելնելով իրենց երկրների գրականության ու իրենց անձնական փորձառությունից: Ծավալվեց հետաքրքիր զրույց, որը մասնակի ներկայացնում ենք այստեղ:

      Դավիթ Մուրադյան, արձակագիր, դրամատուրգ, կինոգետ
    - Սպիտակ թղթի առջև հարկավոր է պատկառանք ունենալ, և այդպես է վարվում ամեն գրող, ով ունի տաղանդ ու խիղճ: Հրանտ Մաթևոսյանը երկար էր նայում սպիտակ թղթին, այդ պատճառով էլ ինչ գրում էր, դառնում էր ճշմարիտ գրականություն: Նա ոչ միայն ժամանակն էր արտահայտում, այլև ժամանակ էր ձևավորում: Հատկապես իմ սերնդի կյանքում նա մեծ դեր է կատարել, և համոզված եմ, որ շարունակում է կատարել երիտասարդ սերնդի համար:
    Ի՞նչ հաղորդակցություն կա գրողի, թղթի և այն մարդու միջև, որ հետո պիտի այդ թուղթը կարդա, ավելին՝ ի՞նչ հաղորդակցություն կա մշակույթների միջև այս սպիտակ թղթի գրվածի հետևանքով: Ահա այս թեմաների շուրջ եկեք զրուցենք:
    Ինչպես Քամյուն է ասում, այն ինչ չի նկարագրվում, անհետանում է, ես նույնիսկ կավելացնեի, որ եթե մի բան չի նկարագրվում, չի գրվում, ուրեմն չկա կամ անգամ չի հայտնաբերված: Ես հարց ունեմ, կա՞ր արդյոք Կոլումբիան մինչև Մարկեսի վեպը՝ «Հարյուր տարվա մենությունը»: Քարտեզի վրա կար: Բայց մեր հոգիներում, գիտակցության մեջ և աշխարհի համար կա՞ր արդյոք: Հավանաբար ոչ: Մարկեսը բացեց, իր խոսքը, իր տեքստը բացեցին: Նույնը արեց Հրանտ Մաթևոսյանը Հայաստանի ու հայ գրականության համար 20-րդ դարում: Ես կուզեի հենց այստեղից էլ սկսեինք մեր երկխոսությունը կամ բազմախոսությունը:
    Եվ որպեսզի խոսակցությունը հունի մեջ ընկնի, Հրանտ Մաթևոսյանից երկու մեջբերում անեմ. «Գրողը ի՞նչ է անում: Աշխարհը իր ուզածի պես չի, և նա գրելով ուզում է աշխարհը բերել իր ուզած տեսքին»: Եվ մյուսը, որը վերաբերում է գրական տապանին. «Մեր տանը համաշխարհային գրականության ամենօրյա ներկայություն է հարկավոր»: Ես համաձայն եմ այս երկու մտքերի հետ: 
      Աննե Պրովոսթ, Բելգիա, արձակագիր, էսսեիստ
    - Քանի որ առաջին մարդն եմ, որ խոսում եմ, ուզում եմ դեր խաղալ: Որպեսզի զրույցը ակտիվ լինի, ես կխաղամ սատանայի փաստաբանի դերը: Թեմայի շուրջ ասվածի հետ ես այնքան համաձայն եմ, որ չեմ կարող ինչ-որ բան ավելացնել: Բայց բոլոր քննարկումների մեջ հարկավոր է ունենալ երկու բևեռ, որպեսզի կարողանանք կառուցել այն և որպեսզի խաղամ իմ դերը, ես կպնդեմ, որ նախաբանի մեջ պակասում էր համեստությունը. գրողները ընդհանրապես անզոր են: Մենք անզոր ենք փոխել աշխարհը, աշխարհը մեզանից առաջ է ընկնում, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, նրա հետևից վազելն է: Եվ ինչքան էլ, որ մենք հավատանք, որ փոխել ենք կամ փոխելու ենք ինչ-որ բաներ, աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, երկրաշարժեր, կապիտալիզմ, որ ծայրահեղ դրսևորումների է հասել, և մենք ոչինչ էլ չենք կարողացել անել: Եվ այնպես է ստացվում, որ, որպեսզի կարողանանք մնալ որպես գրող, պետք է կարողանանք զբաղեցնել ընթերցողին, մեր դերը մնում է ընթերցողին զբաղեցնելը, որպեսզի վաճառենք մեր գրքերը: Եվ միակ ձևը, որ մենք կարող ենք մեզ արդարացնել, գրքերն են, որ մենք թարգմանել ենք, մրցանակներն են, որ ստացել ենք, և դրանցով է որ ներկայանում ենք… և մենք համակարգի անդամ ենք նույնքան, որքան կոկա-կոլան կամ մակինթոշը:
      Նշան Աբասյան, Հայաստան, բանաստեղծ
    - Սպիտակ թղթի հանդեպ պատկառանքից բացի, կարևոր է պատկառանքը լեզվի հանդեպ: Լեզուն նման է կավի, իսկ գրողը կավագործի, և եթե խեցեգործը չսիրի կավը, չի կարող ոչինչ պատրաստել: Եվ որքան էլ որ սպիտակ թղթի ու լեզվի հանդեպ սիրո արտահայտությունը չi կարող աշխարհը դրախտ դարձնել, մենք չգիտենք, թե որքան ավելի սարսափելի կլիներ աշխարհը, եթե աշխարհում գրողներ չլինեին, որովհետև սերը չի կարող խաղաղություն ու սեր չծնել:
    Լյուդվիգ Լահեր, Ավստրիա, արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ
    - Ուզում եմ նշել, որ աշխարհը գլոբալիզացվել է: Բավականին շատ եմ ճամփորդել ու շատ երկրներ եմ այցելել: Եվ իմ կարծիքով կան երկրներ, որտեղ գրականությունը մեծ դեր է կատարում տակավին: Օրինակ` գիտեմ Եվրոպայում իրարից հեռու գտնվող այդպիսի երկու երկրներ՝ Լիտվան և Իռլանդիան: Եվ ես գիտեմ Եվրոպայում բազմաթիվ երկրներ, որտեղ գրականությունը բավականին փտած վիճակում է, ոչ թե գրողների, այլ ընթերցողների ու հասարակության պատճառով: Նաև գիտեմ, որ շատ երկրներում, հատկապես փոքր երկրներում գրողները ստիպված են գրելուց բացի, այլ աշխատանքով զբաղվել, որպեսզի կարողանան պահել իրենց: Ամեն երկիր ունի իրեն բնորոշ դժվարությունները, և ես կցանկանայի, որ գրողները խոսեին իրենց փորձառության ու իրենց երկրներում առկա իրավիճակների մասին:
      Ռաքել Լանսերոս, Իսպանիա
    - Ես պետք է ասեմ, որ վախեցած եմ մի փոքր, քանի որ կյանքում առաջին անգամ սատանայի փաստաբանի հետ համաձայն եմ, ես կխաղամ սատանայի դատապաշտպանի դատապաշտպանի դեր: Կարծում եմ, որ, այո, գրողները չունեն աշխարհը փոխելու հնարավորություն, որքան էլ կուզեին դա ունենալ: Բայց գրողները մի կարևոր հատկանիշ ունեն՝ երևակայությունը: Կարծում եմ, որ երևակայությունը շատ մեծ ներուժ ունի աշխարհը փոխելու: Եվ նրա ուժն այն է, որ գրողները ոչ միայն արտացոլում են իրականությունը ինչպիսին այն կա, այլ թե ինչպիսին այն կարող է լինել: Երևակայությունը մի զենք է, որ կարող է փոխել աշխարհը: Ես ուզում եմ հիշեցնել, որ գրողների նկարագրածների մեծ մասը իրականություն է դարձել, և մեր գրածն էլ կարող է մի օր իրականություն դառնալ:
    Յոլանդա Կաստանիո, Իսպանիա, գրում է գալիսերեն, որը Իսպանիայի չորս պաշտոնական լեզուներից է
     - Կարծում եմ, որ մենք իրոք մեծ պատասխանատվություն ունենք սպտիակ թղթի առջև և պետք է նրան  հարգանքի տուրք մատուցենք: Նկատի ունեմ, որ պետք է փորձել նոր բան գրել, եթե անգամ դա անհնար է, պետք է մտածենք, որ դա հնարավոր է: Պետք է փորձել ազնիվ լինել, որքան հնարավոր է, փորձել չլսել շուկային, լինել հավակնոտ, որքան կարող ես լինել խղճիդ առջև: Թղթի առջև անկեղծ լինելու առումով պետք է ասեմ, որ որքան մասնավորեցված ես գրում, այնքան համընդգրկուն ես լինում: Եվ պետք է ասեմ, որ գրողը պետք է լինի իր ժամանակի վկան:Դուք կարող եք գրել 19-րդ դարի մասին, բայց լինել ձեր ժամանակի վկան: Իհարկե, գրականությունն առաջարկում է տարբեր պատասխաններ ամենատարբեր հարցերի: Եվ առաջարկում է այլընտրանքային տարբերակներ ուժին, հզորությանը և ԶԼՄ-ներին: Եվ,  իհարկե, մեր այլընտրանքային խոսքով մենք կարող ենք ստեղծել այլ իրականություն: Եվ կարծում եմ, որ հասարակությունը չափազանց մեծ պատասխանատվություն է դնում գրողի վրա: Չեմ կարծում, որ հասարակությունը կոմպոզիտորին հարցնում է՝ արդյոք նա փոխում է աշխարհը: Եվ վերջում մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ գրողը պետք է հավատարիմ մնա իր գաղափարներին և չլսի դրսի շուկային:
       Դիանա Համբարձումյան, Հայաստան, արձակագիր, թարգմանիչ
     - Ուզում եմ վերադառնալ մեր մեծ արձակագրին՝ Հրանտ մաթևոսյանին: Հրանտ Մաթևոսյանից սկսեցինք, և դա պատահական չէր: Եվ խոսքն էլ պատահական չէր ընտրված: Ուզում եմ նորից անդրադառնալ գրողի՝ աշխարհը փոխելու կամքին: Իսկ մինչ այդ երկու նախադասություն Հրանտ Մաթևոսյանի մասին: Այս մի քանի նախադասությունը ցույց կտա նրա մեծությունն ու համաշխարհային մեծ գրողների կողքին կանգնելու նրա իրավունքը: Ժամանակին Նոբելյան մրցանակակիր Բրոցկին, որին մենք պատիվ ենք ունեցել Հայաստանում հյուրընկալել և ժամանակին Հրանտ Մաթևոսյանը և մի շարք հայ գրողներ հանդիպել են նրան արտասահմանում, և ահա այնտեղ երբ նրան հարցրել են, թե խորհրդային գրողներից ում կերաշխավորեիք նոբելյան մրցանակի համար և թվարկվել են մեծ գրողների անուններ՝ Չինգիզ Այթմատով և այլոք, նա ասել է, որ միայն Հրանտ Մաթևոսյանին կերաշխավորի:
    Վերադառնալով Հրանտ Մաթևոսյանի խոսքին՝ ես կարծում եմ, որ ոչ թե աշխարհը փոխելու խնդիր էր առաջադրում նա, այլ գրողը, աշխարհը իր միջով, իր փորձառության ու երևակայության միջով անցկացնելով, երևակայության, տաղանդի շնորհիվ այն տաներ գրականության դաշտ, որը բնականաբար փոխված պետք է լիներ: Եվ քանի որ այն գրողը անցկացրել է իր միջով և իրականությունից վերցրել է այն, ինչը իրենն է համարել ու տարել իր լավագույն երազների աշխարհը՝ նկատի ունենալով խոսքի ուժը, սա բումերանգի պես պետք է վերադառնար ու փոխեր աշխարհը: Նա մեծ վարպետ էր, և նրանից հետո մի մեծ պլեադա չէր կարողանում ազատվել նրա ազդեցությունից: Խորհրդային տարիներին, երբ արգելված էր բացախոսությունը, նա բերեց այլախոհություն և փոխեց աշխարհը:
      Հայկ Համբարձումյան, Հայաստան, գրականագետ
  - «Քննարկման ընթացքում մենք անդրադարձանք միայն գրականություն առաքելությանը, բարեփոխումներ առաջացնելու, գեղեցիկն ավելացնելու զորությանը: Սակայն, ըստ իս, Հրանտ Մաթևոսյանի խոսքը նաև զգուշացում է գրողներին: Պատասխանատու լինել խոսքի նկատմամբ, չծառայեցնել այն միայն վատն ու չարիքն ավելացնելուն: Որովհետև ինչպես Աստվածաշնչում է` «ասվում է, և լինում է»: Դժվար է ասել` Կաֆկայի ու Քամյույի ներկայացրած իրականությունները կային մինչև դրանց մասին գրելը, թե եղան գրելուց հետո: Համենայնդեպս, ետանկախության շրջանի մեր գրականությունը ցույց տվեց, որ գրականությունը իրականության պասիվ արձագանքողը չէ միայն, այլ ստեղծում է իրականություն: Այս դեպքում հաստատում ու տարածում է գորշություն, մահվան սպասում ու տագնապ»:
     Կլաուդիո Պոցանի, Իտալիա, բանաստեղծ, արձակագիր
  - Կարծում եմ, որ գրողը և արվեստագետն ընդհանրապես ոչ թե փոխում են աշխարհը, այլ հարստացնում են այն գեղեցկությամբ: Նկատի ունեմ՝ նրանք տեսնում են, որ աշխարհում պակաս-պռատ բաներ կան և փորձում են լրացնել այդ բացը: Ես կարծում եմ, որ արվեստագետները նրանք էին, որ նման էին խաղողի թփերի օգնությամբ ջրի տեղը որոշող մասնագետների: Ցավում եմ, բայց դա վերջացել է հիմա: Ինտելեկտուալ գրողները այլևս համարձակություն չունեն խոսել թերթի դեմ, որ իրենց սյունակ է տրամադրում, համալսարանի դեմ, որ իրենց աշխատավարձ է տալիս:  Ինչպե՞ս նրանք կարող են աշխարհ փոխել, եթե նրանք անգամ իրենց կյանքը չեն կարող փոխել: Իտալացի բանաստեղծներ ունենք, որ համալսարաններում դասավանդում են: Նրանք, հավակնություններից ելնելով, որոշ տեղերում գոռգոռում են, բայց համալսարաններում ծպտուն չեն հանում: Որպեսզի քեզ արվեստագետ համարես, պետք է կյանքի բոլոր պարագաներում արվեստագետ լինես:
    Ասում են, որ հասարակությունը չի կարդում: Իտալացի ընթերցողի 61 տոկոսը կարդացած տողը չի հասկանում: Այսպիսով կռիվ կա. երբ դու գրող ես ու գրում ես, քո գրածը տեղ չի հասնում: Եթե դու գրող ես, պետք է ոչ թե բանաստեղծություններ գրես ու գնաս փառատոներում կարդաս հատուկ հասարակության համար, այլ եթե ուզում ես, որ իրադրությունը չշարունակի գլորվել անցանկալի ուղղությամբ, պետք է մի բան անես: Կա ոչ միայն սպիտակ թղթի առջև հարգանքի խնդիր, այլև գրված թղթի առջև հարգանքի, որովհետև լուրջ խնդիր ունենք, բոլորը ուզում են գրել, և ոչ ոք չի ուզում կարդալ, և դա արդի հասարակության հակասությունն է:
      Գոհար Գալստյան, Հայաստան, բանաստեղծ
    - Ես ճերմակ թուղթը կհամեմատեմ սպիտակ թղթի հետ: Վաղ այգաբացին մարդը նոր օրն է դիմավորում ու իր կողքինին ասում բարի լույս, այս բարի բառն արդեն դրական լիցքեր է առաջացնում, ու մարդը գնում է աշխարհ ու ինչ-որ գործ կատարում: Ճիշտ նույնանման արարք է սպիտակ թղթի առջև գրավոր տեքստը: Եվ եթե մեր սատանայի փաստաբանն ասում էր, որ աշխարհը իր ընթացքի մեջ է, և մենք վազում ենք նրա հետևից, ես ուզում եմ լինել արարչական լույսի պաշտպանը և ասել, որ աշխարհն այլ բան չէ, քան այնտեղ գտնվող մարդկանց էներգետիկ հոսքերի ամբողջությունը: Եվ եթե դրական էներգիայով մարդիկ կարող են լավ արարք կատարել, նույնկերպ գրողը, որ ունի գիտակցություն, որ արարչական լույսի մասնիկն է և իր խղճի առջև ազնիվ է, իր տեքստն անպայման դրական էներգիա կունենա ու կփոխի մի բան աշխահում:
      Դավիթ Մուրադյան
    - Ինձ միշտ թվացել է, որ մարդկությունը բաժանվում է երկու մասի. մարդիկ, ովքեր կարդացել են «Փոքրիկ իշխանը», և մարդիկ, որ չեն կարդացել: Ես համոզված եմ, որ այս երկու կեսերի միջև որոշ տարբերություններ կան: Այդ իմաստով գրականությունը, այնուամենայնիվ, փոխում է ինչ-որ բան մարդու մեջ: Գրողը մարդկության հետ գործ չունի, նա մարդու հետ գործ ունի: Ես, օրինակ, եթե կարդացած չլինեի Նարեկացի, Թումանյան, Չարենց, ես մի քիչ ուրիշ հայ կլինեի: Եթե դուք Ռուսաստանից հանեք Պուշկինին, դա կլինի ուրիշ Ռուսաստան, որովհետև ռուս մարդու մտածողությունը, աշխարհատեսությունը,  ռուսաց լեզուն մի բան էր Պուշկինից առաջ և մի ուրիշ բան Պուշկինից հետո: Այս իմաստով, իհարկե, գրականությունը կարողանում է մարդ, ժամանակ, հասարակություն և ազգ ստեղծել, բայց, իսկապես մենք հիմա ուրիշ ժամանակի մեջ ենք: Դեմոկրատիան թույլ է տալիս, որ ով ինչ ուզում է ասի, բայց դեմոկրատիան տալիս է նաև չլսելու իրավունք: Դա էլ է իրավունք: Այստեղ կա հակասություն: Բայց գրականության համար ամենալավ բանը հակասությունն է: Մինչև դա չի լինում, մենք հավեսի չենք ընկնում: Այնպես որ իրոք երբեք գրականությունը չի փոխել աշխարհը այն իմաստով, որ պատերազմները չեն դադարել, բայց երբ Կլաուդիո Պոցանին ասում է, որ գրականությունը հարստացնում է աշխարհը, արդեն դրանով մի քիչ փոխվում է: Այլ բան է, թե արդյոք դա կրում է համընդհանուր, համազգային բնույթ, թե գնալով փոքրանում է տարածքը: Ես կարծում եմ, որ իրոք գրականությունը շագրենի կաշու վիճակում է հայտնվել: Եվ նաև մեր խնդիրն է մտածել, թե ինչպես անենք, որ այն հնարավորինս ուշ անհետանա: Որովհետև, ինչպես Վ. Սարոյանն է ասել իր հերոսներից մեկի համար, «նա գիտեր ճշմարտությունը, բայց ավելի լավ բան էր փնտրում»: 
  • Created on .
  • Hits: 3908

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: