Թաթական մշակույթը ներկայացվում է որպես ադրբեջանական

    Մայիսի 16-17-ը Երևանում կայացավ Առաջին թաթագիտական միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել էին Մոդուս Վիվենդի քաղաքագիտական կենտրոնը և ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը: Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանի փոխանցմամբ գիտաժողովին մասնակցել է մոտ 50 թաթագետ, որոնցից 25-ը Հայաստան են եկել արտերկրից՝ Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Լեհաստան:
 Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների թվին պատկանող մահմեդական թաթերը կամ կովկասյան պարսիկները բնակվում են Արևելյան Այսրկովկասի հիմնականում մերձակասպյան շրջաններում՝ Ապշերոնի թերակղզուց մինչև Լեռնային Շիրվան: Թաթերը կազմում են նաև ժամանակակից ադրբեջանական թյուրքախոս էթնոսի հիմնական ենթաշերտը, ինչն արտացոլվում է թե՛ լեզվական, թե՛ կենցաղային և մշակութային տարբեր իրողություններով: Գիտաժողովի շրջանակներում քննվել են թաթերի պատմության, լեզվի, կրոնական հավատալիքների, մշակույթի, ազգագրության և մարդաբանության հարցերը:
    Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Cultural-ը զրուցեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ:
      - Ովքե՞ր են թաթերը և պատմական որ ժամանակաշրջանից է գալիս թաթ անվանումը:
  - Այն ժամանակվանից, երբ թյուրքալեզու տարրը մուտք գործեց Այսրկովկաս: Թաթը թյուրքալեզուների կողմից տեղի իրանալեզու նստակյաց ժողովրդին, ոչ թյուրքախոս հողագործներին տրված սոցիալական անվանում է:
    Շատ հաճախ սոցիոնիմները փոխվում են էթնոնիմների, որոշ դեպքերում ինքը ժողովուրդն է վերցնում սոցիոնիմը որպես էթնոնիմ. օրինակ՝ նեմեց բառը, որ ռուսերենում նշանակում է մարդ, որ չի պատկանում սլավոնական լեզուների, հետագայում դարձավ գերմանացիների համար էթնոնիմ: Նույն կերպ նաև թաթն է փոխվել էթնոնիմի:
    - Քանի՞ թաթ է ապրում այսօր աշխարհում: Կա՞ն արդյոք նման պաշտոնական տվյալներ:
    Աշխարհում դժվար է ասել, քանի որ օրինակ Իրանի թաթերը այլ լեզվով խոսող ժողովուրդ են, Ռուսաստանի «ադրբեջանական սփյուռք» կոչվածում էլ թաթեր կլինեն, որոնք սակայն որպես թաթ չեն ներկայանում:
    Ադրբեջանական մարդահամարների տվյալներով Ադրբեջանում ապրում է մոտավորապես 30,000 թաթ, բայց եթե մենք վերցնենք Ապշերոնում գտնվող երկու խոշոր թաթական բնակավայրերը` Բալախանի և Սուլախամի, ապա այդտեղի բնակչությունը արդեն 30,000 կկազմի: Իրականում հստակ տվյալներ չկան, Ադրբեջանում ապրում են մոտ 0,5-1,5 մլն  թաթեր:
    - Կան շատ թաթեր, ովքեր վիրավորվում են, երբ իրենց թաթ ենք անվանում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
    - Ես էլ Ապշերոնի թերակղզում թաթերի եմ ճանաչում, վիրավորվում են, ուզում են՝ իրենց փարս անվանեմ, բայց Ադրրբեջանի հյուսիսում ապրողները իրենք են իրենց թաթ անվանում: Տարբեր տեղերում տարբեր ընկալումներ կան: Այնտեղ, որտեղ մթագնել է թաթ բառի նախնական իմաստը, այդտեղ որևէ խնդիր չկա, բայց երբ նախնական իմաստը գիտակցվում է որպես քամահրական, օրինակ՝ ցանկացած քոչվոր նստակյացին քամահրական է վերաբերվում և հակառակը, այստեղ մերժում են թաթ անվանումը:
       - Ո՞րն է թաթերի ինքնությունը: Ի՞նչ կրոն են նրանք դավանում:
  - Եթե նայենք ինքնանվանումները, Ադրբեջանի հյուսիսում ավելի տարածված է թաթ ինքնանվանումը, Ապշերոնում ավելի հաճախ իրենք իրենց կոչում են փարս կամ փարսի, որը պարսիկն է հենց, լեզվի անվանումն էլ փարսի լեզու` պարսկերեն: Մահմեդականներ են բոլորը անխտիր, Ադրբեջանի հյուսիսային հատվածում սուննի թաթերն են, հարավայինում`շիա :
    - Ինչպիսի՞ն է թաթերի մշակույթը: Ինչո՞վ են նրանք զբաղվում:
   - Գորգագործություն, ձեռագործ արվեստ, երգեցողության տարբեր ժանրեր, այդ թվում նաև աշուղական արվեստի տարրեր պարունակող երգեցողություն: Խոհանոցային բազմաթիվ տարրեր, գեղարվեստական ժանրեր, որոնք ունեն թաթական ծագում և արմատներ, այսօր ներկայացվում են որպես ադրբեջանական մշակույթի մաս: Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում հայտնի գորգագործական դպրոցները նույնպես թաթական մշակույթի կոթողներ են:
    Վերջին շրջանում մեծ հանրայնացում ստացավ մեյխանա երգեցողության, հետաքրքիր մի ժանր, որ նույնպես թաթական երևույթ է: Մեյխանա ժանրով ստեղծագործում են բացառապես երկու իրանալեզու ժողովուրդներ՝ թաթերը և թալիշները: Չնայած երգերը հաճախ կարող են լինել նաև թուրքերեն, բայց ինքը ժանրը թաթական է:
    - Թաթերով զբաղվող ինչպիսի՞ կառույցներ են գործում:
    - Ադրբեջանում թաթերով զբաղվող մշակութային միություն կա` Ազարի, որը կիսամեռ վիճակում է: Ընդհանրապես այնտեղ չի խրախուսվում տեղաբնիկ ժողովուրդների մշակույթի, լեզվի, պատմության ուսումնասիրությունը, նրանք վարում են տեղաբնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականություն, որի համաձայն բոլոր մահմեդականները վաղ թե ուշ ձուլվելու են, թյուրքալեզու են դառնալու, հետագայում իրենց գիտակցելու են որպես էթնիկ ադրբեջանցիներ. սա նրանց մասամբ հաջողվել է արդեն:
    - Թաթերի ուսումնասիրությունը հետապնդո՞ւմ է արդյոք քաղաքական նպատակներ:
    - Մեր գործը քաղաքականությունը չէ, գիտությունն է, բայց իհարկե մեր գիտական ձեռքբերումները կարող ենք նաև կիրարկել, դրանք կարող են օգտագործվել համապատասխան պետական մարմինների կողմից հակառակորդ երկրի պարագայում, որը բացահայտ թշնամական է մեզ վերաբերվում, նույնիսկ չի ճանաչում մեզ` անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:
    Որպես իրանալեզու էթնոսներ մենք ուսումնասիրում ենք անխտիր բոլորին. զբաղվում ենք նաև օսերով, բելուջներով, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ հավակնություններ ունենք նրանց հետ կապված:
Զրուցեց Աննա Կարապետյանը
 
  • Created on .
  • Hits: 3109

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: