Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Արթուր Աքշելյան

    Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ: 

Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար
 
Արթուր Աքշելյան«Ինչքան ծառը ծաղկում է՝ այնքան իր արմատներից «հեռանում է»…»

- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Նշանակություն ունի. ավելի շուտ կասեի դաշտը (դաշտերը), որտեղ անհատը կարող է առնչվել իրեն հետաքրքրող մշակութային սֆերաներին, իրադարձություններին։ Կարծում եմ, այդ առերեսումը էապես կարևոր է և վճռական որևէ անհատի թե՛ ճանապարհի, թե՛ աշխարհայացքի առումով։ Եթե շուրջդ պասիվ է, երաժշտաընկալման առումով, վտանգ կա ինտեգրվելու համապատասխանաբար այդ ֆոնի ներքո։
Բնականաբար, այն ինչ կրում ես քո մշակույթից՝ դա քո էության մասն է, քո տեսակը։
Այլ հարց է, մշակութային քարոզից ես դու գոյանում, թե՝ քո էությունից։ Ցանկացած մշակույթ իր չափով կարող է ազդեցիկ լինել՝ ոգևորելու, իմաստավորելու քո տեսակը։   

- Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Սովորաբար այդ հարցն առաջանում է, երբ անցյալի՝ կոնկրետ ժամանակաշրջանի, մեջ ենք դիտարկում ներկայիս արժեհամակարգը։ Եթե այլ ազգերի մոտ այդքան սուր չի դիտվում այդ մոտեցումը, ապա չմոռանանք, որ մեր մոտ նախորդ դարասկզբին կար առհասարակ մեր երաժշտության ինքնության հարցը, դարի կեսերին սովետական, շոստակովիչյան սկզբունքների և այլ հոսանքների կրողներն էինք և այդպես շարունակ… Որևէ մեկը չի քննադատի այլևս. այն, ինչ կա, եղել է իր մեծ պոռթկումներով, նաև բացասական կողմերով։ 
Այսօր նույնն է, կարծում եմ, ազգայինը չպետք է սահմանափակել արվեստի մարդու առջև՝ որևէ ժամանակաշրջանի համատեքստում։ Մեր երաժշտական արմատները այնքան խորն են, որ մենք ինքներս էլ չգիտենք։ Հետո, կարծես, բնության պարադոքս է. ինչքան ծառը ծաղկում է՝ այնքան իր արմատներից «հեռանում» է: Այսօր անհատը ավելի մեծ հնարավորություններ ունի սնվելու այն արմատից, որը իր տեսակին է բնորոշ, և դա սահմանափակ չէ՝ ռեգիոնալ իմաստով։ 
 
- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
- Եթե բուն ստեղծագործական նյութը պոտենցիալ ունի, ապա այն ունի բովանդակություն ստեղծելու հիմքերը։
Ամեն դեպքում, լինի սահմանումներով, թե առանց, կոմպոզիտորը իր էմոցիաներից դդրդված է ձևավորում իր գրելաձևը։   
 
- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:
-Այնպես չէ, որ կամերային երաժշտության եմ միայն ձգտում… դժվար թե պակասի ասելիքս, դեռ մի բան էլ կամերային երաժշտութունը դրդում է հաճախ խտացնել այն, ինչ ցանկանում եմ ասել։  
- Որտեղի՞ց են «սնվում» Աքշելյանի մուսաները:
-Ամենապարզ գաղափարներից, ոգևորությունից, կյանքից։
 
- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
-Իհարկե` ծնվում, բայց մարդ էլ կա դառնում է … 
 
- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել` կոմպոզիտոր լինելուց զատ:
- Դժվարանում եմ նշել։ Տարօրինակ զգացողութուն է, երբ պատկերացնում ես՝ ընդհանրապես արվեստի հետ կապ չունենայիր…
 
- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
- Ժամանակի հարց է, կարծում եմ։ Եթե ինստիտուցիոնալ առումով պատրաստ չես նորը ներարկելու, փոխելու, ապա ինքդ քեզ պետք է խաբես, մինչև պահը հասունանա, նոր կադրեր գան, նոր լսարան ձևավորվի։ Համոզված եմ։ Առաջին հերթին թարմացված զգայարաններ են պետք, իսկ ինչ վերաբերում է օպտիմալ տարբերակներին՝ բազմաթիվ են, դժվար չէ կողմնորոշվել։
 
- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Ապագա սերունդների հետ չեմ շփվել: Չգիտեմ։
 
- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Անընդհատ էլ փնտրում ես, գտնելուց հետո այլ բան ես փնտրում, ինքդ քո մեջ ես փնտրում, դա անընդհատ պրոցես է…  
  • Created on .
  • Hits: 2990

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: