Հարցազրույց հայ կոմպոզիտորների հետ. Վաչե Շարաֆյան

Հայ ժամանակակից կոմպոզիտորների տեսակետներն ու հայացքները նույն հարցադրումների վերաբերյալ:
 
Զրուցեց Անահիտ Մուղնեցյանը
Երաժշտության տեսաբան և խմբավար

Վաչե  Շարաֆյան
«…Երկնքից, ուր մի անսահման հիշողություն կա…» 
- Կոմպոզիտորի, առհասարակ ստեղծագործողի համար, էական նշանակություն ունի՞ ապրելու վայրը: Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Այո, իհարկե ունի: Իմ ստեղծագործությունների մեծ մասը գրել եմ Հայաստանում: Նաև ապրել ու ստեղծագործել եմ Իտալիայում (մի քանի խոշոր գործեր եմ գրել Իտալիայում, որտեղ հիանալի պայմաններ ունեի), ԱՄՆ – ում, Իսրաելում (Երուսաղեմում)…

- Ազգայինը, ժողովրդականը, հայկականը այսօրվա կոմպոզիտորական ստեղծագործությունից շատ չե՞ն հեռացել:
- Դեռ շատ հեռանալու տեղ կա՝ չմոռանալով ակունքը: Նույնիսկ ենթագիտակցորեն… չէ՞ որ խոսում ենք հայերեն լեզվի մտածողությամբ, ի վերջո: Կեղծ, ոչ իրական, ինքնապարտադրված «ժողովրդական» կապը ամենատգեղ երևույթներից մեկն է, սա մի դասախոսության թեմա է՝  թե «Ի՞նչ է երաժշտությունը  և ին՞չ է ազգայինը երաժշտության մեջ և թե որ փուլում է այն ավելի ընդգծված,  և երբ` ավելի քողարկված… »:

- Ստեղծագործությո՞ւնն է որոշում գրելաձևը, թե կոմպոզիտորն է սահմանումներ անում, ինչպես, օրինակ Շյոնբերգի դեպքում:
- Նյութը որոշում է ձևը, թելադրում ձևի հնարավոր տարբերակները…

- Քո նախասիրությունը` կամերային երաժշտություն. արդյո՞ք  դրանից ասելիքդ չի պակասում:
- Ասելիքս չի պակասում՝ ավելանում է: Կամերային երաժշտությունը ամենաազնիվ և լիովին արտահայտվելու լավագույն միջոցներից է, ուր յուրաքանչյուր գործիքի հնարավորությունները կարող են լիովին օգտագործվել, բայց ես հեղինակ եմ նաև երկու ժամանոց օպերայի, բալետի… կցանկանայի, իհարկե, ավելի շատ սիմֆոնիկ գործերի պատվերներ ստանալ:

- Որտեղի՞ց են «սնվում» Շարաֆյանի մուսաները:
- Կյանքից, ուր երևակայությունը իրականության անբաժանելի մասն է: Երկնքից, ուր մի անսահման հիշողություն կա…

- Կոմպոզիտոր ծնվո՞ւմ են, թե` դառնում:
- Նախ ծնվում են, հետո՝ դառնում:

- Կա՞ որևէ մասնագիտություն, որ կցանկանայիր ձեռք բերել` կոմպոզիտոր ու դաշնակահար/երգեհոնահար լինելուց զատ:
- Պետք է մտածեմ…գուցե խմբավար, ջութակահար…

- Լավ գիտենք հայաստանյան ժամանակակից կոմպոզիտորական և կատարողական խնդիրները, որոնք դպրոցական ժողովների ընթացակարգի նման են առաջ քաշվում, բայց, որպես կանոն, ողջամիտ լուծման տարբերակները բացակայում են: Դրանց լուծման համար ի՞նչ օպտիմալ տարբերակներ կառաջարկես:
- Բարդ հարց է, դժվար թե մի քանի տողով ստացվի հիմա հարցերը լուծել, առանձին մի մեծ նյութ է:

- Ի՞նչ ես կարծում, ապագա սերունդների համար ո՞ր ստեղծագործությունդ ասելիք կունենա:
- Կարծում եմ, իմ շատ ստեղծագործություններ իրենց տեղը կգտնեն ապագա սերունդների կյանքում:

- Ի՞նչ ես փնտրում, որ դեռ չես գտել:
- Շատ բաներ եմ փնտրում և դեռ շատ անելիք ունեմ… կուզենայի գտնել, իսկապես, արժանի գնահատումը իմ արվեստի՝ ամբողջ աշխարհում… թեպետ, արդեն իսկ ուրախ եմ, որ պատվերներ եմ ունենում աշխարհում ամենահեղինակավոր կատարողներից, խմբերից, և կատարումներ՝ աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում ու փառատոններում: Այս առումով, գիտեմ, որ արդեն շատ քչերի շարքում եմ աշխարհում և նաև իմ հայրենիքում, գուցե մի օր ճիշտ տեղ հասնի իմ արվեստը: Այս վերջինն ավելի քիչ հավանական է թվում, և գուցե դրա համար էլ ասվել է. «Չկա մարգարե իր հայրենիքում ճանաչված»,  և ցավոք, այս երևույթի մեխանիզմը շատ պարզ, պրիմիտիվ ու տգեղ է՝ հիմնված մարդկային թուլությունների՝ մեղքերի վրա:
  • Created on .
  • Hits: 2969

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: