ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ «ԱՐՏ ՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆՈՎ

Մայիսի 20-27-ը Երևանում արդեն չորրորդ անգամ կանցկացվի «Արտ Ֆեստ» փառատոնը։ Այս տարվանից փառատոնը միջազգային է և կրում է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոն անունը։ Միջազգային համագործակցության հարցերով զրուցել ենք փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ։

Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք փառատոնը միջազգային դարձնել։ Որո՞նք էին դրդապատճառները։

Առիթը մի քանի նախադրյալներ էին։ Նախ՝ նկատեցինք, որ փառատոնի մրցանակակիրները մասնակցում են գալիս նաև միջազգային տարբեր  փառատոների՝ զբաղեցնելով բարձր մրցանակային տեղեր և ներկայացնելով մեր երկիրը արտասահմանում։ Վերադառնալով Հայաստան՝  նրանք մեզ տեղեկացրին, որ կան ստեղծագործող երիտասարդներ արտասահմանից, որոնք հետաքրքրված են Հայաստանում անցկացվող երիտասարդական փառատոներով, և իրենք առաջարկել են այդ երիտասարդներին ծանոթանալ «Արտ Ֆեստին»։ Որոշակի ծանոթացման գործընթացից հետո նրանք ցանկություն հայտնեցին մասնակցել փառատոնին։ Երկրորդ նախադրյալն այն էր, որ փառատոնի գրասենյակը էլեկտրոնային փոստի միջոցով այլազգի երիտասարդ ստեղծագործողներից ստացավ նամակներ, որոնցում առաջարկ էր արվում փառատոնի ձևաչափը դարձնել միջազգային՝ մասնակցության հնարավորություն ընձեռելով նաև դրսի երիտասարդներին։
Նախորդ տարի «Արտ Ֆեստն» ուներ հյուրեր եվրոպական երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից, նույնիսկ մասնակիցներից մեկը՝ ազգությամբ հայ, Պրահայի բնակիչ, հյուրի կարգավիճակով հանդես եկավ նորաձևության բաժնում և ստացավ խրախուսական մրցանակ։ Այս ամենը մեզ հուշեց՝ ժամանակն է, որ փառատոնը իր ձևաչափը դարձնի միջազգային։

Ո՞ր երկրներից եք ավելի ակտիվ մասնակցություն ակնկալում։

Մեծ հետաքրքրություն կա Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից։ Կարծում եմ, որ փառատոնը պետք է նաև միջազգային բարեկամության, տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ ստեղծագործողներին մեկ տանիքի ներքո համախմբելու առիթ հանդիսանա։

Միջազգային համագործակցությունն ի՞նչ փուլում է։ Արդեն ձեռքբերված ի՞նչ պայմանավորվածություններ կան։

Քանի որ առաջին տարին է միջազգային ձևաչափի շրջանակում, կարծում եմ՝ մենք տեխնիկական որոշակի խնդիրներ կունենանք, որոնք, սակայն, մեզ չեն խանգարի։ Կարևորը մասնակցության ցանկությունն է։ Այս պահին ընթանում են բանակցություններ, թե ինչպես պետք է կարգավորվեն տեխնիկական հարցերը, կեցության հարցը, և այլն, և այլն։ Լիահույս եմ, որ նույնիսկ այն մասնակիցները, որոնք չեն կարողանա անձամբ ներկա լինել փառատոնի ընթացքին, իրենց ստեղծագործությունները կուղարկեն, և մենք  կկարողանանք առցանց իրականացնել աշխատանքների դիտում-քննարկում։

Ի՞նչ վարպետության դասեր են սպասվում։ Արդյո՞ք դրսի արվեստագետները նույնպես հնարավորություն կունենան թեկուզ առցանց, բայց վարպետության դաս վարել։

Եթե մենք տեսնենք, որ նպատակահարմար և արդյունավետ է վարպետության դասը առցանց իրականացնելը, մենք դա կանենք, որովհետև այսօր տեխնիկական միջոցները մեզ տալիս են այդ  հնարավորությունները։ Ուզում եմ հրավիրել երիտասարդ մասնագետների։ Իհարկե, ավագ սերնդի ներկայացուցիչների գործոնն  այստեղ շատ կարևոր է, որովհետև մենք՝ երիտասարդներս, մշտապես սովորում ենք ավագներից։ Կարծում եմ կունենանք մասնագետներ և եվրոպական, և ԱՊՀ երկրներից։ Այս պահի դրությամբ բանակցում  ենք ԱՊՀ մասնագետների հետ։
Մեր մասնագիտական հանձնախմբի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ծանրակշիռ մասնագետ է, սիրված, փարձառու, ասելիք ունեցող։ Վարպետության դասերը կիրականացնեն և մասնագիտական հանձնախմբի անդամները, և արտերկրից ժամանած հատուկ հյուրերը։

Զրուցեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 2808

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: