«Հետևանքը՝ Արտեֆակտ». Պատմում են նախագծի հեղինակները

Փետրվարի 8-ից 28-ը Հայաստանի նկարիչների միությունում ներկայացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը։ Նույն ժամանակահատվածում համանուն ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում։ Երևանյան փակ դիտումից առաջ նախագիծն արդեն իսկ հաջողությամբ ներկայացվել էր Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում։

Նախագծի հեղինակներն են Էդիկ Պողոսյանը, Արեգ Բալայանն ու Հրայր Սարգսյանը, ովքեր առաջարկում են հակամարտությունը քննելու այլընտրանքային տեսանկյուն՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական և ոչ էլ սոցիալական։ Արվեստագետները եղել են շփման գծի մերձակա տարածքներում, գտել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ, փորձել են դրանք վերափոխել արվեստի գործերի։

Cultural.am-ը «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի հեղինակներից երկուսի հետ փորձել է պարզել՝ ինչպես և ինչ դժվարություններով է ստեղծվել նախագիծը, ինչպես են կառուցվել ու զարգացել հարաբերությունները նախագծի՝ պատերազմով անցած հերոսների հետ, ինչ արձագանքներ է ստացել նախագիծը Ստեփանակերտում և Երևանում, ինչ ճանապարհ ունեն անցնելու նախագծի երեք բաղադրիչները՝ ֆիլմը, ֆոտոշարքն ու օբյեկտները։

-Պատերազմի հետևանքներն առաջին պլան բերելու, իբրև արվեստ մատուցելու գաղափարն ու՞մն էր։ Ի՞նչ էիք պլանավորել սկզբում, նախնական գաղափարից հեռու՞ էր ստացվածը։

Էդիկ։ Երկու բառով պիտի պատասխանեմ՝ նախնականից հեռու է, կարևոր էլ չէ, թե ում գաղափարն է, որովհետև այն, ինչ հիմա տեսնում եք, թիմային աշխատանքի արդյունք է, կուզեմ դրա շուրջ խոսենք, քանի որ նախնականը լիովին այլ բան էր, որից մնաց միայն պատերազմից վնասված մետաղը, հետո Արեգը միացավ լուսանկարների գաղափարով, կամաց-կամաց սկսեց կառուցվել մարդ-մետաղ, մարդ-պատերազմ հարաբերությունը կամ մարդ-մետաղ զուգահեռ մարդ-պատերազմ հարաբերությունը, մարդ-մետաղ զուգահեռ՝ կոնֆլիկտի կոնտեքստում։

Արեգ։ Մարդ-մետաղը երկուսն էլ որպես հետևանքը կրող, այդ իմաստով։

Էդիկ։ Մետաղը՝ որպես թվացյալ կարծր նյութ, դրա խոցված լինելը, մյուս կողմից՝ մարդու մարմինը՝ այդքան խոցելի, այդ կոնտրաստի վրա ենք աշխատել՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես են մարդն ու մետաղը հարաբերվում կոնֆլիկտի կոնտեքստում։

-Որպես մի դեպքում ապրիլյան պատերազմի մասնակից (Արեգ Բալայանը), մյուս դեպքում՝ իրան-իրաքյան պատերազմի ականատես (Էդիկ Պողոսյանը), դժվար չէ՞ր վերապրել պատերազմը նախագծի միջոցով, ինքնաճանաչմա՞ն, պատերազմի հաղթահարմա՞ն, թե՞ մեկ այլ խնդիր էիք դրել ձեր առաջ։ Սեփական փորձառությունը, հիշողությունները օգնել, թե խանգարել են ստեղծել «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը։

Էդիկ։ Իմ սառը հիշողությունները պատերազմի հետ կապված ու Արեգի տաք հիշողությունները, իմ հեռվից նայելը, Արեգի մոտիկից ու ներսից, տաք, բորբոքված նայելը և ֆիլմում է երևում, և գործերի մեջ։ Ինձ բնավ չի խանգարել, որովհետև ավելի քան 30 տարվա տարածություն կար, ես եկել էի հասկանալու, թե ինչ եմ ապրել, խանգարել չի եղել, միայն օգնել է Արեգի բորբոքումը, որովհետև այդպես ես զգացի, թե ինքը ինչպես է ապրում հիմա այն զգացողությունը, որն իմ մեջ մնացել է դեռ փոքր ժամանակվանից․ ես այն ժամանակ փոքր եմ եղել, լիարժեք չեմ ընկալել, ու բնականաբար այդ բոլոր հուշերը հենց հուշ են, ոչ թե այս պահին բորբոքված ապրվող զգացմունք։

Արեգ։ Քննարկումների ժամանակ Շագան (կինոյի տեսաբան Շագա Յուզբաշյանը) անընդհատ հարց էր բարձրացնում՝ ուր է ձեր տրավման, ձեր տրավման այստեղ չի երևում, երկու ժամ անընդհատ ոնց պտտվում էր, ինչ խոսում էր, վերջում ասում էր՝ ձեր տրավման չի երևում, դուք չեք «մերկացել»։

Երբ մտածում էի այդ մասին, հիշեցի իմ նախնական զրույցները նախագծի մասնակիցների հետ։ Ամեն զրույցի երկրորդ կամ երրորդ նախադասությունը այն էր լինում, որ ես էլ եմ պատերազմի մեջ եղել, ու դա էր բանալին, որ իրենք նույնացնում էին ինձ իրենց հետ, հասկանում էին, որ ես մեկն եմ, որը գոնե իրավունք ունի նույն հարթության մեջ կանգնել, իրենց հետ խոսել այդ թեմայով։

Շագան ասում էր՝ դուք չեք «մերկացել», բայց ես զգում էի, որ արդար չէ այն, ինչ նա ասում է, հասկանում էի, որ եթե ասում է, ուրեմն այդպես է տեսել, բայց մյուս կողմից էլ՝ ես հո գիտեմ, որ հենց այնպես չի տրվել մեզ այս ամենը, որ մեզ ընդունել են, համաձայնել են, որ հենց մենք դրա մասին խոսենք, իրենց մասին պատմենք, որովհետև ես կարող եմ իրենց հասկանալ, ես ոչ թե, օրինակ՝ դաշնամուր լարող եմ, եկել եմ, ուզում եմ պատերազմի մասին խոսել, այլ մարդ եմ, որն ինքն էլ ուզում է խոսել այդ մասին․ դա իմ անձնական խնդիրն էլ է, ես ուզում եմ, որ իրենք ինձ աջակցեն։ Ենթագիտակցաբար է այդ ամենը եղել, հիմա, երբ վերլուծում եմ շատ բաներ, ձևակերպումներ եմ տալիս նրան, ինչ կատարվել է։ Կատարվելիս այդ ամենը դու ինտուիտիվ անում ես, դու ապրում ես այդ ամենը, բայց երբ սկսում ես մտածել՝ ինչու ես այդպես արել, արդեն խոսքերի ես վերածում արածդ։ Պատերազմը մեր ընդհանուր խնդիրն էր հերոսների հետ, որի մասին ուզում էինք խոսել, ինչն էլ օգնեց, որ այս ամենը հենց այսպես ստացվի, որ մեզ վստահեն, բացվեն, մարդը ցույց տա մի բան, որը երբեք ոչ մեկի ցույց չի տվել, առավել ևս՝ հրապարակավ:

Էդիկ։ Արեգի այս «առավելությունը», եթե կարելի է այդպես ասել, թույլ տվեց, որ մարդիկ հասկանան՝ իրենք ինչ-որ բանի՝ ողբերգության, բարեգործական ակցիայի, արվեստագետի էգոիզմի, արվեստագետի հանրահռչակման թեմա չեն, այլ իրենք ՄԱՍ են, որովհետև Արեգն էր ՄԱՍ։ Արեգն ուզում էր խոսել մի խնդրի մասին, որի մասին իրենք էլ էին ուզում խոսել, դրա համար ստացվեց, որ բոլորս միացել ենք իրար, որովհետև բոլորս ենք ցանկացել խոսել այդ մասին, ոչ թե ինչ-որ մեկը համաձայնել է, որ լինի Արեգի մոդելը կամ կինոյի տղա, կինոյի հերոս լինի, այլ մասնակցել են, որովհետև զգացել են, որ վերջապես մեկը իրենց ՄԱՍ դրարձրեց այդ ամենի, իրենք այլևս թեմատիկա չեն, սյուժե չեն։

-Մետաղների, ջարդոնների հետ աշխատանքն ինչպե՞ս ստացվեց։

Էդիկ: Վերջին անգամ գտածոների՝ կոնկրետ ժանգոտ մետաղների հետ աշխատել էի ուսանողական տարիներին։ Մի գործ ունեի, որ կտավ, մետաղ խառնեցի ու դրանից հետո մեկ-երկու փոքր գործ ևս արել եմ, այդպես մետաղը մնացել էր լքված։ 20-25 տարի անց նորից վերադարձա կերպարվեստ, տեսա՝ կտավը, թուղթը, ներկը չի բավարարում, ասացի՝ բարի, ուրեմն արդեն ժամանակն է անցնել մետաղի։ Վաղուց ուզում էի, որովհետև Հայաստանը, հատկապես Երևանը՝ իր Կոնդով, թեկուզ կենտրոնի խուլ բակերով, մետաղից ստեղծված նաիվ բաներով ինձ միշտ էլ գրավել է, ինձ թվում է՝ Երևանի կյանքը հենց դրա մեջ է, այդ նաիվ, ինքնակերտ շինությունների, ցանկապատերի, «կռիշների», չի լինում ասել՝ տանիք․ «կռիշ» են։

Անհայտ պատմություններով մետաղները երբ դնում ես կողք կողքի․․․ Երբ առաջին անգամ կոլաժ արեցի, կոլաժ էլ չէր, դրեցի մետաղներն իրար կողքի, այնպիսի տարօրինակ էներգիա ունեին, հետո զգացի՝ ինչ-որ նոր պատում է առաջանում, որը չես թարգմանի, այսինքն՝ ամեն մարդ կթարգմանի իր լեզվով, այնպես, ինչպես կուզի։ Նույնը այս դեպքում եղավ։ Կոնկրետ պատմություն կա, պատերազմ կա՝ իր հետքերով, բայց մեկ է, նորից ինքը իր աբստրակտ պատումը պահում է, ու ամեն մարդ շփվելով թարգմանում է տեքստը, որը այնտեղ կա։ Գործերը ինչքան էլ որ ոչ ֆիգուրատիվ են, բայց ունեն նարատիվ, մաքուր աբստրակցիա չէ, իրենց մեջ կա պատմություն, գրականություն, որն ընթերցվում է դիտողի կողմից, ես այդտեղ ոչ մի պատմություն չեմ մտցնում։ Ցուցահանդեսի օբյեկտների պարագայում էլ նույնն է, բացի սեղանը, որն ունի կոնկրետ ֆունկցիա և կոնկրետ կոնցեպտ, մնացածը աբստրակտ ձևի մեջ նարատիվներ են։

Սեղանի դեպքում հակամարտող երկու կողմերի կոնցեպտն էր, կոնֆլիկտը՝ որպես սեղան կամ սեղանը՝ որպես կոնֆլիկտ․ դու որ ծայրում էլ, որ նստես, ուզենաս հաց ուտել, տեսարանը նույնն է։ Արցախում ցուցահանդեսի բացմանը հավաքվեցինք սեղանի շուրջ, այդ պերֆորմատիվ, ծիսական վիճակը ինձ շատ դուր եկավ, որովհետև դրանից հետո ավելացավ ևս մի ընկալում, որի մասին չէի մտածել։ Երկրորդ օրը հացի կտորներն էին մնացել միայն, մնացածը հավաքել էինք, այդ մաքուր, չկիսված հացերը ուրիշ բան էին ասում, «ջախջախված» հացերը՝ ուրիշ բան, հետաքրքիր էր։ Մեր երևանյան քննարկումներն էլ որոշեցինք այդ սեղանի շուրջ անել։ Ես չէի էլ հիշում, որ հացահատիկի պարկեր են եղել մեքենայի մեջ վնասվելիս, հետո հիշեցի, իհարկե դա էլ էր հետաքրքիր, բայց պատմությունն այդքան կոնկրետացնել չէի ուզում։

Շատ ուրիշ բաներ էինք ուզում անել, ուզում էինք սեղանը ուղիղ կանգնեցնել պատի մոտ, հետևից լույս խփել կամ առաստաղից կախել, լույս ու ծուխ անել արանքներում, որ մարդիկ անցնեն սեղանի տակով, ճառագայթներն ընկնեն նրանց վրա։ Շատ բաներ մտածեցինք, հետո ասացի՝ չէ, ոչ մեկը չեմ ուզում, ուզում եմ անել սեղանը։

-Երբ փորձում էիք գտնել հերոսներ, նախնական զրույցներ ունենում մարդկանց հետ, ի՞նչն էր նրանց ոգևորում, որ որոշում էին մաս դառնալ այս ամենի, կարևորված լինելու, լսված լինելու, թե մեկ այլ անհրաժեշտություն էր նրանց ստիպում խոսել։

Արեգ։ Սկզբում շատ հստակ բաժանված էր ամեն ինչ, ջարդոնները Էդիկինն էին, մարդիկ՝ իմը, հետո միքս դարձավ, ինչն էլ օգնեց, որ նախագիծը միայն կաշի ու ոսկոր չլինի, միս ու արյուն լինի, օրգաններ լինեն, ուղեղ։

Երբ բոլոր հերոսներին գտանք, խոսեցինք հետները, պայմանավորվեցինք, ջարդոնները միասին հավաքեցինք, բերեցինք, այդ ամբողջը դարձավ մի ընդհանրություն, որի համար բոլորս կրում էինք հավասար պատասխանատվություն։ Օրինակ՝ Ազատի հիմնական ֆունկցիան մեզ մեքենայով տանել-բերելն էր, բայց շատ մետաղներ ինքն է գտել, տվել հերոսների կոնտակտներ։ Բոլորը սրտացավ էին, նույնիսկ այն մարդիկ, որ նախագծում ներգրավված չէին, անում էին ամեն ինչ, որ ստացվի։

Էդիկ։ Թվում է, թե ոչ ոք չի ազդել մետաղների վրա, դե մետաղ է էլի, Էդիկը գտել է, բայց չէ, շատ բաներ ես կարող էի չվերցնել, եթե Արեգը չլիներ այդտեղ, հնարավոր է հետո՝ ստեղծման ընթացքում ինքը ավելի քիչ է միջամտել, բայց եթե, օրինակ՝ ինքը այն սպիտակ մետաղը գտել է Թալիշի ինտերնետ ակումբի փլատակներում, ինքն է գտել, հնարավոր է՝ ես չգտնեի կամ ուրիշ բան ընտրեի։ Որոշ մետաղներ գտել եմ, բայց հետո միայն լուսանկարների մեջ ենք օգտագործել, որոշ բաներ՝ հակառակը։ Հենց առաջին գործուղումից սկսեցինք նյութ գտնել, մի պահ ասացի՝ ժողովուրդ, կներեք, ես ձեզ ծանրաբեռնում եմ, այդպիսի զգացողություն էր, հետո զգացի, որ չէ, իրենցն էլ է, իրենք էլ նախագծի ՄԱՍ են։ Շատ բաներ Ազատն է գտել, Հրայրը՝ մեկ-մեկ, կուզեի Հրայրն ավելի շատ միջամտեր, բայց որոշեց չեզոք մնալ, որ մեզ վրա չազդի, որ հետո հնարավորինս մաքուր դոկումենտ հավաքենք, ամեն ինչը պարզ երևա, բայց շատ կուզեի, որ որոշ բաներ ուղղորդեր, միևնույն է՝ մենք դերասան չենք, չէինք խաղա․ երբ ոգևորվում ես, բորբոքվում ես, լինում ես դու, մոռանում ես՝ տեսախցիկ կա, չկա։

Արեգ։ Ես ինչ էլ ասեմ, ենթադրություն է լինելու, երևի միակ բանը, որ ենթադրություն չէ, մասնակիցներից մեկի պատասխանն է այդ հարցին, Արոյին հարցրի՝ ինչի ես մասնակցել նախագծին, ասաց՝ որովհետ ուզում էի էրեխես իմանա, որ հերոս եմ, հիմա էն ձեր տված գիրքը բացում ա, ընկերներին ցույց ա տալիս, ասում ա՝ նայեք, պապաս հերոս ա։ Ես համոզված եմ, որ մյուսները ուրիշ պատճառ են ունեցել։ Մարթան, օրինակ, ավելի շատ օգնելու խնդիր էր դրել, օգնել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, որպես ներկայացուցիչ իր նմանների, սառույցը կոտրող նավերի նման։ Բոլորին ավելի շատ զգայական կողմից եմ ճանաչում, ոչ թե իրենց ապրած կյանքով կամ արած գործով, լուսանկարչի «ռենտգենով» եմ գտել իրենց։

Էդիկ։ Օրինակ՝ երեխաների մաման չմտավ ֆիլմը նայելու, բայց իրենք թույլ են տվել, որ երեխաները մասնակցեն։ Արեգը ծանր էր տանում, չէր ուզում նկարել, հետո ինչ-որ բան փոխվեց, ասաց՝ պիտի նկարեմ։ Այդ «պիտիի» պահն էր, երեխաների մաման էր ասել՝ դե պիտի խոսես էս մասին։ Զգում ես, որ բոլորը ցանկացել են, որ ինչ-որ ձևով խոսվի։

Արեգ։ Անարդարության զգացումն է, որ կուտակվում, կուտակվում է, ու երբ դու հնարավորություն ես ունենում դրա մասին խոսելու կամ մասնակցելու մի բանի, որը խոսում է դրա մասին, անում ես այդ քայլը։ Այս մարդկանց համար էլ անարդարության պատը քանդելու միջոց էր սա։

-Լուսանկարների նկարագրություններում, ֆիլմում գործող անձանց անուն-ազգանունները չեք նշում, տեղանքը՝ նույնպես։ Միտումնավո՞ր է արված, այսինքն՝ ընդգծելու համար, որ նրանց տեղում, նրանց փոխարեն, օրինակ՝ ռմբակոծված դպրոցի՝ արկերից քայքայված տանիքի տակ, կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։ Ինչու՞ են անունները գրված, բայց ջնջված։

Արեգ։ Այո, ճիշտ եք նկատել, հենց դա էլ նկատի ենք ունեցել։ Կարևոր չէ՝ պատերազմն ում է դիպչում, որտեղ և երբ, կարող է լինել 4-րդ դարում, 2098 թվականին, բայց հարաբերությունը նույնն է մնում։ 4-րդ դարի կռվողն էլ է նույն ապրումներն ունեցել, ինչ այսօրվա կռվողը, այս իմաստով՝ տարածքի անուն չտալը, մարդկանց անուն չտալը, զուտ նրա համար է, որ սա դառնա բանաձև, որ դու այդ բանաձևի մեջ ում անունն էլ դնես, աշխատի․ ունիվերսալ բանաձև է մարդ-պատերազմ հարաբերության մասին խոսելու։

Էդիկ։ Արեգն առաջարկեց ու ես՝ որպես դիզայներ, միանգամից վիզուալ տեսա՝ այդ խզումը, խարխլված վիճակը, այդ խզբզանքը նաև նյարդային վիճակն է փոխանցում, դա էլ է դառնում դոկումենտ։

-Հարցազրույցներից մեկում նշում եք՝ օբյեկտը պիտի դրվի դիտողի առջև այնպես, ինչպես պատերազմն է՝ առանց գեղարվեստականացման, առանց ավելորդ «միջամտության»։ Ստացվե՞ց ստանալ «չոր դոկումենտ», թե այնուամենայնիվ եղավ միջամտելու անհրաժեշտություն։

Էդիկ։ Իմ մասով ամեն դեպքում չոր դոկումենտ է ստացվել։ Ճիշտ է՝ տեղ-տեղ ծռմռել եմ, երկու-երեք կտոր կպցրել եմ իրար, բայց չոր դոկումենտ են իրենք, ինչի համար ուրախ եմ։ Ի սկզբանե մտածում էի, որ կսարքեմ 6-10 հատ պատից կախվող փոքր օբյեկտներ, բայց նյութը ինձ չտարավ դրան, չէի ուզում մտնել քանդակի դաշտ, եռաչափ ծավալ չէի ուզում, որովհետև ես ինձ ոչ քանդակագործ եմ համարում, ոչ էլ մեծ ծավալների հետ աշխատող, բայց որ տարավ դեպի դա, ես էլ գնացի ու դրա մեջ փորձեցի կարճ ժամանակում փորձառություն ձեռք բերել։

Արեգ։ Մարդ կա, ասում է՝ ամենագեղարվեստական լուսանկարն էլ դոկումենտալ է։ Գերման Ավագյանն (լուսանկարիչ, ֆոտոլրագրող), օրինակ, ասում էր՝ ինձ համար ոչ դոկումենտալ լուսանկար չկա, տեսակետները տարբեր են։ Եթե անգամ դու ինչ-որ բան ես ավելացնում, որ ինչ-որ բանի մասին խոսես, միևնույն է, դա էլ է դոկումենտ։ Լուսանկարը «կարդացողը», կախված նրանից՝ ինչքան է կարողանում կարդալ․․․ եթե լուսանկարի մեջ չի երևում լուսատուն, արևը չի երևում կադրի մեջ, դու գիտես չէ՞, որ արևը կա, այսինքն՝ եթե լույսը կա, դու հասկանում ես, որ արևն էլ կա։ Այդ սահմանը պարզ չէ, չգիտեմ՝ դոկումենտալ լուսանկարը մի կողմից դոկումենտ է, բայց ինքը թերի դոկումենտ կարող է լինել։ Նույն այս ցուցահանդեսի լուսանկարների մասին մարդ կար, ասաց՝ բեմադրված գեղարվեստական են, դոկումենտալ չեն, մեկ ուրիշն ասաց՝ անկախ բեմադրությունից դոկումենտալ են, բայց պատմությունը ինքը դոկումենտալ է, ռեալ մարդկանց մասին ռեալ պատմություններ են, այդ մարդիկ հենց իրենք են, ուրիշի անուն չկա գրված, ընդհանրապես չկա գրված, կա, բայց ջնջած, ու շատ կարևոր է, որ կա, բայց ջնջած։ Իմ կարծիքով՝ ակցենտավորված դոկումենտներ են։

-Բազմաթիվ դրական արձագանքներ եղան, նաև որոշ բացասական կարծիքներ։ Նախագիծն անգամ որակվեց որպես «երկու արվեստագետների եսասիրության ցուցադրություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Նման նախագծերի կազմակերպիչները սովորաբար բախվում են ոչ միայն պրագմատիկ խնդիրների, որոնք կապված են ցուցահանդեսի հայեցակարգի հետ, այլև դժվար էթիկական հարցերի, որոնց համար ընդհանուր կատեգորիաներ չկան: Ընդհանրապես էթիկայի հարցն ինչպե՞ս եք դիտարկել:

Էդիկ։ Ո՞ր արվեստագետը եսասեր չէ, արվեստի դաշտի ո՞ր մարդը փառասեր չէ, եթե մեկն ասում է՝ փառասեր չեմ, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Արվեստի հետ առնչվող բոլոր մարդիկ փառասեր են։

Արդյո՞ք մենք ընկել ենք այդ փառասիրության մեջ, չեմ կարող ասել։ Ավելի մեծացնել գործդ, ուժեղացնել, բարդացնել, բարդը հաղթահարել... դա էլ է փառասիրություն, մենք այդպիսին եղել ենք․ անընդհատ բարդ խնդիրներ ենք դրել մեր առաջ և փորձել ենք հաղթահարել, ինչքանով է ստացվել՝ արձագանքները ցույց են տալիս, ու ինձ թվում է, որ ամենաբարդ բաները մենք հաղթահարել ենք։ Կարծիքներ միշտ լինում են ու լավ է, որ տարատեսակ են՝ ծայրահեղ լավից՝ ծայրահեղ վատ։ Արցախում մի փոքր այլ էր, էմոցիոնալ դաշտը ավելի շատ էր, կարող եմ ասել, որ այնտեղ նախագիծը 100 տոկոսանոց դրական արձագանք գտավ, ինչը մի փոքր մտահոգում էր ինձ։ Վրաստանում կարծիքները տարբեր էին, իսկ Երևանում ուրախ եմ, որ նման «ցեխշպրտոցիներ» կան, քանի որ դրանց շնորհիվ հասկացա ևս երկու բան։ Առաջին՝ մարդիկ, որ ասում են, թե օգտագործել ենք այդ մարդկանց մեր փառասիրության, եսասիրության, մեզ «թույն» արվեստագետ ցույց տալու համար, հնարավոր է՝ մի պահ իրենք իրենց դրել են այդ մարդու փոխարեն, ու ասել են՝ ով են Էդիկն ու Արեգը, որ ինձ ասեն՝ աջ, թե՝ ձախ շարժվեմ։ Եթե նման կերպ կլինի, ուրեմն ստացել ենք այն, ինչ մտածում էինք՝ մարդը իրեն դրել է մյուսի փոխարեն, իրեն վատ է զգացել։ Երկրորդ բանը, որ հասկացա, այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց բարդությամբ հանդերձ իրենք իրենց չեն տարբերակում, չեն օտարում մյուսներից՝ «առողջ» մարդկանցից, միշտ հակառակն է լինում, միշտ նրանք, որ տրավմաներ չունեն, կամ տեղյակ չեն, որ ունեն, կամ հաշմանդամություն չունեն, մյուսներին նայում են ուրիշ աչքով ու իրենց դնում են մի ուրիշ հարթակում՝ տաբու է, չպիտի կպչես կամ էլ ինչ-որ հատուկ ձևերով պիտի մոտենաս։

Արեգ։ Ֆիլմում ես այդ մասին խոսում եմ, ասում եմ՝ հատուկ եմ իրենց հետ հավասարեցնում հարաբերությունները, ես ով եմ, որ իրենց ուրիշ ձևով վերաբերվեմ, ինչ իրավունք ունեմ մտածելու, թե ինքը ինչ-որ բանով պակաս է ինձանից, ոնց կա, այդպես եմ վերաբերվում, Էդիկի հետ եթե կատակով եմ խոսում, այդ մարդու հետ էլ նույն կերպ եմ խոսում, ոչ թե ուրիշ ձևով կամ ինտոնացիայով, քան կխոսեի Էդիկի հետ, բայց եթե, օրինակ, այս շիշն անձամբ է ուզում վերցնել, չեմ ասի՝ վա՜յ, չէ։

Էդիկ։ Մի հետաքրքիր զրույց էլ ունեցանք, թե մարդն ինչքան դժվար է մտնում արվեստի դաշտ, փերֆորմանսի ձևով, մարմնական արվեստների ձևով՝ այո, մտնում է, բայց նման ցուցահանդեսների մեջ մարդը որպես արարած, չի մտնում արվեստի դաշտ, դրա համար է դիտողի համար կոնֆլիկտ առաջանում։ Եթե մարդիկ գային, տեղում փերֆորմանս անեին, ուրիշ բան կստացվեր, բայց քանի որ լուսանկարն է եկել, ստացվում է՝ լուսանկարն է, ինքը դրսում է՝ հասարակության մեջ, ու դուք իրեն շահագործել եք, օգտագործել։ Չգիտեմ՝ արվեստաբանական, մշակութաբանական շրջանակներում խոսվել է այդ մասին, թե ոչ, բայց թեման շատ հետաքրքիր է։ Արեգը ասաց՝ վաղը, մյուս օրը ես այս մարդկանց հետ պիտի խոսեմ, այս մարդիկ պիտի շարունակեն Արցախում ապրել, ես չեմ կարող նրանց ծայրահեղության մեջ գցել, որ հետո չկարողանան բակ դուրս գալ,պատկերացնու՞մ եք՝ ինչ սահման կարող էինք անցնել, այ այդ ժամանակ կլիներ էգոիստական։ Մեր՝ բարձր տեղ հասնելու, ժամանակակից արվեստի դաշտում մեր տեղը հաստատելու համար մենք այդ մարդկանց չէինք թողնի իրենց տներից դուրս գալ, ինչը չենք արել։

Արեգ։ Եթե ես ինչ-որ մեկին նկարում եմ, ինձ համար նա միշտ առաջնահերթություն է, միշտ։ Եթե իմ նկարը իրեն պիտի վնասի, ես այն չեմ նկարի, հնարավոր է՝ նկարեմ, հետո գլխի ընկնեմ, բայց եթե նախապես գիտեմ, չեմ նկարի։ Պատերազմի ժամանակ էլ չեմ նկարել շատ բաներ, որովհետև կոնկրետ մարդկանց դրա համար պատասխանատվության կենթարկեին, իսկ ես չէի ուզում դա ինձ վրա վերցնել, որովհետև ոչ մի այլընտրանք չէի առաջարկում։ Հնարավոր է՝ ինչ-որ տեղում այդ լուսանկարի հետևանքով մի բան լինի, որ ես հաշվի չեմ առել, չեմ հասկացել, որ կարող է նման խնդիր առաջանալ, բոլորի հետ էլ կարող է լինել, բայց մտադրված, անտարբերության հետևանքով չեմ վնասի մարդուն։

Էդիկ։ Կամ գուցե ժամանակները փոխվեն, որևէ բան պատահի, դա չես էլ կարող կանխատեսել, բայց այս պահին այդ մարդիկ չեն շահագործվել բնավ:

-Ցուցահանդեսում ներկայացված հետևանքներից մեկի՝ օրորոցի մի մասը գտնվել է հակառակորդի գյուղում, ինչպե՞ս հաջողվեց ամբողջացնել, նախագծի շուրջ համագործակցե՞լ եք ադրբեջանական կողմի հետ։

Արեգ։ Արցախի տարածքում գտնվող նախկին ադրբեջանաբնակ գյուղից ենք գտել, այսօրվա Ադրբեջանից չի բերվել, պարզապես մեկը գտել ենք հին Աղդամից մի քիչ հեռու, մյուսը՝ Թալիշից, նույն մոդելի օրորոցի մասեր են, որոնք ցույց են տալիս նույն ժամանակաշրջանում ապրող մարդկանց կենցաղն ու համակեցությանը, որ հնարավոր է՝ նույն ապրանքից երկու կողմն էլ օգտվեն։

Էդիկ։ Սենյակը նախագծից դուրս է, հավելյալ է արվել։ Արեգի մոտ կար ցանկություն, ես էլ տեսա՝ հետաքրքիր է, մտածեցի՝ Երևանում ապրածը երբեք տեսած չի լինի, որոշեցինք անել։

Արեգ։ Մարդ կար՝ նայեց լուսանկարները, ֆիլմը, օբյեկտները, ասաց՝ էդ լվացքի մեքենան ներսս քանդեց, ես հասկացա, որ դու կարող է լվացք անելուց լինես ու ուղղակի «կորես»։

Էդիկ։ Երբ դու ոչ մի բան չարած, ready made (պատրաստի. Հեղ.) բերում, դնում ես, արդեն ուրիշ բան է, հատկապես քաղաքի մարդու համար, որը չի էլ տեսել, տեղյակ էլ չէ՝ ինչ է, պիտի մոտիկից շոշափի։ Այդպես եղավ, որ սենյակն առաջացավ․մարդը, որ գալիս, կանգնում է լվացքի մեքենայի կողքին այլևս կարիք չունի իրեն ուրիշ մեկի փոխարեն դնելու, ինքն արդեն այդտեղ է։

-ԶԼՄ-ներում հանդիպեցի կարծիքների, թե նախագծի ուղերձը խաղաղությունն է, այնինչ ֆիլմում նշում եք, որ ոչ թե ինչ-որ բան եք ցանկացել ասել նախագծի միջոցով, այլ ինքներդ եք փորձել հասկանալ։ Ի վերջո արվեստը հարցերին պատասխաններ տալու՞, թե՞ հարցեր առաջ քաշելու համար է։

Էդիկ։ Ամեն դեպքում հակապատերազմական է, բայց նույնիսկ դա չի բարձրաձայնվում։ Այդ, գեղեցկությունը, նույն ֆետիշացումը, որին մենք ինքնըստինքյան մասնակցում ենք այս նախագծով, դոկումենտացնելով այդ ամենը՝ ինչ-որ տեղ ֆետիշացման մասնակից ենք դառնում։ Արեգը հենց դրանից էր ջղայնացած, որ ինչ էլ անում ես, թեկուզ անուղղակի, բայց մասնակից ես դառնում ֆետիշացմանը։

Հակապատերազմական մտորումներ են, քարոզչություն չկա, մեր մտքերն են, մեր վերաբերմունքը այս ամենին և մտքեր, որոնց հասել ենք նախագծի արդյունքում։ Արվեստն առհասարակ պրովոկատիվ է, հատկապես՝ ժամանակակից արվեստը, Շագան ասում է՝ չկա այդ պրովոկացիան, ասում է՝ ամեն ինչ լավ է, լավ է, լավ է, էն վերջի խազը չկա։ Շատ մարդիկ էլ դա չեն ուզում, որովհետև շատ ուժեղ հարված կլինի իրենց համար։ Իհարկե, հարցեր է բարձրացնում, իհարկե դու փնտրում ես, արվեստը հենց դա է՝ փնտրտուք։

Արեգ։ Ես գիտեմ՝ ինչի համար եմ արել սա․ ուզել եմ, որ մարդիկ մտածեն՝ պատրա՞ստ են արդյոք պատերազմի, թե՝ ոչ։ Ես չեմ ուզել իրենք ասեն՝ վա՜յ, մենք չենք ուզում պատերազմ, չէ, եղբայր, բայց եթե դու ուզում ես, ուրեմն պիտի պատրաստ լինես սրան էլ, սրան էլ, սրան էլ, ոչ թե փլեյսթեյշնով խաղաս ու ֆեյսբուքում փոսթ գրես, ասես՝ այ, պետք է անպայման էս հողերը հետ վերցնենք, քանի հոգու գնով ուզում է լինի։

Հարց չկա, հետ վերցնենք, վեր կաց, գնա Արցախ, էդ հողերը հետ վերցրու, արի, շարունակիր խաղալ քո խաղը կամ համալսարանի բուֆետում կրուասան կեր ու շարունակիր գործդ անել։ Մենք ասում ենք՝ սա է պատերազմը, դու որոշիր՝ պատրա՞ստ ես, ուզու՞մ ես, եթե ուզում ես, պիտի պատրաստ լինես սրան, պիտի գնաս առաջին օգնություն սովորես, որ կողքիդ զինվորին սնարյադը (արկ. Հեղ.) խփի, կարողանաս ոտքը կապել, ուզում ես, գնա, սովորիր կրակ վառել, ծառի ճյուղերով տարբեր անհրաժեշտ բաներ սարքել, կրակել սովորիր, ֆիզիկապես կոփվիր, որ ուժեղ լինես, կարողանաս երկար վազել, ծանր բան քարշ տալ, եթե չես ուզում պատերազմ, մտածիր՝ ինչ պիտի անես, որ չլինի։ Նախագիծը որևէ բանի գովազդ չէ, մենք ընդամենը ասում ենք՝ սա է պատերազմը, ծանոթացիր, տես՝ ինչ ես ուզում անել սրա հետ։

Էդիկ։ Արցախի ցուցադրությունից հետո տղաներից մեկն ասաց՝սա ստիպում է մտածել, թե մենք ոնց ենք վերաբերվում մեզնից տարբեր մարդկանց։ Ցուցահանդեսին նախագծի հերոսներից շատերը ներկա էին. լուսանկարը տեսնում ես, պտտվում, տեսնում՝ ինքն է կանգնած կողքիդ։ Արցախում ուրիշ ապրումներ էին, որոնք այստեղ չկային, դրա համար մենք ուզում էինք նախագծի մասնակիցները Երևանում էլ ներկա լինեին, մարդիկ իրենց տեսնեին, բայց միայն երկուսը կարողացան ներկա լինել։

Մարդիկ չգիտեն՝ իրենցից տարբեր մարդկանց հետ ինչպես վարվել, չգիտեն՝ պատերազմի հետևանքով ոտքը կորցրած մարդու հետ շփվել փողոցում, իսկ «խնդիր ունեցող» մարդիկ՝ գիտեն․ կարող են մերկանալ, գալ ու ձեր (մեր. Հեղ) առաջ կանգնել։ Արեգի տեսանկյունից էլ՝ չգիտես՝ մարտի դաշտում ինչ պիտի անես, չգիտես՝ պատերազմը ինչ է, ռումբ չի պայթել ականջիդ տակ, որ իմանաս՝ ինչ է։

-Ի՞նչ պլաններ ունեք կապված այս նախագծի հետ։ Սպասե՞նք, որ մի օր օբյեկտները կդառնան քաղաքային մշակույթի մաս։

Էդիկ։ Շատ ենք ուզում, որ այդպես լինի, աշխատելու ենք այդ ուղղությամբ, տեսնենք՝ ինչ կստացվի, մի գործ էի ուզում, որ դառնար ուրբան տարածքի մաս, բայց հիմա, որ մարդիկ ասում են՝ ինչի մեկը, հնարավոր է՝ օբյեկտների խումբ լինի, մտքերը փոխվում են։ Իհարկե անվտանգության հարցեր էլ կան, բայց դա արդեն ճարտարապետի և քաղաքապետարանի խնդիրն է, թող լուծումը գտնեն, մենք դիմելու ենք։

Ցուցահանդեսը կպտտվի և Հայաստանում, և արտերկրում, կինոփառատոների դիմումներ էլ ունենք։ Արեգն արդեն LensCulture մրցույթի եզրափակչում է իր լուսանկարներով։ Նախագծի երեք բաղադրիչները և միասին կյանք ունեն, և առանձին-առանձին, այնպես որ դրանք տարբեր տեղեր ուղարկելու ենք։ «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը ներկայացնելու, տարածելու համար շատ հնարավորություններ կան, ֆիզիկապես տեղափոխելու համար էլ կփորձենք գտնել դոնորներ, հանգիստ չենք նստելու։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարների հեղինակներ՝  Արեգ Բալայան

                                                         Էդ Թադևոսյան

                                                        Հրայր Սարգսյան

                                                        Արմեն Խաչատրյան

 

 

  • Created on .
  • Hits: 2353

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: