Նոամ Չոմսկի. Մարդ հոգևոր

 

Ստորեւ ներկայացված է Մուսա Ասկարիի զրույցը ամերիկացի լեզվաբան, պատմաբան, սոցիալական քննադատ Նոամ Չոմսկու հետ, որ տպագրվել է 2011 թվականին:

 

Մուսա Ասկարի։ 2007 թվականին «The Humanist»-ին տված հարցազրույցում ասել եք, մեջբերում եմ․ «Երբ մարդիկ հարցնում են՝ հավատո՞ւմ եք Աստծուն, ի՞նչ նկատի ունեն։ Արդյո՞ք ես հավատում եմ ինչ-որ հոգևոր ուժի։ Ինչ-որ առումով՝ այո։ Մարդիկ մտածում են, ունեն զգացմունքներ։ Եթե ուզում եք դա հոգևոր ուժ կոչել, թող լինի այդպես։ Բայց քանի դեռ ինչ-որ հստակեցում չկա՝ ինչին պիտի հավատանք կամ չհավատանք, ոչինչ չեմ կարող պատասխանել»։

ա) Երբ խոսում եք հոգևոր ուժին «ինչ-որ առմունով» հավատալուց, կարո՞ղ եք առավել մանրամասնել։
բ) Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող ենք մտքերն ու զգացմունքները համարել «հոգևոր» կատեգորիա։

Նոամ Չոմսկի։ Ես նկատի ունեի՝ դա կախված է նրանցից, ովքեր հավատում են հոգևոր ուժերին, որպեսզի նաև կարողանան պատասխանել Ձեր բարձրացրած հարցերին։ Ինքս այդ հասկացությունը չեմ օգտագործում։

Մուսա Ասկարի։ 2010 թվականին Դուք հետս մի այսպիսի մտքով կիսվեցիք․ ««Մարգարեները» նրանք են, որոնց մենք անվանում ենք այլախոհ մտավորականներ։ Նրանք ներկայացրել են կրիտիկական, աշխարհաքաղաքական վերլուծություններ, դատապարտել են հզորների հանցագործությունները, արդարության և գթասրտության կոչեր են արել նրանց համար, ովքեր օգնության կարիք ունեին և այլն։ Անձամբ ես հավանություն չէի տա նրանց բոլոր խոսքերին, ճիշտ այնպես, ինչպես կքննադատեի իշխանություններին և նրանց հանցագործություններն այսօր։ Բայց առավել ընդհանրական դիտարկելու դեպքում, կարծում եմ, նրանք պատվավոր դեր են խաղացել և համապատասխանաբար տառապել»։

ա) Խնդրում եմ բացատրեք՝ ինչպիսի հանգամանքներ են վեր հանել «այլախոհ մտավորականներին» և արդյո՞ք հանգամանքային ինչ-որ նմանություններ տեսնում եք հին և ժամանակակից պատմության մեջ մինչև մոդեռն ժամանակներ՝ թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր։

բ) «Համապատասխանաբար տառապել» ասելով նկատի ունեք, որ նրանք անխուսափելիորեն տառապելու՞ էին ճնշումներից իրենց ընտրած դիրքի պատճառով։

Նոամ Չոմսկի։ Որտեղ էլ անարդարություն, ճնշումներ, ագրեսիա, բռնություն կա, տարածված բան է, որ նրանց կողմից, որոնց մենք այսօր անվանում ենք «ինտելեկտուալներ», աջակցություն դրան լինում է, ոչ բոլորի իհարկե։ Սովորաբար կան ծայրահեղ այլախոհներ։ Շատ հազվադեպ բացառություններով (իրականում անգամ դժվար է մտաբերել) կախված է հասարակության բնույթից՝ նրանք այս կամ այն կերպ տառապում են:

Մուսա Ասկարի։ Կուզեի կիսվել Ձեզ հետ իմ հանգուցյալ հոր՝ պրոֆեսոր Սայիդ Հասան Ասկարիի (1932-2008) «Հոգևոր հումանիզմին ընդառաջ» (հրատարակվել է 1991 թվականին) գրքից հետևյալ հատվածով և Ձեր մեկնաբանությունը խնդրել․ «Շնորհիվ պետության դիսկուրսի, սկսկած Հեգելից մինչև Կառլ Մարքս, ներառյալ մեր այսօրվա դատողություններն ու մտքի հասունությունը գլոբալ մակարդակում, պետությունը պատմության եզակի ինստիտուտներից մեկն է, որը ճնշելու համար ոչ մի բաց գաղափարախոսության կարիք չկա ․․․ ես պետությունը դիտարկում եմ իբրև աստվածություն (կեղծ աստվածություն), անգամ առանց բաց, մանիֆետսային, ֆորմալ պահանջների։ Պետությունը կարող է հաստատել իր ուժն առանց հիշատակելու աղբյուրը, գաղափարախոսությունը, և սա առավել հատուկ է մեր ժամանակներին, քան պատմության այլ ընթացքներին, որովհետև պետությունը ստեղծում է իր իսկ ստրկացնող ուժը։ Այս պարագայում, այն դառնում է Աստծված բառի կրոնական իմաստին զուգահեռ հասկացություն ․․․ եթե դիտարկենք Լինքոլնի մարդկության տեսլականը «ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի», ապա այս «ժողովուրդը» շատ կարևոր հոգևոր կատեգորիա էր Լինքոլնի ընկալման մեջ։ Այժմ, այսօր, «ժողովուրդը» ոչ ավելին է, քան ամբոխը կամ էլ անօգնական, մեկուսի, անվճառական, մասնատված անհատները։ Այսպիսով, այս դեպքում կարո՞ղ ենք խոսել խաղաղարար շարժումների, քաղաքացիական իրավունքի շարժումների, հակավիետնամական պատերազմի շարժումների մասին, որոնք չնայած թույլ լինելուն, կարևոր փորձեր էին պետությանը մարդկային չափում տալու համար, կամ, իմ լեզվով ասած, հոգևոր չափում ․․․ հարցը է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք դիմակայել աստվածությանը, որը չունի անուն, չունի խորհրդանիշ, քանզի օգտագործում է ամեն մի խորհրդանիշ իբրև գործիք»։

ա) Ուրախ կլինեմ՝ այս մեջբերումների մասին ձեր մեկնաբանությունները լսել։
բ) Ինձ մասնավորապես հետաքրքրում է ձեր մտքերը պետությունը իբրև «աստվածություն» դիտարկելու մասին և կարող եք մի փոքր էլ անդրառանալ հարցին, թե ի՞նչ է նշանակում «ստրկացում» ներկայումս։

Նոամ Չոմսկի։ Ես հասկանում եմ այդ վերաբերմունքը, և իհարկե կան այնպիսի մարդիկ, որոնք աստվածությունների պես երկրպագում են պետությունը։ Ոչ միայն պետությունը, այլ նաև առաջնորդներին։ Օրինակ Կիմ իլ-Սանգը Հյուսիսային Կորեայում կամ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ում, որն այնքան էլ ընդունված նախագահ չէր, բայց մահվանից հետո հարուստ սեկտորն ու իշխանությունները մի այնպիսի քարոզարշավ սկսեցին, որ այդ անազնիվ կերպարին վերածեցին կիսաստվածության։ Սթենֆորդի համալսարանի հեղինակավոր Հուվեր ինստիտուտի հրապարակումներից մեկում կարելի է կարդալ, որ նա ազդեցիկ կերպար էր, որի «ոգին ասես քայլի երկրով մեկ՝ հետևելով մեզ իբրև մի բարեգութ ու ընկերասեր ուրվական»։ Եւ ստեղծվեց մի այնպիսի կերպար, որն ամենևին չէր համապատասխանում այ մարդու վարած քաղաքականությանը։ Այս դեպքում մենք անցնում ենք Սուրբ Պետությանը և նրա առաջնորդներին պաշտելու ոլորտ։

Բայց ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ պետություն-աստվածություն մոդելը շատ օգտակար է։ Քանի դեռ երկիրն ունակ է հարկադրանք կիրառել, որոշ բացառություններով (ինչպիսին է Հյուսիսային Կորեան) կարծում եմ մտածելը դրա մասին իբրև «ստրկացնելու» ընդունակ մի բան, սխալմունք է:

Մուսա Ասկարի։ 1995 թվականին Հասան Ասկարին Հնդկաստան այցելության ժամանակ «Հոգևոր հումանիզմ» ճաշ ունեցավ։ Այս հատվածը նրա ճառից է․ «Ժողովրդավորությունը դարձել է քաղաքական հարմարություն։ Սոցիալիստական մեծ երազանքը փլուզվեց բազմազգ կայսրությունների վերելքով։ Աշխարհի տնտեսական շուկաների անորոշությունը ամբողջ աշխարհի երրորդ երկրների աշխատավորների դասերին հասցրել է թշվառության եզրին, որտեղ միլլիոնավոր մարդիկ չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց հետագա տասը, քսան տարիների ընթացքում։ Կրոնական, էթնոցենտրիկ, ռասիստիական գաղափարախոսությունների դադնաղ, բայց հստակ աճ է նկատվում ․․․։ Այլ կերպ ասած մարդկության ահռելի համակարգը, դրա կենտրոնը դատարկ է, իսկ երբ կենտրոնը դատարկվում է, այդ ժամանակ ի հայտ են գալիս բորբոքված ֆաշիստական գաղաթարախոսություններ՝ կենտրոնը լցնելու, շրջափակելու համար։ Վճռորոշ պահ է։ Մարդկությունը պետք է լուրջ որոշում կայացնի»։

ա) Ինչ չափով է ժողովրդավարությունը դարձել քաղաքական հարմարություն, եթե առհասարակ դարձել է արդյո՞ք։
բ) Ըստ Ձեզ՝ որոնք են այն գլխավոր որոշումները, որոնց մարդկությունը դեռևս առերեսվելու է։

Նոամ Չոմսկի։ Ժողովրդավարությունը տարիների ընթացքում թե՛ զարգացել է, թե՛ անկում ապրել։ Վերցնենք ԱՄՆ-ը։ Կանայք ընտրական իրավունք չունեին մինչև 90 տարի առաջ, գրեթե միևնույն ժամանակ այդ իրավունքը կանայք ստացան նաեւ Աֆղանստանում։ Նախկին ստրուկների իրավունքները սահմանափակված էին մինչև 1960-ականները, և ինչ-որ առումով մինչև հիմա էլ սահմանափակված են։ Այս և այլ ոլորտներում ժողովրդավորությունն առաջընթաց է ապրել, չնայած առկա լրջագույն թերություններիին։ Այլ չափումներում, օրինակ, քաղաքական պրոցեսի վրա կենտրոնացված հարստության վերահսկումը, վերջին տարիներին վատացել է։ Եւ ավելի շատ բաներ էլ կան երկու ուղղություններում էլ։

Կան երկու որոշումներ, որոնք գերազանցում են մնացած բոլորին, քանզի անմիջական կապ ունեն պատշաճ գոյատևման հետ։ Դրանցից մեկը պերճախոսությամբ շարադրված է Ռասսելի և Այնշտայնի մանիֆեստում, որը դուք մեջբերեցիք․ կապված միջուկային պատերազմի հետ։ Իսկ մյուսը պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտումով, մեծ մի սպառնալիք, որը գնալով սրվում է և շուտով կհասնի անդարձության կետին։

Մուսա Ասկարի։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կան նրանք, ովքեր իրենց համարում են աշխարհիկ հումանիստներ և նրանք, ովքեր իրենց համարում են հավատահիմք հումանիստներ։ Որտե՞ղ եք տեսնում այս երկու խմբերի, անհատների, այս երկու աշխարհայացքների՝ մարդու իրավունքների, արդարության և ազատության համար կողք կողքի աշխատելու հնարավորությունները։

Նոամ Չոմսկի։ Նրանք կարող են միասին աշխատել, և հաճախ են անում, միաժամանակ կողքի գցելով ֆունդամենտալ համոզմունքների տարբերությունները։

 

Անգլերենից թարգմանեց Անահիտ Ղազախեցյանը

 

  • Created on .
  • Hits: 2204

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: